Ներկայացնում ենք Le Monde Diplomatique պարբերականում հրապարակված Ժնեւի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Վիգէն Չըթըրեանի Armenia stands alone հոդվածի հայերեն թարգմանությունը:
Վիգէն Չըթըրեան
Սեպտեմբերի 19-ին սկսված երկօրյա ռազմական հարձակման արդյունքում Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը միջազգայնորեն իր տարածքի մաս ճանաչված Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավի նկատմամբ. դրա հայ բնակիչների մեծ մասը գաղթեց: Ըստ Հայաստանի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակումը, հայ բնակչության մշակութային եւ քաղաքական իրավունքները երաշխավորելուց հրաժարվելը եւ Բաքվում Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչող ատելության խոսքը ստեղծել են արտագաղթ հրահրելու մթնոլորտ եւ հավասարազոր են էթնիկ զտմանը: Պաշտոնապես, հայ բնակչությունը կարող է վերադառնալ, սակայն անվտանգության կոնկրետ երաշխիքների բացակայությունը եւ ավելի քան երեք տասնամյակ կուտակված դժգոհությունը հուշում են, որ քչերն են հետ գնալու:
Անկլավի շուրջ հակամարտությունը սկսվեց 1988 թվականի փետրվարին, երբ հայ բնակչությունը անկախություն պահանջեց, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կառավարությունը քվեարկեց Հայաստանի հետ միավորվելու օգտին, իսկ վերջինս աջակցեց նրանց։ Հետեւեց Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմը (1988-94). Հայաստանը գրավեց անկլավը եւ շրջակա տարածքը (Ադրբեջանի տարածքի մոտ 13%-ը)՝ դուրս մղելով ադրբեջանցի բնակչությանը։
Արդյո՞ք Ադրբեջանի կողմից անկլավի վերադարձով գործն ավարտված է։ Հավանաբար ոչ: Բաքվի քարոզչությունը, որը Հայաստանի Հանրապետությունն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան», ակնարկում է, որ առաջիկայում կրկին մարտեր են լինելու:
Հնարավոր չէ վերակազմակերպվել
Սպառնալիքների դեմ Հայաստանը միայնակ է կանգնած։ Երեւանը չի կարողացել վերակազմավորել կամ վերազինել իր բանակը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում կրած ծանր կորուստներից հետո։ Ռուսաստանը՝ անվտանգության ավանդական գործընկերը, չի իրականացրել 400 միլիոն դոլար արժողությամբ սպառազինության պայմանագիրը: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ, որի անդամ է Հայաստանը) չդատապարտեցին Ադրբեջանի ռազմական ներխուժումը 2021-22 թվականներին, երբ այն ռազմավարական բարձունքներ գրավեց եւ սահմանն իր օգտին գծելու հնարավորություն ստացավ։ Չմիջամտեցին նաեւ Հայաստանի տարածքը պաշտպանելու համար:
Հայաստանը նոր դաշնակիցներ փնտրեց, ինչպիսիք են Հնդկաստանը եւ Ֆրանսիան, հատկապես զենքի մատակարարման առումով: Բայց երբ Երեւանը շրջվեց դեպի Արեւմուտք, Ռուսաստանի հետ ավանդական սերտ հարաբերությունները վատթարացան: Մինչդեռ Ադրբեջանին հաջողվել է միաժամանակ զարգացնել գործընկերությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ՝ ամրապնդելով իր ռազմավարական դաշինքը Թուրքիայի հետ։
Ինչո՞ւ Ռուսաստանը թույլ տվեց Ադրբեջանին ուժով հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը, իսկ 2020-ի նոյեմբերին միջամտեց՝ դա թույլ չտալու համար։ Պատճառներից մեկն այն է, որ աշխարհաքաղաքական հանգամանքները փոխվել են. 2020-ն հակամարտությունը կովկասյան պետությունների միջեւ տարածքային վեճ էր, որին անմիջականորեն ներգրավված էին երկու խոշոր տերություններ. Թուրքիան ռազմական եւ քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը միջնորդում էր:
Երբ Վլադիմիր Պուտինը 2020-ի նոյեմբերին խաղաղապահ ուժեր տեղակայեց Լեռնային Ղարաբաղում, նրա նպատակն էր այս ռազմավարական տարածաշրջանում մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը՝ ընդլայնելով նրա ռազմական ներկայությունը, ինչպես նաեւ փորձելով մենաշնորհել միջնորդի դերը (եւ անժամկետ հետաձգել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծումը):
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Ռուսաստանը դա արեց, թեեւ Ադրբեջանը հասկացրել էր, որ ստատուս քվոն իրեն չի բավարարում, եւ նա ցանկանում է լիակատար վերահսկել անկլավը՝ առանց ինքնավարություն տրամադրելու կամ հայ բնակչությանը անվտանգության երաշխիքներ տրամադրելու։
Ի հակադրություն դրա, 2023-ի սեպտեմբերյան հարձակումը տեղի ունեցավ, երբ Ռուսաստանը դիմակայում էր Արեւմուտքին Ուկրաինայում: Մոսկվայի ռազմական շրջադարձերը մեծացրին Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը Պուտինի, ինչպես նաեւ նրա դաշնակից Թուրքիայի համար, եւ նվազեցրին հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Ուկրաինայում իր «հատուկ ռազմական գործողությունը» սկսելուց ընդամենը երկու օր առաջ Պուտինը Մոսկվայում համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Այդ ժամանակվանից Ադրբեջանը դարձավ ռուսական նավթի արտահանման տարանցիկ կետ եւ հետեւաբար՝ արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու համար կարեւոր գործընկեր: Այդպիսով սեպտեմբերյան հարձակման ժամանակ ռուս խաղաղապահները լիակատար ազատություն տվեցին ադրբեջանական բանակին: Դա խոսում է Մոսկվայի եւ Բաքվի միջեւ նախնական պայմանավորվածության մասին։ Մոսկվան կողք կանգնեց, մինչ Բաքվի իշխանությունները ձերբակալեցին Լեռնային Ղարաբաղի մի քանի հայ քաղաքական գործիչների եւ ռազմական առաջնորդների, որոնք ռուսական ռազմական պաշտպանության ներքո էին։
ԵՄ-ն ճշգրտում է իր դիվանագիտությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր արեւմտյան դաշնակիցներ է փնտրում, թեեւ իրական հաջողության չի հասել։ Եվրամիությունը ուրախ է, որ Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների վատթարանում են՝ հուսալով, որ դա կթուլացնի Ռուսաստանի դիրքերը Կովկասում, իսկ տնտեսական նկատառումներից ելնելով փորձում է չօտարել Ադրբեջանին: Անցյալ տարվա հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այցելեց Բաքու եւ ստորագրեց համաձայնագիր, ըստ որի ԵՄ-ն Ադրբեջանից բնական գազի ներմուծումը կմեծացնի 2023-ին տարեկան ութ միլիարդ խորանարդ մետրից մինչեւ «մի քանի տարում՝ 20 միլիարդ խորանարդ մետր»: Համաձայնագրի շնորհիվ Ալիեւի բյուջեն աճեց տարեկան մոտ 17 միլիարդ դոլարով: ԵՄ-ն նպատակահարմար չգտավ գործարքը պայմանավորել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում խաղաղ լուծում փնտրելու կամ Իրանին չափազանց մոտիկ համարվող կրոնական խմբերի եւ իրավապաշտպանների նկատմամբ բռնաճնշումները դադարեցնելու պարտավորությամբ:
Լեռնային Ղարաբաղի շրջափակումը չփոխեց ԵՄ-ի դիրքորոշումը, թեեւ այն կարող էր զգալի լծակներ գործադրել. ածխաջրածինները կազմում են Ադրբեջանի արտահանման 92%-ը եւ ուղղվում են հիմնականում Եվրոպա: Այնուամենայնիվ, Ադրբեջանը շահեց Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով առաջացած գազի եւ նավթի շուկաներում լարվածությունից:
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Նույնքան ուշագրավ զսպվածություն են ցուցաբերել Միացյալ Նահանգները: Ընդամենը հինգ օր պահանջվեց, որ Լեռնային Ղարաբաղի հայերը փախչեն, բայց Վաշինգտոնը դեռ պետք է իրագործի պատժամիջոցները, որոնք մասին խոսել էր սեպտեմբերի 6-ին, երբ Ադրբեջանն կուտակում էր իր զորքերը: Մասամբ սրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ը հույս ուներ երկրորդական օգուտ ստանալու Հայաստանի պարտությունից, այն է՝ որ Ռուսաստանը դուրս գա անկլավից: Դա ամենեւին հաստատ չէ. Ադրբեջանը չի պահանջել, որ ռուս խաղաղապահները անհապաղ հեռանան, նրանք վերաբաշխվել են հիմնական տրանսպորտային ուղիներում: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը դեռ ցանկանում է, որ իր սահմանապահները երաշխավորեն ցամաքային կամրջի անվտանգությունը Սյունիքում. նահանգ, որն Ադրբեջանին անհրաժեշտ է դեպի Նախիջեւանի էքսկլավ եւ դրանից այն կողմ՝ Թուրքիա մուտք գործելու համար։
2020-ի զինադադարի համաձայնագիրը ներառում է մի կետ Նախիջեւանի «նոր տրանսպորտային հաղորդակցություն» ստեղծելու մասին, սակայն այն Հայաստանի կողմից չի իրականացվել։ Չի իրագործվել նաեւ տարածաշրջանում այլ տրանսպորտային երթուղիների (տրամաբանորեն՝ նաեւ թուրք-հայկական սահմանը, որը Թուրքիան փակ է պահում) բացման մասին կետը: Իրանը, որը սահմանակից է երկու պատերազմող երկրներին հարավից, միշտ դեմ է եղել հայկական տարածքում նման միջանցքին՝ համարելով, որ դա սահմանային նոր վեճերի կհանգեցնի: Թեհրանի համար, որն անհանգստացած է Իրանի հյուսիսում էթնիկ ադրբեջանցիներին ուղղված Բաքվի իրրեդենտիստական ուղերձներից, սա անընդունելի նախադեպ է:
Մինչեւ 2020 թվականը Հարավային Կովկասում ստատուս քվոն պահպանելու գործում Իրանը ապավինում էր Ռուսաստանին։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Իրանը զարմացած է, որ Ռուսաստանը հանդուրժում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անմիջական ռազմական ներգրավումը: Իրանը մտահոգված է նաեւ Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցությամբ. Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ Իսրայելը ավելի քան 850 միլիոն դոլարի զենք է մատակարարել Ադրբեջանին՝ Հնդկաստանից հետո իր երկրորդ ամենամեծ գնորդին: Իրանն անհանգստացած է նաեւ իր հյուսիսարեւմտյան սահմանի անվտանգության հարցով. Իսրայելի ռազմական ներկայությունն Ադրբեջանում հնարավորություն է տալիս գործողություններ սկսել Իրանի տարածքի խորքում:
2021 թվականի հոկտեմբերին Իրանը պատասխանեց Իսրայելի եւ Թուրքիայի աճող տարածաշրջանային ազդեցությանը՝ իր առաջին լայնածավալ զորավարժություններն անցկացնելով Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ուժի այս ցուցադրումը Ադրբեջանի վրա տպավորություն չթողեց, ուստի Իրանն այժմ փորձում է երկխոսություն սկսել: Որպես հարավային հայկական միջանցքի այլընտրանք՝ Իսլամական Հանրապետությունն առաջարկում է մի երթուղի, որը կանցնի իր տարածքով, ինչի նպատակնն է շեղել Ադրբեջանին Հայաստանի մասերը բռնակցելու գայթակղությունից: Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանն ու Իրանը ստորագրեցին երկաթուղի կառուցելու փոխըմբռնման հուշագիր։ Նույն օրը ընդհանուր սահմանին՝ Ադրբեջանի Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղի մոտ տեղի ունեցավ նոր ճանապարհային կամրջի եւ մաքսակետի շինարարության մեկնարկի արարողությունը: Մի քանի օր անց Ալիեւի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը «Politico»-ին ասաց, որ իր կառավարությունը չի ծրագրում ուժով վերցնել հարավային հայկական միջանցքը (որը նա անվանել է ադրբեջանական Զանգեզուր), քանի որ այն «կորցրել է իր գրավչությունը» Ադրբեջանի համար:
Հաշվի առնելով ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակը՝ տեւական կայունությունը Կովկասում անհավանական է թվում: Ուկրաինայի պատերազմը եւ Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծությունը խաթարեցին երկխոսության փորձերը: Տարածաշրջանում ներգրավված ուժերը, ներառյալ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ը եւ Իսրայելը, հենց հիմա ակտիվ մրցակցության մեջ են այլ վայրերում: Մինչեւ 2020 թվականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատասխանատվությունը վստահված էր ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը համատեղ նախագահում էին Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը (թեեւ այն վաղուց անարդյունավետ էր): Պորտուգալիան եւ ԱՄՆ-ն առաջարկել են իրենց տարածքում խաղաղ բանակցություններ անցկացնել, սակայն Ալիեւը հրաժարվել է մասնակցել՝ պատճառաբանելով Արեւմուտքի կողմնակալությունը։
Արդյո՞ք ռազմական գործողությունները կվերսկսվեն: Կարճաժամկետ հեռանկարում դա քիչ հավանական է: Նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում (ադրբեջանական անունը՝ Խանքենդի) անցկացված զորահանդեսի ժամանակ Ալիեւը հայտարարեց. «Մեզ նոր պատերազմ պետք չէ։ Մենք հասել ենք մեր ուզածին»: Բայց դա կախված է վերջնական խաղաղության համաձայնագրից, որն իր հերթին պետք է ընդգրկի Հայաստանի երեք ադրբեջանական անկլավների (Տավուշի եւ Արարատի մարզերում) կնճռոտ հարցը: Ալիեւը գուցե եւ հաղթել Լեռնային Ղարաբաղի պատերազմում, բայց Հարավային Կովկասի անկայունությունը մոտ ապագայում չի լուծվի:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: