Վերջին տասնամյակներին աճեց եւ հասարակությունների կյանքում որպես գաղափարական ուղենիշ մեծ տեղ գրավեց հանդուրժողականությունը (անգլերեն՝ tolerance): Այն ընկալվում է հասարակությունների զարգացածության մակարդակի կարեւոր ցուցանիշ։ Սակայն եկեք հասկանանք, թե ինչ է այն իրականում ենթադրում, ում է պետք եւ ուր է տանում։
Հանդուրժողականությունը ունի մի քանի հատկանիշ, որոնք տարբերում են դրան վերաբերմունքի այլ տեսակներից։
Առաջինը՝ այն չի նշանակում ներողամտություն, քանի որ ներողամտությունը իր բնույթով չի կարող լինել շարունակական։ Եթե որոշակի վարքագիծ կամ դրսեւորում անընդհատ կրկնվում է, վաղ թե ուշ ձեր ներելու կարողությունը կսպառվի։
Երկրորդը՝ հանդուրժել չի նշանակում ներքուստ ընդունել։ Ամեն մարդ իր մշակույթի մասն է, որը ունի իր կանոնները, եւ որոշակի մշակույթներ ուղղակի համատեղելի չեն։ Օրինակ՝ դուք չեք կարող միաժամանակ լինել եւ՛ քրիստոնյա, եւ՛ մահմեդական։
Չեք կարող միաժամանակ պահանջել ձեր ամուսնուց նվիրվածություն եւ հանդուրժել բազմակնությունը։ Չեք կարող կարեւորել առողջ կյանքը եւ որպես նորմ ընդունել թմրամոլությունը։ Կարճ ասած՝ կան բաներ, որ չեն կարող դառնալ նորմ առանց խախտելու այլ նորմերը, առանց փոխելու կամ նույնիսկ քայքայելու ամբողջ հասարակությունը։
Այսինքն, դուք ամեն դեպքում նեղվում եք, ձեզ դուր չի գալիս որոշակի դրսեւորում, դուք պատրաստ չեք այն ընդունել որպես նորմալ, սակայն պետք է այն հանդուրժեք։ Հետեւաբար, հանդուրժողականության պահանջը թողնում է մարդկանց միայն երկու ճանապարհ՝ կամ կուլ տալ հուզական արձագանքը, ճնշել այն, «լռել եւ ժպտալ», կամ ուղղակի անտեսել երեւույթը։
Հասկանալի է, որ հասարակության մեծ մասը ընտրում է երկրորդ ճանապարհը, քանի որ անընդհատ լարվածությունը, հույզերը զսպելը հոգեկան հյուծվածության է բերում։ Մարդիկ դառնում են անտարբեր։ Սակայն դրանով խնդիրը չի լուծվում, քանի որ անտարբերությունը որեւէ կերպ չի լուծում կուտակվող խնդիրները, չի ուրախացնում, այլ հակառակը՝ պառակտում է հասարակությունները, խզում է հասարակական հյուսվածքի հիմքերը, կտրում է մարդկանց որոշումների կայացման մեջ մասնակցելուց։
Ավելին՝ անտարբերությունը հասարակությունների քաղցկեղն է: Սկզբում մարդիկ անտարբեր են դառնում որոշակի երեւույթի նկատմամբ, իսկ հետո անտարբերությունը՝ սովորույթի վերածվելով, դառնում է համատարած։ Դժվար է լինել ընտրովի անտարբեր։ Սա ազատական (լիբերալ) հասարակությունների հիմնական գլխացավանքն է՝ երբ հասարակությունը թողնում է ամեն մարդուն որոշել իր անելիքը, եւ գործ ունենալ առաջացած բոլոր խնդիրների հետ, իսկ պետությունը, որոշելով չմիջամտել, խնդիրները չլուծված է թողնում, վաղ թե ուշ մարդկանց մեծ մասի հոգիներում սկսում է տիրել անտարբերությունը։ Դրա հետ մեկտեղ՝ որպեսզի ընդհարումներ չլինեն, «ազատական» պետությունը, հակասելով իր իսկ որդեգրած գաղափարախոսությանը, պահանջում է մարդկանցից որոշակի վարքագիծ, որն էլ հենց «հանդուրժողականությունն» է։ Եվ, որպես պետություն, քարոզում է եւ ցուցաբերում է ծայրահեղ անհանդուրժողականություն այն մարդկանց նկատմամբ, ովքեր համաձայն չեն հանդուրժող լինել։
Այդ ամենը շարունակվում եւ խորանում է, մինչեւ մի օր «դանակը հասնում է ոսկրին», հանդուրժողականության դիմակը պատռվում է, եւ հասարակության մի զգալի մասը ծայրահեղանում է։ Սա ազատական հասարակությունների անտարբերության քաղցկեղի երկրորդ փուլն է։ Զայրացած մարդիկ սկսում են իշխանություններից կտրուկ գործողություններ պահանջել։ Սկսում է մեղավորների որսը։ Այս ամենը էլ ավելի է պառակտում եւ քայքայում հասարակությունները, քանի որ կուտակված խնդիրները այլեւս չունեն պարզ լուծումներ։ Լարվածությունը պարուրաձեւ աճում է, եւ հետեւանքները կարող են շատ տարբեր լինել՝ քաղաքացիական պատերազմներ, ծայրահեղ ազգայնական ուժերի հաղթանակ, քաոս եւ համատարած անկարգություններ։ Արդյունքում ձեւական հանդուրժողականությունը վերածվում է համատարած եւ վտանգավոր անհանդուրժողականության։ Դրանից էլ առաջանում է ուժեղ իշխանության պահանջ եւ ծնվում են միապետությունները։
Այսպիսով հանդուրժողականության պարտադրանքը իր բնույթով միապետական երեւույթ է եւ կոչված է միապետություններ հաստատել։ Իսկապես՝ հանդուրժող եւ անտարբեր քաղաքացիները հարմար են միապետությունների համար։ Իրական ժողովրդավարությունը ենթադրում է ակտիվ դիրքորոշում, անհամաձայնություն եւ դիմադրություն։ Այն պահանջում է քննելու եւ քննարկելու բաց մեխանիզմներ եւ հարթակներ, որոնք առաջացնում են հանրային քննարկում առանց սահմանափակումների, վախի եւ ձեւականության։ Եվրոպական ժողովրդավարական հասարակությունները աճեցին հենց այդ արմատներից։ Սակայն, այսօր արմատները չորանում են, դրանց հետ թուլացել են ժողովրդավարական համակարգերը եւ ինտիտուտները, աճում են ծայրահեղականությունը, հասարակությունների ներքին պառակտումները եւ միապետական միտումները։ Եվ, ցավոք, այդ հիվանդությունը նաեւ պարտադրվում է այլ երկներին, որոնք բավարար դիմադրողականություն չունեն։ Այդ պարտադրանքի անունը եւս «հանդուրժողականություն» է։
Արամ Փախչանյանը «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:











Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: