Աջակցե՞նք Պաղեստինին - Mediamax.am

Աջակցե՞նք Պաղեստինին
13804 դիտում

Աջակցե՞նք Պաղեստինին


Երեւան է ժամանել պաղեստինյան «Ֆատh» կուսակցության պատվիրակությունը: Սեպտեմբերին Պաղեստինը մտադիր է ՄԱԿ-ում բարձրացնել իր անկախության ճանաչման հարցը, եւ պաղեստինցիները փորձում են ստանալ որքան հնարավոր է շատ երկրների աջակցությունը:

Պաղեստինյան պատվիրակության այցը Հայաստան ամենեւին էլ պատահական չէ, քանի որ կողմերը կապված են շատ, ոչ միշտ տեսանելի, թելերով: Ամենակարեւոր գործոններից մեկը Երուսաղեմի հայկական թաղամասի ճակատագիրն է:

2000 թ. Քեմփ-Դեվիդում կայացած բանակցությունների ժամանակ նախատեսվում էր Հին քաղաքի բաժանումը երկու մասի: Այդ բանաձեւի համաձայն, հրեական եւ հայկական հատվածները անցնում էին Իսրայելի, իսկ քրիստոնեական եւ մահմեդական հատվածները` Պաղեստինյան ինքնավարության հսկողության տակ: Սուրբ Հողի քրիստոնեական` Հայոց, Ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները տեղեկացված չէին այս բանաձեւի մասին, եւ արդեն պոստֆակտում դիմեցին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքին եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Յասեր Արաֆաթին` եկեղեցական առաջնորդներին բանակցությունների հերթական փուլին հրավիրելու առաջարկով, որպեսզի «մեր հավաքական ներկայությունը Երուսաղեմում հստակ պահպանվի եւ ամբողջությամբ երաշխավորված լինի»: «Մենք Հին քաղաքի քրիստոնեական եւ հայկական թաղամասերը դիտարկում ենք որպես հարակից եւ անբաժանելի` ընդհանուր ճակատագրով ամուր միացված հատվածներ», - գրում էին Եկեղեցիների առաջնորդները:

Հայկական թաղամասը կազմում է Հին քաղաքի մեկ վեցերորդը: Հայկական հատվածի ողջ սեփականությունը պատկանում է Պատրիարքարանին: Հայոց Պատրիարքարանին են պատկանում ոչ միայն եկեղեցական հողերի, ուր բնակվում են ավելի քան 50 վանականներ եւ եկեղեցականներ, այլ ցանկապատված համալիրի ներսում ապրող 6-7 հարյուր հայերի բնակավայրերը:

Երուսաղեմում ապրող 2000 հայերից գրեթե կեսը ապրում են քաղաքի քրիստոնեական եւ մահմեդական հատվածներում: Նրանք մտավախություն ունեն, որ քաղաքի բաժանումը կբերի հայկական համայնքի պառակտմանը: Մեկ այլ խնդիր է կրթությունը: Ոչ հայկական թաղամասերում բնակվող հայ երեխաները հաճախում են Սուրբ Հակոբ համալիրի դպրոցը, եւ քաղաքի բաժանման դեպքում նրանք կզրկվեն ազգային կրթություն ստանալու հնարավորությունից:

2000 թ. հունվարին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իսրայել եւ Պաղեստինի ինքնավարություն կատարած ոչ պաշտոնական այցի հիմնական նպատակներից էր փլուզման եզրին կանգնած Երուսաղեմի հայ համայնքին սատար կանգնելը: Իսկ 2000 թ. վերջում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեմ է Երուսաղեմի հայկական եւ քրիստոնեական թաղամասերի բաժանմանը: «Կարծում ենք, որ Երուսաղեմի կարգավիճակի խնդրի ցանկացած լուծման դեպքում հայկական թաղամասը չպետք է անջատվի քրիստոնեականից: Հայոց պատրիարքարանը` Հունական եւ Լատինական պատրիարքությունների հետ միասին, դարերի ընթացքում եղել է «Երուսաղեմի քրիստոնեական դեմքը», - ասել էր նախարարը:

2000թ. օգոստոսին, արդեն Քեմփ-Դեվիդում կայացած բանակցությունների ձախողումից հետո, Յասեր Արաֆաթը հերքել էր իսրայելյան հաղորդագրությունները այն մասին, թե ինքը համաձայնվել էր Իսրայելի հսկողության տակ թողնել Երուսաղեմի Հայկական թաղամասը: Այն ժամանակ Արաֆաթը պաղեստինյան Al-Ayyam թերթին ասել էր. «Հայկական թաղամասը մեզ է պատկանում. մենք ու հայերը` մեկ ժողովուրդ ենք»: 2002թ. հոկտեմբերին Արաֆաթը Լոնդոնում լույս տեսնող արաբական Al-Hayat թերթին տված հարցազրույցում հայտարարել էր. «Իսրայելը ուզում էր վերահսկել Երուսաղեմի հայկական թաղամասը, իսկ ես ասացի նրանց, որ երբեք չեմ դավաճանի հայերին»:

2003 թ. Գարեգին Բ-ն հանդես եկավ Երուսաղեմին հատուկ կարգավիճակ տալու օգտին: Նա նշում էր, որ Երուսաղեմի շուրջ ոչ մի որոշում չպետք է վտանգի այդ քաղաքի սրբությունների անձեռնմխելիությունը:

Այսպիսով, չնայած Հայաստանի իշխանությունները չեն կարող ուղղակի ազդել  Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի որոշումների վրա, վերջին տարիներին Երեւանը բազմիցս ներկայացրել էր իր դիրքորոշումը: Չնայած դրան, ամենեւին էլ ակնհայտ չէ, որ Հայաստանը ՄԱԿ-ում կաջակցի անկախ Պաղեստինի պետության ստեղծմանը: Տվյալ դեպքում սա քաղաքական համակրանքի կամ հակակրանքի խնդիր չէ, այլ` սկզբունք, որը 2008 թ. վրաց-ռուսական պատերազմից հետո հնչեցրել էր ՀՀ նախագահը:

«Վերջին ժամանակներս ավելի հաճախ է հնչում այն հարցը` արդյո՞ք Հայաստանը  կճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Ինչպես Կոսովոյի դեպքում, ակնհայտ է, որ Ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման ձեւավորումների անկախությունը` չճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - ասել էր Սերժ Սարգսյանը: Հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնական Երեւանը նման դիրքորոշում կընդունի նաեւ Պաղեստինի հարցում: Հակառակ դեպքում, Պաղեստինի անկախությունը ճանաչելու դեպքում, մեզ համար շատ դժվար կլինի մերժել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու հավանական «խնդրանքները»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին