Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդից 3 մլրդ դրամ ուղղել զոհված, մահացած եւ 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ խոսքը վերաբերում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով արտաբյուջե հավաքագրվող գումարների վերաբաշխմանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի այս հարցը լուծվում էր բյուջետային ծրագրով՝ 500 մլն դրամի շրջանակում:
«Այս փոփոխությամբ կատարելու ենք նախագահի հանձնարարականը եւ մինչեւ տարեվերջ բոլոր նման ընտանիքների բնակարանային խնդիրը լուծված է լինելու ամբողջ հանրապետությունում: Հաջորդ տարի արդեն կկարողանանք միջոցներ ուղղել 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրների լուծմանը»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը:
















