ՀՀ նախագահ՝ Թուրքիան տապալեց պատմական հնարավորությունը - Mediamax.am

24871 դիտում

ՀՀ նախագահ՝ Թուրքիան տապալեց պատմական հնարավորությունը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Թուրքիան տապալեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորությունը:

Փետրվարի 17-ին Սերժ Սարգսյանը մասնակցել է Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին՝ «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ ընկած երկրները» քննարկման ժամանակ հանդես գալով ելույթով: Մեդիամաքսն առանձնացրել է մի քանի հատված այդ ելույթից:

 

Աշխարհագրության եւ ճակատագրի մասին

 

Ինչպես ասում են՝ աշխարհագրությունը ճակատագիր է, բայց, կարծում եմ, որ այն նաեւ կենսագրություն է։ Դա մենք գիտենք սեփական փորձից: Մեր անցած ճանապարհի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը որեւէ լավ բան չի բերում։ Հետեւաբար նման մրցակցությունից չտուժելն արդեն նշանակում է շահել: Պատմության այս փորձն է ընկած մեր քաղաքականության հիմքում։

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հայաստանի եւ շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը եւ՛ մարտահրավեր է, եւ՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են: Ուստի, մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները վերածել հնարավորության՝ համագործակցության եւ շահերի համադրման միջոցով։

 

Զառանցանքի եւ լավ օրինակի մասին

 

Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետեւանքներ:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսեւորվեն:

 

Պատմական հնարավորության տապալման մասին

 

Սառը պատերազմի տարիներին Հայաստանը երկու հակադիր բեւեռներից մեկի սահմանին էր։ Բեռլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Ժամանակն այստեղ կարծես կանգ է առել:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հայաստանն ամեն ինչ արել է այս իրավիճակը հաղթահարելու համար։ Իմ նախաձեռնությամբ սկիզբ առած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մեր երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։ Այնուամենայնիվ, 2009թ. Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կնքված արձանագրություններն այդպես էլ մնացին թղթի վրա: Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլեւ առաջադրեց արձանագրությունների հետ որեւէ կապ չունեցող նախապայմաններ: Դա ոչ այլ ինչ էր, քան պատմական հնարավորության տապալում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին