Գիրք կարդալը մարզում է երեխայի ուղեղը՝ քաջալերեք նրան - Mediamax.am

Գիրք կարդալը մարզում է երեխայի ուղեղը՝ քաջալերեք նրան
11340 դիտում

Գիրք կարդալը մարզում է երեխայի ուղեղը՝ քաջալերեք նրան


                                                  Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                  սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Կան երեխաներ, որ ծնված օրվանից գրքի սիրահար են: Նրանք կարող են ժամերով զբաղվել ընթերցանությամբ, ցեցի նման մտնել գրքերի մեջ ու դուրս չգալ: Նրանց ծնողները որոշ դեպքերում նույնիսկ կարող են արգելել կարդալ: Հիշում եմ, երբ պատանեկան տարիներին կարդում էի «Կոմս Մոնտե Քրիստոն», արդեն գիշեր էր ու ծնողներս ինձ արգելեցին շարունակել, սենյակիս լույսը անջատեցին ու դուրս եկան: Ես էլ սպասեցի, որ բոլորը քնեն, հետո շարունակեցի գիրք կարդալ: Ինչի՜ ասես՝ չեն դիմի երեխաները…

Բայց, շատերը գիրք կարդալ չեն սիրում, հատկապես հեռուստացույցով ու համակարգչային խաղերով լի մեր առօրյայում: Իսկ ի՞նչ անել այդ դեպքում: Ի՞նչ անել, եթե երեխան դժվարությամբ եւ/կամ դժկամությամբ է գիրք կարդում: Եվ քանի խոսում ենք այս մասին, առհասարակ ինչի՞ համար է պետք գիրք կարդալ, այն էլ թվայնացման մեր դարաշրջանում:

Գիրք կարդալը կարելի է համեմատել սպորտով զբաղվելու հետ: Ինչպես որ մարզվելիս մկաններն անընդհատ աշխատում են եւ ավելի են ուժեղանում, այնպես էլ գիրք կարդալիս մարզվում է ուղեղը՝ հիշողությունը, երեւակայությունը, մտածողությունը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ինչքան շատ են երեխաները կարդում, այնքան նրանց բառապաշարը հարստանում է, եւ դրան զուգահեռ զարգանում են նրանց կոգնիտիվ (իմացական) կարողությունները: Վաղ տարիքում զարգացած կարդալու հմտությունները կապված են հետագայում բարձր ինտելեկտի հետ:

Կարդալը նպաստում է ուրիշների մտավոր աշխարհը ավելի լավ հասկանալուն. հոգեբանության մեջ սա կոչվում է՝ theory of mind (մտքի տեսություն), երբ մարդիկ հետեւյալ կարգի դատողություններ են անում՝ «Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ, որ դու գիտես»: Ընթերցանությունը լիցքաթափում է սթրեսից, նպաստում է, որպեսզի տարիքի հետ կոգնիտիվ հմտությունները ավելի երկար պահպանվեն, նվազեցնում է Ալզհայմերի հիվանդության հավանականությունը եւ այլն:

Գիրք կարդալ չսիրելը հիմնականում առաջանում է հետեւալ պատճառներից՝  վարժվածության պակաս, խոսակցական եւ գրավոր խոսքի տարանջատում եւ մոտիվացվայի պակաս: Անհրաժեշտ է հասկանալ, թե այս պատճառներից որն է խանգարում ձեր երեխային եւ աշխատել այդ ուղղությամբ:

Սկսեք փոքրուց

Երեխաների համար կարդացեք գրքեր շատ փոքր տարիքից, նույնիսկ դեռ չծնված ժամանակ: Որքան փոքր ժամանակից նրանք առնչվեն ընթերցանության հետ, այնքան հետագայում ավելի հեշտ եւ հաճույքով կզբաղվեն գիրք կարդալով: Նախադպրոցական տարիքում լայն բառապաշարի հետ առնչվելը հետագայում նպաստում է ավելի զարգացած կարդալու հմտություններին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ  հիմնական կարդալու հմտությունները ձեւավորվում են մինչեւ 3-րդ դասարան, եւ դրանից հետո բաց թողածը հետ բերելը շատ ավելի դժվար է դառնում: 

Ձեւավորեք սովորություն

Նորածին ժամանակվանից սկսած սովորություն դարձրեք կարդալ երեխայի համար: Շաբաթական 3-4 անգամ, առանձնացրեք օրվա մեջ մի ժամ, երբ դուք ձեր երեխայի համար գիրք եք կարդում, մոտ 20 րոպե եւ այսպես շարունակ՝ մինչեւ երեխան կսկսի ինքնուրույն կարդալ: Քանի դեռ երեխան չի սովորել վարժ կարդալ, դուք կարող եք շարունակել կարդալ նրա համար: Այնուհետեւ աստիճանաբար պատասխանատվությունը տեղափոխեք երեխայի վրա:

Դրական ամրապնդում

Անընդհատ քաջալերեք երեխային եւ ցույց տվեք ձեր գոհունակությունը, երբ նա գիրք է կարդում: Խուսափեք բացասական գնահատակներ տալուց եւ այնպիսի արտահայտություններից, ինչպիսիք են՝ «Մինչեւ մի բան կարդում ես, հոգիս դուրս ա գալիս», «Երբ ես դու սիրելու գիրք կարդալ», «Ես քո տարիքում ինչ գրքեր էի կարդում» եւ այլն:

Նմանակում

Ընդհանրապես դաստիարակության ամենալավ մեթոդը օրինակ ծառայելն է: Եթե երեխան ձեզ չի տեսնում պարբերաբար գիրք կարդալիս, նրա մոտ ինքնաբերաբար հարց է առաջանալու՝ թե ինչո՞ւ պիտի ինքը զբաղվի մի բանով, որից ծնողները խուսափում են: Շատ մեծահասականեր կասեն, որ իրենք շատ են ուզում գիրք կարդալ, բայց ժամանակ չունեն: Սա եւս անհիմն պատճառաբանություն է, քանի որ երեխան էլ կարող է պնդել, որ ինքն էլ ժամանակ չունի: Այդ պատճառով, եթե դուք իսկապես կարեւորում եք եւ ուզում եք, որ ձեր երեխան լինի ընթերցասեր, դուք էլ պիտի դրան ժամանակ տրամադրեք:

Տվեք երեխային ընտրության իրավունք

Եթե ձեր երեխան գիրք կարդալ այնքան էլ չի սիրում եւ դրանից հաճույք չի ստանում, մի կողմ դրեք ամառային արձակուրդներին դպրոցի հանձնարարած գրքերը: Գտեք ձեր երեխային հետաքրքրող թեմաներով գրքեր եւ միասին սկսեք կարդալ: Հիշեք, որ թերթեր, ամսագրեր, նամակներ, նկարազարդ պատմություններով գրքեր կարդալը նույնպես կարդալ է: Պարտադիր չէ կենտրոնանալ հենց գրքի վրա: Եթե ձեր երեխան հետաքրքրվում է դինոզավրներով, գնեք հանրագիտարան դինոզավրների մասին, եթե հետաքրքրվում է ավտոմեքենաներով, գտեք ամսագրեր, գրքեր, ինֆորմացիոն բրոշյուրներ եւ այլն: Հիշեք, որ ընթերցասիրության համար առաջին քայլը վարժ կարդալ սովորելն է: Իսկ վարժ կարդալու համար անհրաժեշտ է շատ ու շատ կարդալ:

Կարդալը համակցեք գործունեության հետ

Այս նպատակի համար ամենակնառու օրինակը խոհարարական գրքեր կարդալն է: Անկախ երեխայի սեռից, միասին խոհարարական գիրք կարդացեք եւ ընտրեք որեւէ մի բաղադրատոմս պաստրաստելու համար: Կարդացեք երեխաների հետ միասին տարբեր խաղալիքների, խաղերի կամ սարքերի օգտագործման գրքույկները եւ հետեւելով հրահանգներին՝ հասեք ցանկալի արդյունքի:

Միասին քննարկեք գրքերը

Շատ կարեւոր է երեխայի կարդացած գրքերը միասին քննարկելը: Մտածեք հարցեր՝ ելնելով երեխայի տարիքից եւ գրքից (ավելորդ եմ համարում նշել, որ դուք նույնպես պետք է տվյալ գիրքը կարդացած լինեք): Ահա մի քանի հարց օրինակի համար՝ ի՞նչ է քեզ հիշեցնում այս պատմությունը: Ի՞նչ հետաքրքիր բան նկատեցիր: Ի՞նչ էիր մտածում, երբ կարդում էիր: Ո՞ր մասն ես ամենաշատը հավանել: Կա՞ր բան, որի հետ համաձայն չէիր: Ինչպե՞ս դու կփոխեիր վերջաբանը: Ի՞նչը քեզ ամենաշատը զարմացրեց: Հաջորդը ի՞նչ գիրք կուզես կարդալ: Եվ այլն:

Եվ հիշեք, որքան շատ երեխաները կարդան, այնքան ավելի լավ կարդացողներ նրանք կդառնան, եւ ինչպես ուսումնասիրություններն են ցույց տալիս, հետագայում ավելի մեծ հաջողությունների կհասնեն:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին