Իեն Գիլանը Deep Purple-ի նոր ալբոմի, «ծննդաբերելու» եւ Պավարոտիի «խանդի» մասին - Mediamax.am

Փետրվար 15, 2026
228 դիտում

Իեն Գիլանը Deep Purple-ի նոր ալբոմի, «ծննդաբերելու» եւ Պավարոտիի «խանդի» մասին


Լուսանկարը` Morten Rygaard


Songwriting for Songwriters փոդքաստին տված հարցազրույցում Deep Purple-ի լեգենդար վոկալիստ Իեն Գիլանը պատմել է խմբի նոր ալբոմի մասին, որի թողարկումը նախատեսված է 2026-ի հունիսին, աշխատանքային գործելաոճի եւ երգերի տեքստերը գրելու մասին:

 

«Մարդկության կերպարանափոխությունը»

 

Նոր ալբոմի մասին դեռ շատ բան ասել չեմ կարող, բայց այն շատ լավատեսական է լինելու։

 

Կա մի ընդհանուր թեմա՝ բավականին ազատ հայեցակարգային գաղափար է մարդկության վերջի մասին, բայց ամեն ինչ այդքան մռայլ չէ, որքան կարող է թվալ: 

 

 

Իրականում այն շատ հուսադրող է: Խոսքը մարդկության՝ դեպի մետաֆիզիկական վիճակի անցման, մեր հաջորդ մարմնավորման կամ կերպարանափոխության մասին է:

 

Աշխատանքային գործելաոճը

 

Deep Purple-ի աշխատանքային գործելաոճը տասնամյակներ շարունակ գրեթե չի փոխվել:

 

Մենք որեւէ տեղ ենք մեկնում 7-10 օրով եւ ամեն օր հաճախում ստուդիա. սկսում ենք կեսօրին, ավարտում՝ 18:00-ին: 15:00-ին էլ թեյի ընդմիջում ենք անում:

 

Դա նման է աշխատանքի գնալուն: Տղաները պարզապես սկսում են նվագել, եւ զարգանում է իմպրովիզացիան: Բլյուզ, ռոք, սոուլ՝ այն ամենը, ինչ այդ պահին կարող է գալ նրանց մտքին:

 

Փաստացի դա մի շաբաթ տեւող ջեմ-սեշն է: Ժամանակ առ ժամանակ մեկը մյուսին գլխով է անում ու ասում. «Լավ է, սա արժե պահել»: Վերջում մենք թողնում ենք մոտ 30 գաղափար, որոնց վրա շարունակում ենք աշխատել:

 

«Բացարձակ ազատություն»

 

Տեքստեր գրելիս ես բացարձակ ազատ եմ, բայց, բնականաբար, կա տրամադրության խնդիր: Այն պետք է համահունչ լինի երգերին: Հատկապես վերջին տարիներին ինձ դուր է գալիս ալբոմի համար մեկ ընդհանուր հայեցակարգ ունենալ, որն ամեն ինչ կապում է իրար: Նախորդ ալբոմը կոչվում էր «=1», եւ այն կյանքի դժվարություններից իմ հիասթափության մասին էր:

 

Երգեր գրելու մոտեցումս ավելի շատ նման է պատմություններ պատմելուն: Ես ոգեշնչվում եմ Ջոն Լիրիից եւ այլ գրողներից: Նրանք շատ են:

 

Ինձ համար յուրաքանչյուր երգ մի փոքրիկ պատմություն է: Բայց դուք խիստ սահմանափակված եք ժամանակի մեջ. երգը սովորաբար տեւում է 3-4 րոպե:

 

«Դա նման է ծննդաբերության»

 

Մենք նոր ենք ավարտել Deep Purple-ի նոր ալբոմը, եւ ես ասում էի, որ դա նման է նրան, ինչ տղամարդը կարող էր զգալ, եթե ծննդաբերելու ունակություն ունենար: Հավանաբար, նույնքան ցավոտ է:

 

Շարունակելով այս համեմատությունը՝ կարելի է ասել, որ երգերը ձերն են այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեք «ծննդաբերել», իսկ հետո դրանք հանրության սեփականություն են դառնում: Եվ մարդիկ են ձեզ ասելու՝ ուզո՞ւմ են նորից լսել դրանք, թե ոչ: Եվ եթե նրանք ուզում են լսել այդ երգերը անդադար, դուք ստիպված եք լինելու կատարել դրանք մինչեւ ձեր կյանքի վերջը:

 

Պավարոտիի «խանդը»

 

Ռոք երաժշտության մեջ մենք մեծ ազատության ունենք։ Ինձ բախտ է վիճակվել մի քանի անգամ ելույթ ունենալ Լուչանո Պավարոտիի հետ: 

 

Մի անգամ նա ինձ ասաց. «Իեն, ես վեց անգամ լսել եմ, թե ինչպես ես կատարում «Smoke on the Water»-ը, եւ վեցն էլ տարբեր էին։ Այնքա՜ն եմ քեզ նախանձում։ Եթե հանդգնեմ թեկուզ չնչին փոփոխություն անել որեւէ հայտնի արիայում, ինձ կխաչեն»։

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Մեր ընտրանին