Ներկայացնում ենք The Moscow Times պարբերականում հրապարակված As Russia Relations Sour, Armenians Prepare to Defend Themselves հոդվածի հայերեն թարգմանությունը:
Թոմ Բենեթ
«Երբ գիշերը գնում եմ քնելու, չեմ մտածում. «Հեռախոսս լիցքավորվա՞ծ է, ատամներս մաքրե՞լ եմ»։ Մտածում եմ՝ «Գիտե՞մ՝ որտեղ են ծնողներս, պայուսակս հավաքե՞լ եմ տարհանման դեպքում»:
Սրանք են Հայաստանի հարավային Սյունիք մարզում՝ Ադրբեջանի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա ապրող 22-ամյա ուսուցչուհի Մարիամի գիշերային մտքերը։ Նա կանգնած է խորհրդային ժամանակներում կառուցված Գորիսի պետական համալսարանի մարզադահլիճում եւ հենց նոր ավարտել է շտապ օգնության պարապմունքը։ Հաջորդը՝ «կալաշնիկովից» կրակելու տեխնիկան է:
Մարիամը մասնակցում է եռամսյա ծրագրին, որը կազմակերպել է ՈՄԱ-ն («Ողջ Մնալու Արվեստը») կիսառազմական խումբը, որը նկարագրվում է տարբեր կերպ. որպես գոյատեւման դպրոց, քաղպաշտպանության կազմակերպություն կամ (եթե Ադրբեջանի կառավարության անդամ եք) «ահաբեկչական խմբավորում»:
Անկախ նրանից, թե ինչպես է այն բնութագրվում, ՈՄԱ-ի հայտարարած նպատակը լուրջ է. խաղաղ հայ բնակիչներին նախապատրաստել իրենց երկիրը պաշտպանելու:
Մանսակիցները ներկայացնում են համայնքի բոլոր շերտերը՝ երիտասարդ մայրերից մինչեւ համալսարանի ուսանողներ: Առաջին օգնության եւ զենք օգտագործելու դասընթացների հետ մեկտեղ նրանք սովորում են լեռնագնացություն, որը կարեւոր հմտություն է խորդուբորդ ալպիական տեղանքում, որին հարում է Ադրբեջանի հետ 900 կիլոմետրանոց սահմանը:

Լուսանկարը` ՈՄԱ
Հայաստանում գործող ՈՄԱ-ի 22 մասնաճյուղերից «այս մասնաճյուղի դիրքը կարեւոր է սահմանամերձ գոտու խոցելիության պատճառով», - ասում է 42-ամյա գլխավոր մարզիչ Վարդանը:
ՈՄԱ-ն մասնակիցների զգալի աճ է գրանցել այն բանից հետո, երբ Ադրբեջանը սեպտեմբերին սկսեց իր կայծակնային ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա՝ 24 ժամվա ընթացքում գրավելով այն եւ ստիպելով 100,000-անոց էթնիկ հայ բնակչությանը փախչել Հայաստան:
Շատերը, խցկված մեքենաների կամ բեռնատարների բաց թափքերի մեջ, անցան հենց այս քաղաքով, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում վերածվեց միջազգային ճգնաժամային կենտրոնի: Կարմիր Խաչը, Պարենի համաշխարհային ծրագիրը եւ օգնության մի շարք ազգային առաքելություններ, այդ թվում՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը, այցելեցին աջակցություն ցույց տալու համար: Վրաններ խփվեցին, սննդամթերքի փաթեթներ առաքվեցին, խմբերով հայտնվեցին միջազգային լրատվամիջոցները:
Բայց տարածաշրջանի բնակիչներից շատերը, որոնք իրենց լքված են զգում միջազգային հանրության կողմից, այս ցուցադրությունը համարում են անբավարար եւ ուշացած:
«Իհարկե հիասթափված եմ, - ասաց Վարդանը, - ես սպասում էի մի բանի, որը տեղի չունեցավ: Բայց մենք պետք է շարունակենք հուսալ»։
Շատերի կարծիքով՝ մեղքի հիմնական մասը կրում է Հայաստանի պատմական դաշնակից Ռուսաստանը, որը, չնայած հակամարտությանը միջնորդելու խոստումներին եւ տարածաշրջանում 2 000 ռուս խաղաղապահների ներկայությանը, գրեթե չմիջամտեց:

Լուսանկարը` ՈՄԱ
Ռուսաստանի անգործությունը նշանավորում է տարածաշրջանում իր քաղաքականության պատմական փոփոխություն: Նախկինում Հայաստանը կարող էր ապավինել Ռուսաստանին՝ վեճերը կարգավորելու, զենքի մատակարման եւ քաղաքական խաղերի գործում: Թեեւ միշտ չէ, որ այս գործակցությունը ձեռնտու է եղել Հայաստանին, ռուսները ընդհանուր առմամբ բավականաչափ աջակցել են Երեւանին։
Մինչ օրս ռուս սահմանապահները հսկում են Հայաստանի սահմանները Թուրքիայի եւ Իրանի հետ։ Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայում մոտ 3 000 զինվոր կա։ Հայաստանի գազի մատակարարման գերակշռող մասը գալիս է Ռուսաստանից:
Այս խճճված հարաբերությունությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ավելի են դժվարացնում հնարավոր կապերի խզումը Ռուսաստանի հետ։
Փորձագետներն ասում են, որ Ռուսաստանի սառը վերաբերմունքի պատճառները բարդ են. ուկրաինական պատերազմը մեկուսացրել է Ռուսաստանին միջազգային ասպարեզում, ինչը նշանակում է, որ համաշխարհային շուկաների հետ կապ ապահովող հարավային գործընկերները, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը եւ Իրանը, շատ ավելի արժեքավոր են դարձել:
Հավանական է նաեւ, որ Հայաստանի վերջին նախաձեռնությունները Արեւմուտքի հետ զայրացրել են Կրեմլին: Սեպտեմբերի սկզբին Երեւանը ԱՄՆ-ի հետ համատեղ զինավարժություններ անցկացրեց եւ օգնության փաթեթ ուղարկեց Ուկրաինա, որը հանձնեց անձամբ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
Հայաստանի խորհրդարանը է՛լ ավելի լարեց հարաբերությունները, երբ, ասես հանդիմանելով Մոսկվային, քվեարկեց Միջազգային քրեական դատարանին միանալու օգտին, ինչը նշանակում է, որ եթե նախագահ Վլադիմիր Պուտինը ոտք դնի հայկական հողի վրա, Երեւանը պարտավոր կլինի ձերբակալել նրան:

Լուսանկարը` ՈՄԱ
Անցյալ շաբաթ Հայաստանը Մոսկվայի գլխավորած ՀԱՊԿ դաշինքի միակ անդամն էր, որը բաց թողեց Մինսկում դաշինքի առաջնորդների հանդիպումը, իսկ Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանը չի մատակարարել այն զենքը, որի համար Երեւանն արդեն վճարել է, եւ մեղադրեց ռուսական լրատվամիջոցներին իր երկրի քաղաքական իրավիճակը ապակայունացնելու մեջ:
«Հայաստանը բացարձակապես չի կարող իր անվտանգության առումով հույս դնել Ռուսաստանի վրա, ուստի ՄՔԴ-ի այս քվեարկությունը Հայաստանի կառավարության ուղերձն է Արեւմուտքին, որ նրանք իրոք պատրաստ են ավելի հեռանալու Ռուսաստանից», - «The Moscow Times»-ին ասաց Գերմանիայի արտաքին գործերի խորհրդի (DGAP) Միջազգային կարգի եւ ժողովրդավարության ծրագրի ղեկավար Շտեֆան Մայսթերը:
«Բայց ես կարծում եմ, որ սա շատ վտանգավոր խաղադրույք է, քանի որ ես չեմ կարծում, որ Արեւմուտքն իսկապես կաջակցի Հայաստանին այնպես, ինչպես անհրաժեշտ է: Արեւմուտքի համար հարց է, թե ինչպես աջակցություն ցուցաբերել: Զինվորնե՞ր ուղարկել։ Խաղաղապահնե՞ր։ Պատժամիջոցներո՞վ մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա»:
Ըստ Մայսթերի, այդ վերջին տարբերակը քիչ հավանական է։ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների արդյունքում ԵՄ շատ երկրներ դիմել են Ադրբեջանին որպես գազի այլընտրանքային մատակարարի։ Դժվար թե որեւէ երկիր ցանկանա պատժամիջոցներ կիրառել էներգակիրների առանցքային մատակարարի նկատմամբ։
Մինչ Եվրասիայի մայրաքաղաքներում աշխարհաքաղաքական քայլեր են կատարվում, Լեռնային Ղարաբաղի իրավիճակին միջազգային կոշտ արձագանքի բացակայությունը մտավախություն է առաջացրել, որ Ադրբեջանը կարող է փորձել ցամաքային միջանցք ստեղծել դեպի Նախիջեւանի էքսկլավ՝ գրավելով հարավային Հայաստանի մասերը:

Լուսանկարը` ՈՄԱ
«Հայկական տեսակետից մտահոգիչ է, որ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը հաընկնում են այս միջանցքի բացման հարցում։ Իսկ տարածաշրջանի միակ ուժը, որը դրան ընդդիմանում է, Իրանն է», - The Moscow Times-ին ասաց Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ավագ վերլուծաբան Կարենա Ավեդիսյանը:
Սյունիքի մարզում ՈՄԱ-ում վերապատրաստվողները զգում են պատերազմի ուրվականի սպառնալիքը:
«Կարծում եմ՝ անկայունությունը կաճի Հայաստանում, որը կորցրել է կողմնորոշումը եւ չունի որեւէ մեկը, որը լուրջ կերպով կաջակցի իրեն», - ասում է Մայսթերը։
Անվտանգության նկատառումներով ՈՄԱ-ի անդամների անունները փոփոխված են։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: