Վրեժ Իսրայելյանը, մուսան եւ անդունդը - Mediamax.am

exclusive
4776 դիտում

Վրեժ Իսրայելյանը, մուսան եւ անդունդը


Վրեժ Իսրայելանը ձախից առաջինն է
Վրեժ Իսրայելանը ձախից առաջինն է

Լուսանկարը` Արմեն Ճենտերեճյան

Վրեժ Իսրայելյանը
Վրեժ Իսրայելյանը

Լուսանկարը` «Գրանիշ»

Վրեժ Իսրայելյանը
Վրեժ Իսրայելյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից


«Անտարես» հրատարակչությունը «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս է ընծայել Վրեժ Իսրայելյանի «Ես, մուսան եւ անդունդը» պատմվածքների ընտրանին։ «Մեդիամաքս»-ի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ ժողովածուն կազմել է գրողի որդին՝ արձակագիր Մհեր Իսրայելյանը: Ընտրվել են Վրեժ Իսրայելյանի լավագույն պատմվածքները, ինչպես նաեւ իր կենդանության օրոք տպագրված վերջին՝ «Տոնապետ» գրքից հետո մամուլում լույս տեսած բոլոր պատմվածքները:

 

- Ընտրանին ի՞նչ սկզբունքով է կազմվել: Գիտեի՞ք, թե գրողն իր որ գործերն էր առանձնացնում:

 

- Ես շատ կարճ եմ շփվել Վրեժի հետ, բայց այդ ընթացքում հասցրել եմ իր մոտեցումը սեփական ստեղծագործությունների հանդեպ հասկանալ: Դա հաշվի առել ենք: Բացի այդ, Մհերը շատ լավ գիտի այդ, այսպես ասեմ, ներխոհանոցային գաղտնիքները եւ շատ լավ ընտրություն է կատարել: Ինչ-որ տեղ վստահ եմ, որ Վրեժն էլ հենց այսպիսի ընտրություն կկատարեր:

 

- Ինչո՞ւ «Ես, մուսան եւ անդունդը»: Գրքի վերնագրի ընտրությունն ինչո՞վ է պայմանավորված: Համանուն պատմվածքում անդունդի, մուսայի, «ճոճքի մեջ պատմվածք հյուսելու» մասին ակնարկները գուցե լավագույնս բնորոշում են գրողի վերջին շրջանի տրամադրություննե՞րը: Հումորով գրված այդ գործում տագնապներ նկատելի՞ են:

 

- Վերնագիրը շատ դժվար ենք ընտրել: Ի վերջո, կանգ առանք այդ տարբերակի վրա՝ նաեւ ձեր նշած գործոնները հաշվի առնելով: Թեպետ, կարծում եմ, Վրեժի վերջին շրջանի տրամադրությունների հետ այդ պատմվածքի համընկնումները ինչ-որ առումով պատահական են: Իրականում ես խնդրել էի, որ ինքը պատմվածք գրի «Գրանիշ»-ի նոր համարի համար: Վրեժը սկզբում մերժեց, թե՝ էս վերջերս չեմ կարողանում գրել: Հետո մի օր անակնկալ ուղարկեց «Ես, մուսան եւ անդունդը» պատմվածքը, որտեղ պատմում էր այն մասին, թե ինչպես է փորձում պատմվածք գրել «Գրանիշ»-ի համար:

 

- Կա՞ տարբերություն՝ գրողի գործերը կարդում ես նրա կենդանությա՞ն օրոք, թե՞ մահվանից հետո: Մի տեսակ ուրիշ խորհուրդներ, ենթատեքստեր են բացահայտվում:

 

- Անպայման կա տարբերություն, մանավանդ եթե իրեն ճանաչել ես անձամբ: Գրականությունն օգնում է գրողի հետ զրույցը շարունակել նաեւ հետմահու եւ ինչ-որ առումով լրացնում է նրա բացակայությունը:

 

- Կարելի՞ է ասել, որ  զուտ ազգային խնդիր էր վերհանում Վրեժ Իսրայելյանն իր գործերում: Ասում էր՝ իմ մեղքը չէ, որ Տոնապետն ու Սանչո Պանսան նույն լեզվով դժվար թե երբեւէ խոսեն, ու նկատում, որ աշխարհի քաղաքացի դառնալուն միտված մեր ջանքերն իզուր անցան:

 

-Իհարկե, ազգային խնդիրները, հայ-թուրք հարաբերություններն ու դրանց հոգեբանական կողմերի հմուտ պեղումները, այդ հարաբերություններով պայմանավորված բարդույթները կարեւոր տեղ ունեն Վրեժ Իսրայելյանի արձակում, սակայն դա ձեւակերպել զուտ ազգային խնդիր, անարդար կլիներ: Իհարկե, որոշ հարցերում, հատկապես աշխարհաքաղաքացի դառնալու առումով, որոշակի, չասեմ՝ հուսահատություն, բայց ինչ-որ անհավատություն նկատվում է, եւ դա պայմանավորված է առավելապես գրողի աշխարհայացքով, որ ազգային լինելով՝ որոշակի պահպանողականությամբ է օժտված: Մյուս կողմից՝ դա մեր ժողովրդի բացառիկության շեշտադրումն է նաեւ:

 

- Ինչպե՞ս կբնութագրեք Վրեժ Իսրայելյանի Տոնապետին:

 

- Տեսակ, որ մեզ շատ է պակասում: Տեսակ, որի բնորոշ հատկանիշները կօգնեին լուծել մեր շատուշատ խնդիրներ ու հաղթահարել մեզ բնորոշ բարդույթներ, որոնք Վրեժի պատմվածքներում արտացոլված են:

Վրեժ Իսրայելյանը Վրեժ Իսրայելյանը

Լուսանկարը` «Գրանիշ»

- Նա կարող է ներկայացնել հայ եւ ադրբեջանցի մայրերի «արդարացված» հաշտությունը, միաժամանակ «դատապարտել» թուրքի ձեռքից հայ զինվորի կյանքի գնով փրկված աղջկան, ով գերությունից  ազատվելուց հետո ծնողների հետ մեկնում է արտասահման ու ամուսնանում թուրքի հետ: «Հայ-թուրքական հինավուրց խաղի» մեջ հայի մեղքի բաժինը կա՞:

 

- Չեմ կարծում: Մարդու բնույթն է այդպես երեւի: Բայց երբ ընդհանրապես մարդուն բնորոշ հատկանիշը, արարքը, բնույթը դրվում է հայ-թուրքական հարաբերությունների, կամ Վրեժի արտահայտությամբ՝ հայ-թուրքական խաղի համատեքստում, վերարժեւորվում է, այլ իմաստ ստանում, այլ խորքեր ձեռք բերում: Ընդհանրապես, Վրեժի արձակի էությունն է սա. քննել, պատկերել մարդուն, մարդկային հատկություններն ու հոգեբանություններն ընդհանրության մեջ, ապա մեկ-երկու բառով, հիշատակումով, կապված թուրքի հետ, միանգամից տեղայնացնել:

 

- Նրա պատմվածքները նաեւ ընթերցողի հետ զրույցների են նման: Ի՞նչ կարող են ասել դրանք այսօրվա ընթերցողին:

 

- Շատ բան: Վրեժը կյանքում լավ զրուցակից էր, գրականության մեջ էլ՝ որպես պատմող, շատ ինքնատիպ է, խոսքն այնպիսին է, որ անմիջապես իր տարերքի մեջ է առնում: Չեմ ասի՝ կդաստիարակեն, կներարկեն ինչ-որ արժեքներ: Չէ: Կօգնեն կյանքում ու շատ կօգնեն, հատկապես նրանց, ովքեր կմտնեն այդ զրույցի մեջ:

 

- «Տոնապետ» գրքի առաջաբանում հեղինակն ասում է. «Այս պատմվածքների մեջ ապրում է մարդու այն տեսակը, որի անունը Վրեժ Իսրայելյան է»: Այդքան նույնանո՞ւմ են գրողն ու իր գործերը: Կամ գուցե չի՞ ուզում, որ իրեն փնտրեն  իր ստեղծած աշխարհից այն կողմ:

 

- Չգիտեմ, գուցե իրեն շատ լավ ճանաչողներն անգամ այդքան չնույնացնեն: Ես կարծում եմ՝ աշխարհին իր չբացածը, չներկայացրածը, չարածը՝ Վրեժն իր պատմվածքներում է բացել, ներկայացրել, արել: Ու դրանցում երեւի ինքն ավելի ստույգ է, իր տեսակն ավելի տեսանելի: Դե, ինքն է ասում, ու ես հավատում եմ: Մյուս կողմից՝ ի՞նչ կա ավելի հրաշալի, քան գրողին իր ստեղծած աշխարհում հարաբերվես, շփվես ու սիրես կամ չէ: Ի՞նչ կարիք կա մարդուն փնտրել իր ստեղծած աշխարհից դուրս:

Վրեժ Իսրայելյանը Վրեժ Իսրայելյանը

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

- Պետական աշխատանքը որեւէ կերպ չի՞ խոչընդոտել նրա գրական աշխատանքին, ստեղծագործական ազատությանը: Գուցե հակառա՞կն  է, մեկը մյուսին լրացրե՞լ են:

 

- Վրեժ Իսրայելյանին ոչինչ չէր կարող խանգարել կամ կաշկանդել: Առավել եւս՝ ստեղծագործական ազատությանը: Գուցե այդ աշխատանքը խանգարեց, որ Վրեժը ավելի շատ գրի կամ մեծակտավ գործեր գրի, բայց մյուս կողմից՝ այդ գերզբաղվածությունն էր պատճառը, կարծում եմ, որ նրա գիրը շատ թանձր է, խիտ ու խորքային:

 

- Տխրությունը, ցավը շա՞տ է այս գործերում, այնքան, որ իր իսկ բնորոշմամբ  չի թողնում «ցավի տեղ` ցավի համար»:

 

- Շատ-շատ է, տեղ-տեղ էլ՝ հուսահատեցնող: Բայց նաեւ սթափեցնող է:

 

- «Ո՞րն է ուժը՝ այն, որ գործադրվո՞ւմ է, թե՞ այն, որ զսպվում է»… Կյանքից նրա հեռանալու կերպը զսպվա՞ծ, թե՞ գործադրված ուժն է:

 

- Այս դեպքում կդժվարանամ այդ տարբերակներից որեւէ մեկն ընտրել: Կյանքից հեռանալու նրա կերպը երեւի թե Վրեժի ուժն է: Իրեն շատ բնորոշ էր:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին