Ընտրովի խտրականություն գոյություն չունի - Mediamax.am

Ընտրովի խտրականություն գոյություն չունի
18381 դիտում

Ընտրովի խտրականություն գոյություն չունի


Երբվանի՞ց եվրոպական արժեքները սկսեցին ընկալվել զուտ սեռական փոքրամասնությունների իրավունքների համատեքստում: Փաստորեն, միլիոնավոր ֆրանսիացիներ, որոնք Փարիզում ցույցեր են անում` ի պաշտպանություն ավանդական ընտանիքի, դո՞ւրս են եվրոպական արժեհամակարգից: Անհեթեթություն է, այդպես չէ՞: Չէ որ նրանք Մոնտեսքյուի, Վոլտերի, Կամյուի, Սարտրի հետնորդներն են, եւ այս ցուցակը կարելի է երկար շարունակել:

Եվրոպական արժեքները երեք հազարամյա քաղաքակրթության արդյունք են: Նրանց հիմքում են Արիստոտելը և Պլատոնը, Նարեկացին և Գոշը, Վերածնունդն ու Ռեֆորմացիան, Բենթամը և Միլը, Հեգելը և Ռուսոն, Քոբդենը և Ադամ Սմիթը, Մազինին ու Դյունանտը, Դոստոեւսկին և Բուլգակովը, արդյունաբերական հեղափոխությունը, ազատ առեւտուրը, ազգային ազատագրական շարժումն ու քաղաքացիական ազատությունները: Եվրոպան նաև գիտի, թե ինչ է գաղութատիրություն  եւ պատերազմներ, խտրականություն ու ցեղասպանություն և ամոթի մոխրից հառնել է դեպի ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ հիմնարար ազատություններ:

Սա հենց այն է, ինչը մենք հոգեհարազատ ենք համարում մեր հասարակության եւ մեր երեխաների համար:

Սա հենց այն է, ինչը մենք հոգեհարազատ ենք համարում մեր կայուն սոցիալական եւ տնտեսական զարգացման համար:

Դրանք վերացական արժեքներ չեն` պարտադրված օտարների կողմից: Իրականում դրանք մեր արժեքներն են` ամրագրված մեր Սահմանադրության մեջ, որ միաժամանակ հանդիսանում են համընդհանուր եվրոպական արժեքներ :

Գալով սեռական փոքրամասնությունների խնդրին, մենք լիակատար իրավունք ունենք ընդդիմանալ վերջիններիս իրավունքների մասին պահանջներին, հատկապես, երբ դրանք խարխլում են հասարակության սոցիալական հիմքը, որի կենտրոնում ընտանիքն է` իբրեւ կնոջ ու տղամարդու համաձայնեցված միություն: Կամ երբ այդ պահանջները հակամարտության մեջ են մտնում երեխաների իրավունքների հետ: Միեւնույն ժամանակ, ուզենք թե չուզենք, սեռական փոքրամասնությունները կան, ապրում են նույն հասարակությունում եւ դրա մասն են հանդիսանում: Երբ մեր անհամաձայնությունը վերածվում է վիրավորանքների, խտրականության եւ ի վերջո` հալածանքի, մենք գրեթե ոչնչով չենք տարբերվում որեւէ բռնակալից: Խտրականության ենթարկել մեկ հողի վրա` նշանակում է ճանապարհ հարթել ցանկացած ճնշումների համար, լինի դա ազգային, կրոնական, էթնիկ թե այլ հողի վրա:

Կարիք չկա հիշեցնելու, թե այդ ամենի հետեւանքով որտեղ է հայտնվում հասարակությունը: Պատմությունը բազմաթիվ օրինակներ է տալիս: Որքա՞ն մարդիկ ոչնչացվեցին միայն նրա համար, որ ունեին տարբեր մաշկի գույն, հավատք, լեզու, էթնիկ ծագում կամ քաղաքական հայացքներ: Եվրոպան եւ մենք անցյալում այդ ամենը տեսել ենք բավականաչափ, որպեսզի հասկանանք, որ ընտրովի խտրականություն գոյություն չունի: Երբ հասարակությունն ընդունում է խտրականությունը մի հողի վրա, ապա այն պատրաստ է կիրառել այն նաեւ այլ դեպքերում:

Ժողովրդավարական հասարակությունը հարգում է հիմնարար ազատությունները` անձնական կյանքի ազատությունը ներառյալ: Այլ մարդկանց ննջարաններից հեռու մնալը ոչ միայն նրանց անձնական ազատությունը հարգելու միջոց է, այլեւ քաղաքավարության հիմքերից մեկը: Զուգահեռաբար` սեքսուալության ի ցույց դնելը այլանդակ հրավեր է դեպի ննջարան: Հիմնարարն այստեղ խտրականության չենթարկելու համընդհանուր եվրոպական արժեքն է:

Փարիզի փողոցներում ես կմիանայի ավանդական ընտանիքի ջատագովների ցույցին, սակայն դեմ կլինեի ատելություն սերմանողներին իմ կողքին: Սա իրականում բարդ խնդիր է: Արժեքների եւ սեռական փոքրամասնությունների մասին հանրային քննարկման արհեստական պարզեցումը հարցականի տակ է դնում երկու խնդիրների լրջությունը, ինչպես նաեւ` հասարակության ուժն ու հասունությունը:

Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն է: Այս սյունակում նա արտահայտում է իր անձնական մտքերը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին