Երբ եւ ինչպես երեխաներին սովորեցնել օտար լեզուներ - Mediamax.am

Երբ եւ ինչպես երեխաներին սովորեցնել օտար լեզուներ
7372 դիտում

Երբ եւ ինչպես երեխաներին սովորեցնել օտար լեզուներ


                                                           Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                   սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Սիրելի ընթերցող, այս անգամ որոշեցի անդրադառնալ երեխաներին օտար լեզուներ (ՕԼ) սովորեցնելուն: Մեզանում, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ շատուշատ երկրներում, այդ թվում՝ զարգացած «եվրոպաներում», հասարակության շրջանում տարածված կարծիք կա՝ որքան շուտ սկսել ՕԼ ուսուցումը, այնքան լավ: Արդյոք այս տեսակետը համապատասխանո՞ւմ է իրականությանը (եւ եթե այո, ապա որքանո՞վ, եթե ոչ՝ ապա ե՞րբ է ավելի արդյունավետ), որո՞նք են երեխաներին արդյունավետ սովորեցնելու սկզբունքները –  կարծում եմ՝ այս հարցերի պատասխանը կհետաքրքրի ոչ միայն ծնողներին, այլեւ ուսուցիչներին, հոգեբաններին, լեզվաբաններին, քաղաքական գործիչներին եւ այլն: Փորձենք:

Ուսուցումը սկսեք դպրոցական տարիքում

Ո՞ր տարիքից երեխային սովորեցնել մայրենիից բացի այլ լեզու: Այս հարցին շատ դժվար է միանշանակ պատասխան տալը, քանի որ գիտական աշխարհում կարծիքները բաժանվում են երկու մասի՝ մի մասը պնդում է, որքան շուտ, այնքան լավ, իսկ մյուս մասը կարծում է, որ ավելի մեծ տարիքում՝ 11-13 տարեկանում, երկրորդ լեզու սովորածները, եթե ոչ ավելի շատ առավելություն ունեն, ապա ոչնչով չեն զիջում իրենցից փոքրերին: Շուտ սկսելուն կողմ արտահայտվողները հիմնականում  տեսաբաններն են, իսկ դեմ արտահայտվողները՝ հետազոտողները:

Լեզու սովորելը բավական բարդ գործընթաց է, եւ այն ներառում է ոչ միայն տվյալ լեզվով սեփական մտքերը հասկանալի դարձնելը (ինչը շատ հաճախ կարող է թվալ, որ երեխաների մոտ լավ է ստացվում), այլ նաեւ քերականական, շարահյուսական, ուղղագրական, կառուցվածքային, ֆոնետիկ եւ բազում այլ տարրեր: Որպեսզի պնդենք, որ օրինակ՝ 3 տարեկանից մանկապարտեզում կամ քոլեջում անգլերեն լեզու անցած երեխան 21 տարեկանում ավելի լավ անգլերեն խոսել կիմանա, քան նա, ով սկսել է 7 տարեկանից, պետք է համեմատենք լեզվի բոլոր ֆունկցիոնալ բաղադրիչները, հակառակ դեպքում՝ մեր պնդումը կլինի սխալ եւ անհիմն:

Կարծում եմ՝ կարիք չկա հերթով անդրադառնալու տարբեր երկրներում արված հետազոտություններին, միայն ամփոփելով նշեմ, որ դպրոցահասակ (հատկապես 12 տարեկան) տարիքում ՕԼ սովորելը հիմնական պարամետրերով ավելի արդյունավետ է, քան որեւէ այլ տարիքում: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ հնարավոր է վաղ տարիքում ՕԼ սովորելու միակ առավելությունը տվյալ լեզվակրին համարժեք արտասանություն ունենալն է: Այս բացահայտումը սակայն վերջնական չէ, քանի որ մի շարք այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ հասուն տարիքում, կախված հանգամանքներից, մեթոդներից եւ ուսման առանձնահատկություններից, նույնպես հնարավոր է հասնել կատարյալ արտասանության:

Ձեզ համար հստակեցրեք ՕԼ սովորելու դրդապատճառները

Ինչո՞ւ է երեխան սովորում երկրորդ լեզու (կամ որպես մայրենի կամ որպես օտար լեզու): Այս հարցի պատասխանը շատ դեպքերում հստակ չի լինում ոչ միայն երեխային, այլ նույնիսկ ծնողներին:

Կան դեպքեր, երբ լեզուն սովորելու անհրաժեշտությունն ակնհայտ է՝

ա. Երբ ծնողները տարբեր ազգերից են, օրինակ՝ հայրը հայ է, մայրը՝ ռուս, եւ ամեն ծնող (ու համապատասխանաբար նրա կողմի բարեկամները) երեխայի հետ խոսում է իր մայրենի լեզվով:

բ. Երբ երեխան մեծանում է այլ երկրում - երեխայի ծնողները հայ են եւ տեղափոխվում են Ռուսաստան: Լինի դա բակ, մանկապարտեզ, թե դպրոց, նա սովորում է ռուսերենը այդ միջավայրում իր հասակակիցների եւ մեծահասակների հետ շփվելու համար:

գ. Պարտադիր ուսուցում  - ամեն պետություն ունի իր սահմանած ժամկետներն օտար լեզուներ անցնելու համար: Օրինակ մեզ մոտ՝ Հայաստանում, պետությունը պարտադրում է այն հանրակրթական բոլոր դպրոցներին: Իսկ ԱՄՆ-ի որոշ նահանգներում աշակերտները կարող են ստանալ միջնակարգ կրթության դիպլոմ՝ առանց երկրորդ լեզու ուսանելու:

Եթե բացառենք վերը նշված դեպքերը, շատ հաճախ ծնողներն իրենց երեխաներին նախադպրոցական տարիքում երկրորդ (ավելի ծանր դեպքերում՝ նույնիսկ 3-րդ, 4-րդ) լեզու սովորեցնում են ոչ թե որ դա երեխային է պետք, այլ հենց իրենց՝ ծնողին: Սա կարող է լինել ծնողի թերարժեքության բարդույթի արտահայտություն՝ կամ ժամանակին ծնողը ինքը չի սովորել/ լավ չի սովորել / խոսել է ակցենտով, եւ հիմա ցանկանում է, որ իր երեխան այդ առումով չտուժի, կամ դրանով ցանկանում է ապացուցել, որ ինքը հոգատար ծնող է կամ ցանկանում է մյուսների առաջ պարծենալ, թե ինչպես է իր 3 տարեկան փոքրիկը ճապոներեն մինչեւ տասը հաշվում եւ այլն: Բազում այլ պատճառներ, որոնք գոհացնում են մեծերի էգոն եւ հաշվի չեն առնում փոքրիկի շահերը:

Այս պատճառով հստակեցրեք ձեր դրդապատճառները եւ համոզված եղեք, որ դա երեխայի օգտի համար է:

Մոտիվացրեք երեխաներին սովորել ՕԼ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ արդյունավետ ուսուցման համար պարտադիր պայման է ներքին մոտիվացիա ունենալը: Քանի որ գիտակցված մոտիվացիան ձեւավորվում է ավելի հասուն տարիքի երեխաների մոտ, պարզ է դառնում, թե ինչու է հատկապես այս տարիքում ՕԼ սովորելը ավելի արդյունավետ դառնում:

Ոչ միշտ է դպրոցին հաջողվում երեխաների մոտ դաստիարակել սեր կամ հետաքրքրություն ՕԼ նկատմամբ: Դուք կարող եք լրացնել այդ բացը ձեր երեխայի համար տարբեր «մոտիվատորներ» գտնելով: Օրինակ, եթե ձեր երեխան սիրում է ֆուտբոլ եւ Դեյվիդ Բեքհեմի երկրպագու է, դուք կարող եք նրա հետ միասին դիտել անգլերեն լեզվով հարցազրույցներ: Կարող եք միասին փնտրել, թե որ փոստային հասցեով են երկրպագուները նրան նամակներ ուղարկում եւ նամակ գրել: Առաջնորդվեք ձեր երեխաների նախասիրություններով: Եթե ձեր երեխան սիրում է դինոզավրեր՝ նվիրեք նրան գիրք դինոզավրերի մասին անգլերենով եւ այլն:

Երեխաների համար ստեղծեք բնականին մոտ միջավայր

Մեզանում (եւ մեկ անգամ եւս՝ ոչ միայն մեզանում) մեծ տարածում ունեն երեխաների համար օտար լեզուներ սովորեցնելու վիդեոները (օրինակ՝ Baby Einstein): Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նմանատիպ վիդեո եւ աուդիո նյութերն արդյունավետ չեն: Կարեւորը կենդանի խոսքն է:

Ի դեպ, նույնը վերաբերում է երեխայի մայրենի լեզվին: Երբեմն տեսնում ես ծնողների, որոնք իրենց նորածին երեխայի համար մուլտֆիլմ են ցուցադրում՝ պատճառաբանելով, որ նրանք այդպես խոսել են սովորում: Սակայն դա նույնն է, թե նորածնին վիդեոներ նայելով քայլել սովորեցնել: Նորածինները բնածին հակված են ուշադրություն դարձնել մարդկային դեմքերին եւ խոսքի ընկալումը նրանց մոտ տեղի է ունենում ոչ միայն լսողական, այլեւ տեսողական պատկերների միջոցով՝ դեմքի արտահայտություն, բերանի շարժումներ եւ այլն:

Հնարավորության դեպքում ընտրեք այնպիսի ուսուցիչ, որը կամ լեզվակիր է կամ ունի լեզվակրին մոտ մակարդակ: Աշխատեք, որպեսզի ձեր երեխան շատ շփվի տվյալ լեզվակիրների հետ: Օրինակ, եթե ձեր երեխան սովորում է անգլերեն, կարեւորը ոչ միայն անգլերենով շփումն է այլ երեխաների հետ, որոնք նույնպես անգլերեն են սովորում, այլ հատկապես շփումը այնպիսի մարդկանց հետ, որոնց համար այն մայրենի լեզու է:

Եվ վերջում, համեմատության համար ներկայացնեմ մի աղյուսակ, որտեղ կարող եք տեսնել, թե տարբեր երկրների դպրոցներում, որ տարիքից սկսած են աշակերտները անցնում ՕԼ:



Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին