Հոդվածաշար ներկա եւ ապագա,
սկսնակ եւ փորձառու ծնողների համար
Ինչպես խոստացել էի նախորդ անգամ, այս հոդվածում կանդրադառնամ խաղալիքներին:
Բայց մինչեւ բուն թեմային անցնելը, կխնդրեի ծնող ընթերցողներին մի պահ ընդհատել կարդալը եւ կատարել մինի թեստ՝ հաշվեք, թե ձեր երեխան քանի խաղալիք ունի եւ ձեր ստացած թիվը թողեք մեկնաբանություններում:
Մենք ապրում ենք սպառողական հասարակությունում՝ ավելի ու ավելի շատ երեխաներ ավելի ու ավելի շատ խաղալիքներ ունեն, եւ տարեցտարի դրանց թիվն ավելանում է: Շատ ծնողներ իրենց պարտքն են համարում կատարել երեխաների ակնթարթային ցանկություններն ու նվիրական երազանքները եւ, երբեմն նույնիսկ զոհողությունների ու զիջումների գնալով, նրանք իրենց երեխաների համար գնում են ավելի նորը, ավելի լավը, ավելի թանկը՝ չպատկերացնելով անգամ, թե դրանով որքան վնաս են հասցնում իրենց երեխաներին:
Այսօր ամբողջ աշխարհն է վարակված այս երեւույթով: Հոգեբաններից սկսած մինչեւ մանկավարժ եւ կրթության ոլորտի տարբեր մասնագետներ ահազանգում եւ կոչ են անում ծնողներին հրաժարվել այս արատից: Հետազոտությունը հետազոտության հետեւից ցույց է տալիս, որ շատ խաղալիքներ ունենալը վնասակար է երեխաների առողջ հոգեբանական զարգացման համար: Այն հանգեցնում է մի շարք բացասական հետեւանքների՝ ուշադրության խնդիրներ, հիպերակտիվություն, ուսման մեջ դժվարություններ, հարաբերությունների դեգրադացիա, էգոիզմ, նյութապաշտության՝ այս ցուցակն անվերջ կարելի է շարունակել: Որքան շատ են խաղալիքները, այնքան շատ են կռիվները քույրերի եւ եղբայրների միջեւ, երեխաներն ավելի քիչ են խաղում խաղալիքներով, լինում են ավելի նյարդային ու չբավարարված:
Սահմանափակեք խաղալիքների քանակը եւ առաջնորդվեք որքան քիչ, այնքան լավ սկզբունքով
Այժմ երեխաներն ունեն ռեկորդային քանակությամբ խաղալիքներ, օրինակ՝ Անգլիայում՝ միջինում 238, որոնցից հիմնականում 12-ով են խաղում: Պարզվում է՝ ձեռքի տակ սակավաթիվ խաղալիքներ ունենալը բերում է մի շարք դրական ազդեցությունների՝
• զարգացնում է երեխայի ստեղծագործական մտածողությունը եւ հնարամտությունը,
• բարելավում է սոցիալական հմտությունները, նվազեցնում երեխաների վեճերը,
• նվազեցնում է էգոիստական վարքի դրսեւորումները,
• դաստիարակում է պատասխանատվության զգացում եւ հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ,
• խթանում է ուսումնասիրելու, գիրք կարդալու, գրելու եւ արվեստի նկատմամբ սերը,
• սովորեցնում է հաստատակամություն, հանդուրժողականություն,
• երեխաները չեն կենտրոնանում նյութական արժեքների վրա,
• վերջիվերջո ունենում ենք եւս մեկ գործնական առավելություն՝ ավելի կոկիկ տուն:
Կոնկրետ քանակություն նշել դժվար է, սակայն ընդունված է նախադպրոցական տարիքում մոտ 2 տասնյակով սահմանափակվելը: Սա նշանակում է, որ երեխայի ձեռքի տակ ցանկացած պահի հասանելի տիկնիկների, գնդակների, ավտոմեքենաների, փափուկ եւ այլ խաղալիքների ընդհանուր թիվը պետք է լինի մոտ 20 (80-կտորանի լեգո հավաքածուն համարում ենք 1 խաղալիք): Այս ցուցակի մեջ պետք չի հաշվել սեղանի խաղերը, փազլները եւ այլ՝ 1-ից ավելի խաղացող պահանջող խաղերը, սակայն եթե դրանցից էլ շատ ունեք, ցանկալի է պահել երեխայի հասանելիությունից հեռու եւ տալ խաղալու այն ժամանակ, երբ երեխան ինքն է խնդրում կամ տարբեր առիթներով՝ օրինակ, երբ ձեր տուն երեխաներ են հյուր եկել:
Այնպես որ, եթե դուք 20-ից ավելի խաղալիք էիք հաշվել, մտածելու եւ գործելու ժամանակն է:
Նվիրաբերեք եւ հերթափոխեք խաղալիքները
Իսկ ի՞նչ անել արդեն առկա եւ անընդհատ ավելացող խաղալիքների հետ: Երկու բան՝ նվիրաբերել եւ հերթափոխել: Ես նստած համակարգչի առջեւ հոդված եմ գրում, դուք կարդում եք, իսկ հեռավոր գյուղերում երեխաները երազում են մի փոքրիկ փափուկ արջուկի մասին: Առանձնացրեք ձեր խաղալիքներից այնպիսինները, որոնք ձեզ արդեն պետք չեն կամ կրկնվում են, եւ ձեր երեխայի հետ միասին նվիրաբերեք դրանք կարիքավոր ընտանիքներին:
Ընտրեք մոտ 2 տասնյակը, որոնցով ձեր երեխան առավել շատ է սիրում խաղալ եւ մնացածները պահեք երեխայի աչքից ու հասանելիությունից հեռու: Ամիսը մեկ կամ 2 ամիսը մեկ հերթափոխեք խաղալիքները՝ նրանք, որոնք օգտագործում էիք, պահեք, իսկ պահեստից հանեք հաջորդ 2 տասնյակը: Այսպիսով, դուք կունենաք մշտապես նոր խաղալիքներ եւ միաժամանակ ձեր երեխային ավելորդ չեք ծանրաբեռնի: Կախված տարիքից եւ առանձնահատկություններից՝ կարող եք այս գործընթացի մեջ ներգրավել նաեւ երեխային:
Զգուշացրեք ձեր մտերիմներին եւ ընկերներին ձեր որդեգրած սկզբունքների մասին եւ խնդրեք, որպեսզի խաղալիքների փոխարեն նրանք ձեզ այլընտրանքային նվերներ տան (այստեղ կարող եք ծանոթանալ հետաքրքիր մտահաղացումների):
Խանութներում խաղալիքների այնպիսի առատություն է, որ մեծահասակներն էլ են երբեմն դժվարանում ընտրություն կատարել: Իսկ թե ինչպիսի խաղալիքներ է ցանկալի օգտագործել, ներկայացնենք ստորեւ:
Ընտրեք պարզ, որակյալ, բաց նշանակություն ունեցող խաղալիքներ
Խաղալիքը սոսկ ժամանցի առարկա չէ: Խաղալիքները երեխաներին տալիս են կարեւոր գիտելիքներ շրջակա աշխարհի մասին, փոխանցում են արժեհամակարգ:
Ամբողջ աշխարհում շատ տարածված է դարձել «զարգացնող խաղալիքներ» բառակապակցությունը, սակայն սա նույն է, թե ասել՝ ժամանակ ցույց տվող ժամացույց: Ցանկացած խաղալիք զարգացնում է: Ավելին, ցանկացած իր, որ օգտագործվում է որպես խաղալիք, նույնպես զարգացնում է: Զգոն եղեք մարկետինգային հնարքներից, երբ ձեզ ուզում են վաճառել բազմաձայն կամ բազմերանգ զարգացնող խաղալիք: Շատ ավելի կարեւոր է, թե ինչ կարող է ձեր երեխան անել խաղալիքի հետ, քան թե այն, թե ինչ կարող է անել խաղալիքը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան բազմազան ֆունկցիաներ ունեն խաղալիքները (երգել, խոսել, շարժվել, ձայներ հանել եւ այլն), այնքան ավելի քիչ են դրանք զարգացնում, քանի որ երեխան նման խաղալիքներ օգտագործելիս հիմնականում գտնվում է պասիվ դերում:
Առաջնահերթությունը տվեք բաց նշանակություն ունեցողներին՝ խորանարդիկներ, լեգո, ձողիկներ, թասեր, իրար մեջ շարվող ամաններ եւ այլն: Սահմանափակ օգտագործման հնարավորություններ ունեցող խաղալիքները չեն խթանում երեխայի երեւակայությունը եւ հետեւաբար ցանկալի չեն: Բժշկի շորեր հագած Բարբի տիկնիկը կարող է լինել միայն բժիշկ Բարբի տիկնիկ, իսկ դատարկ արկղը կարող է դառնալ տնակ, նավակ, հրթիռ, կորած գառնուկի ապաստարան, մտքովդ ինչ անցնի` երեւակայութանը սահման չկա:
Ընտրեք որակյալ իրեր` պատրաստված բնական հումքից: Խուսափեք պլատիկ եւ ճչացող գույներով խաղալիքներից:
Եվ վերջում մի հիշեցում՝
Փոքրուց՝ (սկսած 1-2 տարեկանից) սովորեցրեք երեխաներին խաղալիքները հավաքել եւ դասավորել իրենց տեղերում:
Բացի հետեւողական եւ կազմակերպված լինելուց`այս գործընթացը զարգացնում է մի շատ կարեւոր հմտություն՝ դասակարգել:
Հ.Գ. Տնային հանձնարարություն ծնողների համար
Արձակուրդն անցկացրեք առանց խաղալիքների եւ պլանշետների: Սա վերաբերում է նաեւ մեծահասակներին՝ ոչ մի համակարգիչ եւ հեռախոս:
Տնային հանձնարարություն առավել համարձակ ծնողների համար՝
Տարին մեկ անգամ 2-4 շաբաթ հայտարարեք խաղալիքներից ազատ շրջան՝ պահեք երեխայի բոլոր խաղալիքները եւ տրամադրեք նրան ձեռքի տակ եղած տարբեր կենցաղային իրեր խաղալու համար: 2 շաբաթից ավելի կարճ ընթացքն արդյունավետ չէ, քանի որ ժամանակ է պետք, որ երեխան հարմարվի եւ ընտելանա նոր իրավիճակին: Նպաստավոր շրջան է ամառը (ցրտադիմացկուն երեխաների համար նաեւ ձմեռը, հատկապես, երբ շատ ձյուն կա)՝ բնության գրկում, երբ ազատ կարելի է բացօթյա խաղեր խաղալ: Երեխաներին թույլատրեք օգտագործել տարբեր նյութեր, տվեք նրանց տարիքին համապատասխան գործիքներ եւ զինվեք համբերությամբ: Արդյունքից գոհ կլինեն ոչ միայն ձեր երեխաները, այլեւ դուք:
Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: