«Հուսով եմ, որ արդարությունը կհաղթի եւ Արթուրը տուն կվերադառնա» - Mediamax.am

Դեկտեմբեր 16, 2025
92 դիտում

«Հուսով եմ, որ արդարությունը կհաղթի եւ Արթուրը տուն կվերադառնա»


Ժենյա Թերջանյանը
Ժենյա Թերջանյանը

Լուսանկարը` «Նովայա գազետա Եվրոպա»-ի տեսանյութից

Լուսանկարը` «Նովայա գազետա Եվրոպա»-ի տեսանյութից

Լուսանկարը` «Նովայա գազետա Եվրոպա»-ի տեսանյութից


2025 թվականի նոյեմբերի 27-ին Դոնի Ռոստովում Հարավային շրջանի ռազմական դատարանը վճիռ է կայացրել Ղրիմի կամրջի պայթեցման գործով։ Ութ մեղադրյալներ դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Բոլորն էլ ներգրավված էին Ղրիմի կամուրջը պայթեցնելու համար օգտագործված պայթուցիկ նյութեր պարունակող բեռների տեղափոխման գործում։ «Նովայա գազետա Եվրոպա»-ն զրուցել է դատապարտված Արթուր Թերջանյանի կնոջ՝ Ժենյաի հետ։

Լուսանկարը` «Նովայա գազետա Եվրոպա»-ի տեսանյութից

Արթուրի հետ ծանոթացել ենք Ախալքալաքում։ Ամուսնացել ենք 2005 թվականին, երկու երեխա ունենք։ Մենք շատ երջանիկ էինք ապրում։ Արթուրը շատ լավ հայր է, լավ ամուսին եւ հարգված մարդ։ Ընկերները, ընտանիքը եւ Ախալքալաքի բոլոր բնակիչները կարող են վկայել դա։

 

Երկուսս էլ միշտ աշխատում էինք եւ հոգում մեր ընտանիքի ծախսերը։ Արթուրը երբեք քաղաքականությամբ չէր հետաքրքրվում, ուստի նրա քաղաքական հայացքների մասին ոչինչ ասել չեմ կարող։

 

Արթուրը վարորդ էր աշխատում 2008 թվականից։ Նա շատ էր աշխատում Վրաստանում, բայց ավելի շատ՝ Ռուսաստանում։ Այս ընկերություն [որը նրան հանձնարարել էր տեղափոխել թաղանթը, որի մեջ թաքցված էր պայթուցիկը– խմբ.] նա ընդւոնվել էր 2022 թվականի օգոստոսին։

 

Արթուրի գործատուի անունը Սանդրո Ինասարիձե է, բայց ես անձամբ նրան չեմ ճանաչում։ Նա սովորաբար զանգահարում էր ամուսնուս եւ տեղեկացնում պատվերների, բեռնման եւ բեռնաթափման վայրերի մասին։

 

 

Այդ անգամ Արթուրին ասել էին, որ պետք է շինարարական պոլիէթիլենե թաղանթ տեղափոխի։ Բեռնատար մեքենան Արթուրինը չէր, այլ իր գործատուինը։ Արթուրը նախկինում էլ էր վարել այդ մեքենան։

 

Վստահ եմ, որ Արթուրը չգիտեր, որ պայթուցիկ նյութեր է տեղափոխում։ Նա չէր անի որեւէ բան, որը կվնասեր իր կամ իր ընտանիքի կյանքին։ Արթուրին ճանաչողները նույնպես կարող են հաստատել, որ Արթուրը երբեք նման քայլի չէր դիմի։ Այդ ուղեւորությունից առաջ ոչ մի արտառոց բան չէր եղել։ Ոչ մի լարվածություն չկար։

 

Ամուսինս նախապես գիտեր երթուղին, ես նույնպես տեղյակ էի։ Նա պետք է բեռը տեղափոխեր Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաք, իսկ այնտեղից վերադառնար Վրաստան. նախօրոք նոր բեռ էր գրանցել Հայաստան վերադարձի ուղեւորության համար։

 

Երբ Արթուրը տնից հեռու էր, միշտ զանգահարում էր։ Կարող էր օրվա ընթացքում նույնիսկ մի քանի անգամ զանգահարել։ Նա հեռախոսով երկար խոսել չէր սիրում, բայց զանգահարում էր՝ պարզելու, թե ինչպես ենք, որտեղ ենք եւ ինչ ենք անում։ Այս անգամ էլ էր զանգահարել։

 

Այդ օրը նա, ինչպես միշտ, հատեց սահմանը։ Ոչ մի արտառոց բան տեղի չէր ունեցել, նա չէր անհանգստանում իր բեռի համար։

 

Վերջին անգամ Արթուրը զանգահարել էր 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Վլադիկավկազից՝ հերթում սպասելիս (Վրաստանի սահմանը հատելու համար)։ Նա զանգահարել էր, ինչպես միշտ, մեզ հետ կապ հաստատելու եւ ճշտելու, թե ինչ ենք անում։ Ոչ մի տարօրինակ բան այս զրույցում չկար։

 

Հետո ինձ հետ կապվեց Արթուրի ազգականը։ Ասաց, որ իրենք ոստիկանության բաժանմունքում էին, բայց մանրամասներ չհայտնեց, որպեսզի չանհանգստանամ։ Ասաց, որ որոշ մանր խնդիրներ կան, եւ նրանք կամավոր ներկայացել էին բաժանմունք՝ պարզելու կանչի պատճառը։ Ես Արթուրի հետ կապի մեջ էի մինչեւ հոկտեմբերի 13-ը, բայց չգիտեի, որ նրան ձերբակալել են։ Մենք հույս ունեինք, որ հարցաքննությունից հետո ամեն ինչ լավ կլինի։ Նա նույնիսկ չգիտեր, թե ինչու էին իրեն կանչել։ 

 

Այժմ նրա մասին տեղեկություններ ես ստանում միայն փաստաբանի միջոցով։ Նա ասել էր, որ Արթուրի վրա ճնշում չէր գործադրվել։ Ոչ ոք չի եկել մեր տուն, ոչ ոք ինձ չի հարցաքննել։ 

Լուսանկարը` «Նովայա գազետա Եվրոպա»-ի տեսանյութից

Այս գործում ցանկացած մեկը կարող էր Արթուրի տեղը լինել, քանի որ նա պարզապես վարորդ է։ Եվ ցանկացած վարորդ կարող էր հայտնվել այդ իրավիճակում։ Ինչ վերաբերում է շրջապատի, հարեւանների արձագանքին, կարող եմ միայն ասել, որ շնորհակալ եմ բոլորին։ Աջակցությունից բացի ուրիշ ոչինչ չեմ նկատել։

 

Այս պահին ես եւ երեխաները ծանր հոգեկան վիճակում ենք։ Ֆինանսական վիճակը նույնպես ծանր է, չնայած աշխատանք ունեմ։ Երեխաներս արդեն մեծացել են եւ օգնում են ինձ։ Շնորհակալ եմ նաեւ իմ հարազատներին եւ ընկերներին, ովքեր չեն լքել ինձ։

 

Մեր հույսը, անկասկած, արդարությունն է։ Որ մի օր արդարությունը կվերականգնվի։ Դա է իմ հույսը։ Եթե Արթուրը հիմա կարողանար լսել ինձ, ես նրան կասեի, որ երբեք հույսը չկորցնի, մինչեւ վերջ պայքարի արդարության համար։ Արդարությունը, հուսով եմ, կհաղթի։

 

Իսկ այս ամենը կազմակերպած մարդկանց չգիտեմ՝ ինչ ասեմ։ Երեւի, թողնեմ Աստծո դատաստանին։

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին