2026թ. փետրվարի 24-ին տեղի էր ունեցել «ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնարկեքի արարողությունը:
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Այն կառուցվում է Երեւանի Հրազդանի կիրճի մոտակայքում՝ գործող Թումո կենտրոնի անմիջական հարեւանությամբ։ 18.000 մ² ընդհանուր մակերես զբաղեցնող շենքը նախագծել է MVRDV ճարտարապետական ընկերությունը։ Համալիրը կներառի Թումո լաբեր՝ կրթական, ինժեներական եւ ինկուբացիոն ծրագրերով, 42 Երեւան՝ ֆրանսիական ծրագրավորման դպրոցի տեղական մասնաճյուղ, հետազոտական եւ կիրառական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքի եւ համաֆինանսավորման հարթակներ, կոնֆերանս կենտրոն եւ բիզնես տարածքներ։
Designboom կայքում մանրամասներ են հրապարակվել MVRDV-ի նախագծի մասին, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Լուսանկարը` MVRDV
120 մետր երկարությամբ շենքը տեղակայված է խորացված հիմքի վրա, սիկ երկու կողային ճակատները կոնսոլային կերպով կախված են կտրուկ ռելիեֆի վրա: Ճարտարապետները ձգված ծավալին ամբողջական բնույթ են հաղորդել. շենքի բարձր դիրքը մեծացնում է դրա տեսանելիությունը ձորի հակառակ կողմից: Պոդիումը բարձրացնում է կառույցը հատակից՝ միաժամանակ շարունակելով Թումանյանի այգու տոպոգրաֆիան մինչեւ ճակատային գիծը:
Լուսանկարը` MVRDV
Կողային ճակատների խոշոր ապակեպատ բացվածքները հեռավոր տեսարաններ են ապահովում. հյուսիսում՝ ձորը, հարավում՝ քաղաքի վրա վեր խոյացող Արարատ լեռը: Շենքի կողմնորոշումը ուղղակի վիզուալ կապ է ստեղծում այս կողմնորոշիչների հետ եւ նախագիծը ներառում Հայաստանի աշխարհագրական համատեքստում:
Լուսանկարը` MVRDV
Ճակատը երեսպատված է կիսաթափանցիկ պոլիկարբոնատով: Ցերեկն այն շենքի ներսում ցրում է արեւի լույսը, իսկ գիշերը արձակում է մեղմ լույսավորություն, թույլ տալով նշմարել թաղանթի հետեւում թաքնված ատրիումների խորությունը:
Լուսանկարը` MVRDV
MVRDV-ն նախագծել է ուսումնական եւ աշխատանքային տարածքների հինգ հարկեր, որոնք դասավորված են շենքի ամբողջ բարձրությամբ ձգվող երեք ատրիումների շուրջ. դրանցից յուրաքանչյուրը կապված է առաջին հարկի հետ:
Լուսանկարը` MVRDV
Կենտրոնական մուտքի սրահը ներառում է սրճարան եւ թվային լաունջ. այն հատում է կամուրջը, որը դուրս է գալիս դեպի արտաքին միջավայր՝ որպես դիտահարթակ: Մի կողային ճակատում տեղակայված է կոնֆերանսների եւ դասախոսությունների մեծ դահլիճը, մյուսում՝ ուղղահայաց հաղորդակցուղիները միացնում են տարբեր չափերի քովորքինգային տարածքները:
Ատրիումները կատարում են հանրային տարածքների եւ կլիմայական բուֆերների գործառույթ: Ջեռուցման եւ հովացման առանձնացված համակարգերը թույլ են տալիս ջերմաստիճանի ավելի լայն տատանումներ ունենալ այդ ծավալների ներսում: Այս մոտեցումը նվազեցնում է էներգասպառումը եւ հարմարավետ միկրոկլիմա է պահպանում աշխատանքային գոտիներում:
Լուսանկարը` MVRDV
Միջհարկային ծածկերը պատրաստված են բազմախոռոճ բետոնի տեխնոլոգիայով, ինչը կրճատում է բետոնի ծախսը եւ կառուցվածքի ընդհանուր զանգվածը: Երկու կենտրոնական միջուկները եւ բաց հատակագծային սալերը հնարավորություն են տալիս ապագայում կատարել վերահատակագծում. շենքը հնարավորություն ունի հարմարվել փոփոխվող գործառույթներին:
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

















