Ջուլիետա Տոնականյան. Ջազի զրնգոցը Երկիր Նաիրիում - Mediamax.am

12685 դիտում

Ջուլիետա Տոնականյան. Ջազի զրնգոցը Երկիր Նաիրիում


Լուսանկարը`


Սիրելի Մարգարիտ,  Ձեզ գրում եմ Ջավախքից՝  աշխարհի մի բարձր անկյունից, որտեղ հիմա ցրտաշունչ ձմեռ է։

 

Կարծում եմ` երբևէ չեք քայլել ձյան հաստ ու փափուկ շերտի վրայով,  գուցե Ձեր ոտքերը կոշտացել են աֆրիկյան ավազահողերի մեջ խրվելուց, բայց երբեք չեն մրսել ձյան սառնությունից։ Ես գիտեմ, որ Դուք շատ խաղեր գիտեք և վստահ եմ՝ երեխաների հետ անընդհատ խաղում եք: Եթե Աֆրիկայում էլ ձյուն գար, Դուք ձնագնդիկ կխաղայիք։ Եվ ձեր մուգ ձեռքերին, հավանաբար, շատ կսազեին սպիտակ ձյունե գնդիկները։ 

 

Հրավիրում եմ Ձեզ ձնագնդիկ խաղալու, հետո կնստենք մի տաք անկյունում (այս ցրտին ամենահաճելին ջերմությունն է), տաք շոկոլադ կամ սուրճ կխմենք ու կզրուցենք։ Գիտե՞ք, անկյունում հայոց դարավոր ցավով հնեցած գինի ունեմ, որի մեջ կարող ենք պաթոս խառնել և խմել, բայց՝ ոչ, ես ուզում եմ Ձեզ հետ սուրճի դառնությունը, հազարավոր այլ դառնությունների նման,  կուլ տալ և ժպիտ պարգևել:

 

Ես Ձեզ կասեմ, որ Դուք ջազի եք նման, մի թեթև կժպտաք, ես կբացատրեմ, որ երբ պետք է լինում ուժ հավաքել, ջազ եմ լսում, եվ Դուք այսօր շատերի ուժն եք,  Դուք նաև ջազի նման զրնգուն ու մեղմ եք,  կարծում եմ` ջազի գրավչության գաղտնիքը ներքին հավասարակշռվածության մեջ է։ Դուք բարձրաձայն կծիծաղեք և Ձեր ձայնը Գարի Մուրի ձայնի նման կմխրճվի ականջներիս մեջ, և ես միշտ կհիշեմ։ Քանի որ անասելի կախարդական է այն մարդու անկեղծ ու զրնգուն ծիծաղը, որի աչքերը տեսել են ամենասարսափելին, որի ձեռքերում շատերի մանկությունն է պատսպարվել՝  վաղվա խաղաղության հույսը փայփայելով, որի շուրթերում միայն սերն ու բարին է։

 

Հետո Դուք կխոսեք… երևի ծաղիկներից, որ աճեցնում եք Մեզոն շալոնի երեխաների հետ,  Ձեզ շատ հարցեր կտամ, թերևս ամեն ինչից՝  խոհանոցից, գրականությունից, նախընտրելի գույներից ու բնակլիմայական պայմաններից, բայց չեմ հարցնի այն սոսկալի երևույթների մասին, որոնց ականատեսն եք:  Գիտեմ` ամեն անգամ, երբ խոսում են ցավից, նորից եք վերապրում այն, ինչն անընդհատ եք զգացել, իսկ ես ուզում եմ Ձեզ մի փոքր ժպիտ նվիրել:

 

Եվ երբ հրաժեշտի պահը գա, կհրավիրեմ վերջին անգամ ձյան վրա քայլելու, հիշելով, որ երբ ինչ-որ տեղ ցավում է, սառնությունն օգնում է, և  Ձեր արևակեզ ոտքերը կզգան ձյան սառնությունը, աչքերը կտեսնեն անսահման սպիտակ խաղաղությունը: Հրաժեշտից առաջ շնորհակալ կլինեմ Ձեզ ու Ձեր աշխարհին, որ մարդկությանը տվել եք ջազ եւ Ձեզ ջազով եմ ճանաչում, որպեսզի Դուք էլ ինձ ճանաչեք, Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը կնվիրեմ  և ներեցեք, այդ պահին ես թաքուն կհեռանամ, քանի որ Դուք գուցե չէիք ասում, բայց ուզում էիք մենակ քայլել խաղաղության միջով...

 

Համեցեք ինձ հյուր, ես Ձեզ սպասում եմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին