Բուդապեշտ. փոքր երկրի մեծ քայլը - Mediamax.am

Բուդապեշտ. փոքր երկրի մեծ քայլը
5628 դիտում

Բուդապեշտ. փոքր երկրի մեծ քայլը


Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը աշնանը պատրաստվում է հրատարակել իր հուշերը: Մինչեւ գրքի հրատարակումը նա, ինչպես նախկինում, Mediamax.am կայքում ներկայացնում է դրանցից որոշ հատվածներ:

Որպես արտաքին գործերի փոխնախարար՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ 1994թ. ես մասնակցեցի ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթաժողովին, որը ես համարում եմ ԵԱՀԿ հետխորհրդային շրջանի ամենակարեւոր գագաթաժողովը ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Հայաստանի համար: Այդ գագաթաժողովում էր, որ ԵԱՀԽ-ն խորհրդաժողովից վերածվեց կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի: Այնտեղ էր, որ փորձ արվեց փոխել կազմակերպության որոշումների կայացման հիմնարար սկզբունքներից մեկը՝ կոնսենսուսի սկզբունքը՝ թույլ տալու որոշումները կայացնել կոնսենսուս մինուս մեկ ձեւաչափով: Սա բոլորին վերաբերելով հանդերձ՝ էական նշանակություն ունեցող հարց էր մեզ համար: Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում երկու կարեւոր որոշում կայացվեց՝ ԵԱՀԿ շրջանակում ստեղծել Մինսկի խմբի համանախագահություն, որը բանակցություններ կվարի կողմերի միջեւ: ԵԱՀԿ-ն՝ որպես կազմակերպություն, առաջին անգամ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում ԼՂ հարցում խաղաղապահ առաքելություն իրականացնել, որի համար եւ ստեղծվեց Բարձր մակարդակի ծրագրման խումբը, որը եւ կնախապատրաստեր այդ առաքելության հնարավոր իրականացումը:

Բացի ԵԱՀԽ-ն կազմակերպություն դարձնելու որոշման՝ խորհրդաժողովում քննարկումներն ու վերջնական որոշումները հեշտ չեղան, եւ հաճախ ուշադրության կենտրոնում ու մեծ տերությունների ճնշման տակ հայտնվող կողմը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն էր:

Մենք, բնականաբար, կտրուկ դեմ էինք կոնսենսուսի սկզբունքի փոփոխությանը: Փոփոխությունը մահացու հարված կլիներ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին: Բայց կազմակերպության անդամ երկրները, հատկապես՝ արեւմտյան տերությունները, ամեն գնով ուզում էին փոխել այդ սկզբունքը:

Մեծ դիմադրություն չէր ցուցաբերում Ռուսաստանը՝ չնայած նրա առջեւ ծառացած խնդիրները եւ մինչ այդ նրա գործունեությունը այդ կազմակերպությունում մեզ ենթադրել էին տալիս, որ նա այդ փոփոխությանը նույնքան դեմ պետք է լիներ, որքան մենք: Բայց դա միանշանակորեն այդպես չէր: Թեթեւակի դիմադրություն եւ վերապահումներ կային մի քանի այլ երկրների կողմից, ինչպիսիք էին Կիպրոսը եւ Բուլղարիան, բայց որքան մոտենում էր գագաթաժողովի օրը, այնքան մենք զգում էինք, որ միայնակ ենք մնում, եւ նույնքան ավելանում էր ճնշումը մեզ վրա՝ համաձայնելու այդ փոփոխությանը:

Դրան զուգահեռ ավելանում էր այդ ճնշմանը դիմակայելու մեր վճռականությունը՝ հաշվի առնելով մի քանի ակնհայտ հանգամանքներ: Նախ, որ ԼՂ հարցը դարձել էր ԵԱՀԿ օրակարգի առաջնային հարցերից մեկը: Երկրորդ, որ միջազգային կազմակերպություններում, առավել եւս՝ ԵԱՀԿ-ում, այդ օրերին գերիշխող տեսակետն այն էր, որ էթնիկական հակամարտությունները պետք է լուծվեն միմիայն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Երրորդ, որ մեր հակառակորդ Ադրբեջանը իր համար անցանկալի որոշումների դեպքում միշտ կարող էր ապահովել «կոնսենսուս մինուս մեկը»՝ իր հավատարիմ դաշնակից Թուրքիայի միջոցով: Այդ օրերին մենք ԵԱՀԿ 46 անդամ երկրների շարքում չունեինք նման դաշնակից, որը այդպիսի երաշխիք կարող էր լինել մեզ համար: Չորրորդ, որ Հայաստանի նման փոքր երկրի համար այդ՝ վետոյի համազոր իրավունքից զրկվելը էապես կթուլացներ մեր դերն ու տեղը կազմակերպությունում:

Փոփոխության նախաձեռնողներն էին Գերմանիայի եւ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարներ Կլաուս Կինկելն ու Պիտեր Կույմենսը: Նախագիծը հենց նրանց անունով էլ կոչվում էր, եւ նրանց հատուկ ներկայացուցիչներն էլ հարցին հետեւում էին ԵԱՀԽ մշտական խորհրդի ամենօրյա նիստերում եւ տարբեր աշխատանքային խմբերում:

ԵԱՀԿ-ի կենտրոնատեղին՝ 1973թ. ստեղծման առաջին օրվանից եղել է Վիեննայում, Հոֆբուրգյան շքեղ պալատի մասնաշենքերից մեկում: Հիմնական գործող եւ որոշում կայացնող մարմինը Մշտական խորհուրդն է, որտեղ բոլոր անդամ երկրներն ունեն իրենց ներկայացուցիչները: Ավելի բարձր մարմին է Նախարարների խորհուրդը, որը պարտադիր հանդիպում է տարին մեկ անգամ, սովորաբար՝ դեկտեմբերի սկզբին: Կազմակերպության բարձրագույն մարմինը Նախագահների գագաթաժողովն է, որ գումարվում է մի քանի տարին մեկ պարբերականությամբ:

Հետխորհրդային շրջանում Բուդապեշտի գագաթաժողովը առաջինն էր: Այս կարեւոր գագաթաժողովին պատրաստվելու համար ԵԱՀԿ բոլոր մարմինները մեկ ամիս առաջ Վիեննայից տեղափոխվել էին Բուդապեշտ, եւ բոլոր տեսակի նիստերն ու հանդիպումներն արդեն այնտեղ էին տեղի ունենում՝ գագաթաժողովին հատկացված վայրում, ինտենսիվ ժամանակացույցով: Նպատակն այն էր, որ գագաթաժողովի օրը բոլոր որոշումերը պատրաստ լինեին նախագահների համաձայնության համար:

Այս կարեւոր եւ Հայաստանի համար առաջին գագաթաժողովին մասնակցելու համար Հայաստանից Բուդապեշտ էր մեկնել բավական պատկառելի պատվիրակություն: Այդ օրերին Հայաստանի ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում Արման Նավասարդյանն էր, որը ժամանել էր Բուդապեշտ, իսկ պատվիրակության ղեկավարը ես էի՝ որպես արտաքին գործերի նախարարի տեղակալ, եւ ընդամենը մի քանի օր առաջ էի նշանակվել այդ պաշտոնին: Պատվիրակության կազմում էին նաեւ Արսեն Գասպարյանը, Արմեն Խարազյանը, Աշոտ Քոչարյանը եւ մի քանի այլ աշխատակիցներ նախարարությունից եւ Վիեննայի դեսպանությունից: Հաշվի առնելով, որ մի ամբողջ ամիս մնալու էինք այնտեղ, Բուդապեշտի կենտրոնում մի մեծ բնակարան էինք վարձել եւ պատվիրակության հիմնական անդամներով մնում էինք այնտեղ:

Քննարկումները շատ թեժ եւ բուռն էին անցնում: Մինսկի խմբի շրջանակում համանախագահություն ստեղծելու գաղափարը մեծ դիմադրության էր արժանանում այդ օրերին բանակցություններում մենաշնորհ ունեցող Ռուսաստանի կողմից: Այդ պայքարը Ռուսաստանի կողմից մղում էր ԼՂ բանակցություններում Ռուսաստանի միջնորդ Վլադիմիր Կազիմիրովը: Բայց նա դա անում էր շատ նուրբ եւ անուղղակի ձեւով՝ լավ գիտակցելով, որ հենց Ռուսաստանին դժվար կլիներ հիմնավորել իր կողմից այդ մենաշնորհի պահպանումը: Բավական էր, որ հակամարտության կողմերից մեկը հայտարարեր, որ դեմ է ձեւաչափի փոփոխությանը, եւ այդ հարցը հանվեր օրակարգից: Կազիմիրովի ցանկությունն այն էր, որ Հայաստանը դա կանի հանձինս ինձ:

Այդ հարցը գագաթաժողովի նախապատրաստման փուլի ամենահետաքրքիր ինտրիգն էր եւ բոլորի հետաքրքրության կենտրոնում էր: Նիստում, երբ արդեն գլխավոր դերակատարները պետք է իրենց տեսակետները հայտնեին, եւ որոշում կայացվեր այդ հարցի վերաբերյալ, որն արդեն գագաթաժողովի ընթացքում կներկայացվեր նախագահների հաստատմանը, դահլիճում ներկա էին ոչ միայն համարյա բոլոր երկրների ներկայացուցիչները՝ դեսպանների մակարդակով, այլեւ գագաթաժողովի հետ առնչվող համարյա յուրաքանչյուր ոք: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար:

Երրորդ կարեւոր հարցը մեզ համար ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություն իրականացնելու մասին կազմակերպության որոշումն էր: Սա ԵԱՀԿ-ի համար նորություն էր լինելու: Կազմակերպությունը նման առաքելություն երբեք չի իրականացրել, եւ հատկապես արեւմտյան երկրների կողմից մեծ դիմադրություն կար նման անկանխատեսելի պատասխանատվության տակ մտնելու հարցում:

Այդ օրերին Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների գլխավոր խնդիրը ոչ թե ԼՂ կարգավիճակի հարցն էր, այլ այսպես կոչված «պատերազմի հետեւանքների վերացման» խնդիրը: Դա նշանակում էր իրավիճակը վերադարձնել 1991թ. ստատուս քվոյին, որից հետո միայն, ինչպես նախատեսվում է ԵԱՀԽ 1992թ. նախարարների խորհրդի որոշմամբ, Մինսկում քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը:

Բուդապեշտի գագաթաժողովի որոշումների հետ կապված թյուր կարծիք կա ձեւավորված բանակցություններում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, որ իբր գագաթաժողովը որոշում է կայացրել բանակցություններում ԼՂ-ն ճանաչելու լիարժեք եւ հավասար կողմ: Այդպիսի որոշում չի եղել: Բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության միակ իրավական ձեւակերպումը տրվել է ԵԱՀԽ Հելսինկյան 1992թ. նախարարների խորհրդի որոշման մեջ: Այդ օրվանից էլ ԼՂ պատվիրակության կարգավիճակը դիտարկվել է այդ համատեքստում, որը միշտ բուռն վեճերի եւ անհամաձայնությունների պատճառ է եղել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Այլ կերպ ասած՝ որքանով Լեռնային Ղարաբաղը կողմ էր մինչեւ Բուդապեշտի գագաթաժողովը, այնքանով էլ կողմ մնաց դրանից հետո:

Թյուրիմացությունը գալիս էր նրանից, որ ԼՂ-ին վերաբերող փաստաթղթում կար «բանակցություններ կողմերի միջեւ» բառակապակցությունր, որի շուրջ թեժ վիճաբանության մեջ էինք մտել Ադրբեջանի հետ «միջեւ» բառի անգլերեն համազորի ընտրության հարցում: Անգլերենում «միջեւ» բառի համար կարելի է օգտագործել եւ՛ «between», եւ՛ «among» բառերը: Առաջինը ավելի վերաբերում է երկու կողմերի, իսկ երկրորդը՝ երկուսից ավելի կողմերի: Ամբողջ երկու շաբաթ բազմաթիվ ավելի կարեւոր հարցերի կողքին մենք հրապարակային վիճում եւ չէինք համաձայնում այս բառերի ընտրության շուրջ՝ երկուստեք բացահայտելով մեր անհամաձայնության պատճառը: Երբ վերջում Ադրբեջանը տեղի տվեց եւ համաձայնեց «among» բառին, դա բնականաբար ընկալվեց որպես այն փաստի ամրագրում, որ ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները ընթանում են երեք կողմերի միջեւ:

Դեկտեմբերի 5-ի երեկոյան Բուդապեշտ ժամանեց նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը: Զբաղված լինելով աշխատանքային խմբերում՝ ես չէի գնացել նախագահին դիմավորելու: Ավելի ուշ երեկոյան գնացի Բուդապեշտի Բուդա մասում գտնվող «Հիլթոն» հյուրանոց հանդիպելու Տեր-Պետրոսյանին եւ զեկուցելու ստեղծված իրավիճակի մասին:

Նախագահի սենյակում էին նրան ուղեկցող պատվիրակության մյուս անդամները` արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը: Սենյակում տրամադրությունները բավական զուսպ էին: Այդ պահին նախագահը փորձում էր հեռախոսային կապ հաստատել Երեւանում գտնվող Անվտանգության ծառայության պետ Դավիթ Շահնազարյանի հետ, ինչը չէր ստացվում: Այդ օրերին շատ դժվար էր արտասահմանից Երեւան զանգելը: Այդ պահերին ակնկալվում էր, որ Վրաստանից Հայաստան պետք է մուտք գործի վառելիքով բեռնավորված գնացքը: Հարցի հրատապությունն այն էր, որ գնացքի չժամանելը կամ նույնիսկ ինչ-որ ժամանակով ուշանալը անասելի բացասական հետեւանքներ կարող էր ունենալ առանց այն էլ էլեկտրաէներգիայի արտադրության շատ սուղ ծավալների վրա: Վառելիքի թեկուզ կարճաժամկետ բացակայության դեպքում այդ օրերին գործող միակ՝ Հրազդանի ՋԷԿ-ի վառարանը կարող էր սառչել, որի վերագործարկումը լուրջ բարդություններ կարող էր առաջացնել Հայաստանի չափազանց խոցելի էներգետիկ համակարգի համար: Այս պայմաններում շատ դժվար էր նախագահի ուշադրությունը շեղել այլ խնդիրների վրա:

Այդ օրերին ես միշտ մոտս ունեի ամերիկյան AT&T հեռախոսային ընկերության քարտը, որը նոր-նոր սկսում էր որոշակի ծառայություններ մատուցել նաեւ Հայաստանում: Անմիջապես կապվեցի Միացյալ Նահանգներոմ նրանց օպերատորի հետ, հայտնեցի քարտիս համարը ու խնդրեցի միացնել Շահնազարյանի համարին: Միացումը ստացվեց, նախագահը զրուցեց Շահնազարյանի հետ եւ հանգստացավ՝ իմանալով, որ գնացքը բարեհաջող տեղ է հասել: Դրանից հետո արդեն հնարավոր եղավ գրավել նրա ուշադրությունը եւ քննարկել գագաթաժողովին վերաբերող հարցերը:

Բնականաբար, այդ ամբողջ ամսվա ընթացքում ես իմ քայլերը համաձայնեցնում էի Երեւանի հետ, Վահան Փափազյանը լիովին տեղյակ էր զարգացումերին եւ, իհարկե, իր հերթին պարբերաբար զեկուցում էր նախագահին: Մեր զրույցով վերահաստատվեցին մեր որդեգրած մոտեցումները: Նախագահը, քաջ գիտակցելով կենսենսուսի վերացման հարցում Հայաստանի առարկության հնարավոր արձագանքները եւ հետեւանքները, վերահաստատեց այդ փոփոխությանը հակադրվելու մեր վճռականությունը:

Նախագահի՝ Բուդապեշտում գտնվելու երկու օրերի ընթացքում բազմաթիվ փորձեր արվեցին նրան համոզելու համաձայնել այդ փոփոխությանը: Գագաթաժողովի անգամ վերջին վայրկյանին նախագահողը փաստի առաջ կանգնեցրեց Տեր-Պետրոսյանին՝ ԵԱՀԿ բոլոր 46 անդամ երկրների նախագահների առաջ քվեարկության դնելով Կինկել-Կույմենս նախագիծը, այն դեպքում, երբ Հայաստանը դրան արդեն ասել էր ոչ, եւ ըստ ԵԱՀԿ կանոնադրության՝ հարցը չպետք է ներկայացվեր նախագահների քննարկմանը եւ քվեարկությանը:

Նախագահողը, հայտարարելով, որ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որ դեմ է կոնսենսուսի վերացմանը, Հայաստանի նախագահին կոչ արեց վերանայել որոշումը եւ ընդառաջ գնալ մյուս բոլոր անդամ երկրների կամքին: Դահլիճում քար լռություն էր, բոլորի հայացքն ուղղված էր Հայաստանի պատվիրակության կողմը: Տեր-Պետրոսյանը սառնասրտորեն միացրեց իր առջեւի բարձրախոսը եւ դանդաղ տոնայնությամբ ու համոզիչ հիմնավորումներով բացատրեց, թե ինչու Հայաստանը չի կարող համաձայնել այդ փոփոխությանը:

Նույն օրը երեկոյան պատվիրակությունը նախագահի օդանավով վերադարձավ Երեւան: Ինքնաթիռում բոլորիս տրամադրությունը բարձր էր: Մի տեսակ ինքնաբավարարման զգացում կար, որ փոքր Հայաստանը կարողացավ պաշտպանել իր շահերը՝ տուրք չտալով մեծ տերությունների ճնշումներին: Մենք ոչ միայն կանխել էինք ԵԱՀԿ-ի կենսունակության հիմնարար գործոններից մեկի վերացումը, այլեւ Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ համար ստացել էինք բավական նպաստավոր որոշումներ:

Բուդապեշտի գագաթաժողովից ընդամենը երկու տարի անց՝ 1996թ. Լիսաբոնից Երևան ճանապարհին նախագահի օդանավում տրամադրությունները բոլորովին այլ էին:

շարունակելի

Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին