Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 18-21-ը Երեւանում էր Հյուսիսատլանտյան դաշինքի Բրունսումի համատեղ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ խումբը Երեւան էր այցելել ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ ամենամյա Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակում:
Այցի նպատակը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային դասընթացի ունկնդիրների համար օպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթացի անցկացումն էր:
Միջոցառման շրջանակում ներկայացվել են դասախոսություններ օպերատիվ միջավայրի համակողմանի վերլուծության եւ նախապատրաստման, իրավիճակի գնահատման, մարտական առաջադրանքի պարզաբանման, գործողության մտահղացման մշակման եւ օպերացիաների ուրվագծման եւ պլանավորման գործընթացների այլ փուլերի վերաբերյալ:
Դասընթացի ավարտին ունկնդիրներին շնորհվել են հավաստագրեր:
ՀՀ զինված ուժերի օպերատիվ պլանավորման գործընթացը ռազմական եւ մարտական գործողությունների վարման ձեւերի ու եղանակների ավելի լայն հասկացության բաղադրիչներից մեկն է, որը «Խելամիտ պաշտպանության» համակարգի ձեւավորման շրջանակում ենթարկվում է վերափոխման, այդ թվում՝ միջազգային խորհրդատվության ներգրավմամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: