«Վերդենի մսաղացը», Սոմմայի գործողությունը, «տանկերի տրիումֆը» - Mediamax.am

exclusive
29359 դիտում

«Վերդենի մսաղացը», Սոմմայի գործողությունը, «տանկերի տրիումֆը»


Արեւմտյան ճակատում
Արեւմտյան ճակատում

Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը: 

 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Արեւմտյան ճակատը շարունակում էր մնալ այս պատերազմի գլխավոր թատերաբեմը: Վերդենի մոտ գերմանական բանակը կրկին փորձեց իրականացնել մի վճռական հարձակում: Հարձակման հրետանային պատրաստությունը տեւեց 9 ժամ, ընդ որում՝ առաջին անգամ հակառակորդի հրետանին լռեցվում էր քիմիական զենքերով: Արդյունավետ էին ականանետները: Օդուժի վրա դրվեց երկաթուղային կայարանների ռմբակոծման պատասխանատվությունը: Օդուժն այդ ժամանակ բավականին աճել էր, կողմերն արդեն կիրառում էին հազարավոր ինքնաթիռներ ու դիրիժաբլներ: 

 

Չնայած այդ ահռելի կրակային ներգործությանը՝ գերմանացիներն առաջացան ընդամենը 5-6 կմ: Սա  չէր կարող  նշանակել որեւէ բնագծի ճեղքում: Մորտ-Օմմ ու 304 բարձունքների գրոհն ավարտվեց միայն մայիսին: Երեք ամիս տեւեց Վո բերդամասի պաշտպանությունը, ընդ որում՝ վերջին 5 օրում գերմանացիները բերդամասի վրա էին արձակում օրական ավելի քան 150.000 արկ: 

 

 

 

Դաժան ռմբակոծությունների գնով գերմանացիները հունիսի 24-ին գրավեցին Թիոմոն ու Ֆլերի բերդամասերը: Բոլորի հաշիվները խառնեց հզոր հարվածների դիմակայող Սովիլ բերդամասի հերոսական պաշտպանությունը: Գերմանացիների գրոհները սեպտեմբերին դադարեցվեցին, իսկ բրիտանա-ֆրանսիական զորքերը հակահարձակումով վերագրավեցին նախկինում կորցրած դիրքերը: Այս դաժան ճակատամարտը, որը կողմերից որևէ մեկին նշանակալի հաջողություն չտվեց, անգամ հաջորդ աշխարհամարտի մասշտաբների համար շատ արյունահեղ էր: Մոտավորապես 1 մլն սպանված կար (ֆրանսիական 95 դիվիզիայից՝ 65-ը, գերմանական 125-ից` 50-ը): Գերմանական դիվիզիաներն առաջին գծում մնում էին 1 ամիս, որից հետո հյուծված հանվում էին վերահամալրման, ֆրանսիական դիվիզիաները` 4-5-ից մինչեւ 10 օր: 

 

Եզրակացություն: Հարձակման խափանումով վերջ տրվեց գերմանացիների արագ հարձակողական ռազմավարությանը: Անտանտն օգտագործեց իր մեծ ներուժի խաղաքարտը, այսինքն՝ պատերազմը տեղափոխվեց հյուծման տիրույթ: Վերդենի գրավումով բացվում էր ճանապարհը դեպի Փարիզ, բայց հարվածը հասցվում էր անբավարար ուժերով, եւ արագացված գրոհը չհաջողվեց: Արագ հարձակումը վերջնական տեղի տվեց հյուծմանը: Կողմերն ուղղակի մարդկային ներուժով խեղդում էին բոլոր ճեղքումների փորձերը: Ռազմարվեստը կարծես մտել էր փակուղի, չէր կարողանում գտնել խոր էշելոնավորած պաշտպանությունը ճեղքելու բանալին: Ռազմական գործիչները փորձում էին նորանոր լուծումներ գտնել, նրանք հնարել էին  ամենաանհավանական լուծումները, սակայն անգամ գետնախոր անցումները չէին լուծում խնդիրը: Շուտով մարտի դաշտում պիտի հայտնվեին նոր մեքենաներ, որոնց հետ մեծ հույսեր կային կապված պաշտպանությունը ճեղքելու գործում: 

 

 

 

Գերմանացիները պայքարը տարան միջոցներն ու պահուստները հյուծելու ուղղությամբ, բայց իրենք հյուծվեցին, եւ փաստորեն, հարձակումը «մսաղացի» վերածվեց: Շատ նեղ էր հարձակման ճակատը` 15 կմ (ռազմական գործողության վերջում` 30 կմ), խորությունը` 10 կմ 10 ամսում: Նորություն էին գերմանացիների հրանետներն ու ֆրանսիացիների ձեռքի գնդացիրները, որոնք մեծ կրակային խտություն էին ապահովում: 

 

Սոմմայի ռազմական գործողությունը (1916թ. հուլիս-նոյեմբեր)

 

1916թ. ամռանն Անտանտի զորքերը փորձեցին իրականացնել վճռական հարձակում: Հարձակման ուղղությունը Սոմմա գետի հովիտն էր: Ճեղքման ճակատը 40 կմ էր: Յոթօրյա հրետանային պատրաստության ավերող թափն ավելի շատ հոգեբանական ազդեցություն ունեցավ: Դա հրետանու կիրառության աննախադեպ մակարդակ էր: Կիրառվեց հրետանային աջակցության նոր տեսակ` կրակապատնեշ (1 հուլիսի 1916թ.): Սարսափելի հրետանային հեղեղի տակ ընկած գերմանական զորքերի հրամանատարները որոշեցին նահանջել` հեշտացնելով առաջին գծի փոխարինումը հետեւում դիրքավորվածներով: 

 

 

 

Սեպտեմբերի 15-ի գրոհի ժամանակ բրիտանական բանակը կիրառեց տանկեր, որոնց շնորհիվ խորացան 2 կմ, բայց հաջողությունը տեղային էր եւ չհանգեցրեց օպերատիվ ճեղքման: Այդուհանդերձ ապշեցնում է հոգեբանական ազդեցությունը, որ ունեցան կատարելությունից հեռու եւ դանդաղաշարժ այդ մեքենաները գերմանացի զինվորների վրա: Տանկերից մեկը մտավ եւ անկորուստ գրավեց Ֆլեր գյուղը, մյուսը, խրամատի երկայնքով գերմանացիների կրակադիրքերը ճնշելով, վերցրեց 300 գերի: 

 

Ռազմական գործողության ընթացքում անգլիացիները խորացան ամենաշատը 12 կմ, իսկ զոհերն ավելի շատ էին, քան Վերդենի մոտ (1.3 մլն մարդ): Փաստացի 1916թ. ցույց տվեց, որ երկու կողմերն էլ, չնայած կիրառվող զորքերի ու կրակային միջոցների ահռելի քանակին, ի վիճակի չեն իրականացնել վճռական հարձակում եւ ճեղքում:  

 

Մարտական գործողությունները ցույց էին տալիս, թե որքան էր փոխվում ռազմական գործը, ինչ նոր երեւույթներ էին ի հայտ գալիս, որքան մեծ մասսաներ էին ներգրավվում մարտական գործողություննրում, ինչ ահռելի դերակատարություն էին ստանում հրետանին, գնդացիրները, խուսավարությունը, քողարկումը, ինչպես էր հետընթաց ապրում հեծելազորը եւ այլն: Հասունանում էր, բայց դեռ թերի էր համազորային մարտը, անգամ հրետանին ու հետեւակը հազվադեպ էին  համակարգված աշխատում միասին: 

 

Եզրակացություն: Հարձակումների հետեւանքով 1916թ. վերջին գերմանական բլոկն անցավ ռազմավարական պաշտպանության: Վերդենի մոտ դժվարին ու վճռորոշ շրջանում հարձակումը գերմանացիներին ստիպեց ֆրանսիական ճակատից հանել 11 դիվիզիա: Բայց ճեղքումը չվերաճեց ընդհանուր հարձակման: Նորություն էր մի քանի հարվածներով ամուր պաշտպանության ճեղքումը: Հակառակորդը նետվում էր մի կետից մյուսը` 4-6 տեղամասերում հիմնական հարված սպասելով: Գլխավոր հարվածների տեղամասերում ճեղքման խտությունը կազմում էր 3-6  գումարտակ կամ 3-5 հազար սվին/կմ, 15-20 թնդանոթ/կմ, 10-15 հազար արկ/կմ:

 

Իր դերը չխաղաց ռազմաճակատի 60.000-անոց հեծելազորը, որը խրամատավորված էր, իսկ ռազմահենադաշտ կահավորող ինժեներական ծառայությունը մեծ դեր խաղաց: 

 

Արդյունքները: 1916թ. կիրառվեց երեք տեսակի ռազմավարական հարձակողական ռազմական գործողություն.

 

հարված նեղ ճակատով («Վերդենի մսաղաց»), այս մարտավարական հնարքը հետագայում գերմանական դպրոցը լայնորեն կօգտագործի,

հարված լայն ճակատով (Սոմմայի ռազմական գործողություն),

մի քանի տեղամասում միաժամանակյա հարվածներ լայն ճակատով (Բրուսիլովյան ճեղքում): 

 

Սակայն դրանցից ոչ մեկն էլ մեծ հաջողությամբ չավարտվեց: Արդյունքում` գերմանական բլոկը սպառեց իր հարձակողական ներուժը եւ անցավ ռազմավարական պաշտպանության, իսկ Անտանտի դաշնակիցները դեռ որոշակի առավելություններ ունեին, սակայն դեռեւս մեծ հարձակումներ չէին կարող իրականացնել: Ստեղծվել էր անելանելի իրավիճակ, որից ելքը կգտնվեր միայն պատերազմում նոր պետության մասնակցությամբ: 

 

 

 

Պաշտպանության հիմքը սկսում է կազմվել երկու-երեք ամրությունների գծով. դա հնարավորություն էր տալիս «անմիջական» հարձակումները փոխարինել «խորքից» հակահարձակումներով: 

 

Հաստոցային գնդացիրները փոխարինվում էին ձեռքի թեթեւ գնդացիրներով (Լյուիսի, Մադսենի եւ այլ գնդացիրներ), որոնք անփոխարինելի էին հարձակողական մարտում: Մտցվեց գումարտակային հրետանի, որը հրամանատարներին մարտավարական իրավիճակի փոփոխությանն արագ արձագանքելու հնարավորություն էր տալիս: Կիրառվեց նաեւ հետեւակի կրակային աջակցության նոր տեսակ` շարժական արգելափակիչ կրակ: 

 

1917թ. Ավստրո-Հունգարիան Գերմանիայից գաղտնի բանակցություններ սկսեց Մեծ Բրիտանիայի հետ: 1917թ. ապրիլի 6-ին ԱՄՆ-ը պատերազմ հայտարարեց Գերմանիային: ԱՄՆ-ում համընդհանուր զինապարտության մասին (21-30 տարեկանների) օրենք ընդունվեց մայիսի 18-ին: Արդեն սեպտեմբերին ԱՄՆ ԶՈՒ-երը հասան 2.8 մլն-ի, իսկ պատերազմի վերջում` 4 մլն-ի, որից 2 մլն-ը` Եվրոպայում: Դա փրկեց հյուծված Եվրոպային: ԱՄՆ-ի մուտքը  ռազմական գործողությունների թատերաբեմ չափազանց կարեւոր էր, հատկապես այն բանից հետո, երբ Գերմանիային փաստացի հաջողվել էր խաղից հանել Ռուսաստանին եւ դրանով ստեղծել իր համար ավելի շահեկան վիճակ:  

 

 

 

1917թ. ռազմարվեստի զարգացման համար կարեւոր էին Միտավյան (1917թ. հունվար), ֆրանսիական ճակատի (Նիվելի ապրիլյան հարձակումը), Մեսինի (1917թ. հունիս), Իպրի (1917թ. հուլիս-նոյեմբեր), Մալմեզոնի (1917թ. հոկտեմբեր) ու Կամբրեի ռազմական գործողությունները (1917թ. նոյեմբեր-դեկտեմբեր): Վերջինս ռազմարվեստի պատմության մեջ ընդունված է անվանել «տանկերի տրի-ումֆ»:  Սա ցույց տրվեց, որ հարձակման ժամանակ հրետանու կրակից հետո հետեւակի գրոհը չի կարող հասնել հաջողության, եթե չլինեն տանկերի զրահային պաշտպանությունն ու կրակը: Սակայն պատերազմող պետություններն ընկան մեկ այլ ծայրահեղության մեջ. հրաժարվեցին հրետանային պատրաստությունից: Ի վերջո, ռազմական գործողության համազորային ներդաշնակությունը չստացվեց:

 

Եզրակացություն: ԱՀՊ-ի ընդհանուր ընթացքի վրա ռազմական գործողության ազդեցությունը փոքր էր, քանի որ համազորային մարտը ձեւավորվում էր, սակայն անավարտ էր: Գրոհը զարգացնելու հարցը լուծված չէր, հետեւաբար ընդհանուր պատկեր չկար: Ծնվեց հակատանկային պաշտպանությունը: 

 

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

 

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

 

Արծրուն Հովհաննիսյան

 

Շարունակելի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին