Վստահության պակասի ու անվտանգության ավելցուկի մասին - Mediamax.am

Վստահության պակասի ու անվտանգության ավելցուկի մասին
18003 դիտում

Վստահության պակասի ու անվտանգության ավելցուկի մասին


    Բարի գալուստ, կամ վերաբնակի գրառումները. մաս 3-րդ. Մոսկվա-Երեւան՝ առանց տրանզիտի

Մի կարդացեք այս սյունակը, եթե կարծում եք, որ «բոլոր կարգին մարդիկ գնացել են Հայաստանից», որ այստեղ հնարավոր չէ ապրել, էլ չասած բիզնես սկսելու մասին:

Ապրելով օտար երկրում եւ զբաղվելով սեփական ստարտափով՝ ես ապահովված եմ ծանոթությունների լայն շրջանակով՝ սկսած հարեւաններից ու շենքի պահակներից, որոնք շատ հուզիչ կերպով հոգ են տանում իմ մասին, վերջացրած տարբեր մակարդակի պաշտոնյաներով, որոնք միշտ պատրաստ են օգնել ռուսաստանցի գործարարներին:

Հաճելիորեն զարմացնում է զրուցակիցների կրթության մակարդակը, մտահորիզոնն ու հանրագիտարանային գիտելիքները: Հատկապես ինձ դուր են գալիս հայրենադարձները, որոնք լքել են Հայաստանը 15-20 տարի առաջ եւ այժմ վերադարձել են հայրենիք՝ բիզնես ծավալելու համար: Նրանք հավատում են, որ իրենց երկրին լուսավոր ապագա է սպասում, պարզապես դրա համար պետք է շատ աշխատել, այլ ոչ թե բողոքել: Չի եղել եւ ոչ մի դեպք, որ ինձ մերժեն օգնություն կամ խորհուրդ տրամադրելու հարցում, ընդհակառակը՝ օգնությունը րոպե առաջ է հասնում:

Ինչպես ասում է իմ ծանոթներից մեկը, «Հայաստանի մեծ առավելությունն ու միաժամանակ թերությունը բոլորի մշտական ցանկությունն է տեղյակ լինել քո գործերից ու մտքերից եւ առատորեն կիսվել սեփականներով, նույնիսկ երբ իրենց չեն հարցնում»:

Դրա վառ ապացույցն են օդանավային ծանոթությունները: Ինձ միշտ հանդիպում են Ռուսաստանի հայեր, որոնք վաղուց լքել են Հայաստանը եւ տարին մեկ հայրենիք են այցելում՝ հերթական հարազատի հարսանիքին մասնակցելու համար: Հերիք է միացնես նոութբուքդ, միանգամից զգում ես, որ հարեւանդ քո հետ հավասար խորացել է էկրանին բացված փաստաթղթերի ուսումնասիրության մեջ: Նման պայմաններում փոքր-ինչ տարօրինակ է պլանավորմամբ զբաղվել, եւ ստիպված ես լինում փակել նոութբուքը: Հենց դրան էր, կարծես, սպասում հարեւանդ, որ սկսի տալ իր հարցերը: 

Սկիզբը միշտ նույնն է:

- Ինչո՞վ եք Հայաստանում զբաղվում: Աշխատո՞ւմ եք:
- Այո:
- Իսկ ի՞նչ եք անում:
- Արտադրություն ունենք:
- Հայե՞ր են տերերը:
- Ոչ, ռուս են:
- Ի՞նչ ռուսներ են: Այսինքն, ո՞վ է տերը:
- Ես:

Սովորաբար, այդ պահին զրուցակցի դեմքը փոխվում է: Այնուհետեւ պետք է պատրաստ լինել տարբեր ենթադրությունների՝ հարկերից խուսափելու, դրամ «լվանալու», արատավոր կապերի մասին: Հաճախ ստիպված ես լինում լսել, որ առանց հայերենի իմացության հնարավոր չի լինի հարկայինի հետ լեզու գտնել, կամ տարբեր տեսություններ՝ մրցակիցների մասին, մոտավորապես «ես Ֆեյսբուքում կարդացել եմ…», կամ էլ այլ՝ խիստ լավատեսական կանխատեսումներ:

Ինձ ամեն անգամ զարմացնում է, թե ինչպես են իմ զրուցակիցները հրաժարվում հայրենիքից, ասելով, որ այստեղ հնարավոր չէ ապրել, որ ամեն մեկը ձգտում է քեզ խաբել, եւ պետք է շտապ հեռանալ այստեղից: Տրամաբանական հարցին, թե նրանք պատրա՞ստ են օգնել պետության զարգացմանը, հետեւում են մի շարք նախապայմաններ, որոնց թվում են երաշխիքները, արտոնությունները, ինչպես նաեւ պետության կողմից օդանավի իմ հերթական հարեւանի առաջարկած քաղաքական ուղեգծի որդեգրումը: 

Մի երկու անգամ ինձ պատահել են նախաթոշակային տարիքի ամերիկահայեր: Ամերիկացիներին բնորոշ, թեկուզ եւ փոքր-ինչ արհեստական "oh my god!"-ով նրանք ինձ հարց ու փորձ էին անում իմ ստարտափի մասին, սակայն չէին վախեցնում հայկական սարսափներով: Կանադահայ մի զույգ այնքան էր ոգեւորվել իմ մեղրային պատմությամբ, որ նույնիսկ եկել էր մեր արտադրությունը տեսնելու: Նրանք, չգիտես ինչու, չեն կարծում, որ այստեղ հնարավոր չէ ապրել, եւ դիտարկում են առաջիկայում հայրենիք տեղափոխվելու հնարավորությունը:

Ընդհանրապես, 3-ժամյա թռիչքի ընթացքում հնարավոր է տեսնել Հայաստան այցելող բոլոր տեսակի մարդկանց:

Մոսկվացի տուրիստներն ակնհայտորեն հուզված են. նրանք դեռ չգիտեն, թե իրենց ինչ է սպասում: Շատ են խոսում կոնյակի մասին, պատրաստվում են անպայման լողանալ Սեւանում, բարձրաձայն սովորում են «բարեւ ձեզ» ասել:

Երեւանից մեկնելիս նրանք սովորաբար ուրախությունից լաց են լինում, համբուրում են գիդին, մագնիսներ են գնում, ինչպես նաեւ դյութիֆրիի ապրանքների կեսը, եւ երդվում վերադառնալ մայիսյան տոներին:

Սկզբում ինձ զարմացնում էին ակնհայտորեն գործուղման մեկնող եվրոպացիները: Սակայն Հայաստանում հաստատվելու հետո ես շատ արեւմտյան ու եվրոպացիների հետ համագործակցող տեղի ընկերությունների հանդիպեցի:

Իհարկե, առանձին հիշատակման են արժանի հայ փոքրիկները, որոնք ավանդաբար շատ են թռչում: Եթե ձեր բախտը բերել է եւ ձեր հարեւանությամբ նստած է 3 տարեկան երեխա, ուրեմն վստահ եղեք, որ կես ժամից նա տեղափոխվելու է ձեր նստարանին՝ շփվելու մտադրությամբ, եւ Վարդանուշ տատիկը նրան երբեք չի կանգնեցնի: Որովհետեւ հայ մանուկներին ամեն բան կարելի է:

Ցանկացած թռիչքի ժամանակ տոնական հագնված մի քանի 6-7 տարեկան տղաներ, անպայման, լուրջ տեսքով զբոսնելու են ինքնաթիռի միջանցքով: Տոնական տեսքը ենթադրում է կոստյում, թիթեռնաձեւ փողկապ եւ փոքրիկ փորիկ:

«Զվարթնոց»-ում մեծաքանակ դիմավորողների, երգուպարերի մասին ես արդեն պատմել եմ: Դա պետք է գոնե մեկ անգամ տեսնել սեփական աչքերով:

P.S. Սակայն լինում են նաեւ հիասթափության դեպքեր: Մոտ 40 տարեկան երկու վառ շիկահերների խոսակցություն «Զվարթնոց»-ում՝ գրանցումների սեղանի մոտ: Մեկն ակնհայտ կերպով անտրամադիր է.

- Երեկ կեսգիշերից հետո դուրս եկանք ման գալու, գոնե մեկը չմոտեցավ ծանոթանալու: Ճիշտ էին ասում էլի, որ Երեւանն անվտանգ քաղաք է…

Մի խորհուրդ ռուսաստանցի զբոսաշրջիկ կանանց. եթե ցանկանում եք, որ ձեզ անպայման փախցնեն, նախապես այդ մասին հստակ հայտարարեք: Որովհետեւ Հայաստանն իսկապես անվտանգ է:

Այնպես որ, "keep calm, believe in Armenia & enjoy your flight":

Մարիա Սոբոլեւան B’arev Honey բրենդի հիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին