Ներկայացնում ենք Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) կայքում հրապարակված փորձագետ Մարիոն Ֆոսթերի How Russian Weakness in the South Caucasus Can Reward the West հոդվածի հայերեն թարգմանությունը:
Մարիոն Ֆոսթեր
Ռուսական հրթիռի կողմից խոցված ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի շուրջ լարվածությունը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ զգուշավոր մերձեցումը եւ Վրաստանի ավելի ու ավելի կոշտ դիրքորոշումը Եվրամիության նկատմամբ արտացոլում են Հարավային Կովկասում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները:
Դրանց նախորդում են վերջին տարիներին արտաքին ազդեցության մեծ տեղաշարժերը, մինչդեռ նոր էներգետիկ եւ տրանսպորտային միջանցքները ամրապնդում են կապերը Կասպից ծովի, Կովկասի եւ Սեւ ծովի տարածաշրջաններում: Հարավկովկասյան երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում, քաղաքական զարգացումները նույնպես փոխել են այդ երեք երկրների հարաբերությունները իրենց արտաքին գործընկերների հետ:
Միասին վերցրած՝ այս փոփոխությունները անմիջական հետեւանքներ ունեն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի շահերի համար՝ քաղաքական ազդեցության, խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության ապագայի առումով: Արեւմուտքը կարող է հեշտությամբ սխալ գործել. կարեւոր է հստակ ուղղություն որդեգրել:
Լուսանկարը` REUTERS
Խորհրդային Միության փլուզումից եւ վրացական անջատողական շրջանների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունների սրումից հետո, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի աշխարհաքաղաքական դասավորությունը 1990-ականներից մինչեւ 2010-ական թվականները էապես կայուն էր։
Մինչ Վրաստանը փորձում էր սերտ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ, Հայաստանը շարունակում էր կախված մնալ Մոսկվայի հետ անվտանգության եւ տնտեսական կապերից։ Ադրբեջանն առաջնահերթություն էր տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին, որը դիվանագիտական եւ ռազմական աջակցություն էր ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում։
2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը եւ 2023 թվականին այդ տարածաշրջանից էթնիկ հայերի վտարումը շրջադարձային պահ հանդիսացան։ Ղարաբաղի եւ նրա հարակից տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելը օգնեց Ադրբեջանին հակամարտության վրա սեւեռված արտաքին քաղաքականությունից անցում կատարել դեպի տարածաշրջանում եւ դրանից դուրս իր կարգավիճակի ամրապնդմանը միտված հավակնոտ ռազմավարություն։
Բաքուն ամրապնդել է համագործակցությունը Չինաստանի, Կենտրոնական Ասիայի եւ ԵՄ-ի հետ, մասնավորապես՝ Ասիան եւ Եվրոպան կապող Միջին միջանցքի ընդլայնման հարցում։ Ադրբեջանը փորձում է նաեւ օգտվել Ուկրաինայի պատերազմի հետեւանքով Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազումից՝ պարբերաբար մարտահրավերներ նետելով Մոսկվային, բայց միաժամանակ պահպանելով գործնական կապերը Կրեմլի հետ։
Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում կոշտացել է հիմնականում այն պատճառով, որ Մոսկվան չկարողացավ պատշաճ կերպով աջակցել Երեւանին եւ Ղարաբաղի հայերին։ Թեեւ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մեծապես կախված լինել Ռուսաստանից՝ որպես էներգիայի աղբյուր եւ ապրանքների ու աշխատուժի շուկա, Երեւանը փորձում է նվազեցնել իր քաղաքական եւ անվտանգային կախվածությունը Մոսկվայից՝ կարգավորելով հարաբերությունները Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր քննարկելով։
Լուսանկարը` REUTERS
Մյուս կողմից, Վրաստանի իշխանությունները աստիճանաբար հեռանում են երկարատեւ արեւմտամետ կողմնորոշումից եւ հնարավորություն են ստեղծում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար։
Պաշտոնական Թբիլիսիի կողմից ցուցարարների բռնաճնշումները շարունակում են վնասել եվրաատլանտյան ինստիտուտների հետ ավելի սերտ համագործակցության հեռանկարներին (ԵՄ անդամակցության հույսերն այժմ սառեցված են), ուստի Վրաստանն էլ է ձգտում ամրապնդել կապերը Չինաստանի հետ։ 2024 թվականին կայացված որոշումը Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագիծը չինական կոնսորցիումին շնորհելու մասին ընդգծում է Պեկինի աճող ազդեցությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Սեւ ծովի ափին։
Այս տարածաշրջանային տեղաշարժերը կարեւոր հետեւանքներ ունեն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար։ Բացվում են փոխգործակցության նոր հնարավորություններ, քանի որ Հայաստանը վերաուղղորդում է իր արտաքին քաղաքականությունը Մոսկվայի կողմից ղեկավարվող ձեւաչափերից (ինչպիսին է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը) դեպի եվրոպական ինտեգրում, իսկ Ադրբեջանը ձգտում է Արեւելքն ու Արեւմուտքը կապող տարածաշրջանային հանգույց դառնալ։
ԱՄՆ-ն արդեն փորձում է օգտվել այս հնարավորությունից՝ առաջարկելով կառավարել նախագահ Դոնալդ Թրամփի «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղին» կամ TRIPP-ը, որն Ադրբեջանը Նախիջեւանի էքսկլավի հետ կապող տարանցիկ երթուղի է։
Լուսանկարը` REUTERS
Այս զարգացումները, այնուամենայնիվ, չեն նշանակում, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում անհետացել է։ Կրեմլը շարունակում է զգալի լծակներ գործադրել էներգետիկ մատակարարման շղթաների եւ անվտանգության ու քաղաքական վերնախավերի հետ ամուր կապերի միջոցով։
Եթե Արեւմուտքի ներգրավվածությունը հիմնականում կենտրոնանա ենթակառուցվածքային գործարքների կամ անվտանգության վրա, Արեւմուտքի մեղմ ուժի նորմատիվ հիմքը տարածաշրջանում կարող է խաթարվել։
Տարածաշրջանի երկրները ձգտում են ավելի մեծ ինքնավարության իրենց արտաքին քաղաքականության մեջ, ուստի Արեւմտյան ազդեցությունը այլեւս չի կարելի համարել որպես ինքնըստինքյան տրված։ Այն պահպանելու համար պահանջվում է վստահություն, հետեւողականություն եւ արժեքային համակարգ։
Եթե Արեւմուտքը ձախողվի, վտանգներն ակնհայտ են։ Թուլացած Ռուսաստանի եւ արժեքներին թեթեւ վերաբերվող Արեւմտյան մոտեցման համադրությունը կարող է անվտանգության վակուում առաջացնել կենսականորեն կարեւոր տարածաշրջանում։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: