Վիշտը, մաքառումը, ներսի թշնամին ու «Հազար չքնաղ արեւները» - Mediamax.am

exclusive
3111 դիտում

Վիշտը, մաքառումը, ներսի թշնամին ու «Հազար չքնաղ արեւները»


Լուսանկարը` Jay Gao

Մարիա Սադոյանը
Մարիա Սադոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Մայրամուտը Քաբուլում
Մայրամուտը Քաբուլում

Լուսանկարը` NAMA/ Najeeb Farzad

Երեխաները վոլեյբել են խաղում Քաբուլում
Երեխաները վոլեյբել են խաղում Քաբուլում

Լուսանկարը` Ասիական զարգացման բանկ

Լուսանկարը` Զանգակ


«Զանգակ» հրատարակչությունը ներկայացնում է աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնիի  «Հազար չքնաղ արեւներ» (A Thousand Splendid Suns) վեպը։ Անգլերենից թարգմանել է Մարիա Սադոյանը։

 

«Գրքի վերջում ձեզ կմնա ոչ միայն արցունքներ, այլ ներսից վառվող կրակ»,- գրել է The Guardian-ը։ Հոսեյնիին միջազգային ճանաչում է բերել 2003-ին լույս ընծայած «Օդապարուկ թռցնողը» վեպը։ Աֆղանստանի կանանց նվիրված  «Հազար չքնաղ արեւներ»-ը նրա երկրորդ վեպն է։ Վաճառվել է շուրջ մեկ միլիոն օրինակով, 15 շաբաթ գլխավորել  է «Նյու Յորք Թայմսի» բեսթսելերների ցուցակը։

 

Մեդիամաքսը զրուցել է Մարիա Սադոյանի հետ։

 

- Սա ողբերգակա՞ն, թե՞ հերոսական պատմություն է, բռնությունը հանդուրժո՞ղ, թե՞ ըմբոստացող կանանց մասին է, տվյալ դեպքում՝ Մարիամի եւ Լեյլայի։

 

- Անկասկած չեմ սխալվի, եթե ասեմ, որ վեպը եւ՛ հերոսական է, եւ՛ ողբերգական: Կարելի է ասել, որ սա հերոսական կերպարներով ողբերգական պատմություն է, որը վեպի արժանի չէր լինի, եթե գործ ունենայինք բռնությունը հանդուրժող մարդկանց հետ: Մարիամն ու Լեյլան՝ ամեն մեկը յուրովի ըմբոստանում են դառը իրականության դեմ, փորձում են կոտրել իրենց վանդակի ճաղերը: Եվ հասարակությունը, ինչպես ընդունված է, դաժանորեն պատժում է նրանց այդ արարքի համար:

 

- «Ամերիկան էլ թքած ունի։ Ի՞նչ պետքներն է, որ փաշթունները, խազարները, տաջիկներն ու ուզբեկները սպանում են իրար։ Քանի՞ ամերիկացի կա, որ կարող է մեկին մյուսից տարբերել»։ Հոսեյնիի գրքերը անտարբեր աշխարհի ընթերցողին գրավում են, հուզում, հարազատանում։ Սա գեղարվեստի, գրականության ո՞ւժն է։

 

- Հոսեյնին հայտնի դարձավ ոչ միայն եւ ոչ այնքան իր ստեղծագործությունների գեղագիտական որակներով, որքան աշխարհին Աֆղանստանի մասին պատմելով: Նա ընթերցողին ներկայացրեց հասարակ աֆղանցու վիշտն ու մաքառումը, եւ Աֆղանստանը պատերազմական լուրերից դարձավ իրական վայր, որտեղ ապրում են մեր նման մարդիկ, որոնք սիրում են, ատում են եւ ապագայի ծրագրեր կազմում:

Լուսանկարը` Զանգակ

Ձեր մեջբերումը, կարծում եմ, չափազանց համահունչ է մեր՝ հայերիս հոգեվիճակին Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Արդյո՞ք աշխարհը գիտի մեր փոքրիկ հողակտորի պատմությունը, արդյո՞ք հասկանում է մեր ցավը: Գուցե մի օր Արցախի մասին մեր պատմությունը նույնպես լսելի լինի աշխարհին գրականության, արվեստի միջոցով:

 

- Ի՞նչ նշանակություն ունեն Հոսեյնիի գրքերը աֆղանների համար։

 

- Աֆղանստանը ավանդական երկիր է, բայց այն առանց պաճուճանքի նկարագրող Հոսեյնին հակասական էմոցիաներ է առաջացնում աֆղանցիների մոտ: Ոմանք փնովում են նրան՝ Աֆղանստանը բացասական, մուգ գույներով պատկերելու համար: Ոմանք էլ համարում են, որ աֆղանցի Հոսեյնին, որն ապրում է ԱՄՆ-ում, տեսնում է երկիրը ամերիկացու աչքերով:

 

Անշուշտ, իր վեպերը Հոսեյնին գրել է հիմնվելով անգլո-ամերիկյան գրականական ժառանգության վրա: Բայց ինձ թվում է, որ նա կարողացել է վեպին հաղորդել նաեւ արեւելյան նրբերանգներ: Նրա սերը Աֆղանստանի նկատմամբ ակնհայտ է իր բոլոր վեպերում, իսկ հայացքը «հեռվից» թույլ է տվել նկարագրել իր հայրենիքն այնպես, որ այն հասկանալի եւ հարազատ լինի յուրաքանչյուր ընթերցողին՝ ԱՄՆ-ում, թե Հայաստանում:

 

- Բաբին դստերը՝ Լեյլային ասում է. «Միակ թշնամին, ում աֆղանցին չի կարող հաղթել, հենց ինքն է»։ Երկիրը պարտվում կամ հաղթում է ներսի թշնամուն՝ անկախ մեծ ու փոքր տերությունների նկրտումներից։ Խոսքը սրա՞ մասին է։

 

- Այո: Խոսքը տասնամյակներով պառակտված, ներքին էթնիկ եւ քաղաքական հակամարտություններով թուլացած, բզկտված երկրի մասին է: Այս թեման թերեւս նույնպես հոգեհարազատ է հայերին:

Մայրամուտը Քաբուլում Մայրամուտը Քաբուլում

Լուսանկարը` NAMA/ Najeeb Farzad

Քաղաքականության մեջ չխորանալու համար ասեմ միայն, որ մինչ օրս էլ Աֆղանստանը չունի այն ղեկավարությունը, որը կմիավորեր ազգը, տեսլական կունենար խաղաղ, համերաշխ երկիր կառուցելու համար: Աֆղանստանը մնում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը, որտեղ կյանքի միջին տեւողությունը ընդամենը 44 տարի է:

 

- «Ինչպես կողմնացույցի սլաքը միշտ հյուսիսն է ցույց տալիս, այնպես էլ տղամարդու մեղադրող մատը միշտ կնոջն է գտնում»։ Մարիամը մոր այս խոսքերը հիշելու, իր կաշվի վրա զգալու առիթներ շատ է ունենում։ Սրան զուգահեռ՝ տեսնում ենք հասարակական կարծիքի դեմ անզոր գտնված Ջալիլի զղջումը, կնոջը, ընտանիքին անսահամանորեն նվիրված Բաբիին, Թարիքին։ Այնուամենայնիվ, աֆղանական հասարակության մեջ գերական բռնակալ Ռաշիդի՞ կերպարն է։

 

- Աֆղանստանում կնոջ կարգավիճակի մասին խոսելիս ակամայից հիշում եմ 1980-ականների լուսանկարները, որտեղ եվրոպական ոճի կիսաշրջազգեստներով աղջիկ-ուսանողները շտապում են համալսարան: Այդ ժամանակահատվածում, երբ իշխանությունը կոմունիստների ձեռքում էր, ծնվել է գրքի հերոսուհիներից Լեյլան: Թալիբանը իշխանության գալով՝ կտրուկ սահմանափակեց կանանց ամենատարրական իրավունքները՝ տեղաշարժվելու, ուսման, աշխատանքի: Ցնցող փաստ. աֆղանցի կանանց գրեթե 70 տոկոսը մինչ օրս տառաճանաչ չէ:

 

Այդպիսի իրավիճակում հայտնված կինը ինքնաբերաբար դառնում է տղամարդուց կախյալ: Այսպիսով՝ զարմանալի չէ Ռաշիդի պես ամուսինների գոյությունը, որոնք  արդար են համարում իգական սեռի նսեմացված կարգավիճակը, աղջկա ծնունդը համարում են անցանկալի իրադարձություն, կնոջ հանդեպ բռնությունը՝ բնական երեւույթ:

 

Բայց, ինչպես ասվում է վեպում, ոչ մի երկիր բարգավաճելու ապագա չունի, եթե կանայք անկիրթ են եւ կեղեքված: Այժմ աֆղանցի կանանց իրավիճակը բարելավվել է, նրանք սահմանադրական իրավունք են ստացել մասնակցելու հասարակական եւ քաղաքական կյանքին: Անփոփոխ է միայն Թալիբանի վերահսկողության տակ գտնվող տարածքների կանանց կարգավիճակը:

 

- Մարիամի այն գիտակցումը, որ ինքը սիրված է, պահանջված, կարեւոր, կարծես կոտրում է կարծրատիպը, որ հարամին այս աշխարհում երջանիկ լինելու իրավունք չունի։ Թվում է՝ աֆղանական իրականությանը վերաբերող, բայց իրականում համընդհանո՞ւր խնդրի է անդրադառնում Հոսեյնին։ Ի վերջո, առաջադեմ աշխարհում էլ հաճախ վերապահումով է ընդունվում հարամի ասվածը։

 

- «Հարամ» բառը նշանակում է «մեղք»: Հարամի՝ արտամուսնական կապից ծնված լինելը դառնում է Մարիամի ապագա կյանքի անեծք, չնայած դա նրա մեղքը չէ, այլ իր ծնողների: Հայրիշխանական ավանդական Աֆղանստանում սա, անշուշտ, ավելի մեծ խնդիր է, քան, օրինակ, Եվրոպայում: Բայց ամենամեծ պատասխանատվությունը աղջկա ապագայում խաղացել է հայրը. եթե նա Մարիամին որպես իր դուստր ներկայացներ հասարակությանը, ոչ ոք չէր համարձակվի նսեմացնել աղջկան: Ցավալին Մարիամի համար ոչ թե հասարակության կողմից մերժված լինելն է, այլ հոր: Մարիամի մայրը, ավաղ, նույնպես խորացնում է աղջկա մոտ «հարամի» լինելու բարդույթը, սեփական ցավի ծանր բեռը փոխանցում է Մարիամին:

 

- Լեյլան վերադառնում է հայրենիք՝ տուն։ «Լեյլան առաջ է շարժվում։ Քանի որ, ի վերջո, նա գիտի, դա միակ բանն է, ինչ կարող է անել։ Դա եւ հույսը»։ Այստե՞ղ է գուցե հաջողության բանալին․ առաջ շարժվել՝ հույսը չկորցնելով։

 

- Լեյլան վերադառնում է Քաբուլ, որովհետեւ համարում է, որ իր ծնողների, Մարիամի հիշողությունը վառ պահելու, նրանց գործը շարունակելու համար նա պետք է ապրի իր հայրենիքում: Նա իր պարտքն է համարում կրթել Աֆղանստանի նոր սերունդը, իր լուման ներդնել երկրի ապագայում: Ես համոզված եմ, որ Հոսեյնին հենց Լեյլայի պես կրթված եւ նվիրյալ կանանց ձեռքում է տեսնում Աֆղանստանի ապագան:

 

- «Օդապարուկ թռցնողը» վեպում ինքնակենսագրական տարրեր կային։ Ի՞նչ աղերսներ ունի «Հազար չքնաղ արեւները» իրականության հետ։

 

- «Օդապարուկի» գրաքննական հոդվածներում Հոսեյնիին մեղադրել էին, որ կանանց կերպարները վեպում չափազանց թույլ են: Դա այդպես է, եւ Հոսեյնին որոշեց ուղղել այդ սխալը: Վեպը գրելիս նա բազում զրույցներ է ունեցել աֆղանցի կանանց հետ, լսել նրանց ողբերգական պատմությունները:

Երեխաները վոլեյբել են խաղում Քաբուլում Երեխաները վոլեյբել են խաղում Քաբուլում

Լուսանկարը` Ասիական զարգացման բանկ

Եվ չնայած վեպը մեկ կոնկրետ ընտանիքի պատմության հիման վրա չէ գրված, դրանում նկարագրված քաղաքական եղելություններն իրական են եւ ներառում են Աֆղանստանի 1960–ից 2005 թվականների պատմությունը:

 

- Վերնագրի մասին ի՞նչ կասեք։ Հազար չքնաղ արեւները տանը փակված, բռնության, խտրականության ենթարկվող կանա՞յք են։

 

- «Հազար չքնաղ արեւներ» բառակապակցությունը Սաիբ-էլ-Թաբրիզիի՝ 17-րդ դարի պարսիկ պոետի բանաստեղծությունից է Քաբուլի մասին.

 

«Անթիվ են նրա տանիքներին փայլող լուսինները,

Անթիվ են պատերի հետեւում ծպտված հազար չքնաղ արեւները»:

 

Այս երկտողն ասես հեգնանք է հնչում այս վեպում, որտեղ նկարագրված են Քաբուլի ավերածությունները, դրա մշտական ռմբակոծությունները: Եվ ստացվում է, որ պատերի ներսում ծպտված արեւները այն մարդիկ են, որոնք պահում են Քաբուլի վերածննդի լույսն ու հավատը:

 

- Հոսեյնին նշել է, որ «Հազար չքնաղ արեւներ» վեպն ավելի բարդ էր գրելը, քան իր «Օդապարուկ թռցնողը», քանի որ ոչ ոք առաջին վեպին չէր սպասում։ 2013-ին հրատարակվում է նաեւ «Եվ արձագանքեցին լեռները» վեպը։ Կարո՞ղ ենք ասել, որ այս երեք վեպերը հավասարապես պահանջված են, նաեւ լրացնում են մեկը մյուսին։

 

- Առաջին վեպի՝ «Օդապարուկի» համաշխարհային հաջողությունը անակնկալ էր Հոսեյնիի համար. նա գրել էր վեպը «քանի որ չէր կարող չգրել»: Ընթերցողի վրա անմիջական ազդեցության առումով Հոսեյնիի այս վեպը, իմ կարծիքով, անգերազանցելի է:

Մարիա Սադոյանը Մարիա Սադոյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Եթե «Օդապարուկը» ինչ-որ չափով հոր եւ որդու հարաբերությունների պատմություն է, երկրորդ վեպը՝ «Հազար չքնաղ արեւներ»-ը մոր եւ աղջկա պատմություն է: Ոճապես այն ավելի հասուն գրողի գործ է, շարադրանքն ավելի հետաքրքիր է, զուգահեռ պատմությունների միահյուսումը՝ ավելի նրբաճաշակ: «Եվ արձագանքեցին լեռները» վեպի ոճը կտրուկ տարբերվում է նախորդ երկուսից. այն ասես կարճ պատմությունների ժողովածու է, որոնցից յուրաքանչյուրը գրված է հերոսներից մեկի տեսանկյունից: Աֆղանստանի պատմական իրողությունները այս վեպում ասես հետին պլան են անցնում, առաջ են գալիս քրոջ և եղբոր հարաբերությունների պատմությունը:

 

Երեք վեպերն էլ Աֆղանստանի մասին են, երեքն էլ պահանջված եւ սիրված: Դրանց միավորողը նաեւ մեղքի զգացողության, ինքնազոհության եւ ամենափրկիչ սիրո թեմաներն են:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին