Ինչպես դաստիարակել լսող երեխա - Mediamax.am

Ինչպես դաստիարակել լսող երեխա
36024 դիտում

Ինչպես դաստիարակել լսող երեխա


                                                                                      Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                                             սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Առավոտյան արթնանում եք, պատրաստվում գնալ աշխատանքի, երեխային տանել մանկապարտեզ/դպրոց, իսկ նա հրաժարվում է հագնել զոլավոր վերնաշապիկը/դնել տաք գլխարկ եւ առհասարակ՝ տանից դուրս գալ: Երեխային տանում եք դաշնամուրի դասի, իսկ նա համառորեն հրաժարվում է գնալուց, տնային աշխատանքները չի ցանկանում անել, դաշնամուրին մոտենալիս նույնիսկ ջերմությունը բարձրանում է: Դուք ամեն գնով պայքարում եք ու ստիպում պարապել, չէ՞ որ դաշնամուրի ուսուցչուհին ասել է, որ նա երաժշտական տաղանդ ունի:

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ բախվում ենք երեխայի անհնազանդության այս կամ այն դրսեւորմանը: Այս պայքարում հաճախ չենք կողմնորոշվում՝ ի՞նչ անել՝ տեղի՞ տալ երեխայի ցանկությանը, թե՞ պնդել մեր ասածը: Դրան գումարվում է կյանքի արագընթաց ռիթմը, երբ նույնիսկ ժամանակ չենք ունենում կանգ առնել ու փորձել գտնել օպտիմալ լուծումներ:

Պարզաբանե՛ք ինքներդ ձեզ համար, թե ինչու եք երեխայից պահանջում հնազանդություն

Երբեմն մենք երեխաներին փորձում ենք թելադրել մեր կամքը՝ առանց խորանալու արդյոք դա մե՞զ է պետք, թե՞ երեխային: Երեք գդալ շատ ճաշ ուտել (հանկարծ սովից կմեռնի), չվազել, որ չընկնի (հանկարծ ոտքը կկոտրի), ժամերով տանջվել ջութակից հնչյունները սահուն արտաբերելու համար (երաժշտական կրթություն ունենալը շատ կարեւոր է) կամ ֆինանսավորել երեխային միայն այն դեպքում, եթե նա ընդունվի բժշկական համալսարան, այլ ոչ թե իր նախընտրած գեղարվեստի բաժինը (քանի բժիշկ գիտեք, որ լավ աշխատանք ունի եւ քանի սոված նկարիչ): Այս ամենի հետեւում հաճախ ոչ թե երեխայի կարիքն է ու այն, թե ինչ է նրան իրականում պետք, այլ ծնողի թաքնված շահը՝ հանկարծ հարեւանները չմտածեն, թե մենք վատ ծնող ենք, որովհետեւ երեխան նիհար է, կամ որ հպարտանանք, որ մեր որդին բժիշկ է դառնալու կամ էլ հետ չմնաք շրջապատից, որտեղ բոլորի երեխաներն էլ երաժշտական ինչ-որ գործիքի են տիրապետում: 

Եղե՛ք անկեղծ ինքներդ ձեզ հետ եւ կտեսնեք, որ շատ հարցերում այլեւս կարիք չկա հնազանդություն պահանջել:

Պահպանե՛ք հավասարակշռությունը ձեր եւ երեխայի ցանկությունների միջեւ

Մեր հասարակությունում ընդունված է համարել, որ իդեալական երեխան հնազանդ եւ լսող երեխան է: Սակայն սա ոչ միշտ է արդարացված: Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրինակ 12 տարեկանից բարձր այն երեխաները, որոնք դրսեւորել են անհնազանդություն մեծահասակի իշխանության հանդեպ, հասուն տարիքում ավելի հաջողակ են եւ ավելի շատ են վաստակում: Երեխայի անհնազանդությունը կարող է լինել նրա կամային զարգացած որակների դրսեւորումը: Մեծահասակը, փորձելով երեխային ամեն գնով ենթարկեցնել իր կամքին, ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ (երեխան մեծանում է կամազուրկ եւ դառնում կամակատար): Այս պատճառով հլու հնազանդ երեխա ունենալը ցանկալի չէ: Անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը, որպեսզի ե՛ւ երեխայի կամքն ու ցանկությունը հաշվի առնվի, ե՛ւ երեխան մեծահասակի խոսքին հետեւի՝ առանց մեկը մյուսի կամքին բռնանալու:

Լինում են դեպքեր, երբ երեխան իր կամակորությամբ իրեն է ենթարկեցնում ծնողին, ինչը նույնպես սխալ է:

Սահմանափակե՛ք երեխային հնազանդեցնելու իրավիճակները

Երեխան անվերապահորեն պետք է ենթարկվի մեծահասակին միայն իր անվտանգությանը վերաբերող հարցերում: Այստեղ խոսքը երեխայի կյանքին լուրջ վտանգ ներկայացնող իրավիճակների մասին է՝ օրինակ փողոց անցնելիս, գետում լողալիս եւ այլն: Մնացած իրավիճակներում պիտի լինենք ավելի ճկուն եւ չփորձենք ամեն առիթով երեխային մեր կամքը թելադրել: Թող երեխան հանգիստ վազվզի ու երբեմն էլ ընկնի, չէ՞ որ առանց ընկնելու ոչ ոք վազել չի սովորում: Թող նա հագնի իր նախընտրած վերնաշապիկը, թեկուզեւ, ձեր կարծիքով, դա չի սազում տաբատի հետ: Թող նա չունենա երաժշտական կրթություն, եթե դա ամենօրյա կռվի գնով պիտի լինի: Թե՛ ձեր նյարդերը, թե՛ երեխայի անհոգ մանկությունն ավելի թանկ են, քան թե այն օգուտը, որ նա պիտի ստանա դաշնամուր նվագել սովորելուց: Եղե՛ք ավելի բաց եւ կտեսնեք, որ այն դեպքերը, երբ երեխան իսկապես պետք է հնազանդվի մեծի կամքին, շատ ավելի քիչ են:

Կիրառե՛ք լծակներ, որպեսզի երեխան ձեզ լսի հենց առաջին անգամից

Ամենատարածված սխալը, որ ծնողները թույլ են տալիս չլսող երեխաների հետ՝ հրահանգը մի քանի անգամ կրկնել է, ամեն անգամ ձայնի բարձրացումով՝ վերջում արդեն բղավելով, որպեսզի նա տեղից շարժվի: Եթե հայտնվել եք այսպիսի իրավիճակում, ուրեմն դուք արդեն երեխայի մեջ ձեւավորել եք անցանկալի պայմանական ռեֆլեքս՝ արձագանքել միայն այն ժամանակ, երբ իր վրա գոռում են: Անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, որպեսզի շտապ դուրս գաք այդ փակ շղթայից եւ հասնեք ձեր ուզածին խաղաղ պայմաններում: Դրա համար պիտի հիշեք ամենակարեւորը, առանց որի անհնար է՝ հրահանգը կրկնել միայն մեկ անգամ, այն էլ՝ սիրալիր տոնով:

Օրինակ՝ դուք մտել եք տուն եւ ցանկանում եք, որ երեխան հանի կոշիկները: Դուք նրան պետք է դա ասեք միայն մեկ անգամ: Ձեր ասածն ավելի մեծ ազդեցություն կունենա, եթե խոսեք՝ նայելով երեխայի աչքերի մեջ, այլ ոչ թե հեռվից բղավելով: Առանց այս քայլի, շատ դժվար է երեխային ինչ-որ բան տեղ հասցնել, քանի որ նա տարված է իր մտքերով, եւ որպեսզի առաջին անգամից գրավեք նրա ուշադրությունը, գոնե պիտի լինեք նրա տեսադաշտում:

Եթե նայում եք երեխային, ինչ-որ բան ասում, իսկ նա ձեր ասածը չի անում, անհրաժեշտ է անցնել երկրորդ քայլին՝ առանց կրկնելու այն, ինչ ասել եք, անցնել գործողության: Կոշիկների դեպքում, դա կարող է լինել օրինակ, որ ինքներդ մոտենաք եւ հանեք երեխայի կոշիկները ձեր կատարած գործողությունը բարձրաձայնելով՝ «հիմա հանում ենք կոշիկները»: Եվ այսպես ամեն անգամ, բոլոր նմանատիպ իրավիճակներում:

Երբ երեխան հրաժարվում է ինչ-որ բան անել առաջին անգամից, հաջորդ քայլը պիտի լինի որեւէ լծակ կիրառելը՝ որպեսզի նա կատարի ցանկալի գործողությունն անմիջապես:

Ի՞նչ ենք հասկանում լծակ ասելով՝ ցանկացած գործողություն, որի արդյունքում երեխան կատարում է ձեր հրահանգը: Մի փոքր հնարամտություն եւ դուք կհասնեք ձեր ուզածին: Կամ օրինակ, կարող եք համառորեն կանգնել երեխայի կողքը եւ սպասել, մինչեւ նա տեղից շարժվի (բնականաբար երեխան էլ է այդ ընթացքում կանգնում եւ ոչինչ չի անում):

Ցանկալի չէ պատիժը կամ սպառնալիքը որպես լծակ կիրառելը: Պատիժը ենթադրում է ծանր հանցանք, իսկ սպառնալիքը շատ հաճախ չենք իրականացնում, եւ նույնիսկ եթե պատրաստ ենք այն կիրառել, միեւնույնն է՝ իրավիճակին հաղորդում է բացասական երանգ:

Միշտ պետք է պահպանել հանդարտությունը եւ վստահ լինել, որ երեխան կանի այն, ինչ իրեն ասում եք:

Եթե այնպիսի իրավիճակում եք, որ կամ դուք եք շատ զբաղված եւ չեք կարող անհնազանդության դեպքում խոսքից անցնել գործողության, կամ էլ երեխան է շատ զբաղված եւ տարված, ուրեմն ավելի լավ է ոչինչ էլ չասեք: Սպասե՛ք մինչեւ դուք ազատ ժամանակ կունենաք, կամ էլ երբ երեխան կավարտի այն, ինչ որ անում էր: Այսպիսով, դուք կխուսափեք երեխայի մոտ անցանկալի պայմանական ռեֆլեքս ձեւավորվելուց՝ չենթարկվել հրահանգին:

Եվ այսպես, ամփոփենք՝ եթե օրվա ընթացքում ձեր կամքն ամեն հարցում չթելադրեք երեխային, տաք նրան ազատություն, կիրառեք մեծահասակ լինելու ձեր խաղաթուղթը սահմանափակ քանակությամբ, կրկնեք հրահանգը միայն մեկ անգամ եւ հետեւեք դրա անմիջապես կատարմանը, ձեր երեխան կլինի միաժամանակ թե լսող, եւ թե ուժեղ կամային հատկություններում օժտված:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին