Ներկայացնում ենք քաղաքագետ, «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի Вместе против порознь: что изменилось в поведении США за год после избрания Трампа հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ֆյոդոր Լուկյանով
Մեկ տարի առաջ՝ 2024 թվականի նոյեմբերի 5-ին, ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեց Դոնալդ Թրամփը։ Անցած ժամանակահատվածը ցույց տվեց, թե ինչում Ամերիկան կարող է փոխվել եւ ինչում՝ ոչ։
Պետության ղեկավարի արտասովոր արտահայտչականությունը գայթակղում է վերագրել իրադարձությունները նրա անձի յուրահատկություններին։ Իսկ դրանք, անկասկած, մի փոքր «գժական» երանգ են հաղորդում ամեն ինչին։ Սակայն սա չի ժխտում ամերիկյան քաղաքական սովորույթները, ավելի շատ` ուռճացնում է դրանք։ Եվ թույլ է տալիս դրանք ավելի հստակ տեսնել։
Ի՞նչ է փոխվել Միացյալ Նահանգների արտաքին վարքում։ Չեղարկվել է միասնական գաղափարա-քաղաքական մոտեցումը, որին համահունչ Վաշինգտոնը ձգտում էր իրագործել իր շահերը։
Պատահական չէ, որ ազատական աշխարհակարգը, որն ԱՄՆ-ն տարբեր ձեւերով առաջ է մղել եւ ամրապնդել անցյալ դարի կեսերից ի վեր, վերջին տասնամյակում վերանվանվել է «կանոնների վրա հիմնված կարգի»։ Կանոնների ամբողջությունը մեծ մասամբ հիմնված էր արեւմտյան տերությունների շահերի վրա, բայց ենթադրվում էր, որ այդ կանոնները, ընդհանուր առմամբ, պահպանվում են ոչ միայն արտաքին աշխարհի, այլեւ հենց Արեւմուտքի կողմից։ Կանոնների գոյությունն ինքնին ստեղծում էր մի շրջանակ, որտեղ իրականացվում էին միջազգային հարաբերությունները։
Միացյալ Նահանգներ-2025-ը գործում է առանց շրջանակների։ Եթե փորձենք պարզել Թրամփի մոտեցման առանցքը, դա յուրաքանչյուրի հետ խիստ անհատապես գործ ունենալու ցանկությունն է։ Ոչ մի բարդ կառուցվածքներ, առավել եւս՝ ինստիտուտներ։ Դեմ առ դեմ եւ ուժերի հավասարակշռությանը համապատասխան։ Իսկ քանի որ Սպիտակ տունը համոզված է, որ առերես ձեւաչափով Ամերիկան անխուսափելիորեն ավելի ուժեղ է, քան ցանկացած զրուցակից, այս աշխատաոճը պետք է ակտիվորեն խրախուսվի։
Լուսանկարը` REUTERS
Սա նշանակում է, որ ավանդական ինստիտուտները, նույնիսկ նրանք, որոնք ստեղծվել եւ ակտիվորեն օգտագործվել են ամերիկացիների կողմից, այլեւս անհրաժեշտ չեն։ Դրանք չեն ընդլայնում հնարավորությունները եւ ավելորդ բեռ են ստեղծում։ Հատկապես վնասակար են նոր կառույցները, որոնցում առաջատար դեր են խաղում ոչ արեւմտյան պետությունները։ Սրանով է պայմանավորված, օրինակ, սուր թշնամանքը BRICS-ի նկատմամբ ։ Այն, ոչ առանց պատճառի, ընկալվում է որպես համայնք, որը կցանկանար միավորել ուժերը՝ ԱՄՆ ազդեցությունը շրջանցելու համար։
Որքան էլ պարադոքսալ հնչի, Դոնալդ Թրամփը լավ է տեղավորվում բազմաբեւեռ աշխարհում, նույնիսկ դրա կողմնակիցն է (նման բնութագրումը նրան շատ կզարմացներ): Միջավայրը, որտեղ տարբեր կշիռ եւ ուժ ունեցող խաղացողները անընդհատ փոխազդում են միմյանց հետ, հարմար է նրանց, ովքեր ի սկզբանե առավելություն ունեն։
Այնուամենայնիվ, բազմաբեւեռությունն այդ դեպքում պետք է լինի լիովին ինքնաբուխ՝ առանց հակասությունները հարթելու եւ ներուժի տարբերությունները փոխհատուցելու մեխանիզմների։
Այլ կերպ ասած՝ մինչեւ Թրամփը ամերիկյան դիրքորոշումն էր աջակցել ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական գլոբալիզացիային: Աշխարհի ամբողջականությունը, որի գագաթին Միացյալ Նահանգներն են, համարվում էր ԱՄՆ նպատակներին հասնելու միջոց: Այժմ նմանատիպ միջոց է աշխարհի մասնատումը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով։
Մնացյալ փոփոխությունները շատ չեն: Ամերիկյան հեգեմոնիան՝ այլ կարգախոսներով վերափաթեթավորված, պահպանվում է որպես աքսիոմ: Արտաքին քաղաքականության գաղափարախոսականացումը՝ որպես առեւտրային շահերը խթանելու միջոց, նույնպես իր տեղում է: Միայն թե
հիմա դա «ժողովրդավարությունն ընդդեմ ավտոկրատիայի» մեծ կտավ չէ, այլ ավելի կոնկրետ նկարներ, որոնք հիշեցնում են նախկին ժամանակները։ Օրինակ՝ Թրամփի վերջին հայտարարությունը, որ Նիգերիան միջամտության կբախվի, որովհետեւ չի հոգում իր քրիստոնյաների մասին, նախորդ մի քանի տասնամյակների ժողովրդավարության զինված խթանման պահպանողական տարբերակն է։ Իսկ Վենեսուելայի վարչակարգի ցանկալի փոփոխությունը բացատրվում է Հյուսիսային Ամերիկա թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործնական անհրաժեշտությամբ։ Հանգամանքների բերումով Նիգերիան եւ Վենեսուելան նավթի զգալի պաշարներ ունեն, իսկ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանին եւ Իրանին դուրս մղել համաշխարհային շուկայից։ Բայց սա, իհարկե, պատահականություն է։
Լուսանկարը` REUTERS
Եվ անշուշտ, չի անհետացել ուժ կիրառելու պատրաստակամությունը, որը բնորոշ է ամերիկյան քաղաքականությանը։ Զուր չէ, որ Թրամփը հիշել է վաղեմի «խաղաղություն ուժի միջոցով» կարգախոսը։ Ճիշտ է, ռազմական ուժի կիրառումը Թրամփի ձեւով իր առանձնահատկություններն ունի։ Ինքն ու իր թիմակիցները կտրականապես հրաժարվում են ներքաշվել երկարատեւ հակամարտությունների մեջ. լավագույն տարբերակն է արագ հարվածը՝ առավելագույն արտաքին էֆեկտով։ Եվ դիվանագիտական գործունեություն, որն ուղեկցվում է անդրկուլիսային ճնշումներով եւ ցանկացած արդյունքի հնարավորինս բարձրագոչ փառաբանությամբ։
Արդյոք սա ավելի լավ է, թե ավելի վատ, քան նախկինում էր՝ քննարկելի հարց է։
Մի կողմից, ուղղակի հայտարարությունը ցանկությունների մասին, որոնք մասամբ թելադրված են հավերժական բնազդներով, ավելի լավ է, քան բազմաշերտ երեսպաշտությունը: Մյուս կողմից, անհոդաբաշխ հուզավառությունն ու իմպուլսիվ ճնշումը մի փոքր վախեցնող են. խաղով տարվելու վտանգը միշտ էլ կա:
Ինչպե՞ս պետք է ԱՄՆ գործընկերները պահեն իրենց այս իրավիճակում: Առաջին բանը, որ գալիս է մտքիս՝ կենտրոնանալ նրա վրա, ինչը Թրամփը տանել չի կարող. միավորել ուժերը: Խոշոր ինստիտուցիոնալ նախագծերի մասին այժմ խոսք գնալ չի կարող: Բայց կարողություններ կուտակել որոշակի նպատակներին համատեղ հասնելու համար լիովին ողջամիտ մարտավարություն է՝ անկախ նրանից, թե ինչ շրջադարձեր առաջ կբերեն Ամերիկայի ապագա փոխակերպումները:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: