Ճշմարտությունը Ղարաբաղի մասին - Mediamax.am

Ճշմարտությունը Ղարաբաղի մասին
4865 դիտում

Ճշմարտությունը Ղարաբաղի մասին


ՄԻԱԿ կուսակցության կողմից նախաձեռնված քարոզարշավը` Լեռնային Ղարաբաղի մասին եւ ԼՂ հակամարտության վերաբերյալ փաստերի տարածման  հետ կապված, կարող է պայմանավորված լինել կուսակցության ներհայաստանյան քաղաքական նկատառումներով: Ես եւս կհամաձայնեմ այն կարծիքներին, որոնց համաձայն քարոզարշավի պետք է կենտրոնանար առավել թիրախային կերպով ընտրված հասցեների վրա, քան տպավորեր մեծ թվերով: Բայց այսօր ինձ մի մարդ զանգեց Եվրոպական խորհրդարանից եւ խնդրեց ավելի շատ տեղեկատվություն տրամադրել այս նախաձեռնության մասին եւ ստուգել որոշ փաստեր փաստաթղթում, որը հասանելի է այստեղ. http://www.karabakh-truth.com/pdf/NK_Short_Version.pdf

Իմ PR-սիրտը հուշում է, որ այս արշավի տեղեկատվական ռազմավարությունը կշահի որոշակի կատարելագործումից, սակայն նույնիսկ այդ դեպքում այս գործընթացը ավելի մարդկային եւ խանդավառ տեսք ունի, քան անթերի ամերիկյան ոճի քարոզարշավները: Ինչ վերաբերում է բովանդակային մասին, քննադատության առարկա գրեթե չկա: Սրանից ելնելով է, որ իմ քաղաքական սիրտն ասում է, որ այսպիսի նախաձեռնությունները խիստ կարեւոր են միջազգային հանրության համար: Աշխարհի ամենատարբեր ծայրերում բնակվող մարդիկ քիչ են տեղեկացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, այդ թվում` նրանք, ովքեր զբաղվում են Հարավային Կովկասին վերաբերող խնդիրներով: Լավագույն դեպքում մարդիկ ունեն տարօրինակ խճանկարային պատկերացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը ձեւավորվել է միջազգային ԶԼՄ-ներից ստացված տեղեկատվությունից եւ ադրբեջանական քարոզչությունից: Մի քանի ամիսը մեկ անգամ Եվրոպական կամ ազգային խորհրդարանի որեւէ անդամ հյուրընկալում է պատերազմի զոհերի ոգեկոչմանը նվիրված որեւէ միջոցառում: Հիմնականում բարի մտադրություններից ելնելով, նրանք երբեմն չեն էլ կասկածում, որ վերածվում են քարոզչական գործիքի: Մեկ օր անց ադրբեջանական մամուլը սովորաբար գրում է. “Եվրոպական Խորհրդարանը հարգեց Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը”:

Անկախ նրանից, ձեզ համար ընդունելի է կուսակցական քաղաքականությունը, թե ոչ, Լեռնային Ղարաբաղի մասին գիտելիքների կարիքը կա ողջ աշխարհում: Մարդիկ տեղյակ չեն Սումգայիթում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ տարածքներում տեղի ունեցած հակահայկական ջարդերի մասին: Նրանք հաճախ հավատում են նրան, որ հայկական տանկերը ներխուժել են խաղաղ ադրբեջանական տարածքներ դրանք զավթելու մտադրությամբ, այլ ոչ թե ադրբեջանական «Օղակ» օպերացիային հակահարված տալու եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը փրկելու համար: Նրանք նույնիսկ չգիտեն, որ Լեռնային Ղարաբաղը` միջազգային իրավունքի խախտմամբ, տրվել է Ադրբեջանին Ստալինի կողմից: Համանման պատկերացումներ են ձեւավորվել նաեւ վերջին զարգացումների հետ կապված: Շատերի համար զարմանալի է թվում այն փաստը, որ Հայաստանն ընդունում է ԵԱՀԿ Մադրիդյան սկզբունքները որպես միասնական փաթեթ, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է բարձրաձայնել, որ երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղում իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացմանը, որը վերջնական կարգավիճակ կսահմանի ԼՂ-ի համար: Միայն մի քանի փորձագետներ են նկատել, որ առաջին գծից դիպուկահարներին հեռացնելու եւ միջազգային դիտորդներ տեղակայելու շարունակական փորձերը արժանանում են միայն հայկական կողմի հավանությանը, իսկ Ադրբեջան-ը դրանք կոպտորեն մերժում է: 

Թեմայի ճիշտ ներկայացման համար Հայաստանը ունի բազմաթիվ խոսնակներ: Մենք կարիքն ունենք առավել փաստարկված, նպատակաուղղված եւ խիզախ նախաձեռնություն¬ների, որոնք կներկայացնեն ԼՂ-ի իրական պատմությունը:

Մայքլ Քարբեկը “Հայաստանի եվրոպական ընկերներ” կազմակերպության գլխավոր քարտուղարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Էրդողանի հիստերիան

Ծնունդդ շնորհավոր, Հայաստան
Մեր ընտրանին