Մոդերնիզացման կարիքը - Mediamax.am

Մոդերնիզացման կարիքը
2803 դիտում

Մոդերնիզացման կարիքը


Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների անկախության հաստատումից ի վեր գրեթե 20 տարի է անցել, ու այդ ընթացքում բազմաթիվ քննարկումներ ու վերլուծություններ են եղել այն մասին, թե այդ երկրները զարգացման ինչ մակարադակի են հասել:

Այստեղ ես կցանկանայի ներկայացնել փոխակերպման գործընթացի վերաբերյալ իմ մտքերը՝ համեմատական տեսանկյունից: Ընդամենը մի օր է, ինչ վերադարձել եմ Մինսկից: Այս քաղաքը հիմնովին ավերվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այնուհետ վերականգնվել տպավորիչ մասշտաբով ու ոճով. լայն փողոցներ ու պողոտաներ, հրաշալի այգիներ, չափազանց մաքուր, հանդարտ ու լուսավոր քաղաք է: Մեքենաների թիվը բավականին շատ է, ընդ որում հատկապես արտասահմանյան մակնիշների, բազմաթիվ խանութներ կան, որտեղ ներկայացված են թանկարժեք ապրանքանիշներ, մեծ թվով կազինոներ: Մարդիկ ժպտադեմ են, գեղեցիկ հագնված: Կարող ես զգալ քաղաքի և իր մարդկանց բարեկեցությունը: Սակայն ինձ ապշեցրեցին փողոցների անվանումները. Լենին, Ձերժինսկի, Կիրով, Օկտյաբորսկայա, Ռեվոլյուցիոննայա, Կոմսոմոլյսկայա... Թվում էր, թե ժամանակը կանգ է առել և քեզ տեղափոխել 20 տարի հետ:

Հետխորհրդային փոխակերպումը ժողովրդավարացման գործընթացի հզոր ալիքի մի մասն էր, որը թափ առավ Խորհրդային Միության փլուզումից  հետո՝ ծավալվելով դեպի արևելք, փոխակերպելով կոմունիստական վարչակարգերը՝ հօգտուտ հստակ ուրվագծված մեկ այլ այլընտրանքի՝ ժողովրդավարության, շուկայական տնտեսության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի: Այս այլընտրանքն ապահովելու համար անհրաժեշտ էին ժողովրդավարական բարեփոխումներ: Ընդունված կարծիք է, որ ժողովրդավարական բարեփոխումներն առավել արդյունավետ և հզոր էին Կենտրոնական Եվրոպայում, մինչդեռ դեպի արևելք և հարավ շարժվելով՝ ժողովրդավարացման գործընթացի թափն ու արդյունավետությունը նվազում էր: Այս դիտողության ճշմարտացիությունը կարծես թե կասկածի տեղիք չի տալիս, երբ փորձում ենք համեմատական գնահատական տալ 1990 թվականից հետո տարբեր հետկոմունիստական երկրների ձեռքբերումներին: Եթե Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան և Չեխիան քաղաքական և տնտեսական փոխակերպումների կարևորագույն խնդիրներին լուծումներ էին առաջարկել դեռևս 1990-ականների կեսերին, ապա Բուլղարիան և Ռումինիան լուրջ տնտեսական բարեփոխումներ սկսեցին իրականացնել միայն 1990-ականների վերջերին: Հետխորհրդային  տարածքը ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումների բավական խայտաբղետ պատկեր է ներկայացնում, և այդ նվաճումները տարբերվում են երկրից երկիր, տարածաշրջանից տարածաշրջան: Բալթյան հանրապետությունները թերևս ամենահաջողված երկրներն են այս առումով, մինչդեռ Մոլդովան, Ուկրաինան և Հարավային Կովկասն ասես հայտնվել են շարունակական, «մեռյալ» հավասարակշռության ծուղակում՝ սեղմված ժողովրդավարացման ջանքերի և հետխորհրդային սոցիալ-տնտեսական և քաղաքական անկայունության և հակասությունների միջև:

«Անցումնային պարադիգմի» հիմնականն թերությունը, որի ներքո տեղի ունեցան հետխորհրդային բարեփոխումները, անհարիրությունն էր մոդերնիզացման աստիճանին, որն առկա էր այդ հասարակություններում: Հետխորհրդային անցումնային գործընթացի ողջ պատմությունը ցույց է տալիս, որ մոդերնիզացման և հաջողված ժողովրդավարական բարեփոխման միջև հարաբերակցությունը բավականին բարձր է: Կենտրոնական Եվրոպայում, որտեղ ժամանակակից ինստիտուտներն ու ապրելակերպն ամրագրվել են ավելի քան մի դարի ընթացքում, նախկին կոմունիստական երկրներն ի վիճակի եղան իրականացնել համապատասխան և հաջողված գործողություններ՝ հասնելու ժողովրդավարական բարեփոխման և շուկայական հարաբերությունների փոխակերպման: Այն հասարակություններում, որտեղ մոդերնիզացումը մասնակի էր, անկայունության ժամանակահատվածներ եղան, կարճ կամ ավելի երկար, իսկ նոր ձևավորվող ժողովրդավարական ինստիտուտները չկարողացան հավասարակշռել կամ դիմակայել այս անկայունությանը: Ինստիտուցիոնալ փխրունությունն ու քաղաքական անկայունությունը հնարավորություն ստեղծեցին, որպեսզի առաջանան փոխակերպման այլընտրանքային ռազմավարություններ, որոնք ըստ էության դիմադրում էին ժողովրդավարության գործընթացին և նվազեցնում այն՝ վերածելով այն ընդամենը պաշտոնական ծիսակատարության: Այս տարբեր ռազմավարություններից ամենահաջողվածը պետության և տնտեսության գրավումն էր նախկին կուսակցական ապարատի կազմակերպված էլիտայի, ինչպես նաև նախկին խորհրդային վարչակարգերի անվտանգության համակարգերի աշխատակիցների կողմից:

Դեկտեմբերի 19-ի ողբերգական դեպքերից հետո, ինչպես նաև այժմ Բելառուսում առկա տնտեսական և քաղաքական իրավիճակի պայմաններում մնում է միայն հուսալ, որ Բելառուսի նոր սերունդը, հատկապես քաղաքացիական հասարակության ակտիվ և երիտասարդ ներկայացուցիչները կխթանեն մոդերնիզացման գործընթացը և ի զորու կլինեն օժանդակել անհրաժեշտ բարեփոխումներին՝ Բելառուսում ժողովրդավարություն հաստատելու նպատակով:

Թեւան Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենն է

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ակնարկ համաժողովից
Մեր ընտրանին