Մարտեր Էրզրումի համար, Երզնկայի եւ Եղնուտի ճակատամարտերը - Mediamax.am

exclusive
41096 դիտում

Մարտեր Էրզրումի համար, Երզնկայի եւ Եղնուտի ճակատամարտերը


Վանա լիճը
Վանա լիճը

Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը: 

 

Գրեթե բոլոր ճակատներում կրած պարտություններից հետո Օսմանյան կայսրության ղեկավարությունը մի կողմից մեղավորներ էր փնտրում, մյուս կողմից շատ լավ հասկանում էր, որ հայերը, օգտվելով պատերազմի առիթից եւ բոլոր մարտերում ցուցաբերելով քաջություն, ի վերջո կնվաճեն անկախություն իրենց հայրենիքում: Թուրքական ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է, որ հայերը մեծ թափով ռազմական գործ են յուրացնում եւ մի օր կնվաճեն իրենց անկախությունը: Դրան էին հակվում նաեւ դաշնակիցները, որոնք տեսնում էին հայ զորավարների քայլերը, հայ կամավորների սխրանքներն ու մղումները: Այդ ամնեը թուրքերի համար անընդունելի էր: Ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ Մեհմեդի հրամանով կազմակերպվեց հայ մտավորականության ֆիզիկական բնաջնջումը, քանի որ նրանց կարծիքով հայ ժողովուրդը դուրս էր եկել սեփական կառավարության դեմ եւ օգնում էր ռուսներին: Վանի եւ այլ տարածքների հայերը, ովքեր գտնվում էին ռուսների կողմից նվաճված տարածքներում, խուսափեցին այս ձերբակալություններից եւ սպանություններից: 

 

Մայիսի 6-ին ռուսական զորքերը մոտեցան Էրզրումին: Օսմանյան 29-րդ եւ 30-րդ դիվիզիաները փորձեցին կասեցնել ռուսների առաջխաղացումը: Օսմանյան 10-րդ կորպուսը հակահարձակման անցավ ռուսական զորքերի դեմ: Սակայն հարավային մասում թուրքական զորքերն այդքան էլ հաջող չգործեցին: Մայիսի 11-ին ռուսները գրավեցին Մանազկերտը, իսկ  մայիսի 17-ին մտան Վան: Օսմանյան զորքերն անընդհատ նահանջում էին: Մատակարարման գծերը կտրվել էին, քանի որ հայկական ջոկատները թիկունքից փակել էին ճանապարհները: Վանա լճի հարավային մասը շատ խոցելի էր թուրքերի համար: Թուրքերն ակնհայտորեն զիջում էին ռուս-հայկական զորքերին. բացի այդ, դժվար էր տարածքը պաշտպանել, քանի որ լեռնային էր: Սակայն, ցավոք, ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում. ռուսական զորքերը երբեմն նահանջում էին, եւ հայկական բնակչությունն ու ինքնապաշտպանական ուժերը հաճախ ընկնում էին շրջափակման մեջ` կրելով մեծ կորուստներ: 

 

1915թ. Վանի պաշարումից հետո, երբ ռուսական զորքերը լքեցին այն, 250.000 հայ փախստական ճանապարհ ընկավ դեպի Արեւելյան Հայաստան: 

 

Մայիսի 27-ին՝ ռուսների գրոհների ժամանակ, Թալեաթ փաշան հրամայեց տեղահանել բոլոր հայերին` համաձայն տեղահանության մասին օրենքի, եւ աքսորել Սիրիա ու Մոսուլ: 

 

Հունիսի 13-ին ռուսական զորքերը վերադարձան սկզբնական դիրք եւ պլանավորեցին նոր հարձակում` այս անգամ Վանա լճի հյուսիսարեւմտյան մասով: 

 

Վանա լիճը Վանա լիճը

 

 

Ռուսները գեներալ Օգանովսկու գլխավորությամբ անցան հարձակման Մանազկերտից արեւմուտք ընկած տարածքներով: Ռուսական հրամանատարությունը թերագնահատեց թուրքական բանակի հնարավորությունը եւ հակագրոհից հանկարծակիի եկավ: Ռուսական զորքերը սկսեցին շարժվել Մանազկերտից դեպի Մուշ: Սակայն նրանք տեղեկացված չէին, որ թուրքական 9-րդ կորպուսը եւ 17-րդ ու 28-րդ դիվիզիաները նույնպես շարժվում են դեպի Մուշ: Չնայած պայմաններն անտանելի դժվար էին, սակայն թուրքերը կարողացան արդյունավետ վերակազմավորվել: 1-ին եւ 5-րդ հետախուզական ջոկատները դիրքավորվեցին ռուսական զորքերի հարավային մասում, իսկ աջ թեւում՝ գեներալ Աբդուլքերիմ փաշայի զորքերը: Այս զորախումբը անկախ էր երրորդ բանակից, եւ Աբդուլքերիմ փաշան ենթարկվում էր ուղղակի Էնվերին: Թուրքերը պատրաստ էին դիմակայելու ռուսական հարձակումներին: 

 

Կովկասյան ռազմաճակատը խաղաղ էր 1915թ. հոկտեմբերից մինչեւ տարվա վերջը: 

 

 

 

Գեներալ Ն. Յուդենիչը այս ժամանակն օգտագործեց զորքերը վերակազմավորելու համար: 1916թ. սկզբներին ռուսական զորքերը թատերաբեմում հասան 200.000-ի 380 միավոր հրետանիով: Մյուս կողմից իրավիճակը շատ բարդ էր: Օսմանյան հրամանատարությունը չկարողացավ վերականգնել կորուստները: Գալիպոլիի ճակատամարտը շատ թանկ նստեց թուրքերի վրա: Թուրքական 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կորպուսները չհամալրվեցին, բացի այդ, զգալի ուժեր տեղափոխվեցին Միջագետք, քանի որ բրիտանական զորքերը լրջորեն նեղում էին այնտեղ: Օսմանյան կայսրությունը կորցնում էր միջագետքի տիրույթները: Այս ամենն ուղղակի մեծ նվեր էր ռուսական բանակի համար, որը սակայն չէր շտապում փութաջանորեն օգտվել այս ամենից: Էնվեր փաշան, չհասնելով իր նպատակներին, այլ ճակատների ծանր վիճակը հաշվի առնելով, կարծում էր, որ կովկասյան ճակատը երկրորդական է: 1916թ. հունվարի դրությամբ օսմանյան 126.000-անոց բանակից մարտունակ էին միայն 50.000-ը: Նրանք ունեին մոտ 74.000 հրացան, 77 գնդացիր եւ 180 հրետանային միջոց: Օսմանցիները ենթադրում էին, որ ռուսները չեն գրոհի, սակայն ենթադրություններն իզուր էին: 

 

 

 

1916թ.  հունվարին Ն. Յուդենիչը գաղտնի լքեց իր ձմեռային հանգրվանը եւ շարժվեց դեպի Էրզրում: Հայոց լեռներում սովորաբար ձմռանը ռազմական գործողություններ չեն իրականացնում: Անտանելի ցուրտը եւ դժվարանցանելի ճանապարհները պատճառ եղան Էնվեր փաշայի 3-րդ բանակի ոչնչացմանը նախորդ տարի: Ն. Յուդենիչը կարծում էր, թե հանկարծակիի կբերի թուրքերին: Ռուսները անակնկալի բերեցին թուրքերին եւ կարողացան խուճապ առաջացնել նրանց ձմեռային հանգրվաններում Կոպրուկոյի ճակատամարտում (1916թ. հունվարի 10-18): Թուրքերը կրկին պարտություն կրեցին: 

 

Փետրվարի 16-ին Մահմուդ Քամիլը հրամայեց 3-րդ բանակին լքել Էրզրումը, քանի որ ռուսական զորքը գերազանցում էր իրենց զորքերին: Սակայն ռուսական զորքի գերակայությունը բավականին մեծ չէր, որպեսզի մեկընդմիշտ վերացներ օսմանյան դիմադրությունը: Այդ պատճառով Յուդենիչի` կենտրոնով հարձակումը ձախողվեց, քանի որ թեւերով հարձակումները էական չէին: Մինչդեռ Մահմուդ Քամիլը հիմնական զորքերը կենտրոնացրել էր Դեւե-Բոյուն բարձունքի մոտակայքում, ռուսական զորքերը ճեղքեցին Էրզրումի աջ ու ձախ թեւերի պաշտպանությունները: Արդյունքում` քաղաքի երկու թեւի պաշտպանական օղակները ոչնչացվեցին: 

 

 

 

Ապրիլին կովկասյան ռուսական բանակը առաջ անցավ երկու ուղղությամբ: Մի մասը Էրզրումից շարժվեց դեպի հյուսիս եւ գրավեց Տրապիզոնի հին մասը, մյուս մասը՝ Մուշ-Բիթլիս ուղղությամբ: Այս ստորաբաժանումները հետ շպրտեցին թուրքական 2-րդ բանակին դեպի Անատոլիայի խորքերը եւ հաղթեցին Մուշի ու Բիթլիսի մարտերում (1916թ. մարտի 2 - օգոստոսի 24): Բիթլիսը օսմանյան բանակի վերջին պաշտպանական կետն էր դեպի Անատոլիա եւ Միջագետք: 

 

Հուլիսի ընթացքում գեներալ Ն. Յուդենիչը դիմակայեց թուրքական հակագրոհին դեպի Երզնկա: Հուլիսի 2-ին թուրքերը գրավեցին Երզնկան, մինչդեռ թուրքական գրոհը Տրապիզոնի ուղղությամբ կասեցվեց: Ռուսական բանակը կարծես թե վերջնական նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել: 

 

Երզնկայի ճակատամարտը

 

Օսմանյան հրամանատարությունը, փորձելով փրկել իրավիճակը ռազմաճակատում, ծրագրեց իրականացնել հակահարձակում` ցանկանալով գրավել Կարինը։ Այդ նպատակով ուժերը վերադասավորած Օսմանյան սուլթանության բանակը (80.000) խնդիր ստացավ ջախջախել ամուր պաշտպանական դիրքեր գրաված Ռուսական կայսրության բանակին (մոտավորապես 50.000), դրա կազմում գտնվող հայ ռազմիկներին (մոտավորապես 2.000), ինչպես նաեւ Հայկ Բժշկյանի գլխավորած հայկական IV կամավորական ջոկատին (1.000 մարտիկ, 2 թնդանոթ)։

 

Հունիսի 9-ին Տրապիզոնի շրջանում թուրքերն անցան հարձակման եւ համառ մարտերի արդյունքում ստիպեցին հայերին ու ռուսներին նահանջել Կալալա-Խորյան-Սողաքսու-Խանլար-Շենիկ բնագիծը։ 

 

Հունիսի 21-ին Ռուսական կայսրության բանակը եւ նրա կազմում գտնվող հայ ռազմիկները անցան հակահարձակման եւ հուլիսի 3-ին գրավեցին Բաբերդը։

 

Հուլիսի 3-7-ը հետ մղվեց Դերջանի ուղղությամբ օսմանյան բանակի ձեռնարկած հարձակումը։ Հուլիսի 6-ին հակահարձակման անցած հայ-ռուսական ուժերը գրավեցին Գյումուշխանե-Քյոսե-Բոլոր բնագիծը, իսկ մեկ օր անց Մեխորի մոտ (Փոքր Հայքի հարավ) ճեղքեցին թշնամու ճակատային գիծը եւ անցան վերջինիս թիկունք։ 

 

Հուլիսի 12-ին զորքերը մոտեցան Երզնկայի մատույցներին եւ գլխովին ջախջախելով թշնամուն` գրավեցին քաղաքը։ 

 

Եղնուտի ճակատամարտը

 

Օսմանյան բանակի հրամանատարությունը, մի վերջին ճիգ գործադրելով՝ շտկելու ռազմաճակատում առաջացած աղետալի դրությունը, ծրագրեց իրականացնել հակահարձակում եւ գրավել Վանա լճի հյուսիսային ափամերձ տարածքը։ Այդ նպատակով ուժերը կենտրոնացրած օսմանյան բանակը (մոտավորապես 80.000, այդ թվում` քրդեր) խնդիր ստացավ պարտության մատնել ամուր պաշտպանական դիրքեր գրաված Ռուսական կայսրության բանակին (մոտավորապես 60.000, 150 թնդանոթ), դրա կազմում գտնվող հայ ռազմիկներին (մոտավորապես 2.000, այդ թվում` Սասունցի Մանուկը, Մորուք Կարոն եւ Չոլոն), ինչպես նաեւ Անդրանիկի գլխավորած Հայկական I կամավորական ջոկատին (1.500 եւ 2 թնդանոթ)։ 

 

 

 

Հուլիսի 23-ին հարձակման անցած թշնամին համառ մարտերով գրավեց Եղնուտն ու Քյոփրիքոյը (Տուրուբերան, Արշամունիք գավառի արեւմուտք)։ Ռուս-հայկական զորքերը սկսեցին նահանջել, ինչի արդյունքում կրկին հայաթափվեցին Սասունը եւ Մշո դաշտավայրը։ Սա մեծ ողբերգություն էր Ցեղասպանությունից հետո բնակավայրեր վերադարձած հայերի համար: 

 

Օգոստոսի 11-ին օսմանյան բանակը, փորձելով զարգացնել հաջողությունը, հարձակման անցավ Բեդրան-Եղնուտ-Սիգի-Բինգյոլ-Ֆանմամիկ բնագծում (Տուրուբերան, Արշամունիք գավառի արեւմուտք), սակայն համառ հանդիպակաց մարտի արդյունքում հետ շպրտվեց ելման դիրքեր։

 

Օգոստոսի 15-18-ը թշնամին կրկին հարձակում ձեռնարկեց Բեդրան-Եղնուտ-Սիգի-Բինգյոլ-Ֆանմամիկ բնագծում, բայց այս անգամ եւս ծանր կորուստներով հետ մղվեց ելման դիրքեր։ 

 

Օգոստոսի 19-ին, հաղթահարելով թշնամու համառ դիմադրությունը, հայ-ռուսական ուժերը մոտեցան Մուշին։ Նույն օրն էլ նրանք, թեւային հարվածներով ծանր պարտության մատնելով օսմանյան բանակին, մտան քաղաք։ 

 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Երրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Չորրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Հինգերորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Արծրուն Հովհաննիսյան

 

Շարունակելի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին