Ժպտացեք, ձեր տվյալները կրկին ցանցում են - Mediamax.am

Ժպտացեք, ձեր տվյալները կրկին ցանցում են
14206 դիտում

Ժպտացեք, ձեր տվյալները կրկին ցանցում են


Օրերս համացանցում կրկին հայտնվեց մի կայք, որտեղ տեղադրված էին շատերի հեռախոսահամարները, մեքենաների համարանիշները։ Մեծ աղմուկ բարձրացավ, կայքը փակվեց (կարծես Ոստիկանության միջամտումից հետո), աղմուկն անցավ, բոլորը վերադարձան իրենց գործերին։ Իրականում կայքի փակվելը բացարձակապես խնդրի լուծում չէ, քանի որ այդ տվյալներն արդեն բավականին երկար ժամանակ “թափառում են” ինտերնետում եւ նույնիսկ Վերնիսաժում՝ սկավառակի տեսքով։

Այդ տվյալների շտեմարաններն երկար պատմություն ունեն․

●    դրանք հայտնվեցին մարդկանց ձեռքերում դեռեւս 2010 թվականին;

●    2012-ն թարմացվեցին։ Այսինքն, ինչ-որ մեկը կրկին գողացավ տվյալները եւ տարածեց;

●    2013 թվականին ադրբեջանական հաքերները երկու անգամ հրապարակեցին դրանք՝ հայտարարելով, իբր կոտրել են ՀՀ Ոստիկանության սերվերները եւ այնտեղից տարել տվյալները, ինչն իրականությանը չէր համապատասխանում. պարզապես տղերքը որոշել էին իրենց վերագրել այն, ինչը վաղուց արդեն արվել էր հենց Հայաստանում;

●    2014-ի ընթացքում ցանցում հայտնվեցին մի քանի կայքեր, որոնք տրամադրում էին նույն շտեմարաններն արդեն ինտերնետի միջոցով՝ ավելի մատչելի ձեւով։

Խնդիրն այն է, որ անցել է 4 տարի, բայց ոչինչ չի փոխվել: Այսինքն, պարզ չէ, թե որտեղից է պարբերաբար արտահոսք լինում։ Շտեմարանները պարունակում են անհատների եւ կազմակերպությունների հեռախոսահամարներ, ինչի պատճառով շատերը մեղադրում են օպերատորներին տեղեկատվության արտահոսքի համար։ Սակայն այն փաստը, որ շտեմարաններում առկա են նաեւ անձնագրային եւ մեքենաների պետհամարանիշների տվյալները, ավելի տրամաբանական են դարձնում այն վարկածը, որ դրանց արտահոսքն եղել է ինչ-որ պետական մարմնից։ Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը տեղյակ էլ չէ, թե պետական եւ մասնավոր որ կառույցներն են տիրապետում մեր անձնական տվյալներին։ Եվ մյուս կարեւոր հարցը՝ ինչպե՞ս են այդ տվյալները պաշտպանվում, ո՞ւմ եւ ե՞րբ են հասանելի, եւ այլն։

Օրինակ, ամեն օր մի քանի տասնյակ անգամ ամեն մի երեւանցի տեսանկարվում է խաչմերուկներին եւ կարմիր գծերով ավտականգառներմում տեղադրված տեսախցիկներով։ Ոստիկանությունից բացի այդ տվյալները տնօրինում են երկու մասնավոր ընկերություններ։ Տեսականորեն այդ տվյալները կարող են օգգտագործվել անհատին վերահսկելու համար։ Սակայն հանրությանը հայտնի չէ, թե ինչպես են դրանք տնօրինվում։

Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք մարդու արտաքին տեսքը հանդիսանում է անձնական տվյալ, որը պետք է պաշտպանվի։ Դեռեւս 2002 թվականին ընդունված օրենքում տրվում է սահմանում, որն ընդհունված է բազմաթիվ երկների օրենսդրություններում․ “անհատական տվյալ՝ նյութական կրիչի վրա գրավոր կամ այլ կերպ ամրագրված` ֆիզիկական անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին ցանկացած տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել անհատի ինքնությունը”։

Աշխարհում սրա շուրջ վեճեր են ընթանում։ Քանի որ կան մարդիկ, որոնք ճանաչելի են իրենց հասարակական դիրքի պատճառով, եւ նրանց դեպքում արտաքին տեսքը կարող է դիտվել որպես անձնական տվյալ։ Բացի այդ, գաղտնիք չէ, որ արդեն վաղուց գոյություն ունեն դեմքը նույնականացնող ծրագրեր (դրանց մենք հանդիպում ենք, օրինակ, Ֆեյսբուքում, երբ նկար տեղադրելիս համակարգը հուշում է, թե ով է այնտեղ պատկերված)։ Ինչը նշանակում է, որ, օրինակ, Ոստիկանության կամ ԱԱԾ-ի համար տեսախցիկների տվյալները կարող են հետախուզական գործիք հանդիսանալ, որը դուրս է հանրային վերահսկումից։

Անհատական տվյալների խնդիրը Հայաստանում շատ խորն է եւ բազմազան։ Ընդհանրապես, մեր հասարակությունը դեռ չի էլ եկել որեւէ եզրահանգման, թե որն է անհատական տվյալը եւ ինչպես այն պետք է պաշտպանվի։ Եվ արդյոք պե՞տք է պաշտպանվի (երեւի զարմանալի չէ, որ նյութի սկզբում նշված շտեմարանների առկայությունը շատերի համար ուրախության առիթ էր, ոչ թե մտահոգվելու)։

Պարզ է, որ գոյություն ունեն միջազգային մոտեցումներ այս հարցին։ Բայց միջազգային փորձը մնում է միջազգային, քանի դեռ մենք չենք գիտակցում դրա կարեւորությունը։ Օրինակ, քանի որ խոսեցի այն մասին, թե որ տվյալներն են թույլ տալիս նույնականացնել անհատին, միայն նշեմ, որ, ըստ մեր օրենսդրության, ընտրողների ցուցակները, որոնք ներառում են մարդկանց գրանցման վայրը, պարտադիր տեղադրվում են համացանցում։ Ինչը միանշանակ կարելի է դիտարկել որպես անհատական տվյալների հրապարակում։

Արդարադատության նախարարության կողմից վերջերս մշակված “ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ” օրենքի նախագծի համաձայն, “հանրամատչելի են անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, վայրը, հաշվառման վայրը, մահվան վայրը, ամսաթիվը”։ Այսինքն, հաշվառման վայրը չի համարվում տվյալ, որը պետք է պաշտպանվի։ Խիստ կասկածելի դրույթ է։ Ցավոք, օրենքի նախագիծը հանրային քննարկումներ չի անցել, հանրությունը դեռեւս դուրս է մնացել օրինագծի ձեւավորման գործընթացից։ Ինչը կարող է նշանակել, որ, երբ օրենքը ընդունվի, այն կրկին կմնա թղթի վրա, իսկ մեր տվյալները կշարունակեն մնալ սեւ շուկայի առք ու վաճառքի առարկա։ 

Սամվել Մարտիրոսյանը մեդիա փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին