Ուլիցկայայի «ընտանեկան վեպը»՝ անցած սերնդին նվիրված հուշարձան - Mediamax.am

exclusive
2106 դիտում

Ուլիցկայայի «ընտանեկան վեպը»՝ անցած սերնդին նվիրված հուշարձան


Լյուդմիլա Ուլիցկայան Երեւանում 2018 թվականին
Լյուդմիլա Ուլիցկայան Երեւանում 2018 թվականին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լյուդմիլա Ուլիցկայան Երեւանում 2018 թվականին
Լյուդմիլա Ուլիցկայան Երեւանում 2018 թվականին

Լուսանկարը` Մեդիամաքս

Նկարազարդումը` Նաիրա Մուրադյանի
Նկարազարդումը` Նաիրա Մուրադյանի

Լուսանկարը` Մեդիամաքս


«Վերնատուն» հրատարակչությունը լույս է ընծայել Լյուդմիլա Ուլիցկայայի «Մեդեան եւ իր զավակները» վեպը (1996)։ Լյուդմիլա Ուլիցկայան «Ռուսական Բուքեր», «Մեծ գիրք» եւ միջազգային մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տասնյակ լեզուներով։

 

«Մեդեան եւ իր զավակները» վեպի մասին Մեդիամաքսը զրուցել է գրքի թարգմանիչ, հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանի հետ։

 

- Գլխավոր հերոսուհին՝ Մեդեա Սինոպլին, հունական աստվածուհի Մեդեայի հակապատկերն է: (Այլ առասպելներ ու զուգորդումներ էլ կան, մյուս հերոսների անուններն էլ, թվում է, պատահական չեն ընտրված)։ Ի՞նչ ժանրում է վեպը, որում միահյուսվում են առասպելաբանությունը, ժամանակակից կյանքն ու արդեն անցած սերնդի պատմությունը։

 

- Երբ մարդը գիրք է կարդում, եւ գիրքն իրեն դուր է գալիս եւ մի քանի էջից հետո կտրվում է իր իրականությունից, անգամ եթե նա գրականագետ է կամ գրականամերձ մեկը, նրան այդ պահին չի հետաքրքրում՝ ինչ ժանրի է ստեղծագործությունը։

 

Կարդալուց հետո, գուցե գրականագետները սկսեն ձեւակերպել ժանրի շուրջ իրենց պատկերացումները։ «Մեդեան եւ իր զավակները» պաշտոնապես՝ վեպ է։ Բայց իր վեպի մասին, հավանաբար, Լյուդմիլա Ուլիցկայան ավելի լավ կպատասխանի, քան ես, իսկ Ուլիցկայան ասում է, որ «Մեդեան» անցած սերնդին նվիրված հուշարձան է, սերունդ, որի ներկայացուցիչներն էին իր տատը, իր ավագ ընկերները, պատմություն է նրանց մասին, որովհետեւ իրենք իրենց կյանքով ու իրենց մահով՝ ոգեղենության, կամքի, հավատարմության, անկախության ու մարդկայնության նմուշներ էին։ Իրենք կարողանում էին իրենց շուրջը ամեն ինչ լավը դարձնել, ու այնպիսի տպավորություն էր առաջանում, թե կյանքը պատուհանից երեւացողը չէ, այլ այնպիսինն է, ինչպիսին մենք ենք ստեղծում։

 

- Ի՞նչ արձագանք է գտել վեպը 90-ականներին եւ ի՞նչ կարող է ասել հիմա, եթե հաշվի առնենք նաեւ քաղաքական նրբերանգները։

 

- Իննսունականներին Ուլիցկայան չուներ այն ճանաչումն, ինչ հիմա, բայց ուներ իր ընթերցողը։ Առաջին անգամ տպագրվել է « Новый Мир» ամսագրում։ «Մեդեան եւ իր զավակները» արժանացել է ֆրանսիական «Մեդիչի» գրական մրցանակի, որից հետո նույնպես միանշանակ չի եղել արձագանքը ռուսական մամուլում, գրել էին, որ Ռուսաստանում այդպիսի հեղինակի ոչ ոք չի ճանաչում։ Գրական ամսագրերին հետեւող մարդիկ, իհարկե, արդեն ճանաչում էին։

Նկարազարդումը` Նաիրա Մուրադյանի Նկարազարդումը` Նաիրա Մուրադյանի

Լուսանկարը` Մեդիամաքս

Չեմ կարծում, որ այս վեպը արժե դիտարկել այս կամ այն պատերազմի, քաղաքական իրադարձությունների կոնտեքստում, որովհետեւ հեղինակն ինքն է ասում, որ սա մարդկային վեհ հատկանիշների մասին է, ինչի շնորհիվ գոյատեւում է մարդկությունը։ Այն միշտ, բոլոր պատերազմների ու խաղաղությունների ժամանակ, մարդու վեհության ու արդարամտության մասին է։

 

- Մեդեան թեեւ զարմանում է՝ որ կանայք ամուսնալուծվում են կամ դավաճանում  ամուսիններին, բայց վեհանձնաբար ու ներողամտորեն է վերաբերվում անգամ իրեն դավաճանողներին։ Գուցե նաեւ ա՞յդ հատկանիշի շնորհիվ է նրան հաջողվում իր շուրջը հավաքել աշխարհով մեկ սփռված իր հարազատներին ու նրանց ժառանգներին։

 

- Մեդեայի դեպքում այստեղ հակասություն չկա, որովհետեւ նրա կերպարը հենց դրա համար է ստեղծված։ Ներելու, հասկանալու, օգնելու, չչարանալու, սիրելու, հեշտ լինելու մասին է, ինչն իրականում, շատ դժվար բան է թվում մարդկանց, մանավանդ կյանքի ոչ հարթ իրադարձությունների դեպքում, բայց, պարզվում է՝ հեշտ, դյուրին բան է, եթե ջանք չես գործադրում դա անելու համար, այլ ապրում ես ուղղակի ուզելով այդպես ապրել։ Առասպելական Մեդեային բացարձակ հակառակ կերպար։

Մեդեաների կերպարները մեր առօրյայում կան, ուղղակի մենք նրանց չենք նկատում, որովհետեւ իրենք ապահովում են ընդամենը մեծ, խառնիճաղանջ ընտանիքների «անկարեւոր», «երկրորդական» հարցերը, սպասարկում են կյանքը, բացարձակ չշեղվելով իրենց արժեքներից, մնալով ստվերում, թեեւ Մեդեան ստվերում չէր, երեւի որովհետեւ հույն էր։

 

- Նպատակ ունի՞ արդյոք հեղինակը ընդգծել կնոջ ուժն ու դերը։ Մեդեայի ամուսինը՝ Սամուիլը, նույնպես կարծես ուժ է ստանում կնոջից։

 

- Կնոջ ուժն ու դերը, ակնհայտորեն նպատակ է, կարծում եմ, դա նաեւ հեղինակի հարցազրույցներից երեւացող միտում է, որովհետեւ մեծացել է կանանց մեջ, եւ մեծարել է իր հարազատ ու մտերիմ կանանց։ Կնոջ ուժը վեպի սկզբից մինչեւ վերջ գնացող գիծ է ոչ միայն Մեդեայի կերպարի, այլեւ կանացի մյուս կերպարների միջոցով, մասնավորապես՝ իր ընկերուհու, թվում է՝ իր հակապատկեր, ազնվական ընտանիքում մեծացած հայուհի Ելենայի, որը վեպի վերջում նորից կանացի իմաստության, հավատարմության, վեհության ամենաառօրեական թվացող, բայց միայն թվացող հատկանիշների կրող է։

 

- Մեդեայի մահից հետո հայտնաբերվել էր կտակը, որով տունն անցնում էր բոլորին անծանոթ Ռավիլ Յուսուպովին։ Սա հիասթափեցնում է Մեդեայի հարազատներին, բայց նրանք շարունակում են Ավան գալ... Դա Մեդեայի վեհանձնության ու արդարամտության գիտակցո՞ւմն է։

 

- Տունը Թաթար Ռամիլին ժառանգելու որոշումը Մեդեայի արդարամտության գագաթնակետն էր։ Զոհաբերություն չէր, այլ առօրեական վեհության տրամաբանական շարունակությունն ու կյանքի ամփոփումը։

 

- Ալեքսանդրան, ի տարբերություն քրոջ, ապրում էր «քմահաճության օրենքով»։ Նույնը կարելի է ասել Նիկայի մասին։ Նրանք նույնպես համակրելի կերպարներ են։ Սա հեղինակի դիրքորոշո՞ւմն է՝ գնահատել ավանդականը, միաժամանակ, չպախարակելով «թեթեւ» ապրելակերպը, եթե ավելի ընդհանրացնենք՝ ժամանակակից կյանքում ընդունված հարաբերություններն ու ապրելաձեւը։

 

- Մեդեայի հանդուրժողականության եւ առօրեական իմաստության դրսեւորումը իր՝ բոլորովին այլ կենսակերպով, վարքով ապրող զարմուհիների, քրոջ, զարմիկների հանդեպ մեծ սերն է։ Նա նույնիսկ դիտողություններն այնքան հարեւանցիորեն է անում, որ կարող է թվալ՝ օտարի, իրավունք չունեցողի դիտողություններ են, որովհետեւ այդ բազմաթիվ զարմուհիներն ու զարմիկներն, ի վերջո, իր հարազատ զավակները չեն։ Բայց չհարազատության հարց չէ, այլ առհասարակ, հզոր անհատականության, այլ մարդու կյանքի տարածք մտնելու բարձր զգուշավորություն, որ, սովորաբար ունենում են ուժեղ, կայացած անհատները։ Մեդեան, ամբողջ վեպի ընթացքում լինելով գլխավոր կերպար, դիտորդ է՝ կյանքի դիտորդ։ Որբությանը, ահավոր ողբերգություններին՝ մահերին, սպանություններին, աքսորներին, տեղահանություններին, ինքնասպանություններին եւ այլ՝ ավելի մանր անախորժություններին դիմանալու գաղտնիքը անընդհատ վեհության, արդարամտության արդյունքում ստեղծված դիտորդի կեցվածքն է, ինչը չի նշանակում երբեք անտարբերություն, այլ, հակառակը՝ մեծ սխալները մարդկային հունի բերելու ոչ ցցուն, աննկատ միջամտություններն է նաեւ ապահովում այդ նույն իմաստուն դիտորդի կեցվածքը։

 

- Գրքի վերջում տոհմածառ է գծված։ Ի դեպ, կարդալիս կերպարներին հիշելու, իրար հաջորդող պատմությունները չշփոթելու համար երբեմն ստիպված ես հետ գնալ, վերընթերցել։ Թարգմանելիս ի՞նչ բարդություններ են առաջացել։

 

- Խրթին տոհմածառը, Ուլիցկայայի առաջին՝ կենսաբանի մասնագիտությամբ պայմանավորված տերմիններն ու տասնյակ բուսանունները որեւէ բարդություն չեն առաջացրել: Ոչ այն պատճառով, որ ես անկրկնելի թարգմանիչ եմ, այլ որովհետեւ ես սիրել եմ այս գիրքը։ Կարդացել եմ Ուլիցկայայի բոլոր ստեղծագործությունները, երեւի, դեռ տարիներ առաջ, երբ դրանք թարգմանելու որեւէ միտք եւ առաջարկ չի եղել։ Գիտեմ նրա մասին գրական շրջանակների բոլոր հակառակ կարծիքները, բայց Ուլիցկայան առողջ տեքստ ունի, շատ առողջ, շատ ամուր եւ բոլորովին անհրաժեշտություն չի զգացվում նոր աճպարարության, նոր կառուցվածքի, նոր այլաբանության, նոր բարդության, քանի որ տեքստը առողջ է, իսկ առողջն ամեն բան կարող է անել, ինչն էլ անում է ընթերցողի հետ այս՝ առողջ ու գրական աճպարարությունից հեռու տեքստը։

 

- Ունե՞ք սիրած կերպար։ Ի՞նչ տվեց Ձեզ գիրքը։

 

- Իմ սիրած կերպարը Մեդեան եւ իր Սամուիլ ամուսինն են, մի՝ ակամա չարիք գործած ու հոգին ախտահարած երկչոտ տղամարդ, որին Մեդեան մեր եւ իր աչքում, էջերի ընթացքում շատ համոզիչ դարձնում է ուժեղ, ահավոր ուժեղ մարդ։ Զարմանալի ոսկերչական, հետեւողական, մանրադիտակային աշխատանքով է համոզում։

Լյուդմիլա Ուլիցկայան Երեւանում 2018 թվականին Լյուդմիլա Ուլիցկայան Երեւանում 2018 թվականին

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի՞նչ տվեց ինձ գիրքը։ Վաղուց էր տվել։ Իննսունականներին, երբ նոր էր տպագրվել, ավագ ընկերներիցս մեկն էր բերել։ Կարդացի, ուրախացա, որ այդպես հնարավոր է ապրել, սիրեցի շատ Մեդեային, իր տունը։ Այնքան պատկերավոր էի «տեսել» Մեդեայի տունը, որ մի անգամ, Ղրիմի մասին պատմող մի ռուսական գեղարվեստական ֆիլմ նայելիս, համոզված ասացի, որ սա «Մեդեայի» էրկրանավորումն է, որովհետեւ իր տունն է, լրիվ իր տունն է։ Բայց ուրիշ գործ էր, «Մեդեայի» հետ կապ չուներ։ Մայրս մտերիմ ավագ ընկերուհի ուներ՝ ռումինահայ Փիրուզը, որը մի տասնհինգ տարով իրենից մեծ էր, շատ նման էր Մեդեային՝ արտաքինով, բնավորությամբ, կենսագրությամբ, որբությամբ, կամքով։ Երբ ձյուն էր գալիս ուժեղ, Փիրուզն իջնում էր, Մարքս-Զաքյան անկյունի իրենց մայթի բոլոր ծառերը թափ էր տալիս, որ ծառերը չվնասվեն ծանրությունից։ Երբ «Համալիրը» վառվում էր՝ գնացել էր հանգցնելու։ Վաղուց չկա Փիրուզը։ Ինքը լրիվ Մեդեա էր, եւ ես ու ինքը իրար շատ էինք սիրում։ Թարգմանելիս անընդհատ Փիրուզը հեռակա-ներկա էր ու գլխիս մեջ անընդհատ «Մեդեա, իսկ ես քեզ ճանաչել եմ» միտքը կար։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին