Ներկայացնում ենք լեհ լրագրող եւ գրող Կոնստանտի Գեբերտ հոդվածի հայերեն թարգմանությունը:
Կոնստանտի Գեբերտ
Աշխարհում բուռն բանավեճ է գնում այն մասին, թե արդյոք Իսրայելի գործողությունները Գազայում կարելի է որակել որպես ցեղասպանություն։ ՄԱԿ-ի «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիան սահմանում է հանցագործությունը որպես «գործողություններ, որոնք կատարվել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ»։ Այնուհետև կոնվենցիան թվարկում է քրեական գործողությունները՝ սկսած «խմբի անդամների սպանություն»-ից։
Անշուշտ, նման գործողությունները արդեն իսկ առանձին հանցագործություններ են, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ։ Դրանք ցեղասպան դարձնողը «ոչնչացնելու մտադրությունն» է, որը հեշտ է հայտարարել, բայց դժվար է ապացուցել դատարանում։
Ավելին, Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) որոշել է, որ ցեղասպանական մտադրությունը պետք է լինի «միակ եզրակացությունը, որը կարելի է ողջամտորեն անել վիճելի գործողություններից»։ Ապացույցների այս խիստ չափանիշն է ցեղասպանությունը տարբերակում պատերազմի ժամանակ կատարված այլ հանցագործություններից։ Միայն չար մտադրությունն է այն դարձնում «ամենածանր հանցագործություն»։
Մարդկության պատմության մեջ կատարված բոլոր կոտորածներից գիտականորեն որպես ցեղասպանություն են որակվել մեկ տասնյակից պակասը։ Այդ պատճառով հատկապես ցնցող կլինի, եթե իսրայելցիները (հաշվի առնելով Հոլոքոստի (Շոա) դերը իրենց իսկ պատմության մեջ) միանային հանցագործների այդ փոքր խմբին։

Լուսանկարը` REUTERS
Այս համատեքստում փորձագետների կարծիքը շատ կարևոր է։ Շատերը սպասում էին, որ Ցեղասպանության գիտնականների միջազգային ասոցիացիան (IAGS) իր կարծիքը հայտնի այս հարցի վերաբերյալ, և սեպտեմբերի 1-ին այն հրապարակեց համապատասխան փաստաթուղթը։ Քվեարկությանը մասնակցած IAGS անդամների 86%-ի կողմից հավանության արժանացած վճիռը միանշանակ է. «Իսրայելի քաղաքականությունն ու գործողությունները Գազայում համապատասխանում են ցեղասպանության իրավական սահմանմանը»։
Սակայն հարցն այսպես դժվար թե լուծվի, քանի որ IAGS-ը, կարծես, չի քննարկել ցեղասպան մտադրության կենտրոնական հարցը։ Դրա փոխարեն բանաձևը հղում է անում այլ հաստատությունների և կազմակերպությունների կարծիքին, որոնք դիրքորոշում են հայտնել այս հարցի վերաբերյալ։ Սա նույնն է, եթե Միջազգային գենետիկայի ֆեդերացիան քվեարկեր, որ ձեռքբերովի հատկանիշները ժառանգական են ոչ թե վիճելի պնդման համար փաստարկներ ներկայացնելով, այլ պարզապես մեջբերելով այն մարդկանց, որոնք արդեն համաձայն են այդ գաղափարին։
Այս բացթողումն ավելի հասկանալի է դառնում, երբ IAGS-ի խորհրդատվական խորհրդի անդամ Սառա Բրաունից իմանում ենք, որ տեքստի ներքին քննարկում չի եղել։ Այն պարզապես ներկայացվել է հաստատման, և, ըստ BBC-ի, խմբի մոտ 500 անդամներից միայն 28%-ն է մասնակցել քվեարկությանը։ Ավելին, չնայած քվեարկողների ինքնությունն անհայտ է, IAGS-ը անդամակցությունը ակադեմիական որակավորում չի պահանջում. անդամներ կարող են լինել արվեստագետները, ակտիվիստներն ու այլոք։
Չնայած բանաձևն ընդունվել է IAGS անդամների փոքրամասնության կողմից, որոնց ակադեմիական որակավորումն անհայտ է, լրատվամիջոցների կողմից փաստաթղթի լուսաբանումը մեծ մասամբ բաց է թողնում այս երկիմաստությունները՝ նախընտրելով այն պատումը, որ ցեղասպանագետների համաշխարհային համայնքը Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ։

Լուսանկարը` REUTERS
Սակայն ՄԱԿ-ի կողմից ցեղասպանության սահմանման համաձայն՝ նման եզրակացության հասնելը գրեթե անհնար է, և Իսրայելի քննադատները դա ընդունել են։ Օրինակ՝ Իսրայելին ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչելով՝ Amnesty International-ը ընդունում է, որ ներկա սահմանումը «միջազգային իրավագիտության չափազանց նեղ մեկնաբանություն է և փաստացի բացառում է ցեղասպանության ճանաչումը զինված հակամարտության համատեքստում»։
Իսրայելի B’Tselem մարդու իրավունքները պաշտպանող խումբը նույնպես չափազանց «նեղ» է որակել իրավական սահմանումը։ Իսկ Իռլանդիայի կառավարությունը, միանալով Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ Միջազգային դատարանում հարուցված գործին, ասում է, որ «մտահոգված է», որ «ցեղասպանության նեղ մեկնաբանությունը» հանգեցնում է «անպատժելիության մշակույթի, երբ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը նվազագույնի է հասցվում»։
Այլ կերպ ասած՝ քննադատներն ասում են, որ եթե հնարավոր չէ Իսրայելին մեղավոր ճանաչել ցեղասպանության մեջ ըստ միջազգային իրավունքի, ապա սահմանումը պետք է փոխել՝ այդ մեղադրանքը հաշվի առնելու համար։ Մի՞թե սա հենց այն խնդիրը չէ, որը պետք է լուծի համապատասխան ակադեմիական հանրությունը։ Ըստ երևույթին, IAGS-ն այլ կարծիքի է։ Փոխարենը IAGS-ն ասում է, որ Իսրայելի «անխտիր և միտումնավոր հարձակումները քաղաքացիական բնակչության դեմ» Գազայում «սպանել են ավելի քան 59,000 մեծահասակների և երեխաների»։ Սակայն նույնիսկ եթե ընդունենք այս թիվը, այն ենթադրում է, որ զոհվածներից ոչ մեկը զինվոր չէր, ասես Համաս գոյություն չունի։
IAGS-ի բանաձևը պնդում է նաև, որ Միջազգային դատարանը պարզել է, որ «հավանական է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայում իր հարձակումներով»։ Սակայն, ըստ BBC-ի, «դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն ՄԱԿ-ի այդ որոշման ժամանակ ասել է… որ դատարանը այդպիսի բան չէր որոշել»։ «Որոշման նպատակն էր հայտարարել, որ Հարավային Աֆրիկան իրավունք ունի գործ հարուցել Իսրայելի դեմ, իսկ պաղեստինցիներն ունեն «ցեղասպանությունից պաշտպանվելու պատշաճ իրավունքներ»՝ իրավունքներ, որոնց կարող է անդառնալի վնաս հասցվել»։

Լուսանկարը` REUTERS
Այլ կերպ ասած, այն, ինչ համարվում է անբասիր ակադեմիական գնահատական, մասամբ հիմնված է ապացուցելի կեղծիքների և աբսուրդների վրա։ Սա բավականին սկանդալային կլիներ, եթե սահմանափակվեր IAGS-ով։ Սակայն, ցավոք, բանաձևը, հավանաբար, կընդունվի որպես տեղեկացված գիտական կարծիքի արտահայտություն։
Եթե դա տեղի ունենա, ցեղասպանությունը վերաիմաստավորելու ճնշումը կաճի՝ հեռուն գնացող հետևանքներով ցանկացած հակամարտության համար, որի ժամանակ հնարավոր է կանխել քաղաքացիական զոհերը։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների կողմից գերմանական և ճապոնական քաղաքների ռմբակոծությունները հանկարծ կդառնան ցեղասպանություն, և պատերազմն ինքնին կարող է համարվել ցեղասպանական երկու կողմերի կողմից։ Իսկ ճանաչված դեպքերը՝ Հայոց ցեղասպանությունից (1915-16) և Հոլոքոստից մինչև 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը, կկորցնեն իրենց առանձնահատկությունը՝ դառնալով ևս մեկ վայրագություն շատերի շարքում։
Սա կլինի անխուսափելի գինը, որը պետք կլինի վճարել ցեղասպանությունը վերասահմանելու համար՝ համապատասխանեցնելով այն IAGS բանաձևին։ Արդյո՞ք արժե նման գին վճարել Իսրայելին ամենածանր հանցագործության մեջ անարդարացիորեն մեղադրելու համար։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Project Syndicate, 2025
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: