Հայաստան-Իսրայել. առկախ հարաբերություններ - Mediamax.am

Հայաստան-Իսրայել. առկախ հարաբերություններ
18269 դիտում

Հայաստան-Իսրայել. առկախ հարաբերություններ


Իմ մանկության հիշողությունների մեջ դաջված պատկերներից մեկը Սիրիայում իսրայելական լրտես Էլի Քոհենի ձերբակալությունն ու հրապարակային կախաղանն էր. դա տեղի ունեցավ 1965թ.:

Քոհենը ծնվել էր 1924թ. Ալեքսանդրիայում, օրթոդոքս հրեաների եւ նվիրյալ սիոնիստների ընտանիքում: Նրա հայրը 1914թ. Հալեպից տեղափոխվել էր Եգիպտոս. 1956թ. նա ընտանիքով գաղթել էր Իսրայել, որտեղ հավաքագրվել էր Մոսադի կողմից եւ 1962թ. ուղարկվել Դամասկոս` որպես Արգենտինայից ներգաղթած արաբ՝ Քամել Ամին Թաաբեթ անունով: Քոհենին ձերբակալեցին գործողության պահին, երբ նա իր ռադիոսարքով Դամասկոսից Իսրայել տեղեկություններ էր ուղարկում Գոլանի բարձունքում սիրիական պաշտպանական դիրքերի մասին:

Քոհենի մահապատիժն ինձ համար առաջին առնչությունն էր իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը: Դրան հաջորդեց 1967թ. արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմը, որին մասնակցում էր նաեւ Սիրիան, եւ մենք Հալեպում՝ մեր դպրոցական տարիներին, զգում էինք դրա անմիջական հետեւանքները: Երբ ես արդեն ուսանում էի Երեւանի Պոլտեխնիկական ինստիտուտում, 1973թ. հոկտեմբերին բռնկվեց Յոմ Կիպուրի արաբա-իսրայելական պատերազմը: Ես ուշի-ուշով հետեւում էի այդ պատերազմին եւ դրան հաջորդած իրադարձություններին:

Արաբական աշխարհի քաղաքականությունը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը եւ առհասարակ Միջին Արեւելքի իրադարձությունները եւ զարգացումները միշտ հետաքրքրել են ինձ եւ կարող եմ ասել՝ լուրջ ազդեցություն են ունեցել իմ քաղաքական մտածողության վրա: Այդ ամենի գայթակղությունը թերեւս դրա անկանխատեսելիությունը, բարդությունը, նաեւ՝ ինտրիգը, նենգությունը, անբարոյականությունն ու անգամ դաժանությունն էր: Հայտնի մի ասացվածք կա՝ «եթե քեզ թվում է՝ դու հասկանում ես արաբական քաղաքականությունը, ուրեմն քեզ լավ չեն բացատրել իրավիճակը»:

Մերձավոր Արեւելքում՝ ի պաշտոնե

1998թ., երբ նշանակվեցի արտգործնախարար, իմ օրակարգային խնդիրներից էր առավել խորացնել հարաբերությունները արաբական երկրների հետ եւ միաժամանակ նոր հարթության վրա դնել հայ-իսրայելական հարաբերությունները: Անկախության առաջին իսկ օրերից Իսրայելի հետ մեր հարաբերություններում միշտ որոշ դանդաղկոտություն եւ զգուշավորություն է եղել:

Մարտահրավերը, իհարկե, ոչ թե արաբական երկրների հետ հարաբերությունները առավել խորացնելն էր, այլ դրան զուգահեռ Իսրայելի հետ հարաբերությունների նոր մակարդակ հաստատելը: Մի կողմից՝ Հայաստանի համար Իսրայելը կարեւոր երկիր է` հաշվի առնելով նրա ներուժն ու անցած ուղին, քաղաքական ազդեցությունը, տնտեսական հնարավորություններն ու տեխնոլոգիական զարգացումը, հզոր հրեական լոբբիի ներկայությունը Վաշինգտոնում եւ այլ մայրաքաղաքներում, ինչպես նաեւ աշխարհագրական ու պատմական ընդհանրությունները, որ կան Հայաստանի եւ Իսրայելի միջեւ: Մյուս կողմից՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարեւորությունը պայմանավորված էր Թուրքիայի հետ նրա ունեցած ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից: Իսրայելը արդեն փորձել էր ներթափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան Վրաստանի եւ Ադրբեջանի միջոցով: Սակայն Հայաստանի կողմից որեւէ քայլ, որ կարող էր ուղղված լինել Իսրայելի հետ հարաբերությունների սերտացմանը, լավ չէր ընկալվի արաբական աշխարհի եւ հատկապես մեր կարեւոր գործընկեր Իրանի կողմից:

Այդ օրերին մեր արտաքին քաղաքականության գաղափարական հիմքում դրված էր փոխլրացման (կոմպլեմենտարիզմի) սկզբունքը: Այն մշակվել էր հատուկ այն նպատակով, որ Հայաստանը հնարավորություն ունենա զուգահեռաբար հարաբերություններ զարգացնել երկու հակադիր ուժերի հետ: Միաժամանակ՝ այդ քաղաքականությունը մշակելիս մենք լավ գիտակցում էինք, որ կոպլեմենտարիզմը արդյունավետ եւ օգտակար է միայն այն դեպքերում, երբ հակամարտությունը երկու բեւեռների կամ ուժերի միջեւ շատ խորը չէ, ինչպես օրինակ` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Բնականաբար, իրավիճակը այլ էր Իսրայելի եւ արաբական աշխարհի եւ հատկապես՝ Իսրայելի եւ Իրանի միջեւ. այստեղ թշնամանքն այնքան էր խորացել, որ մենք գիտակցում էինք, որ փոխլրացման սկզբունքի կիրառումն այս պարագայում արդյունավետ լինել չի կարող:

Արտգործնախարարի պաշտոնում առաջին իսկ օրերից սկսեցի աշխատել այդ ուղղությամբ՝ փորձելով ապահովել հարաբերությունների շարունակական զարգացումը եւ՛ արաբական երկրների, եւ՛ Իրանի, եւ՛ Իսրայելի հետ:

Հանդիպում Նեթանյահուի եւ Արաֆաթի հետ

1998թ. ընթացքում Իրան կատարած երկու այցելություններից հետո՝ նույն տարվա հոկտեմբերին մեկնեցի Իսրայել, նաեւ՝ Պաղեստին: Այցից առաջ դիմեցինք Սիրիայի իշխանություններին՝ ցանկություն հայտնելով այցելել նաեւ այդ երկիր, սակայն ավելի ուշ՝ տարվա ընթացքում: Դա արվեց հատուկ այն մտադրությամբ, որ Սիրիայի իշխանությունները, հետեւելով իմ այցին Իսրայել, տեղյակ լինեին, որ այցելելու եմ նաեւ Սիրիա:

Իսրայելում գլխավոր հանդիպումս կայացավ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, իսկ Ռամալլահում` Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ:


Հանդիպում Բենյամին Նեթանյահուի հետ, Երուսաղեմ, հոկտեմբեր, 1998թ.

Նեթանյահուի հետ առաջին անգամ հանդիպել էի 1989թ. Ֆլետչերի դպրոցում ուսանելուս տարիներին: Նա ժամանել էր այնտեղ որպես Իսրայելի փոխարտգործնախարար` ելույթ ունենալու համար: Ելույթից հետո Ֆլետչերի դպրոցում ճաշ էր կազմակերպվել ուսանողների ավելի նեղ շրջանակի համար: Ես հնարավորություն ունեցա նրա հետ զրուցելու եւ հարցեր տալու իսրայելա-պաղեստինյան հակամարտության այդ շրջափուլի վերաբերյալ: Այդ օրը Նեթանյահուի ելույթը, մոտեցումները եւ նյութի ներկայացումը, ինչպես նաեւ նրա մտքերի կուռությունը իմ վրա բավական մեծ տպավորություն էին գործել: Այն ժամանակ, ինչպես եւ հիմա՝ նա աջամետ քաղաքական գործիչ էր եւ հանդես էր գալիս ծայրաստիճան ազգայնական դիրքերից եւ հատկապես Իսրայելի անվտանգությանը վերաբերող հարցերում կոշտ դիրքորոշումներ ուներ: Անզիջում էր Երուսաղեմի` որպես Իսրայելի հավերժ մայրաքաղաքի հարցում, նաեւ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման մի քանի կարեւորագույն խնդիրների առնչությամբ:

Հանդիպումս Նեթանյահուի հետ շատ հետաքրքիր անցավ: Նրա աշխատասենյակը բավական համեստ էր՝ թե չափերով, թե կահավորմամբ: Սկզբում ես նրան հիշեցրի Ֆլետչերում մեր հանդիպման մասին. նա լավ հիշում էր իր ելույթը, բայց ոչ՝ ինձ: Սակայն զրույցի նման սկիզբը օգնեց սահուն անցնելու մտերմիկ զրույցի: Մենք խոսեցինք ԱՄՆ-ում անցակացրած ժամանակի, այնտեղ ստացած մեր կրթության մասին, փոխադարձ հարցեր տվեցինք, որից հետո անմիջապես անցանք բուն թեմաների քննարկմանը:

Նեթանյահուին առաջին հերթին հետաքրքրում էին Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ եւ իմ տեսակետները Իրանում առկա իրավիճակի ու զարգացումների, ինչպես նաեւ այդ երկրի տարածաշրջանային դերակատարության մասին: Նա նաեւ բազմաթիվ հարցեր ուներ Հայաստանի վիճակի` եւ՛ ներքին, եւ՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ, լավ տեղեկացված էր Ղարաբաղի հարցի մասին: Զուգահեռներ անցկացվեցին պաղեստինյան խնդրի հետ, եւ բնականաբար քննարկեցինք հնարավոր լուծումներն ու դրանց հասնելու հնարավորությունները: Նեթանյահուն հարցրեց նաեւ հայ-թուրքական եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին:

Ինձ, բնականաբար, հետաքրքրում էին Իսրայելի ձգտումները մեր տարածաշրջանում, հատկապես՝ նրա հարաբերությունների հնարավոր զարգացումը Ադրբեջանի հետ: Ես փորձում էի հասկանալ՝  որեւէ ռազմական համագործակցություն արդեն կա՞ նրանց միջեւ: Փորձում էի նաեւ հասկանալ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների խորությունը, ռազմավարական նշանակությունը եւ այդ ամենի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա՝ հաշվի առնելով հատկապես Իսրայել-Իրան հարաբերությունների ծայրահեղ լարվածությունը: Ես խորքային հարցեր ունեի նաեւ պաղեստինյան հակամարտության եւ դրա հնարավոր լուծումների մասին:

Այնտեղից ես մեկնեցի Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ հանդիպման: Երուսաղեմից Ռամալլահ ուղեւորությունը ինձ համար երազային էր: Ճանապարհը տեւեց մոտ կես ժամ, եւ ես կարծես հեռուստացույցի առջեւ նստած միջազգային լուրեր դիտելիս լինեի: Մի քանի ստուգման կետեր անցնելուց հետո, իսրայելցի զինվորների հսկողության ներքո հասանք Ռամալլահ եւ ուղեւորվեցինք Արաֆաթի կեցավայր: Դա երկհարկանի համեստ կառույց էր: Արարողակարգի աշխատակիցներն ինձ ողջունեցին մուտքի մոտ եւ ուղեկցեցին երկրորդ հարկ, որտեղ Արաֆաթի աշխատասենյակն էր: Վերելակից դուրս գալուն պես տեսա այն մարդուն, որը մարմնավորում էր մի ամբողջ ժողովրդի իղձերը, մարդու, որն իմ մանկության եւ պատանեկության ամենահաճախ պատկերվող դեմքն էր: Մարդը, որ կանգնած էր իմ առջեւ, անցել էր հրի ու սրի միջով, վերապրել էր բազմաթիվ մահափորձեր: Հաճախ ասում էին, որ Արաֆաթն իր պայքարի ընթացքում երբեք երկու գիշեր նույն տեղում չի քնել: Նա հայտնի էր հյուրերի հանդեպ ջերմությամբ, համբույրներով եւ չափազանց խոսուն ժեստիկուլյացիայով:

Արաֆաթն ինձ առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց. կարծում եմ՝ ծոնաթացել էր կենսագրությանս, իմացել էր, որ ծնվել ու մեծացել եմ Սիրիայում, խոսում եմ արաբերեն եւ որպես արտգործնախարար ներկայացնում եմ մի ժողովուրդ, որի հանդեպ նա մշատապես անթաքույց հարգանք է ունեցել: Այդ հարգանքի մասին հանդիպման ընթացքում Արաֆաթը խոսեց մի քանի անգամ: Դա արտահայտվում էր նաեւ նրա ընդունելության ոճի, ջերմության եւ բացահայտ հարգանքի մեջ:


Հանդիպում Յասեր Արաֆաթի հետ, Ռամալլահ, հոկտեմբեր, 1998թ.

Արաֆատի հետ խոսեցինք Հայաստանի, հայերի, Ղարաբաղի մասին եւ, բնականաբար, պաղեստինյան խնդրի մասին: Այդ օրերին իսրայելա-պաղեստինյան լուրջ բանակցություններ չկային, դիրքորոշումներն իրարից բավական հեռու էին, եւ հարցի կարգավորման հեռանկարը անհույս էր թվում:

Արաֆաթի հետ հանդիպումից ես մեծ բավարարվածությամբ հեռացա՝ զգալով, որ այդ ժողովրդի հետ փոխադարձ համակրանքից դեպի գործնական հարաբերություններ եւս մի քայլ է կատարվել, ինչը մի օր հնարավարություն էր (է) տալու արդեն անկախ Պաղեստինի հետ խորացնել երկկողմ հարաբերությունները:

Այցի ընթացքում ես մի շարք այլ, չափազանց գոհացուցիչ հանդիպումներ ունեցա. Իսրայելում հանդիպեցի խորհրդային հայտնի այլախոհ Նաթան Շարանսկիի հետ, որը Նեթանյահուի կառավարությունում արդյունաբերության եւ առեւտրի նախարարն էր: Հանդիպեցի նաեւ Երուսաղեմի քաղաքապետ Եհուդ Օլմերտի հետ, որը հետագայում դարձավ Իսրայելի վարչապետը:

Ինձ համար պատմական նշանակության ուներ այցելությունը Երուսաղեմի հայկական թաղամաս, հանդիպումը Թորգոմ պատրիարքի հետ, որին ճանաչում էի եւ լավ հարաբերություններ ունեի դեռ ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ եղած նրա օրերից:

Կրկին Երուսաղեմում

Մերձավոր Արեւելքի ուղղությամբ հաջորդ կարեւոր քայլը նախագահ Քոչարյանի այցն էր այդ տարածաշրջան, որը կայացավ 2000թ. հունվարին: Այդ օրերին մթնոլորտն Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ արդեն բավական տարբեր էր. Իսրայելում փոխվել էր կառավարությունը, իշխանության էին եկել չափավոր լեյբորիստները՝ Եհուդ Բարաքի գլխավորությամբ, որը շատ ավելի դրական էր տրամադրված փոխզիջումային ճանապարհով հասնելու պաղեստինյան խնդրի կարգավորմանը:  Նույն տրամադրությունը, կարելի է ասել՝ տիրում էր պաղեստինյան կողմում: Ակնհայտ էր, որ այդ օրերին ԱՄՆ-ի կողմից լուրջ միջնորդություն էր իրականացվում, սեղանի վրա կային կոնկրետ առաջարկներ, բանագնացները պարբերաբար առաջընթաց էին արձանագրում: Քոչարյանի այցելության օրերին արդեն խոսվում էր մի քանի ամիս հետո Քեմփ Դեւիդում Արաֆաթի եւ Բարաքի միջեւ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի միջնորդությամբ գագաթաժողով անցկացնելու մասին:

Քոչարյանի հանդիպումները Իսրայելի վարչապետ Եհուդ Բարաքի եւ Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆատի հետ թեմատիկայի առումով շատ չէին տարբերվում 1998-ին իմ ունեցած քննարկումներից:

Ռամալլահում արաբները Քոչարյանին շատ ջերմ ընդունեցին՝ հետեւելով արարողակարգի բոլոր պահանջներին: Կարծում եմ՝ դա կարելի է կոչել «չճանաչված երկրի սինդրոմ»` որքան անորոշ է դրա կարգավիճակը, այնքան ավելի շատ են պետականության ատրիբուտիկայի բոլոր դրսեւորումները եւ արարողակարգային շեշտադրումները: Հակառակ սահմանափակ հնարավորություններին՝ Արաֆաթի արարողակարգի ծառայությունն արել էր ամեն ինչ` լավագույն տպավորություն գործելու համար:

Քոչարյանին նախագահական ընդունելություն տրվեց. ներկա էր Պաղեստինի զինվորական նվագախումբը, որը պետք է կատարեր երկու երկրների օրհներգերը: Պատվիրակությունները կանգնած էին մի կողմում, նախագահները՝ իրենց հատկացված տեղում, եւ ըստ արարողակարգի առաջինը պետք է հնչեր հյուր հանդիսացող երկրի` Հայաստանի օրհներգը: Երբ սկսեցին նվագել, ինձ մի պահ թված, թե նրանք որոշել են նախ կատարել հյուրընկալ, այսինքն՝ Պաղեստինի հիմնը, որովհետեւ երաժշտությունը անծանոթ հնչեց: Սակայն ընթացքում պարբերաբար լսվում էին Հայաստանի օրհներգը հիշեցնող հնչյուններ, եւ մեր պատվիրակության անդամներն արդեն ինչ-որ կասկածներ ունեին, որ միգուցե դա Հայաստանի օրհներգն էր: Երբ հնչեց երկրորդ օրհներգը, բոլորս համոզվեցինք, որ առաջինն իսկապես մերն էր:

Դրանից անմիջապես հետո, Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը մի քիչ շփոթված փորձեց բացատրել, թե ինչ էր կատարվել. նա ասաց, որ ընդամենը մեկ օր առաջ, ուշ երեկոյան նրան զանգել էին Արաֆաթի արարողակարգի ծառայությունից եւ խնդրել լսել մի երիզ եւ ասել, թե արդյոք դա է Հայաստանի օրհներգը: Այն, ինչ լսել էր Ցոլակը, եղել էր «Հայր մեր» աղոթքի երաժշտությունը: Պաղեստինցիներն ասել էին, որ փաստորեն սխալ երաժշտություն են սովորել: Նույն գիշերը Ցոլակը նրանց ուղարկել էր Հայաստանի օրհներգը, եւ նրանք իրականում ժամանակ չէին ունեցել սովորելու Հայաստանի օրհներգը:

Նույն տարվա հուլիսին Քեմփ Դեւիդում տեղի ունեցավ իսրայելա-պաղեստինյան գագաթաժողովը Քլինթոնի միջնորդությամբ, որին մասնակցում էին Եհուդ Բարաքը եւ Յասեր Արաֆատը: Հանդիպումը մեծ հույսեր էր առաջացրել: Ակնկալվում էր, որ կարող է լուրջ բեկում լինել: Կողմերն իսկապես շատ մոտ էին խնդրի հագուցալուծմանը, բայց վերջում բանակցությունները տապալվեցին: Պատճառը, հիմնականում, Երուսաղեմի հարցում համաձայնության հասնելու անկարողությունն էր: Իհարկե, կային նաեւ այլ խնդիրներ` փախստականների վերադարձ, վերաբնակեցման հարցեր եւ այլն, սակայն հիմնական խոչընդոտը Երուսաղեմի տարբեր հատվածների հանդեպ կողմերի իրավական վերահսկողության հարցն էր:

Արաֆաթի հետ՝ Նյու Յորքում

Գագաթաժողովից ընդամենը երկու ամիս անց, երբ Քոչարյանը Նյու Յորքում էր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նիստին մասնակցելու նպատակով, Յասեր Արաֆաթը հանդիպում խնդրեց նրա հետ:

Հանդիպմանը նա խոսեց Քեմփ Դեւիդի գագաթաժողովի մասին, մանրամասներ հաղորդեց եւ բացահայտեց, թե որն էր գագաթաժողովի ձախողման հիմնական պատճառը: Հաստատվեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ Երուսաղեմի եւ, մասնավորապես, հայկական թաղամասի հանդեպ իրավասության խնդիրների շուրջ: Այդ քաղաքի չորս` մուսուլմանական, հրեական, քրիստոնեական եւ հայկական հատվածների աշխարհագրությունը այնպիսին է, որ հրեական սրբատեղիներ հասնելու համար անհրաժեշտ է անցնել հայկական թաղամասով, եւ դա էր պատճառը, որ հրեաների համար հայկական թաղամասի իրավական վերահսկման հարցը  կարեւորագույն խնդիր էր: Արաֆաթն այդ հարցում անզիջում էր եղել. նա պնդել էր, որ հայկական թաղամասը` քրիստոնեական եւ արաբական թաղամասերի հետ միասին, պետք լինի Պաղեստինի իրավասության ներքո:

Այս ամենը բացատրելուց հետո Արաֆաթը Քոչարյանին խնդրեց, որ Հայաստանի պետությունը՝ որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, դիրքորոշում հայտնի եւ այս հարցում աջակցի պաղեստինյան կողմին: Արաֆաթը խնդրեց նաեւ հստակեցնել, թե Հայաստանն ինչ լուծում կցանկանար տեսնել հայկական թաղամասի առնչությամբ: Այդ խնդրանքը մեզ դրեց բավական բարդ վիճակի մեջ. Քոչարյանն այդ պահին որեւէ խոստում չտվեց եւ ասաց, որ մեր համակրանքը, անշուշտ, Պաղեստինի ինքնորոշման պայքարի կողմն է, եւ մենք, մեր հնարավորությունների սահմաններում, մեր դրական ներդրումը կունենանք այդ հարցի վերջնական լուծման համար:

Արաֆաթի հետ հանդիպումից հետո մենք լրջորեն քննարկեցինք այդ հարցը եւ եկանք մի ձեւակերպման, որը հրապարակեցինք օրեր անց եւ որը, կարծում եմ, բավարարեց պաղեստինյան կողմին` առանց առաջացնելու իսրայելական կողմի հակազդեցությունը եւ դժգոությունը: Մենք ասացինք, որ հաշվի առնելով, որ Երուսաղեմի քրիստոնեական թաղամասում գտնվող սրբատեղիներում հայերը պատմականորեն ունեցել են իրենց հատկացված տարածքաբաժինները, հայկական հատվածը նույնիսկ վարչական առումով չի կարելի անջատել քրիստոնեականից, եւ ցանկալի կլինի, որ Երուսաղեմի հայկական եւ քրիստոնեական թաղամասերը լինեն նույն իրավասության տակ: Քանի որ համաձայնություն կար արդեն, որ քրիստոնեական թաղամասը պետք է լինի Պաղեստինի իրավասության տակ, փաստորեն մենք դրանով անուղղակիորեն հասկացրեցինք, որ մեզ համար ցանկալի կլինի, որ հայկական թաղամասն էլ լինի Պաղեստինի իրավասության տակ:

Ցեղասպանության հարցը

Հայաստանի եւ Իսրայելի միջեւ ամենախնդրահարույց հարցը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իսրայել Պետությունը միշտ դեմ է եղել ճանաչմանը՝ չնայած Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, փորձեր եղել են Ցեղասպանության հարցը օրակարգում ընդգրկելու ուղղությամբ, սակայն գործադիր իշխանությունները միշտ խոչընդոտել են դա: Հրեական լոբբին Վաշինգտոնում նույնպես այս հարցում մշտապես հակադրվել է հայկական լոբբիին: Նրանք միանշանակ եւ անթաքույց աջակցել են թուրքերին եւ օգտագործելով իրենց ազդեցությունը Վաշինգտոնում՝ միշտ խոչըդոտել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայ լոբբիստական կազմակերպությունների ջանքերը:

2002թ. սեպտեմբերի 15-ին ես Նյու Յորքում էի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար: Այնտեղ էր նաեւ Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսը: Ամիսներ առաջ՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ Պերեսը հայտնել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը՝ գրեթե երկրորդելով թուրքական ժխտողական դիրքրորշումը: Նա ասել էր, թե այն, ինչ տեղի է ունեցել 1915թ., ցեղասպանություն չէ:

Նյու Յորքում ես հանդիպում խնդրեցի Պերեսի հետ: Սեպտեմբերի 15-ի առավոտյան նա ինձ հյուրընկալեց իր հյուրանոցային համարում` ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ գտնվող շքեղ հյուրանոցներից մեկում:


Հանդիպում Շիմոն Պերեսի հետ, Նյու Յորք, սեպտեմբեր, 2002թ.

Փոխադարձ ողջույններից հետո, նա առաջարկեց, որ հանդիպումը սկսենք մի բաժակ օղիով, թեեւ առավոտյան ժամը 10-ն էր: Նա թերեւս հաշվի էր առել հարցի ծանրությունը եւ գիտեր, որ բարձրացնելու եմ Ցեղասպանության հարցը: Պերեսը հավանաբար ցանկացավ սառույցը կոտրել օղու միջոցով: Ելնելով նույն նկատառումներից՝ ես անմիջապես համաձայնեցի: Մի բաժակ խմելուց հետո խոսեցինք ընդհանուր թեմաներից, անցանք երկրորդ բաժակին: Մթնոլորտը բավական ջերմացավ, եւ մենք անցանք բուն հարցերի քննարկմանը:

Խոսեցինք, բնականաբար, հայ-իսրայելական հարաբերությունների, պաղեստինյան հակամարտության, Միջին Արեւելքի, Ղարաբաղի եւ Կովկասի խնդիրների մասին: Այդ ընթացքում երկուսիս մտքում էլ առկախված էր մնում Ցեղասպանության հարցը, որը կարծես ստվեր էր գցում մեր կողմից քննարկվող մյուս բոլոր հարցերի վրա: Պերեսը նույնիսկ թույլ չտվեց, որ ես բարձրացնեմ այդ թեման. նա ինքը խոսեց Ցեղասպանության մասին եւ ասաց, որ հրեա ժողովրդի մոտեցումները այդ հարցում լավագույնս արտահայտել են հրեա գիտնականները եւ ցեղասպանագետները՝ հայտնելով իրենց հստակ ու միանշանակ կարծիքը, իսկ այն, ինչ անում է Իսրայել Պետությունը, առավելապես պայմանավորված է քաղաքական նկատառումներով: Նա հույս հայտնեց, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը կհասկանան այդ տարբերակումը: Ես բնականաբար հակադրվեցի: Ընդունելով, որ թեեւ հրեա մտավորականները մեծ ներդրում են ունեցել Ցեղասպանության փաստի հաստատման ու դրա միջազգայնացման գործում՝ ես միեւնույն ժամանակ բացատրեցի, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այս հարցում ամենամեծ խնդիրը ժխտողականության խնդիրն է: Ես նշեցի, որ Պերեսի հայտարարությունը հենց ժխտողականության մաս է եւ դրա համար էլ առաջացրել է հայ ժողովրդի վրդովմունքն ու նախատինքը: Այդուհանդերձ, հանդիպումից հետո մենք բաժանվեցինք բարեկամաբար՝ հույս հայտնելով, որ հետագայում կշարունակենք մեր քննարկումները եւ ակնկալելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները կխորանան:

Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին