Կարեն Կարապետյանը եւ մենք - Mediamax.am

Կարեն Կարապետյանը եւ մենք
16448 դիտում

Կարեն Կարապետյանը եւ մենք


Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում շատերի մոտ էյֆորիկ տրամադրություններ առաջացրեց, ինչը որոշ չափով արդարացված էր: Անցավ մի քանի ամիս եւ ավելի հաճախ ենք այսպիսի պնդումներ լսում.

«Կարեն Կարապետյանը սրանցից ոչ մի բանով չի տարբերվում, նույն քրեաօլիգարխիկ համակարգի մասնիկն է»:

«Կարեն Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարելու իրական մտադրություն չունի, եթե ունենար, շատերն արդեն բանտերում կլինեին»:

«Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություններ ունի որոշակի ոլորտներ չմտնելու մասին»:

Պնդումների եւ ենթադրությունների ցանկը կարելի է շարունակել: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ վարչապետը հաճախ ինքն է նման պնդումների առիթ տալիս, երբ իր «ֆիրմային» լակոնիկ պատասխաններով փաստացի խուսափում է կարեւոր շեշտադրումներ անելուց:

Եկենք հիշենք, որ «քաղաքականությունը հնարավորի արվեստ է» ու պատասխանենք մի քանի հարցի.

Կարեն Կարապետյանին հաջողվե՞լ է կառավարություն բերել նոր մարդկանց եւ այնպես անել, որ իր կաբինետը քիչ թե շատ թիմի տպավորություն թողնի:

Կարեն Կարապետյանին հաջողվե՞լ է պետական միջոցներ տնտեսել՝ փակելով մի շարք «կորմուշկաներ»:

Կարեն Կարապետյանին հաջողվե՞լ է մարզպետների, գործարարների, երիտասարդների հետ խոսել հասկանալի ու մարդկային լեզվով ու փորձել այնպես անել, որ իրեն ընկալեն որպես գործընկերոջ եւ ոչ թե սոսկ գոռոզ վերադասի:

Բոլոր այս հարցերին ես պատասխանում եմ՝ այո, ինչը, սակայն, չի նշանակում, որ բավարարված եմ վարչապետի քայլերով:

Ամենամեծ խնդիրն, իմ կարծիքով, այն է, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում քաղաքական գործիչ դառնալ: Հասկանալի է, որ գործարարի եւ տեխնոկրատ կառավարչի կերպարն իրեն ավելի հոգեհարազատ է, բայց վարչապետը պետք է գիտակցի, որ քաղաքական գործիչ չդառնալով՝ չի կարողանա իր նպատակները լիարժեք իրագործել:

Կարեն Կարապետյանն այսօր մի մեծ առավելություն ունի: Պարզ խոսենք՝ իշխող կուսակցությունը եւ նախագահն իր կարիքն ավելի շատ ունեն, քան ինքն՝ իրենցը: Կարծում եմ, վարչապետը պետք է մինչեւ ընտրությունները կապիտալիզացնի այդ առավելությունը, ընդ որում, անի դա հանրային տիրույթում: Մենք չգիտենք, թե որոնք էին հինգ տարի առաջ Երեւանի քաղաքապետի պաշտոնից նրա հրաժարական տալու իրական պատճառները, սակայն ենթադրում ենք, որ խնդիրը որոշակի պայմանավորվածությունների խախտումն էր: Այս սցենարի կրկնությունից խուսափելու համար վարչապետը պետք է հանրային տիրույթում ամրագրի այն առանցքային կետերը, որոնց խախտումը ինքը կհամարի անհամատեղելի իր հետագա աշխատանքի հետ:

Իրականությունն այն է, որ անգամ ՀՀԿ առաջին փոխնախագահ դառնալով, Կարեն Կարապետյանը կուսակցության ներսում մեծ հենարան ձեռք չբերեց: Մեդիայի շրջանում վարչապետը ազդեցության լուրջ լծակներ եւս չունի:

Սակայն Կարեն Կարապետյանն ունի այն, ինչը չունեն շատ այլ քաղաքական գործիչներ՝ մարդկանց զգալի հատվածի վստահությունը: Այն երբեմն զգացական ու իռացիոնալ է, բայց, որքան էլ տարօրինակ հնչի, դա վստահությունը դարձնում է իսկական ու անկեղծ: Իրական քաղաքական եւ մեդիա հենարանների բացակայության պարագայում հասարակությունը դառնում է վարչապետի միակ օրգանական դաշնակիցը:

Պետք է գործեն երկու կողմերը: Վարչապետը պետք է ապացուցի, որ եթե ինչ-որ բան «այնպես չգնաց», ինքը չի թողնի ու հեռանա, ինչպես արեց 5 տարի առաջ՝ շատ-շատերին հիասթափեցնելով: Եթե վստահում ենք վարչապետին, ապա ցանկանում ենք համոզված լինել, որ եթե նա հանդիպի արհեստական խոչընդոտներին, գոնե բարձրաձայն կխոսի դրանց մասին, որպեսզի մենք էլ հասկանանք, թե ինչպես արձագանքենք:

Ի՞նչ պետք է անենք մենք: Կարող եք ինձ մեղադրել իդեալիզմի եւ քաղաքական միամտության մեջ, բայց չպետք է թողնենք, որ վարչապետը հիասթափվի: Պետք է փորձենք յուրաքանչյուրս իր ուժերի չափով աջակցենք Կարեն Կարապետյանին: Դա կարող ենք անել ամենատարբեր ձեւերով՝ լավ գաղափար առաջարկելով, թերությունները մատնացույց անելով, կատարվող սխալների մասին բարձրաձայն, բայց կառուցողական խոսելով:

Իհարկե, ընտրություններից առաջ հայտնվել ենք յուրահատուկ ծուղակում: Եթե ցանկանում ենք, որ Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել, ստացվում է, որ պետք է քվեարկենք ՀՀԿ օգտին: Դժվար է պատկերացնել, թե ինչ գերբնական ջանքեր պետք է գործադրի վարչապետը, որպեսզի համոզի մարդկանց քվեարկել մի ուժի օգտին, որին շատերը մեղադրում են այն վիճակի համար, որից դուրս գալու համար հրավիրել են Կարեն Կարապետյանին: Եվ այստեղ առավել մեծ արժեք է ձեռք բերում այն հարցը, որն արդեն հիշատակել եմ. մարդը, որը սեփական կամքին հակառակ է գնալու եւ Կարեն Կարապետյանի «խաթր» ընտրելու է իշխող կուսակցությանը, պետք է համոզված լինի, որ այնուհետեւ վարչապետը չի թողնի եւ առանց «կռիվ տալու» հեռանա:

Չգիտեմ, արդյո՞ք վարչապետն իրեն պատկերացնում է այն մարդու դերում, որ այս վիճակից մեզ հանելու համար պատրաստ է գնալ որոշակի զոհողությունների: Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանն իր էությամբ «հեղափոխական» չէ եւ որքան էլ ցանկանանք, մենք նրան այդպիսին չենք դարձնի: Խնդիրն այլ է՝ պետք է փորձենք ապացուցել միմյանց, որ իշխանավորն ու հասարակությունը կարող են իսկապես միմյանցից կախված լինել: Եթե դա ստացվի, մեր երկրում բան կփոխվի:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին