Ամալ Քլունի vs. Դողու Փերինչեք - Mediamax.am

10102 դիտում

Ամալ Քլունի vs. Դողու Փերինչեք


Ամալ Քլունին
Ամալ Քլունին

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումների ժամանակ Հայաստանը ներկայացնող փաստաբան Ամալ Ալամուդին Քլունին մեղադրել է Թուրքիայի կառավարությանը խոսքի ազատության հարցում երեսպաշտության համար:

Հունվարի 28-ին ՄԻԵԴ-ում կայացել են «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի քննության լսումները: Այս գործում Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ:

 

Ամալ Ալամուդին Քլունին, ելույթ ունենալով ՄԻԵԴ-ի դատավորների առջեւ, ասել է, որ Թուրքիայի դիրքորոշումը պարզապես երեսպաշտություն է, քանի որ այդ երկիրը խոսքի ազատության, ինչպես նաեւ Թուրքիայում բնակվող եւ 1915 թ.-ի ջարդերը ցեղասպանություն անվանող հայերի հետապնդման տեսանկյունից ամոթալի համբավ ունի:

 

Ամալ Քլունին նշել է, որ Հայաստանը, ներգրավվելով այս գործում, բնավ նպատակ չի հետապնդում սահմանափակել խոսքի ազատության իրավունքը կամ պատմական հարցերի քննարկումները:

 

«Հայաստանն այստեղ չէ՝ վիճարկելու խոսքի ազատության իրավունքը ճիշտ նույն կերպ, ինչպես Թուրքիան այստեղ չէ՝ պաշտպանելու խոսքի ազատությունը: Այս դատարանը շատ լավ գիտի, թե Թուրքիան ինչ համբավ ունի խոսքի ազատության բնագավառում: Ձեր դատարանը խոսքի ազատության հարցերի վերաբերյալ 224 դատական գործ է ուսումնասիրել, որոնք ներկայացվել են թուրքական կառավարության դեմ»,- նշել է փաստաբանը:

 

Ամալ Քլունին ՄԻԵԴ-ի դատավորներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ  անժխտելի փաստեր, այդ թվում Օսմանյան կայսրության ղեկավարների ռազմական հանցագործությունները: Իր խոսքում նա հիշատակել է նաեւ 2007 թ.-ին Ստամբուլում սպանված «Ակoս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին:

 

«Հայաստանը շահագրգռված է, որպեսզի իր քաղաքացիները եւս չներգրավվեն այն ցանցում, որը քրեականացնում է խոսքի ազատությունը լայն իմաստով: Հրանտ Դինքի ընտանիքն այս ամենի մասին շատ լավ գիտի»,- ասել է նա:

 

2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության ժխտման համար: Նա հայերի ցեղասպանությունն անվանում էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց ռասայական խտրականության հոդվածով:

 

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիա» գործը քննվում է շուրջ 9 տարի:

 

Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՄԻԵԴ էր դիմել 2014թ. օգոստոսին: 

 

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաեւ Թուրքիան:

 

2014թ. մարտին Մեդիամաքսը հանգամանորեն անդրադարձել էր «Փերինչեք v. Շվեյցարիա» գործին դրա եւ հնարավոր հետեւանքներին Հայաստանի համար: Այդ հոդվածը կարող եք կարդալ այս հղումով:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին