Աշխարհը 2014-ին - Mediamax.am

Աշխարհը 2014-ին
12324 դիտում

Աշխարհը 2014-ին


2014-ը վատ տարի էր բոլոր չափանիշներով։ Միայն «Իսլամական պետությունը» (ISIS) ավելի քան 5000 մարդու կյանք խլեց և դարձավ միլիոնավոր մարդկանց մղձավանջը։ Գրեթե նույնքան մահ ու տառապանք եղավ Ուկրաինայում ծագած հակամարտության պատճառով։ Հազարավոր մարդիկ սպանվեցին կամ մնացին անօթևան Գազայում Իսրայելի ոչ խտրական ռմբահարումների հետևանքով։ Այս տարի, ըստ ՄԱԿ-ի, Սիրիայում շարունակվող ողբերգության պատճառած մահերի թիվն ու փախստականների թիվը հատեցին համապատասխանաբար 200 հազար ու 2 միլիոն նիշերը: Այդ ամենին գումարվեցին Էբոլա վիրուսի և եղանակային ծայրահեղ դրսևորումների զոհերը:

Ի՞նչ է կատարվում աշխարհում

Չորս դիտարկելի երևույթ կա, որ կարող է օգնել մեզ բացատրելու անցնող տարվա համաշխարհային իրադարձությունները։ Պատահական չէ, որ այդ չորս երևույթները դարձել են թեմաները 2014-ին հրապարակված հիմնարար չորս աշխատությունների, որոնք են Հենրի Քիսինջերի «Աշխարհակարգ»-ը; Ֆրենսիս Ֆուկույամայի «Քաղաքական կարգ և քաղաքական անկում»-ը; Թոմաս Փիքեթիի «Կապիտալը 21-րդ դարում»-ը և Նաոմի Քլայնի «Սա փոխում է ամեն ինչ. կապիտալիզմ և կլիմա»-ն:

Չնայած Քիսինջերի գիրքը վերնագրված է «Աշխարհակարգ», դրա իրական նպատակը թերևս աշխարհակարգի բացակայության հիմնավորումն է։ Նրա ընդհանրական ակնարկը պատմության հարաբերական խաղաղ ու կայուն ժամանակահատվածների մասին, որ զատորոշվում են դաշինքներով և ուժերի հավասարակշռությամբ, կարծես նպատակ ունի ընդգծելու այսօրվա անհամաձայնության և անհավասարակշռության հակապատկերը:
Ըստ Քիսինջերի՝ այսօրվա աշխարհակարգի մարտահրավերն այն է, որ հիմնարար փոփոխությունների են ենթարկվել միջազգային կարգի հիմքում ընկած արժեքները, և աշխարհն անկարող է եղել հարմարվելու ԽՍՀՄ փլուզումից հետո ուժային հարաբերությունների մեծ փոփոխությանը։ Քիսինջերն այսօրվա աշխարհակարգի համար խնդրահարույց երեք կարևոր ուղղություն է մատնանշում՝ ա) մեծ տերությունների միջև խորհրդակցության և համագործակցության արդյունավետ մեխանիզմի բացակայությունը, բ) աշխարհի տնտեսական և քաղաքական կազմակերպման ձևերի տարբերությունները, երբ տնտեսականները դառնում են գլոբալ, իսկ քաղաքականները՝ հիմնված ազգ-պետության վրա, և գ) «ձախողված պետությունների» երևույթը։

Այս վերջինը Ֆուկույամայի աշխատության գլխավոր թեմաներից է։ Նա գնահատում է երկրների էվոլյուցիան, դիրքը և հաջողությունները երեք չափանիշներից ելնելով՝ պետություն, օրենքի գերակայություն և հաշվետվողականություն։ Սա է Ֆուկայամայի հաջող ազատական ժողովրդավարության հարացույցը։ Որոշ երկրներ ունեն բոլոր երեքը, որոշները՝ մի մասը, իսկ շատերը՝ ոչ մեկը։ Ֆուկույաման նաև ընդգծում է, որ իր ազատական ժողովրդավարության սանդղակում այնպիսի բարձր տեղ գրավող պետությունների, օրինակ՝ ԱՄՆ-ի ինստիտուտները սկսել են լճանալ։ Այլ երկրների ինստիտուտները, օրինակ՝ Բրազիլիայի կամ Թուրքիայի, դանդաղ են հարմարվում իրենց արագ փոփոխվող հասարակությունների կարիքներին, իսկ շատ-շատերը Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և նախկին խորհրդային պետություններում մնում են ինքնավերարտադրվող գահերի և ձախողված պետությունների թակարդում:

Փիքեթիի գիրքը հարստության և եկամուտների, հարուստների ու աղքատների մասին է, ավելի լայն առումով՝ գլոբալ անհավասարության, աղքատության և սոցիալական թշվառության մասին: Փիքեթիի տեսությունն այն է, որ հարստությունը աճում է ավելի արագ, քան տնտեսությունը։ Հետևաբար, տնտեսական դանդաղ աճի ժամանակաշրջաններում նրանք, ովքեր կուտակել կամ ժառանգել են հարստությունը, ավելի կհարստանան, իսկ աշխատող աղքատներն ավելի կաղքատանան, ինչի հետևանքով անհավասարության անդունդը կմեծանա՝  նպաստելով տնտեսական կամ քաղաքական անկայունությանը:

Քլայնի գիրքը կլիմայի փոփոխության և մոլորակին սպառնացող անմիջական այդ սպառնալիքի ետևում կանգնած մեղավորների մասին է: Նա կլիմայի փոփոխության համար մեղադրում է կապիտալիզմին։ Քլայնի մեկ պարբերություն լավագույնս ամփոփում է գիրքը. «Արտանետումների նվազեցման համար մենք չենք արել անհրաժեշտ քայլերը, քանի որ դրանք սկզբունքորեն հակասում են չկանոնակարգված կապիտալիզմին… Մենք առաջ չենք կարողանում շարժվել, քանի որ գործողությունները, որոնք մեզ լավագույն հնարավորությունը կտային կանխելու աղետը և կբխեին ճնշող մեծամասնության շահերից, սպառնում են փոքրամասնություն կազմող էլիտային, որի ձեռքում է մեր տնտեսությունը, մեր քաղաքական գործընթացները և մեր խոշոր լրատվամիջոցների հիմնական մասը»:

Այժմ եկեք հայացք նետենք 2014-ի որևէ նոր կամ շարունակվող իրադարձության, հակամարտության կամ ճգնաժամի վրա. հեղաշրջում և պատերազմ Ուկրաինայում;  «Իսլամական պետության» հայտնություն ու Սիրիայում և Իրաքում շարունակվող քաոս; պատերազմ Գազայում; ռասայական լարվածություն ԱՄՆ-ում և այլուր; Էբոլայի համաճարակ Աֆրիկայում; ծայրահեղ եղանակային պայմաններ մոլորակի տարբեր մասերում...

Թեև այս խնդիրներից յուրաքանչյուրը ծագել է կոնկրետ իրադարձության կամ միջադեպի պատճառով, սակայն բոլորի հիմքում կա վերը նշված երևույթներից առնվազն մեկը։

Օրինակ, Ուկրաինայի հակամարտության հիմքում ընկած է վերոնշյալ չորս երևույթներից երեքը՝ հետսառըպատերազմյան համաշխարհային կարգի վերաբերյալ տեսլականների բախում; 2004-ի Նարնջագույն հեղափոխության ձախողում՝ մեծացնելու պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը, վերացնելու կոռուպցիան և անկախությունից ի վեր տիրող սոցիալ-տնտեսական անհավասարությունը։ Նույնը, նույնիսկ ավելի մեծ չափով, կարելի է ասել Լիբիայի, Սիրիայի, Իրաքի և Եմենի մասին։ Ռասայական լարվածությունը Միացյալ Նահանգներում կարելի է վերագրել ինչպես լճացող ինստիտուտներին, այնպես էլ սոցիալական անարդարությանն ու հարուստների և աղքատների միջև խորացող անջրպետին։ Ի վերջո, Ֆիլիպիններում հաճախակի ուժգին փոթորիկները՝ նախևառաջ աղքատների ու խոցելի խավերի համար կործանարար ազդեցությամբ, վկայում են ինչպես կլիմայի փոփոխության, այնպես էլ աշխարհում աճող անհավասարության մասին։

Եթե խոսեմ դրականի մասին, պետք է ասեմ, որ տարին (չնայած Virgin Galactic տիեզերանավի կործանմանը), նշանավորվեց տիեզերքում երկու խոշոր հաջողություններով։ Եվրոպացիները «Ռոզետա» կայանի «Ֆիլա» մոդուլը բարեհաջող իջեցրին գիսաստղի վրա, իսկ NASA-ն հաջողությամբ գործարկեց իր «Օրիոն» տիեզերական ապարատը և վերադարձրեց այն Երկիր՝ նախապատրաստելով Մարսի վրա մարդկանց վայրեջքի ապագա առաքելությանը:

Թեև շատերը քննադատում են հեռավոր մոլորակների հետազոտման համար միլիարդավոր դոլարների ծախսը, ըստ իս՝ ժամանակն է, որ մենք մարդկության համար ունենանք պահուստային մոլորակ։

Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիրն է, 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին