Հոդվածաշար ներկա եւ ապագա,
սկսնակ եւ փորձառու ծնողների համար
Նոր տարուն սովորաբար ընդունված է նոր օգտակար սովորություններ ձեւավորել, եւ այս կապակցությամբ առաջարկում եմ ծանոթանալ ներքոնշյալ 6 արտահայտություններին եւ դրանք կիրառել առօրյա կյանքում:
«Ապրես, անմիջապես երեւում է, թե որքան ջանք ես գործադրել»
Երբ երեխաներին գովում ենք, հաճախ կենտրոնանում ենք նրանց խելքի ու հնարամտության վրա` «Ապրես, ինչ սիրուն ես նկարել», «Շատ խելոք ես, կարողացար գտնել գլուխկոտրուկի պատասխանը» եւ այլն: Այնինչ բնածին ընդունակությունները գովելն անօգուտ է, եւ երեխայի մեջ ձեւավորում է սխալ պատկերացում իր հնարավորությունների մասին:
Անհրաժեշտ է երեխայի մեջ աշխատասիրություն եւ ջանասիրություն դաստիարակել: Այդ պատճառով գովելիս պիտի շեշտենք երեխայի թափած ջանքը՝ «Երեւում է, թե ինչքան ես աշխատել այս մասի վրա, գեղեցիկ է ստացվել»: «Տեսնում եմ, թե ինչ համառորեն ես աշխատել/ինչ ջանասիրաբար ես փորձում լուծումներ գտնել» եւ այլն:
Իհարկե, սա կարելի է օգտագործել միմիայն այն դեպքում, երբ երեխան իսկապես ջանք է թափել: Հենց այնպես արված աշխատանքի համար նման արտահայտություններ շռայլելը կունենա հակառակ արդյունք:
Սրանով մենք երեխային սովորեցնում ենք, որ արդյունքի հասնելու համար պետք է ջանասիրաբար աշխատել եւ ձեւավորում ենք նրանց մեջ աշխատասիրություն ու գործի նկատմամբ պատասխանատվության զգացում:
«Ինձ դուր չի գալիս, երբ դու գոռում ես: Փորձիր նույն բանն ասել հանգիստ տոնով»
Երբ երեխան բղավում է, գոռում կամ բարկանում, մենք շատ հաճախ ինքներս էլ ենք սկսում նրա հետ հավասար, եւ երբեմն նույնիսկ ավելի բարձր բղավել ու գոռալ, կամ էլ տեղի ենք տալիս, նեղանում եւ արձագանքում ոչ կառուցողական կերպով:
Երեխաների հուզական ցանկացած արտահայտության ժամանակ մեծահասակը պետք է պահպանի հանգստությունը եւ խոսելով առաջին դեմքից՝ ասի, թե ինչպիսի վարք է ակնկալում երեխայից. «Ես գիտեմ, որ դու նույն բանը կարող ես ասել հանգիստ տոնով, հապա նորից փորձիր», «Ինձ դուր չի գալիս, ինչպես ես ինձ հետ խոսում: Եթե դու բարկացած ես, փորձիր նույն բանը այլ կերպ ասել, վստահ եմ, որ կարող ես», «Երբ հաջորդ անգամ այդպես բարկացած լինես, խնդրում եմ մի պահ առանձնացիր, հաղթահարիր բարկությունդ ու հետո նոր արի ինձ հետ զրուցելու»:
Այսպիսով մենք երեխային սովորեցնում ենք, որ բարկությունը կամ բացասական այլ հույզեր ունենալն ընդունելի է, սակայն կարեւոր է դրանք կառավարելը եւ դիմացինի համար ընդունելի տարբերակով արտահայտելը: Բացի այդ, պահպանելով մեր հանգստությունը՝ օրինակ ենք ծառայում, որպեսզի երեխան էլ սթրեսային իրավիճակներում իրեն այդպես պահի:
«Մի րոպե հանգստանամ/շունչ քաշեմ, հետո նոր զրուցենք»
Երբ բարկության զոհը մենք ենք եւ չենք կարողանում կառավարել մեր հույզերը, ցանկալի է իրավիճակից դուրս գալու համար ընդմիջում անել, խոր շունչ քաշել, 1-2 րոպե սպասել, հետո նոր վերադառնալ երեխայի հետ շփման եզրեր գտնելուն:
«Ինձ համար կարեւոր է, որ մենք միմյանց հետ հարգալից խոսենք: Ու հիմա ես դժվարանում եմ, քանի որ շատ տխրել/բարկացել եմ քո արարքից: Հիմա մի րոպե ինքս ինձ տիրապետեմ ու կշարունակենք»:
«Ինձ թվում է երկուսս էլ հանդարտվելու կարիք ունենք, արի 5 րոպե դադար տանք, խոր շունչ քաշենք ու նորից փորձենք»:
Եթե արդեն գոռգոռացել եք, կարեւոր է իրավիճակից արժանապատվորեն դուրս գալ.
«Ես շատ ցավում եմ, որ բղավել եմ քեզ վրա: Մենք պիտի իրար հետ մարդավարի խոսենք: Փաստորեն, ես ինձ վրա աշխատելու կարիք ունեմ: Համենայն դեպս, դա ոչինչ չի փոխում, ինձ համար կարեւոր է, որ դու հասկանաս, թե ինչու եմ ես բարկացել/տխրել քո արարքից»:
Ավելորդ եմ համարում նշել, որ անհրաժեշտ է իսկապես աշխատել եւ հաջորդ անգամ նման իրավիճակում կառավարել զայրույթը:
Այսպիսով մենք սովորեցնում ենք երեխային, որ այո, մենք էլ մարդ ենք ու կարող ենք սխալվել, սակայն պիտի կարողանանք գիտակցել մեր արարքի սխալ լինելը, պատասխնատվություն կրել մեր ասածների կամ արածների համար եւ աշխատել դրանք շտկելու ուղղությամբ:
Հավատացեք, մի քանի անգամ նման պատասխան տալով՝ մենք էլ այլեւս ցանկություն չենք ունենա երեխաների վրա բղավելու:
«Ես էլ շատ կցանկանայի, որ...»
Մթերային խանութում երեխան կոնֆետ է ուզում, իսկ մենք չգիտենք ինչպես մերժել, արդեն շատ է կերել: Խաղալիքների խանութում նվեր ենք գնում, իսկ նա ուզում է ինչ-որ բան, որ շատ ավելի թանկ է, քան տվյալ պահին մեր բյուջեն: «Թանկ է, չեմ առնի», «Կոնֆետը աղբ է, չեմ առնի»-ի փոխարեն կարող եք երեխային ասել՝ «Ես էլ շատ կցանկանայի, որ այդ խաղալիքը գնելու համար այսօրվա բյուջեն բավարարեր (այո, այո, մի՛ վախեցեք թեկուզ ամենափոքրիկների հետ օգտագործել բյուջե բառը, թող փոքրուց սովորեն): «Ես շատ կցանկանայի, որ դու այսօր արդեն այդքան շատ կոնֆետ կերած չլիներ, որ կարողանայիր հիմա այս մի կոնֆետն էլ ուտել»:
Դրանով, իհարկե մենք երեխայի ցանկությունը չենք բավարարում, եւ միգուցե նրա լացը/կամակորությունը չենք դադարեցնում, բայց ոչ պակաս կարեւոր բան ենք անում՝ ցույց ենք տալիս երեխային, որ մենք հասկացել/ընդունել ենք իր կարիքը/ցանկությունը կամ նախասիրությունը: Ուղղակի դրա իրագործելը տվյալ պահին նպատակահարմար չէ կամ վեր է մեր ուժերից: Դե, իսկ եթե երեխան շարունակում է բացասական վարք ցուցաբերել, արդեն գիտենք ինչպես շարունակել:
«Արի ինձ հետ, կօգնեմ/ցույց կտամ...»
Երեխան վազում է փողոցին շատ մոտ, արգելում ենք: Նկարում է տան պատերին՝ բարկանում ենք: Տանը քնած մարդ կա, իսկ երեխան աղմկում է՝ վրդովվում ենք:
Նման իրավիճակներում կարելի է արձագանքել այլ կերպ՝ օրինակ «Արի՛ ինձ հետ, ցույց տամ, որտեղ է կարելի վազել/նկարել/խաղալ/աղմկել» եւ այլն:
Սրանով մենք ոչ թե սոսկ արգելում ենք, այլ գծում ենք տվյալ գործողությունն անելու կամ չանելու ավելի նուրբ սահմաններ: Երբ երեխային ասում ենք «Մի՛ վազիր», արժեզրկում ենք վազելն առհասարակ, իսկ երբ ցույց ենք տալիս, թե ինչպես, երբ եւ որտեղ վազել, սովորեցնում ենք վազել ապահով պայմաններում: Մի քանի անգամ այսպես վարվելուց հետո ձեր երեխան ինքն արդեն կգա ձեզ մոտ՝ ինչ-որ բան անելու համար խորհուրդ հարցնելու, քանի որ գիտի, որ իրեն ոչ թե արգելելու, այլ ուղղորդելու են՝ թե ինչպես անել, որ արածն ընդունելի լինի:
«Դու դա ԴԵՌ չես կարող անել, շուտով կկարողանաս»
Երեխային խնդրում ենք, որ մեզ համար օրինակ մի կապիկ նկարի, իսկ նա պատասխանում է՝ «Չեմ կարող»: Մաթեմատիկայից խնդիր ենք տալիս, ասում է՝ «Ես դա չեմ կարող լուծել»: Հարց ենք տալիս, իսկ նա՝ «Չգիտեմ»: Անկախ քեզանից ուզում ես ասել՝ «Ոչ, կարող ես, հենց նոր դրանից լուծեցիր/երեկ իրար հետ փորձեցինք, ստացվեց» եւ այլն, քանի որ համոզված ենք, որ նա կարող է, պիտի միայն փորձի կամ մի քիչ մտածի: Սակայն մեր «ՈՉ»-ը իր մեջ երկու թակարդ է պարունակում, նախ՝ մենք գնում ենք բաց առճակատման՝ արհամարհելով երեխայի կարծիքն ու ցույց տալով, որ իրենից լավ գիտենք, թե ինչ կարող է ինքն անել,եւ ինչը՝ ոչ: Երկրորդ՝ պնդում ենք, որ նա սխալ է գնահատում իր կարողության սահմանները: Բայց հերիք է մի փոքր փոփոխենք այս նախադասությունը եւ մենք երեխային նոր հարթության վրա կբարձրացնենք՝ «Դու դա դեռ չես կարող անել, շուտով կկարողանաս»:
ԴԵՌ-ով մենք երեխային ցույց ենք տալիս, որ ընդունել ենք նրա ընտրած սահմանները, բայց դրա հետ մեկտեղ ուղղորդում ենք նրան դեպի զարգացում: «Հիմա չես կարող, շուտով կկարողանաս»-ը մղում է երեխային մեծահասակի հետ մտնել երկխոսության մեջ եւ միասին ելքեր փնտրել:
«Դու դա ԴԵՌ չես կարող անել, միասին աշխատենք, որ կարողանաս»: «Ինչե՞ր ես մինչեւ հիմա փորձել, արի հասկանանք, ինչումն է բանը», «Արի մի քանի անգամ փորձենք, մինչեւ վարժվենք/տեսնենք՝ ինչ է ստացվում»: Այս մոտեցումը ձեւավորում է երեխայի մեջ մի շատ կարեւոր դիրքորոշում՝ եթե ուզածին չի հասել, ուրեմն ԴԵՌ բավարար չափով ջանք չի թափել կամ ԴԵՌ չի գտել ճիշտ ուղին, պիտի միայն շարունակի աշխատել եւ կստացվի:
Մի փոքր ճիգ, մի քանի անգամ կաշկանդվելով ասված խոսքեր եւ այս արտահայտությունները կդառնանան առօրյա խոսելաոճի մաս եւ ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես շատ հարցերում թե՛ ձեր, թե՛ երեխայի վերաբերմունքը կփոխվի դեպի լավը:
Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: