«Սառը պատերազմից հետո մենք մի սուտը փոխարինել ենք մյուսով» - Mediamax.am

Փետրվար 27, 2026
exclusive
189 դիտում

«Սառը պատերազմից հետո մենք մի սուտը փոխարինել ենք մյուսով»


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Կանադայի նախկին եւ գործող վարչապետներ Սթիվեն Հարփերը եւ Մարկ Կարնին դիտում են Հարփերի պաշտոնական դիմանկարը Օտավայում կայացած արարողության ժամանակ
Կանադայի նախկին եւ գործող վարչապետներ Սթիվեն Հարփերը եւ Մարկ Կարնին դիտում են Հարփերի պաշտոնական դիմանկարը Օտավայում կայացած արարողության ժամանակ

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք Քեմբրիջի համալսարանի փորձառական իրավական ուսումնասիրությունների դոցենտ, Հարվարդի համալսարանի հրավիրված դասախոս Անթարա Հալդարի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

 

Անթարա Հալդար

 

Երբ 20 տարի առաջ առաջին անգամ բեմադրվեց հանգուցյալ դրամատուրգ Թոմ Սթոփարդի «Ռոքնռոլը», այն խորապես անձնական էր ինձ համար՝ որպես Քեմբրիջի ուսանողի, որը Պրահայում կինոարվեստ էր ուսումնասիրում։ 

 

Չեխոսլովակիայում (այժմ՝ Չեխիա եւ Սլովակիա) կոմունիզմի եւ կապիտալիզմի բախման մասին այս խորիմաստ պիեսի հիմքում վերացական տեսության եւ ապրված իրականության միջեւ բախումն էր, որն ինձ խորապես հուզեց։ 

 

Երկու տասնամյակ անց Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ելույթը Դավոսում ասես դրա շարունակությունն էր։

 

Առանց վարանելու հայտարարելով, որ «կանոնների վրա հիմնված կարգն անհետանում է», եւ սա «խզում է, ոչ թե անցումային փուլ»՝ Քարնին վարպետության դաս տվեց «իրականությունն իր անունով կոչելու» թեմայով։ 

 

Գրեթե չորս տասնամյակ (Բեռլինի պատի անկումից ի վեր) արեւմտյան քաղաքականություն մշակողները ենթադրել են, որ գերիշխող միջազգային կարգը աստիճանաբար կընդլայնի իր շահառուների շրջանակը եւ կսահմանափակի իշխանությունը ինստիտուտներով, շուկաներով եւ նորմատիվ շրջանակներով։ Բայց Քարնին՝ այդ կարգի ջատագովներից մեկը, մերժեց այս սցենարը։ 

 

«Մեծ տերությունները», նրա խոսքով, հրաժարվում են նույնիսկ «ձեւական կանոններից եւ արժեքներից, որպեսզի անարգել վայելեն իրենց իշխանությունն ու հետապնդեն իրենց շահերը»։ Հետպատերազմյան դարաշրջանի խորհրդանիշ համարվող բազմակողմանի ինստիտուտները «սպառնալիքի ներքո են», իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերջերս խոստովանեց, որ իր կազմակերպությունը «անխուսափելի ֆինանսական փլուզման» վտանգի տակ է։ Թուկիդիդեսի հայտնի աֆորիզմը՝ «ուժեղներն անում են այն, ինչ կարող են, իսկ թույլերը ստանում այն, ինչին արժանի են», կրկին աշխարհաքաղաքականության արժույթ է դառնում։

 

Նախկին կենտրոնական բանկիրի (Քարնին նախկինում ղեկավարել է եւ՛ Կանադայի բանկը, եւ՛ Անգլիայի բանկը) միջամտությունը խորհրդանշում է Արեւմտյան անվիճելի կարճաժամկետ գերիշխանության ավարտը, որն առավել հայտնի է Ֆրենսիս Ֆուկույամայի «պատմության ավարտի» թեզի շնորհիվ։ Հիշատակելով չեխ գրող, հետագայում նախագահ Վացլավ Հավելի «Անզորների ուժը» էսսեն՝ Քարնին վերակենդանացրեց Սառը պատերազմի ժամանակի գաղափարական պայքարից մի ապշեցուցիչ միտք։  

Կանադայի նախկին եւ գործող վարչապետներ Սթիվեն Հարփերը եւ Մարկ Կարնին դիտում են Հարփերի պաշտոնական դիմանկարը Օտավայում կայացած արարողության ժամանակ Կանադայի նախկին եւ գործող վարչապետներ Սթիվեն Հարփերը եւ Մարկ Կարնին դիտում են Հարփերի պաշտոնական դիմանկարը Օտավայում կայացած արարողության ժամանակ

Լուսանկարը` REUTERS

«Տասնամյակներ շարունակ, - ասաց նա Դավոսի լսարանին, - մենք «ապրում ենք ստի մեջ» (մեջբերում Հավելից) մի համակարգի ներքո, որի «իշխանության հիմքում ոչ թե ճշմարտությունն է, այլ բոլորի պատրաստակամությունը՝ գործելու այնպես, ասես դա ճշմարտություն է»։ Համակարգերը գոյատեւում են ոչ միայն ուժի, այլեւ հասարակ մասնակիցների ծիսական հնազանդության շնորհիվ, ինչպես մթերային խանութի վաճառողը, որը «խնդիրներից խուսափելու համար» ցուցանակ է կախում՝ «Աշխարհի աշխատավորներ, միացե՛ք»։ Մի կողմ թողնելով իր կասկածները՝ նա ընտրում է անվտանգությունն ու հետեւում է կուսակցական գծին, ոչ թե հակադրվում իշխանություններին»։

 

Հավելին հղում անելը ինչ-որ հետաքրքրաշարժ պատմական ակնարկ չէր։ Քարնին մեզ կոչ էր անում բացել աչքերը եւ ճանաչել, որ Սառը պատերազմից հետո մենք մի սուտը փոխարինել ենք մյուսով։ Աշխարհի միջին տերությունները հատկապես մեղսակից են բարեգութ համաշխարհային կարգի «հորինվածքին»։ Տասնամյակներ շարունակ Կանադայի, Ճապոնիայի եւ Արեւմտյան Եվրոպայի զարգացած տնտեսությունների նման երկրները նախընտրել են «համաձայնվել՝ համակերպվելու համար» (ընդունել են ասիմետրիկ առեւտրային կանոններ եւ հանդուրժել հզոր պետությունների համար իրավական բացառությունները), քանի որ հաճոյակատարությունը կայունություն էր պարգեւում։

 

«Մենք գիտեինք, որ միջազգային կանոնների վրա հիմնված կարգի մասին պատմությունը մասամբ կեղծ է, - ասաց Քարնին, - որ ամենաուժներն իրենց կազատեն պատասխանատվությունից, երբ իրենց հարմար լինի… եւ գիտեինք, որ միջազգային իրավունքը կիրառվում էր տարբեր խստությամբ՝ կախված մեղադրյալի կամ զոհի ինքնությունից»։ Երկակի ստանդարտները քննադատելով՝ նա արտահայտեց ճշմարտություն, որը Համաշխարհային Հարավը միշտ էլ գիտեր։

 

Քարնիի ելույթը պատեհաժամ հիշեցում էր, թե ինչն է իրականում պահպանում տնտեսական համակարգերը՝ մասնակիցների գործակցությունը։ Նրա ելույթը ընդգծում է, որ ոչ ոք չպետք է կարոտի կանոնների վրա հիմնված համակարգը, որը երբեք լիովին չի կատարել իր խոստումները։ Բայց պետք է նաեւ մերժենք համագործակցության վերաբերյալ ցինիզմը։ 

Լուսանկարը` REUTERS

Հաշվի առնելով, որ Սառը պատերազմի դարաշրջանում կապիտալիզմի եւ կոմունիզմի պայքարը նույնքան համոզմունքների համակարգերի միջեւ էր, որքան զինանոցների միջեւ՝ այսօրվա հետ զուգահեռները նշանակալի են։ 20-րդ դարում համակարգերը մրցում էին ոչ միայն նյութական առավելությունների, այլեւ լեգիտիմության համար։ 

 

Խնդիրն էր համոզել բնակչությանը, կառավարություններին եւ վերնախավերին, որ ձեր մոդելը պարզապես թավշյա ձեռնոց չէ՝ հնաոճ, երկաթե բռունցքով հարկադրանքի համար։

 

Այսօրվա մրցակցությունը ոչ պակաս գաղափարական է, թեեւ պակաս վառ է արտահայտված։ Հզոր պետությունների գերիշխանության հավակնությունները, փոխկախվածության վերածումը զենքի եւ ընդհանուր նորմերի քայքայումը հաստատում են, որ հին կարգը փլուզվել է։ Ահա թե ինչու Քարնին կոչ է արել ոչ թե վերամարմնավորել 20-րդ դարի դաշինքները, այլ մերժել հաճոյակատարությունը. չլինել այն նպարավաճառը, որը հնազանդորեն մասնակցում է ստին։ 

 

Պարզապես պրագմատիկ քաղաքական ճառ չլինելով՝ Քարնիի ելույթը կոչ է սուտը փոխարինելու ճշմարտությամբ, ձեւականությունը՝ իսկությամբ, իսկ «ամրոցների» ու «պատերի» գլոբալ տնտեսական ճարտարապետությունը՝ «փոփոխական երկրաչափությամբ… տարբեր կոալիցիաներով տարբեր հարցերի շուրջ»։

 

Ինչպես Հավելն ու Սթոփարդն էին հասկացել, համակարգերը հիմնականում համոզմունքի հարց են։ Մշակույթը, ոչ թե քաղաքականությունն է վերջին հաշվով խաթարում է դոգման։ Քարնին հիշեցնում է, որ բոլոր բռնակալական համակարգերում «սովորական մարդիկ մասնակցում են ծեսերին, որոնք, նրանք թաքուն գիտեն, կեղծ են»։ Հետեւաբար, նման վարչակարգերի «փխրունության աղբյուրը նույնն է», եւ «երբ նույնիսկ մեկ մարդ դադարում է մասնակցել… պատրանքը սկսում է ճաքեր տալ»։

 

Քարնին միջազգային ասպարեզ դուրս եկավ հռչակելու, որ «պատմության ավարտն» ավարտվեց։ Ինձ համար սա ասես նորից Պրահան լիներ. կարո՞ղ է մխիթարական հորինվածքի ավարտը դառնալ իրական ազատագրման սկիզբ։

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

Copyright: Project Syndicate, 2026.

www.project-syndicate.org 




Մեր ընտրանին