Պատերազմ ուղիղ եթերում - Mediamax.am

Պատերազմ ուղիղ եթերում
9149 դիտում

Պատերազմ ուղիղ եթերում


Վերջին տասնամյակներում մեդիա-դաշտի փոփոխությունը փոխել է նաեւ մեր` այնպիսի իրադարձությունների ընկալումը, ինչպիսիք են զինված հակամարտությունը կամ պատերազմը: Առաջին նշույլները հայտնվեցին 1991-ին, երբ ամերիկյան զինվորականները սկսեցին նկարահանել եւ մամուլի ասուլիսների ժամանակ ցուցադրել յուրաքանչյուր հրթիռի վայրէջքը՝ այդպիսով մեզ դարձնելով  ռազմական գործողությունների ուղղակի մասնակից: 

Միեւնույն ժամանակ, չնայած գործընթացին մեր ներգրավվածությանը, մեզ մոտ աստիճանաբար սկսեց մարել այն զգացողությունը, որ ինչ-որ ողբերգական բան է տեղի ունենում: Էկրաններին երեւում էին ինչ-որ շենքի սեւ-սպիտակ պատկերներ, որոնք նկարահանված էին «խելացի» հրթիռի վրա տեղադրված տեսախցիկով, այն արագ մոտենում էր, եւ ամեն ինչ ավարտվում էր սպիտակ ծուխով: Այդ ամենից խաղի տպավորություն էր ստեղծվում. շատ դժվար էր պատկերացնել, որ շենքում մարդիկ կային, որոնք մասնատված ոսկորներով մսի կտորներ էին դառնում: Որքան իրական էր ձայնագրությունը, այնքան ավելի դժվար էր այնտեղ կոնկրետ մարդկանց կյանքն ու մահը պատկերացնել: 

Ապա` եկավ 1993 թվականը, եւ ամեն ինչ էլ ավելի հետաքրքիր դարձավ: Ռուսաստանում նախագահը եւ խորհրդարանը հակամարտում էին: Ապա` Գերագույն խորհրդի շենքին չորս տանկեր մոտեցան: Ինչպես նաեւ CNN-ի թղթակիցն օպերատորի հետ: Եվ ողջ աշխարհն ուղիղ եթերում դիտում էր, թե ինչպես են տանկերը ռմբակոծում խորհրդարանի շենքը, որը սպիտակից սեւ էր դառնում: Տպավորիչ է, գրողը տանի: Առավել եւս, որ քեզ չեն ցույց տալիս, թե ինչ է տեղի ունենում այն  կողմում, ուր են ընկնում հրթիռները. հեռուստադիտողի նյարդերը պետք է խնայել:  

Հետագայում էլ ավելի ուրախ էր. յուրաքանչյուր անձ, ում ձեռքում բջջային հեռախոս կար, ինքն իրեն համար CNN եւ Foxnews դարձավ: Եվ ահա մեր համակարգիչներում սկսեցին հայտնվել սարսափելի կադրեր Լիբանանից, Սիրիայից եւ այլ երկրներից, որտեղ բազմաթիվ տղամարդիկ որոշեցին, որ կյանքում պետք է երեք բան անեն` անընդհատ «Ալլահ Աքբար» գոռան, գերիների գլուխները կտրեն եւ այդ ամենը նկարահանեն բջջային հեռախոսով: Եվ կարելի է համարել, որ կյանքը հաջողվել է:

Ինձ համար նոր երեւույթ դարձավ վերջին պատերազմը, որ ծավալվել է Գազայի հատվածի եւ Իսրայելի միջեւ: Այստեղ առաջին անգամ հանդիպեցի միեւնույն հարթակում միեւնույն ժամանակ անցկացվող առցանց լուսաբանման: Խոսքը Թվիթերի մասին է:  

Երբ հակամարտությունը նոր էր սկսվել, մտա Թվիթեր եւ տեսա, որ պաղեստինյան գրառումները հիմնականում պետք է կարդալ #GazaUnderAttack հեշթեգի ներքո, իսկ իսրայելամետները`#IsraelUnderFire-ի: Բացի այդ, սկսեցի կարդալ համասականների թվիթերը` Ալ-Քասամա բրիգադի, ինչպես նաեւ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի: Որոշ ժամանակ անց հասկացա, որ ամեն ինչ կտրուկ անիրական է դառնում եւ էլ ավելի նմանվում է ինչ-որ խաղի: Առցանց կարդում եմ համասականներին, ովքեր հպարտորեն ասում են, որ սկսել են հրթիռակոծել Թել-Ավիվը.



Մի քանի վայրկյան անց կարդում եմ արդեն իսրայելական բանակի գրառումը` Թել-Ավիվում լսվում են հրթիռային ահազանգեր, նաեւ իրենց հետ մնալու կոչեր. 



Եվս մեկ րոպե անց համասականները ուրախ հայտնում են, որ Թել-Ավիվում ծխի ամպեր են երեւում. 



Որոշ ժամանակ անց իսրայելցիները հակառակ բովանդակության հաղորդագրություն են գրում` հրթիռները ոչնչացվել են.



Սա միայն մեկ դրվագ է: Այս ամենը շատ հետաքրքիր է, սակայն, միեւնույն է, տհաճ է, դրան դեռեւս պետք է սովորել: Սակայն հասկանալի չէ` ե՞րբ, քանի որ վերջին 11 տարիների ընթացքում ես այդպես չսովորեցի, որ ուղիղ եթերում կարող եմ տեսնել, թե ինչպես է ինքնաթիռը մխրճվում երկնաքերի մեջ: Միգուցե լավ է, որ չեմ սովորել…

Սամվել Մարտիրոսյանը մեդիա-փորձագետ է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին