Համարձակ օդաչու, կինոմագնատ, մոլի խաղացող` բիզնեսի հայ հանճարը - Mediamax.am

exclusive
5469 դիտում

Համարձակ օդաչու, կինոմագնատ, մոլի խաղացող` բիզնեսի հայ հանճարը


Քըրք Քըրքորյանը
Քըրք Քըրքորյանը

Լուսանկարը` Forbes

Քըրք Քըրքորյանը 1968 թվականին
Քըրք Քըրքորյանը 1968 թվականին

Լուսանկարը` Don English/Las Vegas News Bureau

Քըրք Քըրքորյանը 1969 թվականին
Քըրք Քըրքորյանը 1969 թվականին

Լուսանկարը` Los Angeles Times/Associated Press


Արդեն տեղեկացրել ենք, որ 2018թ. հուլիսի 20-ին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս կընծայի «Խաղացողը. Թե ինչպես անփող, անուսում Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» գրքի հայերեն թարգմանությունը եւ մի քանի հատված ենք ներկայացրել գրքից:

 

Գրքի թարգմանիչներն են Ալինա Միրզոյանը եւ Աննա Միրզոյանը:

 

«Էդիթ Պրինտե հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը նշում է, որ ձեռք են բերել նաեւ գիրքը ռուսերեն թարգմանելու, հրատարակելու բացառիկ իրավունքը: Նրա բնորոշմամբ՝«Խաղացողը» փաստագրական, գեղարվեստական, նաեւ բիզնես գրականության հրաշալի համադրություն է: «Կարծում եմ՝ պարտադիր ընթերցանության շարքից է հատկապես մեր ընթերցողի համար: Այս գրքում ի հայտ են գալիս բազում փաստեր, դրվագներ, որոնք մինչ այդ հայտնի չէին որեւէ մեկի եւ որոնց մասին արժե իմանալ»:

 

Գրքի ստեղծման պատմության, Ռեմփելի պրպտումների,  ընթերցողի համար անհայտ կամ ոչ այդքան հայտնի դրվագների մասին Մեդիամաքսին պատմում է Ալինա Միրզոյանը:

 

-Վիլյամ Չ. Ռեմփելը 36 տարի «Լոս Անջելես Թայմզ»-ի լրագրողն է եղել: Հայազգի գործարարի կենսագրության մասին գրելու մտադրություն Ռեմփելը չի ունեցել: Նրանք երբեք չեն հանդիպել: Ռեմփելի համար Քըրք Քըրքորյանն ընդամենը ծանոթ անուն էր «Լոս Անջելես Թայմզ»-ի էջերից:

 

«Հարփեր Քոլինզ» հրատարակչության խմբագիր Ջուլիա Քայֆեցինը նույնպես չէր ճանաչում Քըրքորյանին: «Նյու Յորք Թայմզում» կարդալով նրա մահախոսականը՝ ցանկացավ ավելին իմանալ: Սակայն ոչ Ռեմփելը, ոչ էլ Քայֆեցինը

չէին  պատկերացնում սպասվող գործի բարդությունը: Քըրք Քըրքորյանը շատ փակ մարդ էր. հարցազրույցներ հազվադեպ էր տվել, հանրության առջեւ երբեք ելույթներ չէր ունեցել: Նրան դուր չէր գալիս լրագրողների ուշադրության կենտրոնում, ամսագրերի առաջին էջերին, եւ առավել եւս՝ բամբասանքների կիզակետում հայտնվելը։ Իր անձնական տարածքի պահպանումը վեր էր դասում ամեն ինչից:

Քըրք Քըրքորյանը 1968 թվականին Քըրք Քըրքորյանը 1968 թվականին

Լուսանկարը` Don English/Las Vegas News Bureau

Քըրքի բիզնես խորհրդատուները եւ գործընկերները կարծում էին, որ նրա այդ մեկուսացվածությունն անգամ հետմահու էր պետք պահպանել, եւ շատերը հրաժարվում էին հարցազրույցներ տալ գրքի համար: Բարեբախտաբար, բացառություններ էլ եղան: Քըրքի հանրային հարցազրույցները եւ արտահայտած մտքերի սակավությունը լրացվեց արտակարգ բացահայտումներով: Լաս Վեգասի Նեւադայի համալսարանի գրադարանի «Հատուկ ժողովածուներ» բաժնում պահպանվող բանավոր պատմությունների ժողովածուն  իսկական ոսկու հանք էր. ազարտային խաղերի նախամարտիկները, Քըրքորյանի առաջին գործընկերները (եւ հենց Քըրքն ինքը՝ իննսունինը րոպեանոց մի ժապավենում) պատմում են Լաս Վեգասի վաղ ժամանակների եւ հայազգի գործարարի արկածների մասին:

 

Հանրային հաղորդակցման ծառայության համար նկարահանված «Թռչելով գաղտնի երկնքում» կոչվող հիանալի փաստագրական ֆիլմը ներառում է հատվածներ ուղիղ եթերով հեռարձակված Քըրքի հետ հարցազրույցից, որտեղ նա պատմում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռափոխադրման հրամանատարության» հետ ունեցած փորձառության մասին: Ֆիլմի պրոդյուսեր Վիլյամ Վան դեր Քլութը մեծահոգաբար տրամադրում է Քըրքի հետ հարցազրույցի արձանագրության ամբողջական տեքստը:

Քըրք Քըրքորյանը 1969 թվականին Քըրք Քըրքորյանը 1969 թվականին

Լուսանկարը` Los Angeles Times/Associated Press

Հեղինակին հասանելի դարձած մեկ այլ գոհար է ընտանեկան տեսագրությունը, որտեղ բարեկամներն ու պատանեկության ընկերները պատմում են Քըրքի հետ մեծանալու մասին: Քըրքի երեսնօրյա կինը՝ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի Լիզա Բոնդերը, նույնպես այս գրքի համար հարցազրույց տալուց հրաժարվողների շարքում էր: Այնուամենայնիվ, Լիզայի հետ ունեցած Քըրքի լարված հարաբերությունների մանրամասները կարելի էր գտնել Լոս Անջելեսի գերագույն դատարանի նկուղային պահեստներում: Հենց այդտեղ հեղինակը ուսումնասիրել է Քըրքի եւ Լիզայի՝ տասնամյակից ավելի երկար ձգված դատական պայքարի երդման տակ տված ցուցմունքների, արած հայտարարությունների, նամակագրությունների եւ ցուցմունքների արձանագրությունների ու սղագրությունների խրձերը:

 

- Քըրքորյանի մասին այլ գրքեր կա՞ն:

 

- Եւս մեկ գիրք է հրատարակվել՝ Դայալ Թորգերսոնի «Քըրքորյան. ամերիկյան հաջողության պատմությունը», որի մասին Ռեմփելն ինքն էլ է նշում «Խաղացողը» գրքում: Այն հրատարակվել է 1974-ին եւ որքան գիտեմ, սրանից բացի՝ Քըրքորյանի կենսագրությունը ներկայացնելու միակ փորձն է: Դայալը մեծ բարեբախտություն է ունեցել զգալի աջակցություն ստանալ հենց Քըրքից, որը Դայալի առջեւ բացել էր իր ընտանիքի եւ ընկերների մոտ տանող դռները, իսկ վերջիններս շատ արժեքավոր տեղեկություններով են կիսվել նրա հետ, ու դրանցից շատերը իրենց տեղն են գտել նաեւ Քըրքի կենսագրության այս տարբերակում:

 

- Հայ ընթերցողի համար ինչո՞վ է առանձնահատուկ այս գիրքը:

 

- Մեր ընթերցողն այսօր հերոսների եւ նրանցով հպարտանալու կարիք ունի։ Այս առումով, Քըրքորյանը շատ հայերի համար նույնացվում է «Ամերիկյան երազանքի»  հետ. աղքատ  հայ ընտանիքի զավակ, որն իր աշխատասիրության, նպատակասլացության, համառության եւ հավատը երբեք չկորցնելու շնորհիվ չքավորությունից հասավ մինչեւ Լաս Վեգասի անհաղթահարելի թվացող բարձունքները։ Քըրքը, Հայաստանում ծնված չլինելով, ամուր թելերով կապված էր հայրենիքին։ Թեեւ չէր սիրում աշխարհով մեկ թմբկահարել իր բարեգործությունների մասին, բոլորս էլ այս կամ այն չափով տեղյակ ենք հայրենիքին նրա բազմիցս ցուցաբերած օժանդակության մասին։ Քըրքն նաեւ չէր սիրում, երբ իր բարությունը չարաշահում էին։ Այդ պատճառով, թերեւս, դադարեցրեց «Լինսի հիմնադրամի գործունեությունը։

 

- Ի՞նչ արձագանք է գտել «Խաղացողը» դրսում:

 

- Գիրքը բավականին մեծ հաջողություն է ունեցել ԱՄՆ-ում՝ ազգային մակարդակում դառնալով բեսթսելեր։ Այդ մասին են վկայում Amazon.com, Goodreads.com եւ բազմաթիվ այլ կայքերում ընթերցումների քանակն ու վարկանիշը։ Անշուշտ, մեծ դեր են ունեցել ոչ միայն Քըրքի անցած ճանապարհի, բիզնես աշխարհում ունեցած վայրէջքների ու վերելքների, այլեւ Քըրքի անձնական կյանքին վերաբերող «սկանդալային» դրվագների հանդեպ հետաքրքրասիրությունը:

 

- Գիրքը պատկերացում տալի՞ս է Քըրքորյանի հայկական ծագման մասին, ի՞նչ ակնարկներ, շեշտադրումներ, պատմություններ կան այդ առումով:

 

-Բազմաթիվ են այդպիսի շեշտադրումներն ու պատմությունները։ Չնայած Քըրքը ծնվել եւ մեծացել էր Ֆրեզնոյում, նրա կապը հայրենիքի հետ երբեք չէր ընդհատվել։ Քըրքը ցանկանում էր իր հայրենիքը հզոր եւ զարգացած տեսնել եւ մշտապես փորձում էր  սեփական ներդրումն ունենալ այդ գործում։ Գրքում անգամ գլուխ կա, որը վերնագրված է «Հայկական կապեր» եւ պատմում է Քըրքի՝ բիզնես աշխարհում հայ գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամության մասին։

 

Մեկ այլ գլխում խոսք է գնում այն մասին, թե ինչպես Քըրքորյանը ամերիկահայ լրագրող Հարութ Սասունյանի առաջարկով ֆինանսավորել է դեպի Հայաստան օդային փոխադրումները՝ տեղ հասցնելով Սպիտակի երկրաշարժի հետեւանքները թեթեւացնելուն ուղղված օգնությունը, որը տոննաներով կուտակվում էր Միացյալ Նահանգների պահարաններում, ավտոտնակներում եւ պահեստներում։

 

Բավականին ուշագրավ է այն դրվագը, երբ Հայաստան կատարած այցի ժամանակ Քըրքը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանից գնում է իր գիպսե կիսանդրին: Ոչ այն պատճառով, որ Քըրքը անձնապաշտ էր, այլ որովհետեւ ինչպես ինքն է պատասխանում դրանից զարմացած Հարութ Սասունյանին. «Եթե այն այստեղ թողնեի, ով գիտի՝ ի վերջո որտեղ կհայտնվեր։ Հիմա... այն ապահով ձեռքերում է»: Ոգեշնչող են հայերի վերաբերյալ Քըրքի հետեւյալ խոսքերը. «Միակ բանը, որը քննարկման ենթակա չէ, միասնությունն է»։ Սրանով, ամեն ինչ ասված է։

 

- Իսկ «Ինչպե՞ս է դարձել հաջողակ գործարար» հարցի պատասխանը ընթերցողը ստանու՞մ է: Բացահայտվու՞մ են, այսպես ասած, բիզնես գաղտնիքներ:

 

- Գրքում նկարագրված է Քըրքի գործարար աշխարհում, եւ ոչ միայն, զրոյից հաջողության հասնելու ուղին, որին հետեւելով ուշադիր ընթերցողը հաստատ կգտնի բազում օգտակար հնարքներ եւ հմտություններ: Միաժամանակ, հարկ է նշել, որ Քըրքի հաջողության կարեւորագույն բանալիներից էին նրա համառությունն ու նվիրվածությունը գործին, ինչպես նաեւ խաղացողին հատուկ ռիսկային, սակայն խելացի «խաղադրույքներ» կատարելու հատկանիշը: «Ընկերները նրան «գործարքամոլ» էին անվանում, որը կախվածություն ուներ ֆինանսական սրտատրոփ հուզմունքից՝ թե խաղասեղանի, թե բանակցությունների սեղանի շուրջ»:

 

- Ինչպիսի՞ն է Քըրքորյանի մարդկային նկարագիրը գրքում:

 

- Հեղինակի խոսքերով, Քըրքին կարելի է նկարագրել այսպես. «Նա պինդ տղա էր, որը, սակայն, լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որը գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնեսում հանճար, որ արհամարհում էր MBA խորհրդատուներին, համարձակ օդաչու եւ կինոմագնատ, մոլի խաղացող խաղատներում եւ Ուոլ Սթրիթում, որը գերբնական հմտությամբ նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումար դնում»:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին