Վարչապետի 7 հետեւությունը «հուլիսյան մարտերից» - Mediamax.am

8111 դիտում

Վարչապետի 7 հետեւությունը «հուլիսյան մարտերից»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է, որ «հուլիսյան մարտերից մենք դուրս ենք գալիս հաղթանակած, բայց անհրաժեշտ է կատարել նաեւ որոշակի հետեւություններ»:

Հետեւությունները վարչապետը ներկայացրել է 7 կետով.

 

1. Հայաստանի եւ Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից խիստ կարեւորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը եւ այդ համագործակցությանն առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդելը:

 

2. Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

 

3. Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից եւ վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

 

4. Բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են եւ դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է,  իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից եւ պատրաստ է փոխզիջման: Առանց որեւէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի եւ Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որեւէ պարագայում:

 

5. Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքները: Արբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի եւ խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կոորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ: Արդեն երրորդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին եւ Արցախում ապրող մարդկանց ու խախտում է նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական, տեղաշարժի եւ այլ իրավունքներ: Այն մոտեցումը, որ այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո, ընդունելի չէ: Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս: 

 

6. Հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչեւ համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը կլինի մշտական եւ կունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ եւ որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն եւ կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին եւ թե՛ շփման գծում:

 

Զինվորականների միջեւ տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու եւ պարզաբանելու ուղղությամբ:

 

7. Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք վճառականորեն մերժել եւ մերժելու ենք հակամարտության շահարկմամբ  տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին