Արթուր Պետրոսյան․ Հայաստանը կարեւոր եւ շատ ճիշտ տեղ է ապրելու համար - Mediamax.am

exclusive
5996 դիտում

Արթուր Պետրոսյան․ Հայաստանը կարեւոր եւ շատ ճիշտ տեղ է ապրելու համար


Արթուր Պետրոսյանը
Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսին Մկրտչյանը զրուցում է Արթուր Պետրոսյանի հետ
Լուսին Մկրտչյանը զրուցում է Արթուր Պետրոսյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Պետրոսյանը
Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Պետրոսյանը
Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Պետրոսյանը
Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Պետրոսյանը
Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Պետրոսյանը
Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2013 թվականին ապրիլին Մեդիամաքսը ներկայացրել էր ԱՄՆ-ում բնակվող մաթեմատիկոս Արթուր Պետրոսյանի պատմությունը։ ԱՄՆ-ում մասնագիտական  հաջողությունների հասած մաթեմատիկոսի կյանքի կարեւորագույն փուլն ամբողջացվել էր Արամ Արարատյանի հետ զրույցում՝ «50 գլոբալ հայերը» նախագծում։

 

Զրույցի ընթացքում Արթուր Պետրոսյանն ասել էր, որ եթե Հայաստանում որեւէ հետաքրքիր ծրագիր լինի առաջարկի տեսքով, ապա այն կդիտարկի որպես հայրենիք վերադառնալու հնարավորություն։ 3 տարի անց մաթեմատիկոսին հրավիրեցին Հայաստան։

 

2016-ին սկսվեց շարունակությունը

 

2016-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) նոր՝ Տվյալագիտության (Big data Science) վերաբերյալ կրթական ծրագիր էր մշակում։ Ինձ առաջարկեցին մասնակցել։ Որոշեցի իմ ունակություններն ու գիտելիքները ներդնել ծրագրի մշակման եւ կայացման գործում։

 

Տեղափոխվեցի Հայաստան եւ մեկ տարի ղեկավարեցի ՀԱՀ-ի Ճարտարագիտական ֆակուլտետի՝ Համակարգչային գիտությունների բաժինը, զուգահեռ ղեկավարելով Data Science (DS) ծրագրի մշակումը, որը նախատեսված էր ե՛ւ բակալավրիատի, ե՛ւ մագիստրատուրայի համար։

 

50 գլոբալ հայերը. Արթուր Պետրոսյան

Այդ տարիները Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հրաշալի ժամանակահատվածն էր եւ ոլորտով հետաքրքրվողները շատ ակտիվ մասնակցում էին բոլոր նախաձեռնություններին, սեմինարներին։ Այդպես ծանոթացա Հայաստանի ՏՏ կազմակերպությունների, հիմնադրամների եւ համալսարանների բաժինների ղեկավար կազմերի եւ աշխատակիցների հետ։ Ինձ համար ավելի հստակ ուրվագծվեց, թե ինչպես կարելի է մշակվող ծրագիրն ավելի հասանելի եւ արդյունավետ դարձնել։

 

Մեկ տարի անց ծրագիրը հաջողությամբ հաստատվեց ԱՄՆ-ում կրթական ծրագրերի ատեստացնող կազմակերպության կողմից և կյանքի կոչվեց՝ ամեն տարի հարյուրավոր ուսանողներ ՀԱՀ-ում շարունակում են ստանալ այդ մասնագիտացումն ու որակավորումը։

 

Բացահայտումները

 

Ամերիկյան համալսարանը այն եզակի կրթական հաստատություններից է Հայաստանում, որն իսկապես արդար եւ առաջադեմ համակարգ է առաջարկում ուսանողներին։ Աշխատելու ընթացքում ես այնտեղ տեսա շատ լավ մթնոլորտ, շատ տաղանդավոր ուսանողներ, որակյալ կրթություն։

Լուսին Մկրտչյանը զրուցում է Արթուր Պետրոսյանի հետ Լուսին Մկրտչյանը զրուցում է Արթուր Պետրոսյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտեմ, որ նմանատիպ աշխատանքներ արվում են նաեւ մյուս համալսարաններում, կազմակերպվում են տարբեր ծրագրեր ու նախագծեր, բայց պետք է ավելի հետեւողական լինել։

 

Կարծում եմ, որ կիրառական ուղղությունները Հայաստանում զարգացնելը շատ ճիշտ է, սակայն գերխնդիրը ֆունդամենտալ գիտությունների զարգացումն է, ինչը ամենաբարդ եւ ծախսատար ուղղություններից մեկն է։

 

Վերադարձի դժվարությունները

 

Մեր վերադարձից հետո, իհարկե, դժվար պահեր եղան Հայաստանում՝ նախ համավարակն էր, հետո պատերազմը։

 

Պատերազմը սարսափելի էր, ինչ խոսք, բայց շատ ցավալի է այն, որ այդ կանխագուշակելի իրավիճակը մեր ժողովուրդը չկարողացավ ճիշտ գնահատել։ Ես չեմ ուզում մատնանշել որեւէ կառավարության սխալ, որովհետեւ սա համահայկական անկում էր, որովհետեւ մենք չունեինք գիտելիք ու վերլուծելու ունակություն, հասկանալու, թե ինչ դժվար իրավիճակում ենք գտնվում։

 

Հայ ժողովուրդը, կարծես, շարունակ ապրում է միեւնույն երազում։ Մեզ միշտ թվում է, թե աշխարհի բոլոր ազգերը մի օր կգնահատեն բոլոր այն ներդրումները, որ ունեցել ենք համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։

 

Իրականությունն այլ է։ Աշխարհում շատ քչերը գիտեն մեր պատմությունն ու առավել եւս՝ մշակույթը։ Այն պահպանելու եւ սերունդներին փոխանցելու առաքելությունն ու պատասխանատվությունը միայն ու միայն մերն է։

Արթուր Պետրոսյանը Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայ ժողովուրդը նաեւ ինչ-որ չափով ռոմանտիկ է՝ հավատում է հարեւանների հետ լավ ապագա ունեցող սցենարներին։ Սակայն պիտի գիտակցենք, որ ռոմանտիկ լինելով հանդերձ մեզ նաեւ իրատեսական մտքեր ու ցանկություններ են պետք։ Մենք պետք է կարողանանք ճիշտ գնահատել մեր եւ մեր հարեւանների ուժերը։ Խոսքը միայն ռազմական ոլորտին չի վերաբերվում։ Մենք, վերջապես, պետք է կարողանանք սովորել մեր սխալների վրա։ Եթե որպես ազգ մենք ունակ չենք ճիշտ գնահատել այն վտանգները, որոնք գոյություն ունեն մեր երկրի սահմաններին, ուրեմն, մենք դեռ լիարժեք չենք կայացել որպես ազգ։

 

Միակ հույսս այն է, որ ցավալի այս փորձառությունից հետո մենք կյուրացնենք դասերը։

 

Հիմա պետք է վերլուծել իրավիճակը, ինքնակազմակերպվել, հասկանալ՝ ով ինչ է ասում եւ ինչու, ում ասածին պետք է ժողովուրդը ականջալուր լինի։

 

Մեր ապագան պետք է հիմնված լինի վերլուծության վրա եւ սա վերաբերում է ե՛ւ դիվանագիտությանը, ե՛ւ գիտությանը, ե՛ւ ամենօրյա կյանքին։

 

Թե արդյունքները երբ կլինեն, կարեւոր չէ։ Պետք է ընտրել ընդհանուր ուղղության ճիշտ վեկտորը։

Արթուր Պետրոսյանը Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս դժվարությունների ընթացքում չի եղել նույնիսկ մեկ րոպե, որ  զղջամ վերադարձիս համար։ Ավելին, տղաներիցս մեկը՝ Արմենը, այս ընթացքում իր ընտանիքով նույնպես վերադարձավ Հայաստան։ Իմ աշխատանքն այստեղ նոր իմաստ ստացավ եւ ես հույս ունեմ, որ իմ թոռնիկներն այստեղ կմեծանան։

 

Հոբբին դարձավ բիզնես

 

Գինեգործության հանդեպ համակրանքն ու սերը ծնվեց ԱՄՆ-ում։ Երբ գալիս էինք Հայաստան, այստեղ մեզ միայն լավ գինին էր պակասում, մնացած ամեն ինչ կար։ Հաճախ էինք մտորում այստեղ գինեգործությամբ զբաղվելու մասին, բայց դա միայն ցանկություն էր եւ գաղափար։

 

Բարեբախտաբար, վերջին տասնամյակում գինեգործները Հայաստանում շատ մեծ ու լուրջ հաջողությունների հասան։ Հիմա արդեն գինեգործական լանդշաֆտը շատ ընդարձակվել է, այստեղ հրաշալի ու որակյալ գինիներ են արտադրվում, որոնք հայտնի են ոչ միայն Ռուսաստանում եւ Եվրոպայում, այլեւ՝ ԱՄՆ-ում։

 

Գինիների ստեղծման գործում մասնակցություն ունենալու ցանկությունս հնարավոր դարձավ իրագործել, երբ հանդիպեցի Արագածոտնի մարզի հայտնի գինեգործ Գարուշ Սամվելյանի հետ։ Միացա նրան ու մեր ուժերով արտադրեցինք «Վանանդ» գինիները։

Արթուր Պետրոսյանը Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամեն ինչ շատ լավ ստացվեց, բայց ես որոշեցի կանգ չառնել այդ կետում։

 

Բյուրականում մի սիրուն հողամաս ունեի եւ որոշեցի, որ այնտեղ պետք է կառուցել գինու համտեսի անկյուն՝ Wine cube։ Շատ հետաքրքիր անկյուն ստացվեց, բայց երբ ընկերներս հավաքվեցին այնտեղ, ամեն մեկը մի գաղափար առաջարկեց եւ արդյունքում գինու համտեսի սրահի կողքին կառուցվեց թենիսի կորտ, լողավազան, սաունա, հանգստյան գոտի եւ զիփլայն։ Այն դարձավ Արագածոտնի մարզի առաջին զիփլայնը։ Համալիրը, որը անվանեցինք Byurakan ZipWine, կոչված է ակտիվացնելու զբոսաշրջությունը Արագածոտնի մարզում։ Զբոսաշրջիկն այստեղ գալով կկարողանա համտեսել ոչ միայն մեր՝ «Վանանդ» գինիները, այլ Արագածոտնի մարզում արտադրվող գինետեսակները, մշակութային երեկոներ ու ակտիվ հանգիստ վայելել։

 

Որդուս վերադարձը

 

Որդիս՝ Արմենն ամուսնացել է ֆրանսուհու՝ Սանդրայի հետ։ Ապագա հարսիկս 2017-ին եկել էր Հայաստան որպես զբոսաշրջիկ եւ սիրահարվել Հայաստանին։

 

Նախատեսածից ավելի երկար ժամանակ էր մնացել այստեղ  եւ երբ որոշել էր այցելել Արցախ, Ստեփանակերտում հանդիպել էր Արմենին։ Սիրահարվել էին։ Ամուսնացան ու որոշ ժամանակ բնակվեցին ԱՄՆ-ում, հետո մեկնեցին Ֆրանսիա, բայց Սանդրան Արմենին համոզեց, որ պետք է գալ Հայաստան։ Երեւի, Հայաստանում կա մագնիսական մի բան, որը հրապուրում է մարդկանց։

 

Կյանքում ճիշտ է առաջնահերթությունների վրա կենտրոնանալ։ Եթե սպասում ես, որ Հայաստանում 100 տոկոսանոց պայմաններ կլինեն քո եւ քո երեխաների համար, պետք է մի քանի անգամ մտածես տեղափոխվելուց առաջ։ Բայց եթե դու կարողանում ես կշեռքի վրա դնել ճիշտ բաղադրիչներն ու համեմատել, կարող ես հասկանալ, որ այն ինչ գերակշռում է քո կարեւորություններում, կարող ես գտնել Հայաստանում։ Հայաստանը հմայիչ եւ շատ ճիշտ տեղ է ապրելու համար։

Արթուր Պետրոսյանը Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմենը Նյու-Յորքում ՏՏ ընկերություն ունի եւ այն ղեկավարում է Հայաստանից։

 

Սանդրան նույնպես ծրագրավորող է, բայց վերջին երկու տարում զբաղված է երեխաների դաստիարակությամբ։ Հույս ունեմ, որ թոռներս այստեղ կմեծանան եւ այստեղ դպրոց կհաճախեն։

 

Մյուս որդիս դեռ ԱՄՆ-ում է, Facebook ընկերությունում է աշխատում, նույնպես շատ լավ ծրագրավորող է։ Կինս` Նարինեն, շարունակում է  ֆիզիոլոգիա դասավանդել Վաշինգտոնի համալսարանում, համավարակով պայմանավորված տարվա մեծ մասը աշխատում է Հայաստանից` դասավանդելով հեռակա։ Նարինեն տարբեր ծրագրերով համագործակցում է նաեւ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ։

 

Զգայական բավարարվածություն

 

Ընկերներիս շարքում եղան մարդիկ, որոնք կրկնեցին իմ ճակատագիրը։ Մարդիկ, որոնք մեծ հաջողությունների են հասնում կարիերայում, կյանքի որոշակի փուլում հասկանում են, որ ոչ թե ֆինանսները կամ հարմարավետությունն է որոշիչ, այլ փաստը, թե արդյո՞ք կյանքից ստանում են այն ամենը, ինչ ուզում են։

Ամենահարուստ զգացողությունները մենք ապրում ենք Հայաստանում։

Արթուր Պետրոսյանը Արթուր Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե կյանքում ժամանակը ետ պտտելու հնարավորություն ունենայի, որեւէ բան չէի փոխի։ Ճիշտ հակառակը, լավ է, որ եղավ այն ամենը ինչ եղավ, որովհետեւ առանց այդ ամենի հնարավոր չէր լինի ապրել այսօրվա զգացմունքները։

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին