Ես հաղթահարում եմ ճգնաժամը - Mediamax.am

Ես հաղթահարում եմ ճգնաժամը
 

2009թ. ապրիլին Մեդիամաքսը նախաձեռնեց եւ անցկացրեց “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրցույթը, որին որպես գործընկերներ հանդես եկան ՀՀ Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մեդիամաքսի նախաձեռնությունն անվանեց “հիասքանչ”:

“Մենք բարձր ենք գնահատում այս նախաձեռնությունը եւ անմիջապես արձագանքեցինք դրա իրագործմանը մասնակցություն ունենալու առաջարկին, քանի որ այն համահունչ է կառավարության ծրագրերին”,- ասաց ՀՀ վարչապետը` 2009թ. մայիսի 5-ին “Էրեբունի Պլազա” բիզնես կենտրոնում հանդես գալով մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությանը:

“Եթե 21-րդ դարը լինելու է մտագործունեության դար, ապա այն ազգերն են ունենալու հարաբերական մրցակցային առավելություն, որոնք կկարողանան իրենց ներսում բացահայտել ինտելեկտուալ ներուժ, վերլուծական կարողություններ, ձգտում դեպի գիտությունը, գիտելիքը, ինքնուրույն ձեւակերպել խնդիրները եւ լուծումներ գտնել այդ խնդիրներին, առաջին հերթին` հետազոտական կարողությունները զարգացնելով: Մեդիամաքսի այս նախաձեռնությունը հենց այդպիսի խթաններ է ստեղծում, որովհետեւ երիտասարդները հնարավորություն ունեն ամենաբարձր մակարդակով ներկայացնելու իրենց մտորումների արդյունքները, եւ դա, բնականաբար, խրախուսվում է պետության կողմից, հետաքրքրություն է առաջացնում հետազոտական աշխատանքների նկատմամբ: Իհարկե, ցանկալի է, որ այս օրինակը լինի վարակիչ, որպեսզի շատ երիտասարդներ ցանկություն ունենան զբաղվելու հետազոտական աշխատանքով: Կարծում եմ, այս ձեռնարկն այդպիսի լուրջ խթան է պարունակում, եւ մասնավոր հատվածի այլ գործընկերներ նույնպես կնախաձեռնեն նման կարեւոր միջոցառումներ, որոնք եւս կստանան պետության աջակցությունը”, - ասել է վարչապետը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” մրցույթի կազմակերպումը պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության լավ օրինակ է:

“Մեդիամաքս լրատվական գործակալության այս նախաձեռնությունն արժանացել է համակողմանի աջակցության ԿԲ-ի կողմից, քանի որ այն համահունչ է հասարակության ֆինանսական կրթվածության բարձրացմանն ուղղված մեր կրթական ծրագրերին”,- ասել է ՀՀ ԿԲ-ի ղեկավարը:

Ուսանողների լավագույն աշխատանքները հրապարակվեցին Banks.am պորտալում, իսկ դրանց հեղինակները դրամական եւ հատուկ մրցանակներ ստացան ՀՀ Կառավարությունից, Կենտրոնական բանկից, ինչպես նաեւ Telcell վճարային համակարգից, “Գրանթ Թորնթոն Ամիօ” ընկերությունից, “Լիկվոր” դեղագործական ընկերությունից եւ “Արմենբրոկ” ներդրումային ընկերությունից:

2010 թվականի հունիսին Մեդիամաքս գործակալությունը եւ Banks.am պորտալն առաջարկեցին լավագույն 10 աշխատանքների հեղինակներին ներկայացնել ՀՀ տնտեսության վիճակի իրենց տեսլականը: Աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

Աշխատանքների հեղինակները հանդիպեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Կառավարություն ղեկավարը շնորհակալություն հայտնեց Մեդիամաքս-ին եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցությունը նման նախաձեռնություններին եւ նշեց, որ մեծ հաճույքով կշարունակի շփումը ուսանողների հետ, «ովքեր կերտում են Հայաստանի ապագան»:

Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին նախաձեռնությանն օժանդակելու համար եւ կարծիք հայտնեց, որ կառավարության ղեկավարի եւ ուսանողների շփման այդպիսի ձեւաչափը իշխանությունների եւ հասարակության միջեւ փոխգործակցության լավագույն օրինակներից է:

 
Մեր ընտրանին