Ժամանակներն արագ փոխվում են, իսկ մեր հասարակությունը, կարծես, մի առանձին մոլորակի վրա է ապրում, ուր ապագայի շունչը բացարձակապես չի հասնում: Այս մտորումը մի քանի օր է, ինչ հետապնդում է ինձ:
«Այբ» դպրոցում այս տարի երկրորդ անգամ անցան ընդունելության քննությունները: Ինչպես եւ նախորդ տարի, դպրոցի դիմորդները մեզ հրճվանք ապրելու բազմաթիվ առիթներ պարգեւեցին: Սակայն երեխաների հետ հարցազրույցները նաեւ մտահոգության տեղիք տվեցին: Խոսքն իրենց ապագայի գիտակցման մասին է: Երբ հարցնում էինք իրենց ապագա մասնագիտության մասին, հիմնական պատասխաններն էին՝ տնտեսագետ կամ իրավաբան: Ունեինք հազվագյուտ ապագա դիվանագետներ, եւ մի քանի բժիշկներ: Հատ ու կենտ երեխաներ ասացին, որ ցանկանում են դառնալ գիտնական, ծրագրավորող կամ ճարտարագետ:
Երեխաների վերաբերմունքը իրենց ապագային մերկացնում է մեր հասարակության երկու կարեւոր վտանգավոր մոլորությունները:
Առաջին մոլորությունն այն պատկերացումն է, որ հաջողությունը որոշվում է հարստությամբ կամ աշխատած գումարով: Երեխաների միանշանակ ընտրությունը գալիս է փաստելու, որ իրենց ծնողները այլ կերպ չեն տեսնում իրենց երեխաների հաջողությունը, քան գումար վաստակելու ամենահարմար մասնագիտություն ձեռք բերելով` «մի տեղ դասավորվել» կամ մի փոքր բիզնես նախաձեռնել: Ավագ սերունդը, հավանաբար, նախընտրում է չմտածել այն մասին, թե ինչպես է ազգի կեսը տնտեսագետ դառնալով «դասավորվելու» աշխատանքի, եւ առհասարակ ինչո՞ւ Հայաստանը պետք է այդ քանակի տնտեսագետների եւ իրավաբանների կարիք ունենա: Ներկայիս հաջողակ գործարարների ո՞ր մասն է տնտեսագետ` դարձյալ քչերին է հետաքրքրում:
Երկրորդ մոլորությունն այն է, որ ներկայիս իրավիճակը կշարունակվի 8 տարի հետո, երբ այսօրվա 10-րդ դասարանցիները վերջապես կավարտեն իրենց ուսումը բուհում եւ կլրացնեն մեր ազգի աշխատուժը: Սակայն Հայաստանի եղած տնտեսական կառուցվածքը մինչ այդ կամ կփլուզվի, հանգեցնելով որեւէ աղքատ աֆրիկյան երկրում տիրող ամայության նման մի կացության, կամ էլ կտրուկ կվերափոխվի, եւ այդ դեպքում աշխատուժից այլ որակ եւ գիտելիքներ կպահանջվեն:
Դրա բացահայտ նախադրյալներն արդեն առկա են: Տարբեր ընկերությունների ղեկավարները բողոքում են սուր կադրային խնդիրներից: Դրա հետ մեկտեղ Հայաստանում գործազրկությունը մեծ թիվ է կազմում: Հայաստանում որակյալ կադրերի պակաս կա, իսկ բիզնեսը, որպեսզի մնա մրցունակ, ապագայում որակյալ մարդկանց էլ ավելի մեծ կարիք է ունենալու:
Իհարկե, եթե գործարարությունը Հայաստանում լուրջ զարգացում ապրի, տնտեսագետների եւ իրավաբանների կարիքն էլ կաճի: Սակայն տնտեսության աճը հնարավոր է միայն այն դեպքում, եթե մեզանում շատանան ճարտարագետները, գիտնականները եւ այլ կերտարար մասնագիտությունների ներկայացուցիչները: Եթե նոր ընկերություններ հիմնվեն, որոնք ոչ թե առուծախով իրենց օրվա հացը կվաստակեն, այլ միջազգային մակարդակի մրցունակ տեխնոլոգիաներ եւ ապրանքներ կմշակեն եւ կարտադրեն:
Ասածս թերեւս չափազանց լավատես մի երազանք կթվա: Սակայն իրականում նման զարգացումը ավելի քան հավանական է: Բանն այն է, որ աշխարհի տնտեսական կացությունը վերջին մի քանի տարվա ընթացքում խորը ներքին փոփոխություններ է ապրում, չնայած նրան, որ մեծ պետությունների ղեկավարները, կարծես, անզոր են պայքարել ներկայիս տնտեսական ճգնաժամի դեմ:
Այդ փոխակերպման որոշ արտաքին նշանները բոլորին հայտնի են: Օրինակ՝ Հունաստանի ճգնաժամը կամ Ուոլ-Սթրիթում կայացող զանգվածային բողոքի ցույցերը: Սակայն կան եւ այլ նշաններ, որոնք ավելի քողարկված են, եւ միայն բանիմաց մարդկանց են տեսանելի: Դրանց օրինակն է ուղիղ ներդրումների աճը զարգացող երկրներում: Կամ էլ Ամերիկայում արդեն զգալի թիվ կազմող ցածր շահութաբերությամբ ընկերությունները (կազմակերպություն, որը հիմնադիրներին շահույթ չի բերի, սակայն կկարողանա ինքնուրույն գոյատեւել), որոնց առկայությունը ստիպեց մի քանի նահանգների իշխանություններին օրենսդրական փոփոխությունների գնալ` նման ընկերությունների համար պաշտոնական կարգավիճակ սահմանելու համար:
Ի՞նչ ընդհանուր պատճառ ունեն այս բոլոր երեւույթները: Ներկայիս ճգնաժամը մի ակնհայտ տարբերություն ունի բոլոր նախկիններից: Եթե նախկինում ճգնաժամը հաղթահարվում էր տնտեսության արդյունավետությունը բարձրացնելով, ընդ որում այդ գործընթացը բնականորեն էր զարգանում, ապա այս ճգնաժամի հիմնական պատճառը հենց տնտեսական լծակների չափազանց արդյունավետ լինելն է: Տնտեսությունը ավելի արդյունավետ դարձնելով մենք միայն կխորացնենք ճգնաժամային վիճակը:
Այս փաստը բերում է այն գիտակցության, որ ներկայիս ճգնաժամն իրականում համակարգային է, եւ կապիտալիզմի սկզբունքային թերությունների հետեւանք է: Հնարավորություն չունենալով այստեղ ներկայացնելու հարցի ամբողջական վերլուծությունը, բերեմ միայն եզրակացությունը՝ ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն հրաժարվելով կապիտալիզմի որոշ հիմնական սկզբունքներից: Դա արդեն շատերի կողմից հասկացվել է, սակայն անհրաժեշտ փոփոխությունները այնքան լայնածավալ են, որ ժամանակ եւ քաղաքական կամք են պահանջում:
Առաջին անխուսափելի փոփոխությունը` «հաջողակ մարդ» հասկացողության վերագիտակցումն է: Զարմանալի բան է կատարվում՝ ըստ միջազգային հետազոտությունների մարդիկ ավելի երջանիկ են աղքատ երկրներում, իսկ Հայաստանը մարդկանց երջանկության առումով ավելի առաջ է, քան, օրինակ, Գերմանիան: Ի՞նչ իմաստ ունի այդ դեպքում հաջողությունը գնահատել հարստությամբ: Հարուստ երկրները, փաստորեն, անիմաստ շռայլում են բնության ռեսուրսները, եւ դա այդ երկրներում ապրող մարդկանց առանձնակի ուրախություն չի բերում:
Ապագայի երկրորդ կարեւոր հատկությունը կլինի այն, որ ազգի հաջողությունը կորոշվի իր ստեղծագործական պոտենցիալով: Ստեղծագործող ազգերը ազատ կլինեն եւ երջանիկ: Պարտադիր չի լինի, որ ստեղծագործածդ մեծ շահույթ բերի, դրանով չի չափվելու քո հաջողությունը շրջապատի կոզմից, այլ քո աշխատանքի բերած օգուտով: Կապիտալիզմը, որում ամեն բան չափվում է շահույթով, որոշ նահանջ պիտի ապրի:
Նոր իրականության մեջ նոր չափանիշներ են լինելու: Վիքիփեդիայի նման նախագծերը, ուր ոչ ոք շահ չի հետապնդում, շատ ավելի լայն տարածում կստանան: Լայնածավալ համայնքները, միավորված ընդհանուր հետաքրքրությամբ, համատարած են դառնալու: «Այբ» դպրոցը, լինելով շահ չհետապնդող նախաձեռնություն, նաեւ այդ պատճառով է ապագայի դպրոց:
Հրաժարվելով կոմունիզմի մղձավանջից, մենք կարիք չունենք անցնելու կապիտալիզմի զարգացման 300 տարվա ճանապարհը: Ապագան զարգացած կապիտալիստական երկրների առջեւ նույնիսկ ավելի բարդ խնդիրներ է դնում, քան այն խնդիրները, որոնք առկա են մեզ համար: Ողջ աշխարհը կանգնած է արմատական վերափոխումների շեմին, եւ ամեն ազգ պիտի անցնի իր յուրօրինակ ճանապարհը դեպի ապագան: Ուրեմն մեզանից ամեն մեկը պետք է իր ապագան կառուցի ոչ թե անցյալի կաղապարները կրկնելով, եւ ոչ էլ այսօրվա իրողությունից ելնելով, այլ դեպի ապագան հայացք գցելով: Այն ապագան, որի ուրվագծերը այսօր արդեն հստակ տեսանելի են:
Արամ Փախչանյանը “Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: