Սիրանուշ Գրիգորյան. «Դուք ազատեցիք ինձ բարի երեւալու բարդույթից» - Mediamax.am

12761 դիտում

Սիրանուշ Գրիգորյան. «Դուք ազատեցիք ինձ բարի երեւալու բարդույթից»


Լուսանկարը`


(նամակ «Ավրորայի» հերոսին` Թոմ Քաթինային)

 

Ողջույն բժիշկ Թոմ, ես Սիրանն եմ, հազարավոր մարդկանցից մեկը, ում Դուք օգնել եք: Մտածում եք` Սուդանի՞ց եմ, ոչ, ապրում եմ Հայաստանում, սիրում եմ գրականություն, ձիարշավներ, դառը շոկոլադ, կոնյակ… Չեմ գողանում, չեմ շնանում, չեմ սպանում, պատվում եմ իմ հորն ու մորը… Նովելներ եմ գրում և թաքուն լալիս  մեռնող հերոսներիս համար: Փորձում եմ լինել բարի և բարեկիրթ, այդպես են ուզում ծնողներս, նրանք ինձ միշտ ստիպել են շատ կարդալ, ցուցամատս երբեք չպարզել որևէ մեկի հետ խոսելիս, ոչ մի դեպքում չզոհաբերել երեք բան` ընտանիքս, սիրտս, արժանապատվությունս: Մերոնք ինձ պարտադրում են լինել համեստ, համբերող, խաղաղասեր: Անկեղծ ասած, անհաշտ էի սրտիս հետ, ինձ չէր ենթարկվում, ճմլվում էր ում կամ ինչի համար ասես` կտոր-կտոր լինում, ու ես ամեն անգամ չէի կարողանում հասկացնել նրան, որ իր պարտականությունն իմ օրգանիզմին արյուն մատակարարելն էր: 2016թ. ապրիլի 24-ից հետո շատ բան փոխվեց իմ մտքում ու սրտում: Այդ օրը ես տոնական հագուկապով գնացել էի Երևանի մարզահամերգային համալիր` ներկա գտնվելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Հիանալի շոու էր, դահլիճում և բեմում աշխարհահռչակ մարդիկ` Քլունի, Ազնավուր… Ձեր մրցանակը ստանալու եկել էր Ձեր զարմուհին, տեսաուղերձում ասացիք, որ չեք կարող թողնել Սուդանում կրակոցների տակ գործող հիվանդանոցը, հիվանդներին: Այդ օրվանից Դուք փոխեցիք ինձ: Թոմ, Դուք ինձ չեք վիրահատել, չեք վիրակապել, այլ ավելի մեծ օգնություն եք տվել` ազատել եք բարի երևալու բարդույթից:

 

Իմ երկրում հիմա հարաբերական խաղաղություն է, բայց ես տեսել եմ պատերազմը: Շատ բան չեմ հիշում պատերազմից, միայն ապաստարանները, որտեղ հավաքվում էինք և ժամանակ առ ժամանակ փակում մեր ականջները, նաև մեկ-մեկ գոռում էինք, որ չլսենք պայթյունների ձայները: Գոռոցը ծիծաղի էր վերածվում, ծիծաղը լացի, լացը երգ էր դառնում` անմեղեդի, վախեցնող երգ: Ինձ թվում էր` մարդիկ առանց պատճառի են լալիս, կարծում էի, որ նրանք` մեծ մարդիկ, խելագարվել են: Ժամանակը կանգնել էր` օրերը չէին մթնում, մթնելիս էլ չէին լուսանում, թերթերը լույս չէին տեսնում, մեքենաները հազվադեպ էին դռռում, երգում էր միայն պատի ռադիոն և ով կհամարձակվեր ասել, թե լույսը բարի է, ուրեմն իրոք խելագարվել էր:

 

Այդ ժամանակ հայրս տանը չէր լինում` սահմանի վրա էր: Չգիտեի` ինչ սահման է, սահմանն ինչ է և չէի էլ ուզում իմանալ, ուզում էի հայրս տուն գար ու վերջ: Երբ նա տանն էր լինում, մենք վախենալու ոչինչ չունեինք: Ես չէի հասկանում, թե ինչու հենց այդ պայթյունների օրերին նա մեզ թողեց ու գնաց, այդ ինչ ուներ ավելի կարևոր: Մի օր էլ հայրս եկավ, մեզ սիրեց և ուղարկեց քնելու: Չգնացինք: Նա մեծերին պատմում էր, որ ինչ-որ մեկին ձիով են իջեցրել սարից, «ցանց էր դարձել»: Հաջորդ օրը մորս հարցրեցի, թե ով էր ցանց դարձողը: Պարզվեց` մեզ ծանոթ մեկը: Շատ էի ուզում տեսնել նրան ցանց դարձած, բայց այլևս երբեք մեր տանը կամ բակում չտեսա նրան: Ես գիտեի, որ ցանցով թիթեռ են բռնում, ցանցը ջուրն են նետում և ձկներ հանում, բայց որ մարդն է ցանց դառնում, ինձ համար անհասկանալի ու ծիծաղելի էր` այդ օրերի միակ ծիծաղելին երևի:

 

Վաղուց չափահաս եմ և պատերազմների մեջ ծիծաղելի ոչինչ էլ չեմ գտնում: Իսկ աշխարհում միշտ ինչ-որ տեղ պատերազմ է: Հիմա էլ պատերազմից շատ բան չեմ հասկանում, թեեւ արդեն գիտեմ սահմանն ինչ է, ինչ սահման էր հայրս գնում և գիտեմ նաև պատերազմի ոսկե կանոնը` եթե չսպանես, քեզ կսպանեն:

 

Թոմ, իմ երկրում պատերազմը չի ավարտվել: Ես միացել եմ Ձեզ և մնալու եմ այստեղ: Ես պետք եմ այստեղ:

 

Մի օր, երբ աշխարհի բոլոր պատերազմներն ավարտվեն, բոլոր հիվանդներն առողջանան և ոչ ոք Ձեր օգնության կարիքը չունենա, խնդրում եմ թույլ տվեք հանդիպել Ձեզ ու գրի առնել Ձեր պատմությունը, պատմել այն մեծ ուժի մասին, որը բազմապատում է Ձեր սրտի խաղաղությունը, եռապատկում է Ձեր համբերությունը, քառապատկում է Ձեր հույսը, հավատը, սերը եւ ապրեցնում է Ձեզ ու Ձեր շնորհիվ հազարավոր մարդկանց` ռումբերի տեղատարափի ժամանակ…

 

Սիրով` Սիրան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին