Ներկայացնում ենք The Guardian-ում հրապարակված Jane Goodall Earth medal to recognise people working to improve the world հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշ կրճատումներով:
Նիկոլա Դեւիս
Թեպետ Երկիր մոլորակը այսօր մեծ ճնշման ներքո է, Queen խմբի կիթառահար սըր Բրայան Մեյը լիահույս է, որ իր համահիմնադրած գիտության, երաժշտության եւ արվեստի Starmus փառատոնի կողմից շնորհվող նոր մրցանակը կխրախուսի մարդկանց անհապաղ գործել։
Այս տարի կյանքից հեռացած բրիտանացի պրիմատոլոգ Ջեյն Գուդոլի պատվին ստեղծված մեդալը, որը կոչվելու է Starmus Jane Goodall Earth medal, շնորհվելու է նրանց, ովքեր ջանքեր են գործադրում մեր մոլորակի ու կենսաբազմազանության պահպանման համար։
Առաջին դափնեկիրների անունները հայտնի կդառնան 2026թ․ հոկտեմբերի 17-ից 22-ը Թեներիֆեում եւ Լա Պալմայում կայանալիք Starmus VIII փառատոնի ընթացքում։
Բրայան Մեյը Guardian-ին պատմել է, որ Գուդոլը, որը Starmus-ի խորհրդի անդամ էր, ողջունել էր իր անվան մրցանակի ստեղծումը։
Ջեյն ԳուդոլըԼուսանկարը` Max Alexander/Starmus
«Այս մեդալն ունենալու եւ կազմակերպչական աշխատանքները Starmus-ին վստահելու գաղափարը Ջեյնինն է։ Նա ասում էր, որ կցանկանար, որ սա իրականություն դառնար։ Կարծում եմ, որ դա պայմանավորված է նրա՝ մեզ հետ ունեցած առանձնահատուկ հարաբերություններով»,- ասել է նա։
Գուդոլի թոռը՝ Մերլին վան Լավիկը, ողջունել է մրցանակի ստեղծումը։
«Starmus-ի Ջեյն Գուդոլի անվան մեդալը կճանաչի մարդկանց եւ կենսաբազմազանության համար մեր աշխարհը ավելի լավ վայր դարձնելու ուղղությամբ իրականացվող կայուն զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ խթան կհանդիսանա այս աշխատանքը շարունակելու համար»,- ասել է նա։
Starmus-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի խոսքով՝ մեդալը, որի մասին հայտարարվել է Թագավորական ընկերությունում, հավանաբար մի քանի անվանակարգ կունենա։
«Այն շատ նման է լինելու ուղիղ 10 տարի առաջ ստեղծված Սթիվեն Հոքինգի անվան մեդալին, որը շնորհվում է գիտության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար»,- ասել է Իսրայելյանը։ Գուդոլը այդ մրցանակի դափնեկիր էր։
Մեյը նշել է, որ դժվար է լավատես լինել Երկիր մոլորակի ապագայի նկատմամբ։
«Անկեղծ ասած, շատ դժվար է լավատես լինել։ Ամերիկայի ներկայիս կառավարությունը պատերազմ է մղում գիտության եւ գիտելիքի դեմ, ինչը, կարծում եմ, իսկապես խաթարում է այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են ամբողջ աշխարհում։
Անկեղծ ասած, իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ, ուստի մենք պետք է իսկապես սկսենք նորից եւ շատ ավելի լրջորեն մտածել մեր գործողությունների հետեւանքների մասին։ Խոսքը ոչ միայն գլոբալ տաքացման, այլեւ նրա մասին է, թե ինչպես ենք ընդհանրապես վերաբերվում բնությանը»,- ասել է նա։
Գարիկ Իսրայելյանը եւ Ջեյն ԳուդոլըԼուսանկարը` Max Alexander/Starmus
Ըստ Գարիկ Իսրայելյանի՝ այսօրվա կարեւոր խնդիրներից մեկը ապատեղեկատվության տարածումն է։ Մյուս տարի Starmus փառատոնի ուշադրության կենտրոնում կլինի «ճշմարտության փնտրտուքը»։
«Մենք հասկացանք, որ ճշմարտությունը դառնում է բանավեճի առարկա, երբ դրան միջամտում է քաղաքականությունը, ինչը շատ վտանգավոր է»,- ասել է նա։
Բրայան Մեյը հույս է հայտնել, որ մեդալը կոգեշնչի մարդկանց գործելու: «Անկախ նրանից՝ լավատես ենք մենք, թե ոչ, պետք է ձգտենք անել լավագույնը: Պատրաստ եղեք ձախողման, բայց միեւնույն է, պետք է աշխատեք հաջողության հասնելու համար»,- հավելել է նա:
Վան Լավիկն է վստահ է, որ մարդիկ կարող են պատասխանատվությամբ հոգ տանել Երկիր մոլորակի մասին, եթե նրանց ճիշտ ուղղորդեն եւ համապատասխան լիազորություններ տան։
«Ինչպես միշտ հիշեցնում էր իմ հանգուցյալ տատիկ Ջեյն Գուդոլը, այն, ինչ մենք անում ենք ամեն օր, կարող է իրապես փոխել իրավիճակը, եւ մեզանից է կախված, թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները»,- ասել է նա:
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: