Անջրպետը անդունդի է վերածվել - Mediamax.am

Անջրպետը անդունդի է վերածվել
49096 դիտում

Անջրպետը անդունդի է վերածվել


Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Գյումրիում, կապ չունի ռուս-հայկական հարաբերությունների կամ աշխարհաքաղաքական խաղերի հետ: Մարդկային ցասման պատճառը իշխանության անկարողությունն է:

Մարդկային լեզվով խոսելու անկարողությունը: Սուտ չխոսելու անկարողությունը: Մեղավորներին պատժելու անկարողությունը: Տնտեսություն զարգացնելու եւ Գյումրին վերջին 25 տարվա թշվառությունից հանելու անկարողությունը:

Գյումրիում կատարվողը վկայում է, որ մարդկանց եւ իշխանության միջեւ եղած անջրպետը անդունդի է վերածվել: Մարդիկ հոգնել են իշխանության անկարողությունից, որն ուղեկցվում է հայտարարություններով այն մասին, որ ամեն ինչ վերահսկվում է, ամեն ինչ լավ է լինելու, պարզապես պետք է «մի քիչ էլ համբերել»:

Էլ չենք ուզում համբերել: Ի՞նչը համբերենք: Որ մարդիկ Գյումրիում 25 տարի «դոմիկներում» են ապրում, իսկ պետությունը 1.5 միլիոն դոլար է հատկացնում ֆինանսների նախարարության շենքի վերանորոգման համար: Ի՞նչ կլիներ, եթե Գագիկ Խաչատրյանը վատ կահավորված աշխատասենյակում աշխատեր: Ինչո՞ւ մենք պետք է սա «համբերենք» ու հանդուրժենք:

Ինչո՞ւ պետք է համբերենք, երբ պատգամավորներ Շմայսը ու Թոխմախի Մհերը, վստահ լինելով իրենց անպատժելիության մեջ, շարունակաբար վիրավորում են լրագրողներին եւ դրսեւորում են այնպիսի վարք, որը պառլամենտարիզմի հետ որեւէ աղերս չունի:

Ինչո՞ւ պետք է հասնեինք մի իրավիճակի, երբ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ կհնչեր այն մասին, թե պատգամավորներից ոմանց կարելի է «քֆուր տալ», իսկ ոմանց՝ չի կարելի:

Այսպես շարունակել այլեւս հնարավոր չէ: Մարդիկ չեն հասկանում, թե ինչու իշխանությունն այս ահավոր ողբերգության պարագայում պատրաստ չեղավ երկրում սուգ հայտարարել: Ինչո՞ւ է իր դեմ հանում հասարակության այն զգալի հատվածին, որը դժգոհ լինելով, այնուամենայնիվ, ձեռնպահ էր մնում փողոց դուրս գալուց:

Երբ հունվարի 11-ի երեկոյան Ավետիսյանների ընտանիքը մարում էր տան լույսերը, չգիտեր, որ այլեւս չի արթնանալու: Փոքրիկ աղջիկը պառկում էր քնելու, որպեսզի առավոտյան արթնանա ու վերցնի իր սիրելի խաղալիքները: Եթե իշխանության մոտ պահպանվել են խղճի եւ արժանապատվության ինչ-որ մնացորդներ, նա պարտավոր է այս հարցում շիտակ ու ազնիվ պատասխաններ տալ մարդկանց: Իշխանության ցանկացած ներկայացուցիչ, որը կփորձի այս գործն էլ կոծկել, թող հիշի, որ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանը այլեւս երբեք այդ խաղալիքներով չի խաղալու:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին