Հույն դիտորդներ՝ ռուս զինվորների, հնդիկ խաղաղապահներ՝ ԵՄ պարեկների փոխարեն - Mediamax.am

Նոյեմբեր 04, 2025
285 դիտում

Հույն դիտորդներ՝ ռուս զինվորների, հնդիկ խաղաղապահներ՝ ԵՄ պարեկների փոխարեն


Լուսանկարը` ՌԴ ՊՆ

Լուսանկարը` ՌԴ ՊՆ

Լուսանկարը` REUTERS


Ներկայացնում ենք American Enterprise Institute վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի Replace Russian Soldiers in Armenia with Greek Observers? հոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Մայքլ Ռուբին

 

Ամերիկացի փորձագետներն ու թուրք քարոզիչները Վաշինգտոնի վերլուծական կենտրոններում եւ լոբբիստական աշխարհում շարունակում են քննադատել ռուսական զորքի ներկայությունը Հայաստանում՝ որպես ապացույց այն բանի, որ Հայաստանը ռուսական սատրապություն է եւ թշնամական է Արեւմուտքի շահերին։ 

 

Այս փաստարկն ակնհայտորեն կեղծ է, իսկ այն ներկայացողները՝ պատմությունից անտեղյակ։ Կարմիր բանակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին 261-րդ հրաձգային դիվիզիան տեղակայելու համար ռազմական բազա հիմնեց Գյումրիում, որը Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է։ Երբ սկսվեց Սառը պատերազմը, միայն Խորհրդային Հայաստանը եւ Նախիջեւանն էին այն տարածքները, որտեղ Խորհրդային Միությունը սահմանակցում էր ՆԱՏՕ-ին։ Մոսկվան վերանվանեց ստորաբաժանումը՝ սկզբում որպես 37-րդ հրաձգային դիվիզիա, ապա՝ 127-րդ մոտոհրաձգային դիվիզիա։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը Գյումրիի բազան վերանվանեց 102-րդ ռազմաբազա։ Դրա առաքելությունը մնում է հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը։ 

 

Անտեսել պատմությունը եւ ենթադրել, որ Ռուսաստանի ներկայությունը նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի խամաճիկն է, նման է պնդելուն, որ Կուբայի Գուանտանամո ծոցի ԱՄՆ ռազմակայանը Կուբայի կոմունիստական ռեժիմը ամերիկյան խամաճիկ է դարձնում։ 

 

Այսօր Հայաստանն ավելի հեռու է Ռուսաստանի ուղեծրից, քան Վրաստանը կամ Մոսկվայի նավթագազային գործընկեր Ադրբեջանը։ Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխությունը խաթարեց Ռուսաստանի ավանդական ազդեցությունը Հայաստանում։ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերին 2020 եւ 2023 թվականներին Ադրբեջանի հարձակումներից պաշտպանելու անկարողությունը ամրապնդեց ժողովրդի անվստահությունը Ռուսաստանի նկատմամբ։ Միեւնույն ժամանակ Գյումրու ռուսական բազան ժողովրդականություն չի վայելում բնակիչների շրջանում ռուս զինվորականների վատ վարքագծի պատճառով. դրա գագաթնակետը 2015 թվականի հունվարին Վալերի Պերմյակովի կողմից յոթ հոգանոց ընտանիքի սպանությունն էր։ Հայերը դժգոհ էին, որ ռուսները Պերմյակովին չհանձնեցին իրենց, փոխարենը պնդեցին, որ հայկական դատարանը նրան դատի ռազմաբազայում։ Հայերը դժգոհ են, որ նա իր ցմահ ազատազրկումը կրում է Ռուսաստանում, ոչ թե Հայաստանում։ Պերմյակովի ոճիրը ամենածանրն էր, սակայն նման հանցագործությունը կանոն է, ոչ թե բացառություն: Հայերը բողոքում են, որ ռուս զինվորները անպատիժ անկարգություններ են անում եւ մանր հանցագործություններ գործում: 2025-ի օգոստոսին հայերը ցույցի դուրս եկան բազայի դիմաց՝ պահանջելով դրա փակումը եւ լիակատար դուրսբերումը:

Լուսանկարը` ՌԴ ՊՆ

Բազայի դուրսբերումը ընդամենը ժամանակի հարց է թվում՝ հաշվի առնելով Հայաստանի շրջադարձը դեպի Արեւմուտք, ռուս զինվորների պակասը եւ նրա ռազմական կարիքները այլ վայրերում: Թեեւ պայմանագիրն ավարտվում է 2044 թվականին, քիչ հավանական է, որ ռուսական զորքը այդքան երկար մնա:

 

Թեեւ հայերը չեն ուզում գործ ունենալ Ռուսաստանի հետ, նրանք անհանգստանում են իրենց սահմանների համար: Թուրքիան իռեդենտիստ տերություն է, որը ձգտում է վերաձեւակերպել սահմանները եւ վերաշարադրել դարավոր պայմանագրերը: Այն, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, նշանակում է, որ Թուրքիայի կառավարությունը ոչ թե ապալեգիտիմացնում է Հայաստանն ու հայերին ոչնչացնելու ցանկությունը, այլ նպաստում նման համոզմունքներին:  

 

Ռուսաստանը հեռանում է, եւ Հայաստանը պետք է դիմի Հունաստանին՝ նրան փոխարինելու համար: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բողոքները Հունաստանի տեղակայման վերաբերյալ Անկարայից բացի այլ տեղ լսելի չեն լինի: Թուրքիայի ջանքերը՝ զորքեր տեղակայելու Գազայում, թուլացնում են պատմական ենթատեքստի կամ իր սահմաններին հունական զորքերի տեղակայման անպատշաճության վերաբերյալ փաստարկը։ Որպես Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության զոհ՝ հույները Հայաստանին նայում են համակրանքով եւ հասկանում են նրա վախերը։ Ռուսաստանին կվրդովեցնի ցանկացած փոխարինում, բայց հունական ուղղափառության կապերը հայ եւ ռուս եկեղեցու հետ կօգնեն շրջանցել մշակութային անհամատեղելիությունը։

 

Հայաստանի կառավարությունը, որը հոգում է իր երկրի անվտանգության եւ պաշտպանության մասին, չպետք է սահմանափակվի Հունաստանով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ձգտում են առաջ մղել հայ-ադրբեջանական խաղաղությունը, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեմ է արտահայտվել եվրոպացի դիտորդների կողմից սահմանի եւ վերահսկողության գծերի մշտադիտարկման դերին։

Լուսանկարը` REUTERS

Թրամփն ու Ռուբիոն կարող են շրջանցել Ալիեւի շինծու մտահոգությունների տառը, եթե ոչ ոգին՝ հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու եւ պարեկելու համար պայմանագիր ստորագրելով հնդիկ խաղաղապահների հետ։ Եթե Ալիեւն իրոք կարեւորում է խաղաղությունը, նա քիչ պատճառ կունենա բողոքելու հնդկական ներկայությունից. հնդիկները ամենափորձառու խաղաղապահներից են, իսկ նրանց զինվորականները հմուտ են լեռնային, դժվար տեղանքում պարեկելու հարցում։ Պակիստանցի վարձկաններ հրավիրած Ադրբեջանը երեսպաշտ կլինի, եթե բողոքի հնդիկ դիտորդների վերաբերյալ։ 

 

Ադրբեջանի ներխուժումը, ռուս խաղաղապահների ցինիզմը, նախադեպեր խախտելու Թուրքիայի պատրաստակամությունը եւ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջը խաղաղության եւ անվտանգության խոչընդոտներ են թվում, բայց դրանք նաեւ նոր հնարավորություններ են բացում հայ դիվանագետների ու հայկական սփյուռքի համար: Հայաստանի սահմանային անվտանգության ապագան ավելի շատ կախված է Աթենքի եւ Դելիի օգնությունից, քան Անկարայի եւ Բաքվի հետ խաղաղությունից: 

 

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին