Գեդիմինասի աշտարակը, ծնողներս եւ «լիտվական ցիկլը» - Mediamax.am

Գեդիմինասի աշտարակը, ծնողներս եւ «լիտվական ցիկլը»
13092 դիտում

Գեդիմինասի աշտարակը, ծնողներս եւ «լիտվական ցիկլը»


Դպրոցի տարրական դասարաններում սովորելու տարիներին ծնողներիս հետ երկու անգամ հանգստացել եմ Լիտվայում: Այդ շրջանի մասին հիշողություններս շատ վառ են, թեեւ հստակ հիշում եմ միայն որոշ կոնկրետ դրվագներ: Անմոռանալի է մնում այն «լիտվական երջանկության» հավաքական զգացումը: Վերջերս պատահաբար գիտակցեցի, որ այսօր նույն տարիքում եմ, ինչ հայրս, երբ մենք Լիտվայում էինք: Տարօրինակ է, բայց ինքս ինձ չեմ ընկալում նույնքան մեծ, որքան հայրս էր ինձ թվում այն ժամանակ:

Իմ վերադարձը Լիտվա տեղի ունեցավ ավելի քան 30 տարի անց: 2014 թվականի մայիսին մեկնեցի Կաունաս, ընկերոջս՝ Լինասի մոտ: Երեւան վերադառնալուց առաջ կես օր անցկացրի Վիլնյուսում եւ գլխավոր նպատակս Գեդիմինասի աշտարակը տեսնելն էր: Դա ամենեւին զբոսաշրջիկի քմահաճույք չէր: Ես սկսել էի մտածել աշտարակի մասին Լիտվա վերադարձից շատ ավելի վաղ: Գեդիմինասի աշտարակը մանկության նվիրական մի հիշողություն է: Այդ աշտարակը, ավելի ճիշտ, նրա մասին հիշողությունները այս բոլոր տարիների ընթացքում եղել են մանկությանս ամենաերջանիկ դրվագներից. ծնողներս երիտասարդ էին, եռանդով լի, իսկ ուղեւորությունը Լիտվա նրանց համար եվրոպական կյանքի գրեթե մեկ ումպ էր: Իսկ ինձ համար Գեդիմինասն իր տարօրինակ անվամբ հեքիաթային կերպար էր:
 
Երեք տասնամյակ անց իմ վերադարձը Լիտվա հրաշալի էր: Երբ մոտեցանք Լինասի տանը եւ դուրս եկանք մեքենայից, զգացի մանկությունից եկող «Լիտվայի հոտը»: Հետո մենք Լինասի հետ խորոված էինք սարքում, նրա երեխաների հետ բասկետբոլ էինք խաղում, ու ես հասկանում էի, որ գրեթե նույն կերպ 30 տարի առաջ ծնողներս էին անցկացնում ժամանակը իրենց լիտվացի ընկերների հետ:

Սաբոնիսի բասկետբոլային ակադեմիայում ես քաջալերում էի Լինասի որդիներին, ովքեր հաղթեցին եզրափակիչ խաղում եւ դարձան Կաունասի չեմպիոններ: Այնպես համընկավ, որ մեկ շաբաթ անց Հայաստան ժամանեց Շարունաս Մարչյուլյոնիսը՝ հորս սիրելի բասկետբոլիստը: Նա, անշուշտ, չէր կարող ենթադրել, որ շատ տարիներ անց Հայաստան կժամանի ԽՍՀՄ հավաքականի խաղացողը՝ հենց այն հավաքականի, ում մենք երկրպագում էինք եւ որը հրաշք գործեց՝ հաղթելով 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերում:

Շարունաս Մարչյուլյոնիսը երբեք չէր ժամանի Հայաստան, եթե չլիներ Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հայաստանում իր հնգամյա գործունեության ընթացքում այդ մարդը, ում ես հպարտությամբ ընկեր եմ անվանում, հայ-լիտվական կապերի վերականգնման եւ զարգացման ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարել: Եվ այդ ամենը նա անում է սիրով, այլ ոչ սոսկ ծառայողական պարտականություններից ելնելով:

Նախորդ ամռանը Լինասն իր կնոջ` Ակվիլեի հետ ժամանեց Հայաստան, եւ ես նրանց՝ Էրիկասի հետ միասին, հրավիրեցի մեր տուն ընթրիքի: Մի հրաշալի «լիտվական երեկո» ստացվեց, եւ մայրս մի պահ երազկոտ ասաց. «Այնպես կուզեի կրկին այցելել Լիտվա»: Այդ միտքը մնաց գլխումս, եւ արդեն օգոստոսին մայրս հորաքրոջս հետ մեկնեց Լիտվա:

Ամեն անգամ, երբ ծանոթներիցս մեկը մեկնում է Վիլնյուս, փոքրիկ նվերներ եմ ուղարկում Շարունաս Մարչյուլյոնիսի եւ նրա կնոջ՝ Լաուրայի համար: Անշուշտ, ուղարկեցի դրանք նաեւ մորս հետ: Լաուրան ոչ միայն հանդիպեց մորս եւ հորաքրոջս, այլեւ հրավիրեց նրանց քաղաքից դուրս գտնվող մի ակումբ, որտեղ նրանք Շարունասի հետ թենիսի մրցաշար էին կազմակերպել ընկերների համար: Մերոնք մի ամբողջ օր անցկացրին այնտեղ: Ինչպես մայրս էր պատմում, «այնտեղ, կարծես, լիտվական հասարակության ողջ սերուցքն էր հավաքվել»:

Իհարկե, անչափ շնորհակալ եմ Լաուրային եւ Շարունասին նման վերաբերմունքի համար: Երախտապարտ եմ Լինասին եւ Ակվիլեին, ում Կաունասի տանը նույնպես հյուրընկալվել էին մայրս եւ հորաքույրս: Նրանց շնորհիվ իմ «լիտվական ցիկլը» լրացավ: Ծնողներս պարգեւեցին ինձ լիտվական երջանկություն, երբ ես երեխա էի, իսկ շատ տարիներ անց ես ուժերիս ներածին չափով կարողացա վերադարձնել նրանց այդ երջանկության մի մասնիկը: 30 տարի առաջ ինձ հետ զբաղվում էին ծնողներիս ընկերները, իսկ ամռանը նրանց մասին հոգ տարան իմ ընկերները:

Եթե այսպիսի հրաշքները հնարավոր են, թող մի հրաշք էլ օգնի Վիլնյուսի իշխանություններին լուծել Գեդիմինասի աշտարակի բլրի սողանքների խնդիրը: Այն պետք է կանգուն մնա:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին