Ռուսաստանի ապագան - Mediamax.am

Ռուսաստանի ապագան
9464 դիտում

Ռուսաստանի ապագան


Դեկտեմբերին Ռուսաստանի իշխանությունները տապալեցին «Ընտրություններ Պետդումա» վերնագրով շոուն: Այն, որ շոուն կտապալվի, արդեն վաղուց էր հայտնի: Ցավոք, եկամուտների ավելցուկից ծուլացած պաշտոնյաներն ի վիճակի չեն կատարել ոչ միայն իրենց ուղղակի պարտականությունները, այլեւ վատ են աշխատում հասարակական գործերի բնագավառում: Այդ պատճառով էլ իրավիճակը փրկեցին վերջին վայրկյանին եւ ոչ այնքան մաքուր ձեւերով: Նույնիսկ պաշտոնական թվերով ամեն ինչ այնքան էլ լավ չի. պաշտոնյանների կուսակցությունը Պետդումայում կորցրել է մանդատների զգալի տոկոսը: Ըստ էության, իրավիճակն ավելի վատ է, քանի որ այդ ընտրությունները լրջորեն վնասեցին իշխանությունների հեղինակությանը: Այնպես չէ, թե Ռուսաստանի իշխանությունները դարձան նվազ հեղինակավոր, քան մյուս երկրներում: Բանն այն էր, որ այն շատ մեծ հեղինակություն էր վայելում եւ չի կարող նորմալ գոյատեւել այնպիսի պայմաններում, որոնք մյուս երկրների իշխանությունների համար վաղուց արդեն սովորական են: «Նարնջագույն հեղափոխությունից» խուսափելու համար Ռուսաստանի իշխանությունները պետք է սովորեն աշխատել առանց հեղինակության: Մոտ ապագայում մենք ականատես կլինենք, թե նոր իշխանությունների մոտ դա ինչպես է ստացվում: Եվ այն լինելու է նորը, անկախ նրանից, թե ով է լինելու իշխանության ղեկին: Միայն այն պատճառով, որ ստիպված է լինելու աշխատել այլ պայմաններում:

Սակայն ես չեմ պատրաստվում դրա մասին խոսել, սա ընդամենը նախաբան էր: «Ընտրություններ 2011» շոուի տապալման ֆոնի վրա Ռուսաստանի դեմ սկսվել է ծավալուն PR-ակցիա: Փաստորեն, Ռուսաստանը կարող է կորցնել վերջին 10 տարիներին դժվարությամբ ձեռք բերած PR-ներուժը: Հակառուսաստանյան PR-պատասխանատուները փորձում են Ռուսաստանին դուրս մղել գերտերության դիրքերից, վերադարձնել նրան խեղճ, երրորդ երկրի կարգավիճակ` հարվածելով նրա թույլ կողմերին: Իսկ դրանք լավ հայտնի են: Դա թույլ տնտեսությունն է. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն զգալիորեն ցածր է, քան զարգացած երկրներում: Կաշառակերությունը, թույլ ժողովրդագրական իրավիճակը եւ հետխորհրդային Ռուսաստանի այլ հայտնի խնդիրներ: Եվ ամեն ինչ հանգում է նրան, որ դրանում մեղավոր է Պուտինի հակաժողովրդավարական ռեժիմը: Այստեղից եզրակացություն. Ռուսաստանը չունի ոչ մի հեռանկար, քանի դեռ իշխանության մոտ է ներկայիս ռեժիմը: Եթե Ռուսաստանի բնակչությունը հավատա դրան, այդ դեպքում երկիրը հաստատ չի ունենա ոչ մի հեռանկար: Ամեն ինչ բերում է դրան:

Ընդհանուր առմամբ, որոշ կետեր անվիճելի են: Իսկապես, Ռուսաստանի տնտեսությունը լրջորեն կախված է նավթի գներից: Իսկապես, Ռուսաստանում կոռուպցիայի բարձր մակարդակ է: Եվ իսկապես, Ռուսաստանը կարող է վերանալ կյանքի տեւողության համեմատաբար ցածր ֆոնի վրա ծնելիության համեմատաբար ցածր մակարդակի հետեւանքով:

Սակայն հայտնի է, որ միշտ կարելի է այնպիսի լուսավորում դնել, որ նույնիսկ ամենագեղեցիկ դեմքն այլանդակ տեսք ունենա: Չկան խնդիրներ չունեցող երկրներ: Հարցն իրավիճակի ընդհանուր գնահատականի մեջ է` հաշվի առնելով դրա վրա ազդող բոլոր գործոնները: Եկեք փորձենք այս սյունյակի շրջանակներում մակերեսային վերլուծություն անել. անցնենք Ռուսաստանի վերոնշյալ թույլ կետերի վրայով, որոնք մշտապես դառնում են հակառակորդների հարձակման թիրախ:

Նախ անդրադառնանք տնտեսությանը: Ժամանակակից աշխարհն այնպիսին է, որ պետությունների տնտեսությունները խիստ կախված են միմյանցից, եւ առկա է դերերի որոշակի բաշխում, որը դժվար է արագ ժամանակում փոխել: Կան շահավետ եւ ոչ այնքան շահավետ դերեր: Այս բոլոր դերերը ձեւավորվել են այն փուլերում, երբ երկրները ընդգրկվում էին համաշխարհային տնտեսության մեջ, սակայն այժմ իրավիճակը քարացած է. եթե դու նույնիսկ փորձես այն փոխել, համաշխարհային տնտեսությունն իր ողջ կշռով կմղի քեզ քո տեղը: Հումքի մատակարարի դիրքը Ռուսաստանը ձեռք է բերել ԽՍՀՄ-ում 70-ականների կեսից վարած ոչ խելամիտ եւ ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականության հետեւանքով: Ինչպես հիմա հասկանում ենք, այն ժամանակվա իշխանությունները գերագնահատում էին քաղաքական գործոնի կարեւորությունն երկրի կայունության ապահովման գործում եւ թերագնահատում տնտեսականը: Նրանք մշտապես հետաձգում էին հասունացած տնտեսական բարեփոխումները եւ միաժամանակ վարում վատ քաղաքական քարոզչություն, ինչն ամբողջությամբ վարկաբեկեց իշխանություններին ժողովրդի աչքերում: Մենք մինչ օրս գործ ունենք Ռուսաստանի (ինչպես նաեւ Հայաստանի եւ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների)  չափազանց անհաջող քաղաքականության հետեւանքների հետ:

Այդ պատճառով էլ մեղադրել Ռուսաստանին եւ նրա ներկայիս իշխանություններին այն բանի համար, որ տնտեսությունը սուր կախվածության մեջ է հումքից համազոր է նրան, որ փամփուշտին մեղադրես կրակոցի ուղղությամբ թռչելու համար: Նա դեռեւս չունի այլ տարբերակներ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ տեղի չի ունեցել ուժերի եւ դերերի բաշխման գլոբալ փոփոխություն: Սակայն, մեզ համար ավելի լավ կլինի, եթե մոտակա ժամանակներս նման բան տեղի չունենա, քանի որ դրանք կլինեն վատ, շատ վատ ժամանակներ: Անշուշտ, Ռուսաստանը պետք է համառորեն փորձի ինչ-որ բան ձեռնարկել, քանի որ երկարատեւ հեռանկարում, երբ ի հայտ կգան էներգիայի ավելի էժան աղբյուրներ, կախվածությունը նավթից կարող է հանգեցնել համակարգի փլուզման: Լավագույն դեպքում դա տեղի կունենա 15 տարի հետո, ոչ շուտ, այնպես որ դեռ ժամանակ կա:

Եկեք մտածենք, որքանով է վատ ներկայիս իրավիճակը Ռուսաստանի համար միջնաժամկետ հեռանկարում: Հիմնական սպառնալիքն էներգակիրների գների կտրուկ անկումն է: Բոլորը հիշում են 90-ականների վերջը, երբ նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմում էր 10 դոլար: Ենթադրություններ կան, որ հեշտությամբ կարող է կրկին ստեղծվել նման իրավիճակ: Բայց մոռանում են ճշտել, թե ե՞րբ: Պատասխանը շատ պարզ է. միայն Չինաստանում արտադրության մակարդակի կտրուկ անկման դեպքում, այնպես որ հենց Չինաստանն է հանդիսանում նավթի գների հիմնական թելադրողը, այլ ոչ թե եվրոպական պետությունները կամ ԱՄՆ-ը: 90-ականների վերջին իրավիճակն այլ էր: Իսկ ե՞րբ կարող է նման ողբերգական իրավիճակ ստեղծվել Չինաստանում: Միայն համաշխարհային տնտեսության լուրջ փլուզման դեպքում: Ներկայիս տնտեսական ճգնաժամի առաջին՝ սուր փուլի փորձից հայտնի դարձավ, որ տնտեսության պարզ ցնցումը բավարար չէ: Պետք է լինի համաշխարհային աղետ: Հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ այդ դեպքում լավ կլինի: Հետաքրքական է, որ Ռուսաստանին աղետներ գուշակելով` «պատգամախոսները» չգիտես ինչու միշտ լավատես են Չինաստանի զարգացման առումով: Ոմանք, իհարկե, նավթի գների հավանական անկումը պատճառաբանում են նրանով, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ակտիվորեն զարգացնել իր սեփական նավթավայրերը եւ ուղղակի վերահսկել այլ պետությունների աղբյուրները: Սակայն պարադոքսային է, որ դա ավելի շուտ կհանգեցնի նավթի գների աճին, այլ ոչ թե անկման: Նավթի արտադրության արժեքը ԱՄՆ-ում չի կարող ցածր լինել. նավթի արտադրության համար զարգացած ենթակառուցվածքի բացակայությունը կպահանջի հսկայական ներդրումներ, եւ իրավիճակից դուրս գալու համար ԱՄՆ-ը շահագրգռված կլինի պահպանելու էներգակիրների բարձր գները, ինչպես նավթ արտադրող ցանկացած երկիր: Բացի այդ, ակնհայտ է, որ նավթի ցածր գները շահավետ են միայն ոչ արդյունավետ տնտեսություն ունեցող երկրներին: Նավթի բարձր գների դեպքում վերապրելու հավանականությունը զարգացած տնտեսությունների բացառիկ առավելությունն է, իսկ նավթի գների նվազեցումը զրկում է նրանց մրցակցության կարեւոր առավելությունից: Այս ամենը խոսում է այն բանի օգտին, որ մոտակա տարիներին, եթե միայն տեղի չունենա տնտեսական աղետ, Ռուսաստանին չի սպառնում նավթային եկամուտների կորուստ:
 
Երկու խոսքով ներկայացրեցի Ռուսաստանի տնտեսական հեռանկարները: Մնացած հարցերը կքննարկենք հաջորդ անգամ. դրանք ոչ պակաս հետաքրքրական են եւ արժանի են առանձին քննարկման:

Արամ Փախչանյանը “Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին