Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
ՊՆ-ում նշել են, որ քննարկվել են Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող եւ Երեւանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող նոր՝ «Մարդու իրավունքները եւ կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի մեկնարկին ու իրականացմանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է ծրագրի շարունակականության ապահովումը:
Նշված ծրագիրը Երեւանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացված «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի տրամաբանական շարունակությունն է:
«Մարդու իրավունքները եւ կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը, կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, աջակցել ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի կարողությունների զարգացմանը:



















