1988-ի Շարժումը` մարդիկ, իդեալիզմը ու ցինիզմը - Mediamax.am

1988-ի Շարժումը` մարդիկ, իդեալիզմը ու ցինիզմը
10042 դիտում

1988-ի Շարժումը` մարդիկ, իդեալիզմը ու ցինիզմը


Երեկ գործարկեցինք [Շարժում 1988/25] հատուկ նախագիծը, որը նվիրված է Ղարաբաղյան Շարժման 25-ամյակին: Այն նախօրոք նախատեսված չէր` գաղափարն առաջացավ նրանից հետո, երբ Ստեփանակերտից հաղորդագրություն ստացա այն մասին, որ ստեղծվել է 25-ամյակի հարցերով զբաղվող պետական հանձնաժողով:

Առավել համոզվեցի, որ պետք է նման նախագիծ անել, երբ մեր լրագրողների հետ հավաքվեցինք դրան նվիրված առաջին ժողովին: Սկսեցի ներկայացնել գաղափարը, ասելով, որ «դե հիշում եք, թե դա ինչպես էր » ու մեկ էլ նկատեցի, որ վրաս զարմացած աչքերով են նայում: Հանկարծ հասկացա, որ մեր լրագրողներից մի քանիսը ծնվել են 1988-ից հետո, իսկ մնացածը 1988-ին եղել են ընդամենը 1-2 տարեկան…

Իհարկե, մենք չենք հավակնում ներկայացնել Շարժման ողջ պատմությունը կամ էությունը: Որոշել ենք Շարժումը ներկայացնել նրա մասնակիցների աչքերով` Երեւանից եւ Ստեփանակերտից: Շատերը կասեն, որ այս կամ այն պատմության մեջ այս կամ այն փաստը ճիշտ չէ ներկայացվել, կամ, միգուցե ներկայացվել է այլ լույսի ներքո: Թերեւս, սա եւս անխուսափելի է` որքան մարդիկ, այնքան կարծիքներ ու վարկածներ:

Շատ եմ ափսոսում, որ մեզ չհաջողվեց զրուցել մի քանի առանցքային մարդկանց հետ` Իգոր Մուրադյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Բաբկեն Արարքցյանի: Բոլորը տարբեր պատճառաբանություններով մերժեցին նախագծին մասնակցելու մեր հրավերը: Ինչ արած, իրենց իրավունքն է: Ցավալի է, որ հնարավորություն չունենք զրուցել Վանո Սիրադեղյանի հետ. այդ բացը կփորձենք լրացնել որոշ արխիվային նյութերով:

Չնայած բոլոր տեխնոլոգիական փոփոխություններին, լրագրությունը շարունակում է մնալ գիտություն մարդու մասին: Մարդը եղել եւ մնում է իսկական լրագրության առանցքը: Այդ առումով նախագիծը բացառիկ հնարավորություն տվեց շփվել ու ճանաչել մարդկանց, որոնք 25 տարի առաջ սկսեցին մի բան, որը մոգական նշանակություն ուներ թե իրենց ու թե ժողովրդի համար:

Շարժումը միայն շարժում չէր հանուն Ղարաբաղի: Շարժումը միայն ժողովրդի ընդվզում չէր համակարգի դեմ: Շարժումը մի հսկայական խառնարան էր, որը փոխեց մարդկանց ճակատագրերը, ոմանց բարձրացնելով այնտեղ, որտեղ նրանք արժանի չէին լինել, իսկ ոմանց` զրկեց կյանքից:

Շարժմանը հետեւեցին մարդկային ողբերգություններ, դավաճանություններ ու սպանություններ: Իր հրաժարականից ընդամենը մեկ տարի անց Աշոտ Մանուչարյանը Ազատության հրապարակում իր նախկին ընկերներին «մարդասպաններ» անվանեց: 1994 դեկտեմբերին սպանվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը, իսկ նրա շիրմաքարին գրեցին` «Հեղափոխությունը սկսում են ռոմանտիկները, իրականացնում են պրագմատիկները, իսկ պտուղներից օգտվում են սրիկաները»: 1996 թվականին վերջնականապես խզվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի հարաբերությունները, իսկ Երեւանի փողոցում հայտնվեցին տանկեր, որոնք արտաքնապես չէին տարբերվում այն տանկերից, որոնց դեմ Լեւոնն ու Վազգենը միասին պայքարում էին 1988-ին: 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացրին Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը ու Սերժ Սարգսյանը` մարդիկ, որոնք մարմնավորում էին Շարժման գերնպատակը` Ղարաբաղը: 1999 թվականին Շարժման ուսանողական թեւի ղեկավարներից մեկը` Նաիրի Հունանյանը, սպանեց Վազգեն Սարգսյանին: 2002 թվականին, Վազգեն Սարգսյանի եղբոր հրահանգով, սպանվեց Շարժման ուսանողական թեւի մյուս ղեկավարը` Տիգրան Նաղդալյանը: 2008 թվականի մարտի 1-ի ողբերգությունը, ըստ էության, սկսվեց Շարժման բնօրրանում` Ազատության հրապարակում:

[Շարժում 1988/25] նախագծի գրեթե բոլոր հերոսներին տվել ենք նույն հարցերը` արդյո՞ք այս ամենն անխուսափելի էր: Արդյո՞ք «Ղարաբաղ» կոմիտեն ու նրա անդամները դատապարտված էին ունենալ այն ճակատագիրը, որն ունեցան: Պատասխանները տարբեր են: Ոմանք կարոտախտով են խոսում նախկին ընկերների մասին, մյուսները` բավական սառը: Ոմանք խանդավառությամբ են հիշում 1988 թվականը, ոմանք էլ այդ էջը վաղուց շրջել են:

Այն, ինչ ունենք Հայաստանում այսօր, սկիզբ է առել 1988 թվականին` եւ լավը եւ վատը: Բոլոր նրանք, ովքեր երբեւէ ցանկանում են այս երկրում իշխանության գալ, լավ կանեն ուսումնասիրեն նորագույն պատմությունը: Ի վերջո, պատմությունն էլ, լրագրության պես, մարդու մասին է:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին