«Մեր Հենոն» ու «Բանգլադեշցի Համոն» - Mediamax.am

«Մեր Հենոն» ու «Բանգլադեշցի Համոն»
6597 դիտում

«Մեր Հենոն» ու «Բանգլադեշցի Համոն»


Այսօր առավոտյան թերթերից տեղեկացա, որ քրեական գործ է հարուցվել «Բանգլադեշցի Համոյի»` Աշոտ Ավետիսյանի նկատմամբ: Այս մարդը «հայտնի է» նրանով, որ մի քանի տարի առաջ «ՏԷՑ-ի կրուգ»-ի մոտ տեղի ունեցած «ռազբորկայի» հիմնական դերակատարներից մեկն էր:

Հունվարի 18-ին մի ՎԱԶ-2107 բախվել է «Բանգլադեշցի Համոյի» BMW X6-ին, ինչից հետո «տուժողը» դուրս է եկել մեքենայից, հայհոյել է ՎԱԶ-2107-ի վարորդին, ապա ծեծել նրան` կոտրելով քիթն ու ծնոտը: ՎԱԶ-2107-ի վարորդը հիվանդանոցում է, Աշոտ Ավետիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել եւ նա ձերբակալված է:

Ձերբակալվելու պահը Աշոտ Ավետիսյանին դժվար թե առանձնապես տխրեցնի` առաջին անգամը չէ: Ավելին, կարծում եմ, նա վստահ է, որ շատ արագ «դուրս կգա»:

Ուզում եմ հիշել նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցությունը` դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ: Սերժ Սարգսյանը զգուշացրել էր անօրինական որոշումներ կայացրած քննիչներին, դատախազներին ու դատավորներին` ասելով, որ քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ապօրինի որոշումների.

«Ընդ որում, նման երեւույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբարեխղճությունը կամ անփութությունը: Առկա թերություններն ու խախտումներն ուղղակի վարկաբեկում են քրեական արդարադատության բուն էությունը: Կան երեւույթներ, որոնք խնդիրը դարձնում են համակարգային»:

«Բանգլադեշցի Համոյի»-ի գործը կարող է լակմուսի թղթի դեր խաղալ` պարզելու համար. արդյո՞ք քննիչներն, դատախազներն ու դատավորները լավ են հասկացել ՀՀ նախագահի նախազգուշացումը: Առաջարկում եմ, որ ՀՀ նախագահի աշխատակազմի համապատասխան օղակները հատուկ վերահսկողություն սահմանեն «Բանգլադեշցի Համոյի» գործի նկատմամբ, որպեսզի նա կրի ոչ թե «սիմվոլիկ» պատիժ, ինչպես եղել է նախկինում, այլ պատժվի օրենքի ողջ խստությամբ:

Ինչո՞ւ եմ առանձնացնում այս գործը, չէ որ Երեւանում ամեն օր էլ ծեծկռտուքի դեպքեր լինում են: Մի պարզ պատճառով, որովհետեւ «Բանգլադեշցի Համոյի» տեսակի անպատժելիությանը պետք է վերջ դնել: Այդ անպատժելիության արմատները գնում են առնվազն դեպի 2004թ., երբ Աշոտ Ավետիսյանը բռնություն էր գործադրել «Նաիրի» կինոթատրոնի մոտ Արտաշես Գեղամյանի հանրահավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ, եւ, ըստ էության, էական պատիժ չէր կրել:

Եթե մեր պաշտոնյաներն ասում եմ, որ առաջիկա ընտրությունները լինելու են ամենաարդարը Հայաստանի պատմության մեջ, ապա այդ խոսքերն իրականություն դարձնելու համար պետք է մեկընդմիշտ պատժել «Բանգլադեշցի Համո» տեսակը: Քանզի այդ տեսակի առկայության դեպքում սովորական ընտրողը գիտի, որ ցանկացած պահին տեղամաս կարող է մտնել պայմանական «Համոն» ու ծեծել իրեն, լցոնում անել եւ այլն:

Երբ մարդիկ այսօր հեռանում են Հայաստանից, ապա անում են դա հիմնականում այն պատճառով, որ անպաշտպան են «Բանգլադեշցի Համո» տեսակի առջեւ: Մեկնողները հաճախ ունեն նորմալ աշխատավարձ, տուն, ավտոմեքենա, ընկերներ, բայց նրանք գիտեն, որ եթե մի օր պատահաբար հարվածեն «Բանգլադեշցի Համո»-ի X6-ին, լավագույն դեպքում կհայտնվեն հիվանդանոցում, վատագույն դեպքում կարող են հրաժեշտ տալ կյանքին:

Այսօր Հայաստանում պայքար է գնում «Բանգլադեշցի Համոյի» եւ «Մեր Հենոյի» կերպարների միջեւ: Ու եթե Հենրիխ Մխիթարյանը կարող է համարվել մեր օրերի հերոսը, ապա Աշոտ Ավետիսյանը հակահերոսն է: Հույս ունեմ, որ այս պայքարում ՀՀ նախագահը նախապատվությունը կտա «Մեր Հենո» տեսակին ու կանի դա ոչ միայն այն պատճառով, որ ֆուտբոլ է սիրում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





«Խարազ»-ի հիշատակին
Մեր ընտրանին